Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

«Խաղաղության պլատֆորմի» մասին ադրբեջանական մամուլում երկխոսություն ու քննարկումներ չկան»

«Խաղաղության պլատֆորմի» մասին  ադրբեջանական մամուլում երկխոսություն  ու քննարկումներ չկան»
29.01.2019 | 03:36

«Իրատեսի» զրուցակիցն է ադրբեջանագետ ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ:

-Այս օրերին շատ է շոշափվում «Խաղաղության պլատֆորմի» գաղափարը: Ի՞նչ տրամադրություններ կան այս առնչությամբ Ադրբեջանում, այնտեղ այս թեման շոշափվու՞մ է:
-Ադրբեջանական մամուլում «Խաղաղության պլատֆորմի» ու ժողովրդին խաղաղության նախապատրաստելու մասին քննարկումներ չկան, երկխոսություններ չեն ծավալվում, որովհետև բոլորս էլ գիտենք, որ մամուլն այնտեղ գտնվում է իշխանության վերահսկողության ներքո: Հետևաբար, իշխանություններից թույլտվություն չունենալով, այդ թեման լայն քննարկումների դաշտ չի տեղափոխվել: Սա իհարկե տարօրինակ է, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ խոսվում էր երկու երկրների ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին, և այդ ազդակները չեն հասել ադրբեջանական հասարակությանը: Եթե խոսենք հասարակության ընկալումների մասին, ապա ադրբեջանցիների մոտ սպասողական ու անհասկանալի իրավիճակ է: Նրանք նույնպես չեն հասկանում՝ ինչ ասել է երկու երկրների ժողովուրդներին խաղաղության պատրաստել: Ադրբեջանական հասարակությունը խաղաղությունը պատկերացնում է միայն մեկ դեպքում, այն է՝ Արցախի հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանում: ՈՒզում եմ շեշտել, որ այս վերլուծությանը մենք հանգել ենք համացանցում եղած լուրերի ու տեղեկույթի ուսումնասիրության արդյունքում: Գուցե, երբ ավելի բաց շփում լինի ադրբեջանական հասարակության հետ, պատկերը որոշակիորեն փոխվի:
-Ադրբեջանում սոցիալական ընդվզումներ են: Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, ինչի՞ կհանգեցնեն դրանք:
-Բաքվից դուրս սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է, ու թեթև հնարավորության դեպքում մարդիկ ինքնաբուխ հավաքներ են նախաձեռնում: Ասել, թե երկրի ընդդիմությունն այդտեղ որպես նախաձեռնող է հանդես գալիս, ճիշտ չի լինի: Թեպետ հաճախ տեսնում ենք, որ ընդդիմության ներկայացուցիչները ամենատարբեր պատճառներով կալանավորվում են, նրանց հանդեպ քրեական գործեր են հարուցվում, որպեսզի վերջիններս դուրս մղվեն քաղաքական դաշտից, հետագայում չկարողանան մոբիլիզացնել հանրությանը և բողոքի ակցիաներ կազմակերպել:
Ադրբեջանի իշխանությունը պատրաստ չէ շղթայական գործողությունների, իսկ բողոքի ակցիաները խոսում են երկու բանի մասին. նախ, որ ժողովուրդը դժգոհ է իշխանություններից, երկրորդ` սին են Ալիևի այն հայտարարությունները, թե իրենց երկրում ժողովուրդն ապահով կյանքով է ապրում: Նման ընդվզումները վկայում են, որ ադրբեջանցիներն ապրում եմ շատ ավելի վատ պայմաններում, քան պետական վիճակագրությամբ է ներկայացվում:
-ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից մեկն ասում է, թե «գուցե Փաշինյանը Ալիևին բացատրում է` ինչպես անել, որ Ադրբեջանում հեղափոխություն չլինի»:
-Այդ հայտարարությունն այնքան անմիտ է, քաղաքականությունից այնքան հեռու, որ մեկնաբանելու կարիք չկա: Պետք չէ լուրջ վերաբերվել, աբսուրդ է:
-Ախալքալաքի Բուղաշեն համայնքում արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանին նվիրված կիսանդրու տեղադրումը մեծ աղմուկ էր բարձրացրել Ադրբեջանում, այն աստիճանի, որ Բաքուն բողոքի նոտա էր հղել Թբիլիսիին: Ադրբեջանը նո՞ր օրակարգ է փորձում թելադրել Վրաստանին:
-Վրաստանի պարագայում խնդիրն առավել զգայուն է, քանի որ Ադրբեջանը սովոր է, որ եթե Վրաստանի վերաբերմունքը մոտ չէ իր որդեգրած դիրքորոշմանը, ապա գոնե չեզոք պետք է լինի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանն ունի Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիր, Ադրբեջանի իշխանությունները Վրաստանին փորձում են ներկայացնել որպես բախտակից հարևան: Մյուս կարևոր կետն այն է, որ Վրաստանի տնտեսության ներդրումների մեծ ծավալն Ադրբեջանինն ու Թուրքիայինն է, ինչից էլ պաշտոնական Բաքուն փորձում է քաղաքական դիվիդենդներ շահել: Նման միջոցառման անցկացումը Վրաստանի թեկուզև հայաբնակ տարածքներում Ադրբեջանի կողմից որևէ կերպ չի կարող ընկալվել: Բայց Վրաստանը դեպի ժողովրդավարություն ձգտող երկիր է և հանձնառություններ ունի իր ազգային փոքրամասնությունների առաջ, ինչն էլ իրականացնում է՝ չխախտելով երկրի քաղաքական կուրսը: Ադրբեջանի կողմից փոքր առիթն օգտագործելով հերթական անգամ հիստերիա բարձրացնելու պատճառը գուցե հայ-վրացական հարաբերությունների ջերմացումն ու Հայաստանի և Վրաստանի առաջնորդների՝ վերջերս տեղի ունեցած ոչ ֆորմալ հանդիպումն էր:
-Ադրբեջանական ընդդիմության դիրքորոշումն Արցախյան հակամարտության հարցում ինչո՞վ է տարբերվում գործող իշխանության դիրքորոշումից:
-Ադրբեջանի ընդդիմության դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ ավելի ծայրահեղական է: Ընդդիմության մեջ շատ կարևոր կորիզ են կազմում Ադրբեջանի ազգայնականները, և նրանցից սպասել, որ Արցախյան հարցի առնչությամբ կարող են ունենալ մեզ համար ավելի մեղմ ու ընկալելի դիրքորոշում, միամտություն է: Գուցե տարօրինակ է, բայց այսօրվա Ադրբեջանի քաղաքական դաշտում, մնացած ուժերի դիրքորոշումների համեմատ, Արցախյան հարցի առնչությամբ ավելի ընդունելի է Ադրբեջանի ներկայիս իշխանության դիրքորոշումը: Ընդդիմության տեսակետներն Արցախյան հարցում մեզ համար սպառնալիքներ են: Նաև նշեմ, որ Ադրբեջանի ընդդիմադիր դաշտն ավելի մեծ ատելությամբ է լցված հայերի հանդեպ, քան ներկա իշխանությունը:
-Կարծես բանակցային գործընթացում ձեռագիր է մշակվել, երբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները տարբեր միջոցառումների շրջանակում ոչ պաշտոնական հանդիպումներ են ունենում: Այս հանդիպումներին ինչպե՞ս է արձագանքում ադրբեջանական կողմը:
-Քննարկումներն ու բանավեճերն ավելի քիչ են, միայն ընդդիմության մի քանի ներկայացուցիչներ պահանջում են բացահայտել ոչ ֆորմալ հանդիպման քննարկման նյութը, բուն թեման: Ադրբեջանի իշխանությունները նման հանդիպումներն օգտագործում են լսարանին «վաճառելու» համար: Օրինակ, 1,5 ժամ տևած ոչ ֆորմալ հանդիպումից հետո վերջիններս իրենց հասարակությանն ասում են, թե Փաշինյանի՝ Արցախի իշխանություններին բանակցային դաշտ վերադարձնելու խոստումներն օդում մնացին:
-Հայաստանյան վերլուծական շրջանակներում արդեն իսկ մտահոգ են Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությամբ, թե Արցախի հարցի լուծման մանդատ ինքը չունի, այդ հարցը լուծողն Արցախի ժողովուրդն է: Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու ի՞նչ հնարավորություններ կան, ինչու՞ են հանդիպումները շարունակվում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև:
-Կարծում եմ՝ իրականում այդ հարցը կա օրակարգում թե՛ արտգործնախարարների, թե՛ նման ոչ ֆորմալ հանդիպումների մակարդակով: Նման ոչ ֆորմալ քննարկումները Փաշինյանին մանևրելու հրաշալի հնարավորություն են տալիս: Տեսեք՝ նա նախ կարող է ասել, թե անում են հնարավորը Արցախը նույնպես բանակցության կողմ դարձնելու համար, մյուս կողմից էլ նշել, թե անգամ ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ բանակցում է Հայաստանի անունից:
-ՈՒշագրավ դրվագ էր նաև Ալիևի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի և Ջոն Բոլթոնի հեռախոսազրույցը: ԱՄՆ-ի հետաքրքրությունները կարծես ակտիվացել են Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ: Մյուս կողմից էլ, Ադրբեջանում միշտ էլ այն համոզմունքն է եղել, թե Ղարաբաղյան հակամարտության գլխավոր մեղավորն ու հարցին լուծում տվողը Ռուսաստանն է:
-Ադրբեջանում մինչ այժմ էլ կարծում են, թե Ադրբեջանի դեմ իրականում կռվել է Ռուսաստանը, ու Ադրբեջանի իրական թշնամին հենց Ռուսաստանն է: Այդ պատկերացումը չի փոխվել, այն երկար տարիների քարոզչության հետևանք է: Բացի այդ, մենք տարիներ շարունակ տեսել ենք, որ Ադրբեջանը բազմաթիվ առիթներով բողոքել է Ռուսաստանի դիրքորոշումից և այլն: ԱՄՆ-ը, այո, իսկապես ակտիվություն է ցուցաբերում Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում, նաև տարածաշրջանում է փորձում փոխել քաղաքականությունը, ինչի համատեքստում Բոլթոնի հեռախոսազրույցը Փաշինյանի հետ պատահական համարել չի կարելի: ԱՄՆ-ը իսկապես շահագրգռված է հակամարտության արագ կարգավորմամբ, որովհետև որոշակի քայլեր է պլանավորում Իրանի ու Ռուսաստանի դեմ, և Ադրբեջանն ու Հայաստանը պատկերացնում է մեկ միավորի, մեկ թևի մեջ: Նրա համար ցանկալի է տարածաշրջանում լուծված տեսնել բոլոր խնդիրները, որպեսզի գլոբալ աշխարհաքաղաքական խնդիրների շուրջ կարողանա միավորել այս երկու երկրներն ու դեպի իրեն քաշել:

Զրույցը վարեց
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 4124

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ