Նոր կորոնավիրուսով վարակման սրընթաց աճի գաղտնիքը
18.02.2020 | 12:17
Երեկ հայտնի դարձավ նոր կորոնավիրուսով` 2019-nCoV-ով ռուս առաջին կնոջ վարակման մասին: Ռուսաստանի բնակչուհին վարակվել է «Diamond Princess» ճամփորդական հանրանավում:
«Ռոսպոտրեբնադզոր»-ի տեղեկացմամբ, հիվանդության ինկուբացիոն ժամանակահատվածն առնվազն 14 օր է, և, վերջին տվյալների համաձայն, այն կարող է տևել մինչև 24 օր: Ինկուբացիոն շրջանը գաղտնի (լատենտ) այն ժամանակաշրջանն է, որը հաշվվում է օրգանիզմ վարակի մուտքի կամ վարակման պահից մինչև հիվանդության առաջին նշանների ի հայտ գալը։ Նոր կորոնավիրուսի թերևս ամենամեծ վտանգն այն է, որ, ինչպես պարզել են չինացի ու ճապոնացի գիտնականները, այն այլ անձանց փոխանցվում է նաև ինկուբացիոն շրջանում, երբ վարակվածի մոտ հիվանդության առաջին ախտանշանները դեռ ի հայտ չեն եկել, նա իրեն առողջ է զգում, բնավ չի կասկածում, որ վարակված է, հետևաբար հիվանդանոցում կամ մեկուսացված չէ: Այսինքն` նոր կորոնավիրուսով վարակված յուրաքանչյուր ոք առնվազն 14-24 օր չվնասազերծված ու գործողության մեջ գտնվող «կենսաբանական զենք» է, որն անարգել կարող է վարակել մարդկանց և որոշ կենդանիների: Հենց սրանով է բացատրվում նոր կորոնավիրուսով վարակման սրընթաց աճը:
Այս տարվա հունվարի 21-ին ամբողջ Չինաստանում արձանագրվել էր նոր տիպի վիրուսով վարակման ընդամենը 217 դեպք, մահվան դեպքերը սոսկ մի քանիսն էին, իսկ աշխարհում, բացի Չինաստանից, նոր վարակի ի հայտ գալու մասին որևէ խոսք չկար: ՈՒհան քաղաքում, որտեղ գրանցվել էր բռնկումը և վարակվածների ամենամեծ թիվն էր` 198 հոգի, մահացել էր նրանցից երեքը: Պեկինում հիվանդների քանակն ընդամենը հինգն էր:
Երեկ առավոտյան հրապարակված տեղեկությունների համաձայն, աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների քանակը հասել է արդեն 71226-ի, մահվան դեպքերի քանակը` 1775-ի: Փետրվարի 14-ի դրությամբ վարակված 1716 բուժաշխատողից վեցը մահացել է: Չինաստանից բացի, վարակման շուրջ 500 դեպք է գրանցվել աշխարհի 25 երկրում (վերջինը` Եգիպտոսում, որը հանդիսացավ աֆրիկյան առաջին պետությունը, որտեղ արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման դեպք): Նշենք նաև, որ եթե Ճապոնիայի ափին, Նոկոգամի նավահանգստում կարանտինի մեջ գտնվող «Diamond Princess» ճամփորդական հանրանավի վրա գտնվող 2666 զբոսաշրջիկներից, փետրվարի 10-ի դրությամբ, ըստ հաստատված դեպքերի, 130-ն էր վարակված նոր կորոնավիրուսով, ապա երեկվա դրությամբ հիվանդների թիվն արդեն գերազանցել էր 454-ը:
Դե հիմա եկեք մի փոքր թվաբանությամբ զբաղվենք. փաստորեն եթե 2019 թ. դեկտեմբերի 12-ից (առաջին դեպքի ի հայտ գալուց) մինչև հունվարի 21-ը, այսինքն` 40 օրում 2019-nCoV-ով վարակման ընդամենը 217 դեպք էր արձանագրվել, իսկ մահվան դեպքերը նույնիսկ նոր վարակի էպիկենտրոն ՈՒհան քաղաքում ընդամենը երեքն էին, ապա ս. թ. հունվարի 21-ից փետրվարի 17-ի ժամանակաընթացքում (27 օրում) նոր կորանավիրուսով վարակվածների քանակն ավելացել է 71009-ով, իսկ մահվան դեպքերի քանակը` շուրջ 1770-ով: Բուժվածների ընդհանուր քանակը 10865 է: Ակնհայտ և անվիճելի է, որ ինչպես վարակման, այնպես էլ մահվան նոր դեպքերի քանակը նախորդ ժամանակաընթացքի համեմատությամբ աճել է երկրաչափական պրոգրեսիայով:
Ի՞նչ է սպասում Չինաստանի բնակչությանը, Չինաստանին և, ի վերջո, մարդկությանը։
«Սինխուա» գործակալության փոխանցմամբ, փետրվարի 9-ին կայացած համաժողովում Չինաստանի ֆինանսների նախարար Լյու Կուն հայտնել է, որ Չինաստանը ստիպված է եղել մեծացնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ֆինանսավորումը և արդեն ավելի քան 10 մլրդ 260 մլն դոլարին համարժեք գումար ներդնել 2019-nCoV-ի հարուցած հիվանդության դեմ պայքարելու` կանխարգելման, բուժման, հիվանդության տարածումը վերահսկելու համար: Ընդ որում, դատելով ամենից, սա դեռ միայն սկիզբն է: Իր հերթին, Չինաստանի Կենտրոնական բանկը հայտնել է, որ վիրուսը դանդաղեցնում է արտադրությունը և ազդում գների կայունության վրա:
Անցնելով 2019-nCoV-ի տարածման դեմ պայքարի նոր փուլի. Չինաստանը համաճարակի էպիկենտրոն ՈՒհան քաղաքում առանց այն էլ խիստ կարանտինն էլ ավելի է խստացրել. Այժմ բազմամիլիոնանոց քաղաքի բնակչությանն արգելված է իրենց տներից դուրս գալ առանց ծանրակշիռ պատճառների: Բացառություն է կատարվում նրանց համար, ովքեր աշխատում են վիրուսի դեմ պայքարի ուղղությամբ, կենսապահովման ծառայություններում կամ պետք է բժշկական օգնություն ստանան: Ավելին. Չինաստանի իշխանություններն օրերս 10 տարվա ազատազրկում, ցմահ ազատազրկում, իսկ որոշ դեպքերում նույնիսկ մահապատիժ սահմանեցին երկրի այն բնակիչների համար, ովքեր կթաքցնեն նոր կորոնավիրուսով վարակման իրենց մոտ ի հայտ եկած ախտանշանները ու չեն դիմի բժշկի:
«Bloomberg»-ին Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի փոխտնօրեն Վան Խեշենի հայտարարության համաձայն, նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը ստիպում են ասել, որ հիվանդության դեմ պայքարում եկել է ամենակրիտիկական պահը:
Տեղեկացնենք նաև, որ ԱՄՆ-ի իշխանությունները որոշել են «Diamond Princess» նավից տարհանել Միացյալ Նահանգների քաղաքացիներին: Երկու չվերթով Միացյալ Նահանգները նախատեսում է ԱՄՆ վերադարձնել մոտ 380 մարդու, և այս պահին տարհանումը գուցե արդեն իրականացրել է: Նրանց մի մասը կարող է մնալ կարանտինում Կալիֆոռնիայի և Տեխասի ավիաբազաներում: Փետրվարի 15-ին հայտնի դարձավ Եվրոպայում նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան առաջին դեպքը: Այն գրանցվել է Ֆրանսիայում. հիվանդանոցում մահացածը չինացի 18-ամյա զբոսաշրջիկ է, որը հոսպիտալացվել էր դեռ հունվարի 25-ին:
Փետրվարի 10-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ը, վկայակոչելով չինացի բժիշկների ուսումնասիրությունը, հայտնեց, որ չինացի գիտնականները կասկածի տակ են առել նոր կորոնավիրուսի համար ստեղծված թեստերի հուսալիությունը: 2019-nCoV-ի առկայությունը պարզելու համար յուրաքանչյուր երկրորդ թեստը կարող է սխալ արդյունք տալ, այնպես որ, հիվանդների իրական թիվը կարող է լինել առնվազն երկու անգամ ավելի բարձր: INTERFAX.RU-ի փոխանցմամբ, այս մասին նշված է 2019-nCov վիրուսի համաճարակային իրավիճակի մասին անցած երկուշաբթի հրապարակված գերատեսչության տեղեկագրում: Այս փաստաթղթում «Ռոսպոտրեբնադզորը» մեջբերել է փետրվարի 8-ին չինական «Sina» գործակալությունից ստացված հաղորդագրությունը, ըստ որի, ՉԺՀ-ի բժիշկները նշում են նոր կորոնավիրուսի ուսումնասիրության ժամանակ մեծ թվով կեղծ բացասական արդյունքների մասին, այսինքն՝ երբ թեստը ցույց է տալիս մարմնում վիրուսի բացակայություն, չնայած նրան, որ իրականում վիրուսն առկա է:
Ինչպես նշել է «Ռոսպոտրեբնադզորը», ակադեմիկոս Վան Չենի գնահատմամբ, լաբորատոր ուսումնասիրության մեջ դրական արդյունք ներկայումս գրանցված է դեպքերի իրական քանակի միայն 30-50 %-ի դեպքում: Այս տեղեկատվությունից արդեն իսկ հասկանալի է դառնում, որ վարակվածների մնացած 50-70 տոկոսը, որոնց մոտ նոր կորոնավիրուսի առկայությունը չի ախտորոշվում, չգտնվելով բուժման կամ կարանտինի մեջ, այսինքն` չմեկուսացվելով, ազատ տեղաշարժի, այլոց հետ շփումների իրավունք ու հնարավորություն ունենալով, էլ ավելի են մեծացնելու վարակի հետագա տարածումը:
Ներկայումս աշխարհում մշակված են նոր կորոնավիրուսի որոշման մի քանի թեստային համակարգեր: Մասնավորապես, 2019-nCov-ի հարուցած ոչ տիպիկ թոքաբորբի օջախ հանդիսացող Չինաստանի ՈՒհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտը մշակել է իմունոխրոմատոգրաֆիական վերլուծության վրա հիմնված թեստային համակարգեր: Մի շարք երկրներում ախտորոշման համար մշակվել են պոլիմերազային շղթայական ռեակցիայի (կՃՀ) մեթոդի վրա հիմնված թեստային համակարգեր: Այդպիսի թեստ-համակարգ ստեղծել են նաև Ռուսաստանում «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի մասնագետները:
Դարձյալ փետրվարի 10-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի հայտնած տեղեկության համաձայն, չինացի գիտնականները հաստատել են ռուսաստանյան թեստային համակարգի «բարձր արդյունավետությունը» կորոնավիրուսային վարակի ախտորոշման համար: Ա. Պոպովան հավելել է, որ Ռուսաստանը «անհրաժեշտության դեպքում պատրաստ է դիտարկելու ԵԱՏՄ գործընկեր երկրներին Ռուսաստանի ժամանակակից ախտորոշիչ գործիքների լրացուցիչ մատակարարման հնարավորությունը»: Ավելի վաղ գործակալությունը հաղորդել էր, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ի տարածաշրջանային կազմակերպություններին տրամադրվում են ախտորոշման թեստային համակարգեր` նոր կորոնավիրուսը հայտնաբերելու համար, սահմանվել է լաբորատոր ախտորոշման ալգորիթմը:
Փետրվարի 11-ին «Կոմերսանտը» հրապարակեց Ռուսաստանում համաճարակին դիմագրավելու նախապատրաստվածության վերաբերյալ վարակիչ հիվանդությունների բուժմանը բախված ավելի քան 1800 բժիշկների (համաճարակաբաններ, վիրուսաբաններ, տուբերկուլյոզի բժիշկներ, թոքաբորբոքաբաններ, ընդհանուր մասնագետներ և ընդհանուր բժիշկներ) շրջանում անցկացված հարցման արդյունքները: Ըստ այդմ, նրանց սովորեցրել են ճանաչել կորոնավիրուսը, բայց դեռ չեն տրամադրել դրա համար անհրաժեշտ ախտորոշիչ համալիրներ:
Հարցման մասնակիցներին տրվել է չորս հարց.
1. Արդյո՞ք նրանց տրամադրվել է կորոնավիրուսի ախտորոշման համար մեթոդական տեղեկատվություն,
2. Արդյո՞ք նրանք ունեն ախտորոշման համալիր` վիրուսի առկայությունը որոշելու համար,
3. Որո՞նք են կորոնավիրուսների կառավարման ամենաարդյունավետ միջոցները:
4. Ռուսաստանում կա՞ կորոնավիրուսի համաճարակի սպառնալիք:
Վերջին հարցին` Ռուսաստանում համաճարակի սպառնալիքի իրական լինելու վերաբերյալ, բժիշկների կարծիքները հավասարապես բաժանվել են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խորհրդատու Այրա Լոնջինը և Հոնկոնգի համալսարանի պրոֆեսոր Գաբրիել Լենը հնարավոր են համարել նոր կորանավիրուսով Երկրագնդի բնակչության նույնիսկ երկու երրորդի վարակումը:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 4
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 3
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 2
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին
- Մի՞ թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն. 2
- Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 53
- Աշխարհը՝ միջուկային պատերազմի շեմին. 52
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութեր). 2
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութ)
- Մի՞թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն
- Քրիստոսի խաչելությունը հորինված չէ, NASA-ն նույնիսկ ճշգրիտ օրն է պարզել
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 2 (տեսանյութ)
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել. 4
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը»
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել-2
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը. 4
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը-3
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը. 2
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը
Մեկնաբանություններ