«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Դեղատների տնօրինությանը «պառկեցրե՛ք ասֆալտին»

Դեղատների տնօրինությանը «պառկեցրե՛ք ասֆալտին»
24.02.2020 | 23:48

Աշխարհին պատուհասած, բայց Հայաստանի սահմաններից դեռևս ներս չմտած կորոնավիրուսի՝ նոր տարածքներ «գրավելուն» զուգընթաց մեր երկրում երկրաչափական պրոգրեսիայով աճում է բժշկական դիմակների ու հակավիրուսային դեղամիջոցների գինը: Տպավորություն է, թե դեղատան սեփականատերերը շունչները պահած սպասում էին, թե երբ է նման մի բան լինելու, որ 50 դրամանոց շնչադիմակը նվազագունը 200 դրամով վաճառեն: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) արդեն իսկ հայտարարություն է տարածել ու տնտեսվարողներին հորդորել՝ առիթից չօգտվել ու խելքից դուրս գներ չսահմանել թե՛ դիմակների, թե՛ դեղամիջոցների համար: Կառույցը զգուշացրել է՝ մշատդիտարկում են անցկացնելու ու տուգանելու մրցակցային պայմանները խախտած դեղատներին: «Իրատեսը» ՏՄՊՊՀ-ից հետաքրքրվեց՝ օրինազանց դեղատներ հայտնաբերվե՞լ են արդեն: Ի պատասխան նշեցին, որ այս պահին դիտանցումներ են իրականացվում: «Հնարավոր խախտումների կամ չարաշահումների դեպքում Հանձնաժողովը կհարուցի վարչական վարույթներ և կկիրառի օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ»,- նշեցին ՏՄՊՊՀ-ի լրատվական ծառայությունից:

Թե որ դեղատունը և ինչպես ու ինչ գումարի չափով կտուգանվի, պարզ կլինի առաջիկա օրերին, ցավալին սակայն այն է, որ այդ տույժերը, ենթադրաբար, այնքան չնչին են, որ դեղատները նախընտրում են դիմակը քառակի անգամ թանկ վաճառել: Միևնույնն է՝ եկամուտն այնքան մեծ է լինելու, որ տույժ-տուգանքը վճարելուց հետո անգամ դեղատան սեփականատերերը «պլյուսով» են դուրս գալու:


Ես օրինակ շատ կցանկանայի, որ նամանավանդ այս օրերին, երբ կորոնավիրուսի տագնապը մոլեգնում է օդում, մարդիկ խիստ զգուշավոր են ու հուզական վիճակում, մրցացությունից դուրս եկած տնտեսվարողների համար այնպիսի տուգանքներ սահմանվեին, որ ոչ միայն այդ շրջանի, այլ նաև վերջին մի քանի տարվա եկամուտը անբարեխիղճ բիզնեսմենը պետությանը վճարեր: Դրանից հետո շա՜տ քչերը կգտնվեին, որ կհամարձակվեին վերին արտի ցորեն խաղալ:


Հ.Գ. Ուրախ կլինեի, որ իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչների՝ «թաթիկներ կտրելու» ու «ասֆալտին պառկեցնելու» մասին հայտարարությունները նաև նմանտիպ դեպքերին վերաբերեին:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ