Այս իշխանություններն ինչպես այլ հարցերում, նոր կորոնավիրուսի պարագայում էլ կրակի հետ են խաղում
17.03.2020 | 00:30
Հայաստանում գնալով ավելանում են նոր կորոնավիրուսով (COVID-19) վարակվածության հաստատված դեպքերը, ինչը, լինելով իշխանությունների հանցավոր անգործության հետևանքը, լիովին կանխատեսելի էր: Երեկ առավոտյան հանրապետությունում COVID-19-ով վարակվածների թիվը, պաշտոնական տեղեկատվության համաձայն, արդեն հասել էր 30-ի: Բացի այդ, հրապարակված պաշտոնական այլ տեղեկություններ հիմք էին տալիս ենթադրելու, որ մարտի 16-ի կամ 17-ի ընթացքում COVID-2019-ով վարակվածության նորանոր դեպքեր կարող են հաստատվել:
Էջմիածնից դուրս եկող հանրային տրանսպորտում, Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզի ներմարզային և համայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում, դատարաններում, թերևս նաև այլուր իրականացվել և առաջիկայում էլ, հնարավոր է, իրականացվելու են ախտահանիչ միջոցառումներ: Դա վատ չէ, վնաս չէ, բայց նոր կորոնավիրուսի տարածումը և վարակման նորանոր դեպքերը կանխելու առումով, ցավոք, ընդամենը չնչին արդյունք կարող է տալ: Հասարակական տրանսպորտի ախտահանումը չնչին մխիթարություն է:
Ախտահանումը ոչնչացնում է միայն այն վիրուսները, որոնք միկրոավտոբուսներում և ավտոբուսներում կարող են լինել մինչև այդ տրանսպորտային միջոցների երթուղի դուրս գալը, բայց երթուղի դուրս գալուց հետո, եթե նոր կորոնավիրուսով վարակված որևէ անձ մտնի այդ մեքենաների մեջ, շնչի, փռշտա, հազա, ձեռք տա նստարանների թիկնակներին, որոնց կարող են ձեռք տալ նաև այլ ուղևորներ, մինչև այդ կատարված ախտահանումը որևէ արդյունք չի կարող տալ: Այս առումով հարցեր է առաջացնում ու նույնիսկ վտանգավոր է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի խորհուրդը: Էջմիածնի քաղաքապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում մարտի 14-ին գրել է
«ԿԱՐԵՎՈՐ
Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճը և դրանց համաճարակաբանական կապն Էջմիածնի հետ՝ հորդորում եմ զերծ մնալ Էջմիածին-Երևան (և հակառակը) անկանոն ուղևորափոխադրումներ իրականացնող մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց:
Առհասարակ, խնդրում եմ մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով. եթե դա հնարավոր չէ՝ հանրային տրանսպորտով, քանի որ այն պարբերաբար ախտահանվում է:
Եվս մեկ անգամ հորդորում եմ չօգտվել այնպիսի տաքսիներից, որոնց ախտահանված լինելու փաստը անհայտ է կամ խիստ կասկածելի, և որտեղ ձեր կողքին նստում են անծանոթ մարդիկ»:
Բնականաբար, հարց է առաջանում` Դիանա Գասպարյանը, լինելով Էջմիածնի քաղաքապետ և նոր կորոնավիրուսի հետ կապված հայտարարությամբ հանդես գալով, այն էլ այսպիսի իրավիճակում, մտածե՞լ է, թե ինչ է գրում: Այո, նրա խորհուրդը կամ խնդրանքը` «մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով», միանգամայն ճիշտ է, բայց սխալ է դրան անմիջապես հաջորդող շարունակությունը. «եթե դա հնարավոր չէ՝ հանրային տրանսպորտով, քանի որ այն պարբերաբար ախտահանվում է»:
Վերն արդեն նշեցինք ու հիմնավորեցինք, որ այդ ախտահանումից մեծ օգուտ հնարավոր չէ ակնկալել, այն երթուղի դուրս գալուց հետո տրանսպորտային միջոց մուտք գործած վիրուսները չի կարող ոչնչացնել: ՈՒշադրություն դարձնենք Էջմիածնի քաղաքապետի հորդորի վերջին մասին. «Եվս մեկ անգամ հորդորում եմ չօգտվել այնպիսի տաքսիներից, որոնց ախտահանված լինելու փաստը անհայտ է կամ խիստ կասկածելի, և որտեղ ձեր կողքին նստում են անծանոթ մարդիկ»: Իսկ ի՞նչ է` հանրային տրանսպորտում (միկրոավտոբուսներում կամ ավտոբուսներում) այս կամ այն ուղևորի մոտ ծանո՞թ մարդիկ են նստում, ավելի ճիշտ մարդիկ, որոնք COVID-19-ի թեստով ստուգվել են ու պարզվել է, որ վարակված չեն: Իհա՛րկե ոչ: Հակառակը` հանրային տրանսպորտում ուղևորներն անհամեմատ ավելի շատ են, քան տաքսի մեքենայում, հետևաբար նրանցից վարակվելու ռիսկն ավելի մեծ է:
Գոնե այսօրվանից քաղաքացիները պետք է սահմանափակեն իրենց շարժը, հանդիպումները, հանդիպման դեպքում էլ պետք է ոչ միայն իրար ձեռքով չբարևեն, այլև աշխատեն 2 մետրից ավելի չմոտենալ միմյանց` նույնիսկ շնչադիմակներ օգտագործելու պարագայում, որովհետև դրանք որոշ չափով օգնում են, բայց անվտանգության բավարար երաշխիքներ չեն տալիս: Մարդիկ պետք է աշխատեն իրար հետ խոսել հեռախոսով, սկայպով, համացանցի միջոցով: Երեկ առավոտվա դրությամբ պետությունը հարսանիքները դեռ չէր արգելել, մինչդեռ անցած օրերին բազմաթիվ հարսանիքներ են եղել նույնիսկ Էջմիածնում: Գործատուները պետք է իրենց աշխատողներին իրավունք տան տանից աշխատելու, եթե այդ հնարավորությունը կա:
Ըստ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, հասարակական տրանսպորտը վարակի տարածման ամենահիմնական միջոցն է: Պետք է տարբերակ գտնել և հասարակական տրանսպորտի շարժը հնարավորինս սահմանափակել, պետք է քիչ լինի քաղաքացիների շարժը: Պետք է գործեն միայն խանութները, դեղատները և շրջեն այն մեքենաները, որոնք սնունդ են ապահովում այդ խանութներին ու դեղատներին: Մարդիկ պետք է գնան խանութներից սնունդ առնեն, բերեն տուն առանց շփումների: Համաճարակի դեմ կարելի է պայքարել միայն այս մեթոդներով: Պետք է 14 օր մտնել այս ռեժիմի մեջ, ով հիվանդ է, բուժել այս ռեժիմի մեջ ու կանխել տարածումը:
Նոր փաստերը վկայում են` տանից դուրս յուրաքանչյուրս ենք վտանգված քայլող կամ նստած «կենսաբանական զենքի» հետ հնարավոր հանդիպմամբ:
Մարտի 14-ին հայտնի դարձավ, որ Էջմիածնում նոր կորոնավիրուսով (COVID-19) վարակվածներից մեկը` Իտալիայից եկած, COVID-19-ով վարակված և նշանադրության արարողությանը մասնակցած էջմիածինցի հայտնի կնոջ ազգականը, տաքսի ծառայության սեփականատեր է, իսկ այդ տաքսի ծառայությունը նույն օրվա դրությամբ, նույնիսկ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել դրա ղեկավարի` COVID-19-ով վարակված լինելու փաստը, իշխանությունների թողտվությամբ աշխատել ու, թերևս, հիմա էլ աշխատում է, ինչը հուշում կամ վկայում է, որ ծառայության վարորդները կարանտինացված չեն: Ո՞վ կարող է ասել կամ ու՞մ է հայտնի, թե նրանք քանիսին կարող են վարակած լինել և այս պահին էլ քանիսին են վարակում, եթե իրենք տաքսի ծառայության ղեկավարի կողմից վարակված են:
Ավելին. կորոնավիրուսով վարակված էջմիածինցի հայտնի կինը նշանդրեքի օրը վարսավիրանոց է գնացել հիվանդ վիճակում: Ճիշտ է, Իտալիայից վերադարձած հիշյալ կնոջը մարտի 8-ին սպասարկած երկու վարսավիրներն ու դիմահարդարը մեկուսացվել են Ծաղկաձորում, սակայն մինչ մեկուսացումը նրանք քանի՞ հոգու են սպասարկել և, ընդհանրապես, քանի՞ հոգու հետ շփվել, եթե իրենք նույնպես վարակված են, քանիսի՞ն կարող են վարակած լինել… Այս հարցերը պատասխան չունեն, անորոշություն է:
ՀՀ առողջապահության նախարարը մարտի 14-ին հանդես գալով ֆեյսբուքյան ուղիղ եթերով, չբացառեց, որ Էջմիածինցի՝ կորոնավիրուսով վարակված բնակչի հետ շփված և մեկուսացված համաճարակաբանական խմբից նոր դրական դեպքեր, այսինքն` COVID-19-ով վարակված այլ անձինք կարող են լինել: Արսեն Թորոսյանը հայտնեց նաև, որ տվյալ պահին կորոնավիրուսի կասկածով մեկուսացված է մոտ 200 անձ` թե՛ առանձին բնակավայրում, թե՛ շենքում` ամբողջովին մեկուսացված:
Վերոնշյալը, նկատենք, վկայում է, որ նրանցից բոլորը չէ, որ Ծաղկաձորի հայտնի հյուրանոցում են մեկուսացված, մի մասը մեկուսացված է իր տանը, ինչը չի տալիս անվտանգության, վարակված լինելու դեպքում տանից դուրս չգալու և այլոց չվարակելու բավարար երաշխիքներ, ավելին` վարակման անմիջական վտանգի տակ է դնում հենց նույն մարդկանց ընտանիքի անդամներին:
Նկատի ունենալով իշխանություններին դեռ անհայտ վարակակիրների հնարավոր առկայությունը, Արսեն Թորոսյանը կոչ արեց օգտագործել առիթը` ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար մեր տներում (այսինքն` տանը մնալ), քիչ շփվել մեր մյուս համաքաղաքացիների հետ, չհաճախել հանրային միջոցառումների:
Անդրադառնալով այն հարցին, թե որ դեպքում են մեկուսացվում անձինք, Արսեն Թորոսյանը նշեց, թե մեկուսացվող անձինք պետք է պարտադիր սերտ շփում ունեցած լինեն նոր կորոնավիրուսի հաստատված ախտորոշումով պացիենտի հետ, իսկ քիչ հետո բացահայտեց, որ սերտ կամ անմիջական շփումը ձեռքով բարևելն է, համբուրվելը, գրկախառնվելը` անտեսելով, որ անձը կարող է «հաստատված ախտորոշումով պացիենտից» վարակված լինել նաև 2 մետր հեռավորությունից: Փաստորեն վերջիններս չեն մեկուսացվել ու չեն մեկուսացվում, իսկ թե դա ինչ հետևանքների կարող է հանգեցնել, կարծում ենք, բացատրելու կարիք չկա:
Ավելին. ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի խոսքից պարզ է դառնում նաև, որ կորոնավիրուսի հաստատված ախտորոշումով պացիենտի հետ նույնիսկ սերտորեն շփված, բայց դեռ նոր կորոնավիրուսի հաստատված ախտորոշում չունեցող, հնարավոր է, հիվանդության ինկուբացիոն (գաղտնի) շրջանում գտնվող անձանց հետ անմիջականորեն շփված անձինք նույնպես չեն մեկուսացվում, մինչդեռ նրանցից 2 մետր հեռավորության վրա գտնվածներն էլ արդեն պետք է մեկուսացված լինեին: Հաշվի առնելով այս ամենը, առաջիկայում միանգամայն հնարավոր ենք համարում Հայաստանում նոր կորոնավիրուսի համաճարակը, ու ևս մեկ անգամ համոզվում, որ ներկայիս իշխանությունները մեր երկրի բնակչության համար նույնիսկ նոր կորոնավիրուսից էլ վտանգավոր են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ «Ֆեյսբուք»-ի իր էջում հանդես գալով ուղիղ եթերով, ասաց. «Գիտեք, որ Էջմիածնի 27 մուտքերից միայն 3-ն են գործում»: Իսկ ի՞նչ է` վարակն այդ երեք ճանապարհներով (Էջմիածին-Երևան, Էջմիածին -Աշտարակ Էջմիածին-Մասիս) չի՞ կարող փոխանցվել հանրապետության այլ բնակավայրերում ապրողներին, եթե այդ նշված ճանապարհներով եկողներից թեկուզ մի քանիսը վարակված են նոր կորոնավիրուսով:
«Մենք տեղում ջերմաչափում կանենք, և նրանց, որոնք ջերմություն կունենան, կխնդրենք ինքնամեկուսացում անել»,- մարտի 15-ին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
NEWS.am-ի թղթակիցը երեկ հաղորդել է, որ «մինչև քաղաքի մուտքը բաց է, քաղաքից դուրս եկող քաղաքացիները ջերմաչափվում են, ջերմություն ունենալու դեպքում հորդորում՝ ինքնամեկուսացվել»։
Այսինքն` նույնիսկ ջերմություն ունենալու դեպքում մարդկանց հետ չեն վերադարձնում, անուն-ազգանուն, հասցե, հեռախոսահամար արձանագրելուց հետո բաց են թողնում, բուժաշխատողները նրանց հետ կապ են հաստատում և մոնիտորինգ իրականացնում։
Ոչ միայն ցավալի, այլև ողբերգական ու չափազանց վտանգավոր է, որ լինելով երկրի ղեկավարը, Փաշինյանը նույնիսկ երեկվա դրությամբ չէր գիտակցում, որ ինչպես տեղում ջերմաչափում անելը, այնպես էլ մարդկանց խնդրելը, որ ինքնամեկուսացվեն, անվտանգության, վարակի հետագա փոխանցումը կանխելու որևէ երաշխիք չի տալիս: Ապացույցը, թեկուզ, Իրանից նոր կորոնավիրուսով վարակված ու փետրվարի 28-ին Հայաստան եկած 29-ամյա երիտասարդին առնչվող դեպքը, որն այդ օրը ջերմություն չէր ունեցել, ինքնաթիռում և օդանավակայանում կատարված ջերմաչափումը նորմայից շեղում չէր հայտնաբերել, նրա վարակված լինելը չէին հայտնաբերել, նույնիսկ չէին կասկածել ու չէին կարանտինացրել, իսկ հաջորդ օրն արդեն մարդը ջերմել էր, «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, ուր կրկնակի թեստավորումից հետո մարտի 1-ին, ժամը 3-ին արդեն վերջնականապես պարզ էր դարձել, որ նա վարակված է COVID-19-ով:
Ինչ վերաբերում է ինքնամեկուսացման խնդրանքին, քանի որ այն խնդրանք է, ոչ թե պահանջ` վերջինս խախտելու դեպքում սահմանված պատասխանատվությամբ ու հսկողության մեխանիզմով, միջոցներով, ապա, ինչպես արդեն փորձն է ցույց տվել, նույնիսկ COVID-19-ի տարածվածության առումով առավել վտանգավոր երկրներից ՀՀ ժամանած անձինք չեն հարգել այդ խնդրանքը և առաջիկայում էլ, կյանքի տարբեր հանգամանքներով պայմանավորված, կարող են չհարգել, 14 օրվա ընթացքում թեկուզ 1-2 օր կամ 1-2 ժամ դուրս գալ տանից ու… Հնարավոր հետևանքը դժվար չէ պատկերացնել:
Երեկ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում, ուղիղ եթերում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, նոր կորոնավիրուսով հիվանդ տվյալ անձը մինչ այդ կարանտինացված չի եղել:
«Գիշերն աշխատանքներ են տարվել ձեռնարկության աշխատակիցների շրջանում՝ հասկանալու համար, թե ովքեր են շփվել, որ մեկուսացնենք»:
Իսկ ի՞նչ է` այդ մարդը միայն ձեռնարկության աշխատակիցների՞ հետ է շփվել, ընտանիքի անդամների, ընկերների, հարազատների, բարեկամների, հարևանների, ծանոթների, խանութների վաճառողների, տաքսու վարորդների և այլոց հետ չի՞ շփվել, հասարակական տրանսպորտից չի՞ օգտվել… Ավելին. ինչպես արդեն նշեցինք, «շփվել» ասելով, նկատի է առնված այլ անձանց հետ միայն անմիջական շփումը (առողջապահության նախարարի ասած` ձեռքով բարևելը, համբուրելը, գրկախառնվելը), անտեսելով, սակայն, որ վարակը կարող է փոխանցված լինել նաև այն անձանց, որոնք 2 մետրից ավելի մոտ են եղել վարակակիր տվյալ անձին:
Արդեն պարզ է նաև, որ ՀՀ-ում նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերից ոչ բոլորի պարագայում է, որ վարակված անձինք եկել են Իրանից, Իտալիայից կամ մեկ այլ երկրից, ավելին` նշված դեպքերից ոչ բոլորն են կապված Էջմիածնի դեպքի հետ, օրինակ, 28-ից հետո վերջին երկու դեպքերից մեկը, ըստ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանի կատարած ֆեյսբուքյան գրառման, կապված է մարտի 15-ի երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։ Սա նշանակում է, որ վարակն արդեն չմեկուսացված անձանց կողմից ներքին փոխանցում ու տարածում է ստացել: Բնավ չենք զարմանա, եթե COVID-19-ով վարակակվածների քանակը ՀՀ-ում առաջիկայում ավելանա:
ՀՀ կառավարությունը Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երեկ արտահերթ նիստում արտակարգ դրության մասին որոշում ընդունեց և ՀՀ-ում մարտի 16-ի ժամը 18:30-ից հայտարարեց արտակարգ դրություն: Եթե իրավիճակն այսքան տագնապալի ու վտանգավոր չլիներ, վարչապետի ելույթի և կառավարության նիստի առանձին դրվագներ նույնիսկ զավեշտական կհամարեի կամ ավելին, քան զավեշտականը: Դրանք վկայում են իշխանությանը տիրացածների, մեղմ ասած, անգիտության, անտեղյակության, անճարակության և նույնիսկ անլրջության մասին, եթե, իհարկե, նրանց մասին չմտածեմ ավելի վատ բան… Այս ամենին առաջիկայում, իհարկե, համապատասխան հիմնավորումներով, հանգամանորեն դեռ կանդրադառնամ, այժմ միայն ընդգծեմ, որ ընդունված որոշումը մի շարք անհրաժեշտ սահմանափակումներ պարունակելով հանդերձ, դեռ ամենևին բավարար չէ Հայստանում նոր կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Նիկոլը Մոսկվայում երեկ ոչ թե Հայաստանի ու հայերիս, այլ Էրդողանի, Քալընի և Ալիևի ներկայացուցիչն էր
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 4
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 3
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 2
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին
- Մի՞ թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն. 2
- Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 53
- Աշխարհը՝ միջուկային պատերազմի շեմին. 52
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութեր). 2
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութ)
- Մի՞թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն
- Քրիստոսի խաչելությունը հորինված չէ, NASA-ն նույնիսկ ճշգրիտ օրն է պարզել
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 2 (տեսանյութ)
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել. 4
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը»
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել-2
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը. 4
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը-3
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը. 2
Մեկնաբանություններ