Երեխաների պղծման, այլասերման դեպքեր արդեն կան, իսկ երեկ ԱԺ-ն դրեց երեխաների և հասարակության կործանման հիմքը
12.05.2020 | 00:23
Խոսքը, նախ և առաջ, հոգևոր ու բարոյական կործանման նախադրյալների ստեղծման մասին է և այն հասարակության, որը ոչ հեռավոր ապագայում ձևավորվելու է այսօրվա ու վաղվա երեխաներից: Պղծությունն արդարացնող, այլասերում քարոզող որոշ անձինք և ՀԿ-ներ անարգել գործում են Հայաստանում, քարոզչական ծրագրեր իրականացնում, անառողջ սեռական հետաքրքրություններ առաջացնում և այլասերում նույնիսկ 5-6-րդ դասարանների աշակերտներից նրանց, ում կարողանում են գցել իրենց որոգայթի մեջ և այդպիսի հետաքրքրություններ ու ձգտումներ առաջացնել:
Սակայն այս ամենը դեռ միայն սկիզբն է: «Ազգային ժողով» կոչվածում փաշինյանական իշխանության նախաձեռնությամբ երեկ Լանզարոտի հակասահմանադրական կոնվենցիայի (պաշտոնապես այն ունի արտաքուստ անմեղ ու բարի նպատակի մասին հայտնող հետևյալ անվանումը` «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա) վավերացումից հետո դեռահասների և նույնիսկ տարրական դասարաններում սովորող երեխաների շրջանում վաղաժամ և անառողջ սեռական հետաքրքրություններ են առաջացվելու:
Ավելին. նշված տարիքի երեխաների հոգեբանությունն ու հոգին խեղվելու է, միտքը պղտորվելու է արդեն ոչ միայն ինչ-որ անձանց կամ Արևմուտքից «գրանտներ» ստացող «հասարակական կազմակերպություն» կոչվածների, այլև Լանզարոտում Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք պետությունների կողմից ընդունված հիշյալ կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունները կատարող պետության կողմից, դա արվելու է դպրոցում կրթական ծրագրերի, դասագրքերի միջոցով, ամենայն հավանականությամբ, նաև հեռուստատեսությամբ և այլ կերպ: Նշված տարիքի երեխաների շրջանում ոչ միայն վաղաժամ և անառողջ սեռական հետաքրքրություններ, այլև վտանգավոր գայթակղություններ ու ձգտումներ են առաջանալու` դրանցից բխող հետևանքներով հանդերձ:
Իհարկե, այս ամենը միանգամից, հենց վաղը կամ առաջիկա շաբաթվա ընթացքում չի արվելու: Նախ, ՀՀ ձևական նախագահ Արմեն Սարգսյանը պետք է ստորագրի «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքը, և, քանի որ ձևական նախագահ է, որևէ կասկած չկա, որ կստորագրի: Այնուհետև կընդունվեն այլ օրենքներ, որոշումներ, կրթական ծրագրերում կընդգրկվեն «համապատասխան» առարկաներ, կտպագրվեն «համապատասխան» դասագրքեր, դրանցով երեխաներին, այդ թվում նաև` տարրական դասարանների, կսովորեցնեն… ՈՒ դրանից հետո կսկսվի մղձավանջը:
«Իրատես» թերթը Լանզարոտի կոնվենցիայի վավերացման վտանգների և վավերացման անթույլատրելիության վերաբերյալ արդեն իսկ հանդես է եկել հրապարակումների մի ամբողջ շարքով` «Մի՛ գնացեք մեր մանուկների, դեռահասների, հասարակության նկատմամբ այդ ահավոր ոճրագործությանը», «Այլասերման վիրուսը դանդաղորեն, բայց հաստատուն կերպով տարածվում է», «Ոմանք իշխանության են եկել Լանզարոտի և Ստամբուլյան կոնվենցիաների վավերացմանը հասնելու նպատակով», «ՍԴ-ն կարող էր առավել խիստ դիրքորոշումներով անդրադառնալ Լանզարոտի կոնվենցիայի խնդրահարույց դրույթներին»: Դրանցով ներկայացրել ենք, թե հիշյալ կոնվենցիան, որը ՀՀ իշխանությունների կողմից ներկայացվում է իբրև մանկապղծության դեմ կոնվենցիա, մանկապղծության դեմ համաձայնագիր, ինչ անընդունելի դրույթներ ու թաքնված վտանգներ է պարունակում, դրույթներ, որոնք հակառակը` շուռ են տալիս կոնվենցիան, այն դարձնում մանկապղծության (թեկուզ առանց բռնության), նույնիսկ երեխաների այլասերման համար նպաստավոր: Նշված հրապարակումները, ժամանակին հրապարակված զգուշացումները, թաքնված վտանգների բացահայտումները, սակայն, եղան ձայն բարբառո անապատի, իշխանություններն ունեն Հայաստանի համար կործանարար իրենց ծրագիրը և անշեղորեն իրականացնում են այն:
«Ազգային ժողով» կոչվածն առանց Լանզարոտի կոնվենցիայի խնդրահարույց դրույթների վերաբերյալ հանրային լսումներ կազմակերպելու, առանց վերոնշյալ դրույթների առնչությամբ մասնագետների, մասնավորապես, հոգեբանների, սեռաբանների, մանկավարժների, հասարակության ներկայացուցիչների կարծիքները, մտահոգությունները, դիտողություններն ու զգուշացումները լսելու և հաշվի առնելու, երեկ վավերացրեց Լանզարոտի կոնվենցիան:
ԱԺ-ն անտեսեց նաև իր երեկվա նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից Գևորգ Պետրոսյանի հայտարարությունը, որ կոնվենցիան պարունակում է դրույթներ, որոնք ողջամտորեն սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիարակության շահերը, և որ ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ այդ պահին կոնվենցիայի վավերացման դեմ բողոքի քաղաքացիական ակցիա է, իսկ նախօրեին էլ Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների կողմից բազմաթիվ ահազանգեր է ստացել, որոնք նույնպես դեմ են կոնվենցիայի վավերացմանը:
Ինչպես նշեց պատգամավորը, կոնվենցիայի որոշ դրույթներ վտանգ են պարունակում, հետևաբար կոնվենցիան չի բխում ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության իրական շահերից, երեխայի լավագույն շահերից: Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ իշխող և իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, հակադարձելով Գևորգ Պետրոսյանին, անտեսելով կոնվենցիայում վտանգավոր դրույթների առկայությունը և հանրությանն ապակողմնորոշելով, ասաց, թե «այս կոնվենցիան բխում է երեխաների շահերից»:
«Ազգային ժողով» կոչվածը երեկ 79 կողմ, 13 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հիմա ձեր մտքով բնավ չի անցնում, որ ձեր, ձեր հարազատի, ընկերոջ երեխան կամ թոռը վաղը կարող է դառնալ միասեռական` արվամոլ (գեյ), իգացող (լեսբի), տրանսգենդեր… Մեր հասարակության անդամներից շատերը դա նույնիսկ երևակայել, պատկերացնել չեն կարող: Մտածում են` մենք մեր երեխային այդպիսին չենք դաստիարակի, ու վե՛րջ:
11-ամյա Դ. Մ.-ի հոր մտքով էլ չէր անցնում այն արհավիրքը, որ եկավ իր և իր զավակի գլխին: Ի՞նչ է, կարծում եք, թե նա իր երեխային դաստիարակում էր այնպես, որ նա միասեռակա՞ն դառնա… Իհարկե ոչ, բայց դարձավ: Ծնողը չի կարող շուրջօրյա հսկողության տակ պահել իր երեխային, մանավանդ, երբ խոսքը, ասենք, 11-ամյա երեխայի մասին է: Ինչ-որ անձ, անձինք կամ այլասերման, պղծության քարոզով զբաղվող մի կազմակերպություն կարողացել են որսալ Դ. Մ.-ին, նրա մոտ անառողջ սեռական հետաքրքրություններ ու ձգտումներ առաջացնել, ի վերջո, այլասերել: Հետևաբար, ձեզնից որևէ մեկը թող չկարծի, թե վաղը նույնը չի կարող կատարվել իր, իր հարազատի, ընկերոջ երեխայի կամ թոռան հետ:
Հակիրճ տեղի է ունեցել հետևյալը. 2020 թվականի ապրիլի 21-ին «Նոր Սերունդ» ՀԿ-ի կայքում հրապարակված տեղեկատվության (https://ngngo.net/2020/04/21/dvlgbtarm) համաձայն, 2020 թ. ապրիլի 21-ին «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ իր սեռական կողմնորոշման հիմքով ընտանեկան բռնության ենթարկվելու պատճառով 11-ամյա Դ. Մ.-ն տանից փախուստի է դիմել ու փորձել ապաստան հայցել ընկերներից։
Դ. Մ.-ն և իր ընկերները վերոնշյալ ՀԿ-ի փաստաբանի հորդորով դիմել են ոստիկանություն, որից հետո ոստիկաններն այցելել են նշված վայր և երեխային ու ընկերներին տարել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին։
Երեխան ոստիկանության համապատասխան բաժնում պնդել է, որ ցանկանում է հեռանալ ընտանիքից և ունենալ այլ խնամակալ, քանի որ հայրը, իր սեռական կողմնորոշման մասին իմանալուց ի վեր, պարբերաբար ստուգում է իր հեռախոսային նամակագրությունները, հետևում զանգերին, ստիպում չշփվել ընկերների հետ, ովքեր նույնպես հանդիսանում են ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի ներկայացուցիչներ, և հաճախակի գործադրում է բռնություն։
Հիշեցնենք, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ կործանարար օրենքի համաձայն, բռնություն է համարվում նաև «հոգեբանական բռնություն» կոչվածը:
Օրերս անդրադառնալով վերոնշյալ եղելությանը և ուշագրավ համարելով այն փաստը, որ ոստիկանների կողմից բաժին է հրավիրվել նաև տուժողի հայրը, որտեղ դաստիարակչական աշխատանքներ են տարվել երեխայի հետ, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Այստեղից կարելի է եզրակացնել, որ հոր կողմից երեխայի նկատմամբ գործողությունները կրել են դաստիարակչական բնույթ և չեն պարունակել քրեական օրենսգրքով արգելված ֆիզիկական բռնության հատկանիշներ, ինչը և չի արձանագրվել ոստիկանների կողմից։ Սակայն «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ փաստաբանը ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և, ՄԻՊ աշխատակցի արագ արձագանքման արդյունքում, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի համապատասխան, երեխայի հոր նկատմամբ կիրառվել է պաշտպանության միջոց՝ նախազգուշացում և երեխային տրվել է դատաբժշկական փորձաքննություն անցնելու ուղեգիր»։
Նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ է նշանակում երեխայի ծնողի նկատմամբ պաշտպանության միջոցի՝ նախազգուշացման կիրառումը, բացատրենք. բավական է նույն ծնողի կողմից մեկ տարվա ընթացքում ևս մեկ բռնություն (լինի այն ֆիզիկական, թե հոգեբանական կամ տնտեսական) կատարվի երեխայի նկատմամբ, այսինքն` լինի, օրինակ, ծնողական ապտակ, գոռոց, բարկացած տոնով, բարձր ձայնով նախատինք կամ միասեռական ընկերների հետ շփվելու արգելք և այլն), և բռնարար որակված ծնողը կմեկուսացվի իր ընտանիքից, առժամանակ կզրկվի է իր իսկ տանն ապրելու, հարազատ օջախ անգամ կես րոպեով մուտք գործելու իրավունքից (արգելքը խախտելու դեպքում կկիրառվեն պատասխանատվության խիստ միջոցներ), կամ էլ երեխան կխլվի իր ծնողներից, ընտանիքից, նրան երկար ժամանակով կտրամադրվի հատուկ այդ նպատակով կառուցված կացարան, և ծնողի կամ ծնողների մուտքն այնտեղ, երեխային տեսակցելը կարգելվեն:
«Նոր Սերունդ» ՀԿ հաղորդագրության մեջ նշված է, որ երեխայի հայրը թույլ չէր տալիս երեխային շփվել ընկերների հետ, ովքեր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ են։
Նկատենք, որ հիշյալ նախազգուշացումից հետո հայրն այլևս չի կարողանալու դա թույլ չտալ, քանի որ, հակառակ դեպքում, բռնարար համարված ծնողի նկատմամբ կկիրառվեն վերը նշված միջոցները: Իրավացի է Հայկ Այվազյանը` այն, ինչ տարիներ շարունակ զգուշացնում էինք, այսօր արդեն իրականություն է դառնում։
«ՀՀ իշխանության կողմից գործողությունների ազատություն ստացած այլասերումների ու պղծությունների քարոզիչներն անցել են գործի,- գրել է Հայկ Այվազյանը:- Նրանք ներխուժում են ընտանիքներ, իրենց պղծությունները քարոզում են անչափահաս երեխաներին, նպաստում են վերջինների բաժանմանը ծնողներից, երեխաներին ծնողների դեմ են հանում»։
Վերը ներկայացվածը, սակայն, դեռ նմանաբնույթ սակավաթիվ դեպքերից մեկն է, դրանք զանգվածային բնույթ են ստանալու փաշինյանական իշխանության կողմից «Ազգային ժողով» կոչվածում Լանզարոտի կոնվենցիայի երեկվա վավերացումից հետո: Նկատի ունենալով Լանզարոտի կոնվենցիան և նշելով, որ այն երեխաների շրջանում պղծությունների տարածմանն է ուղղված, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավարը կոնվենցիայի վավերացումից առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Երեխաներին պղծելու ու այլասերելու նպատակով տեղեկատվական-քարոզչական գործընթացը էլ ավելի համատարած և հիմնովին դարձնելու համար ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողով վավերացման է ներկայացվել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա), որի 2-րդ հոդվածում նշված է, որ տուժածների (կոնվենցիայի իմաստով տուժածները երեխաներն են) իրավունքների աշտպանության համար ձեռնարկվող միջոցառումները պետք է իրականացվեն առանց խտրականության՝ այդ թվում անկախ սեռական կողմնորոշումից։
Այս հոդվածով կոնվենցիայի հեղինակները փաստում են, որ իբր կան նաև այլ սեռական կողմնորոշում ունեցող երեխաներ, ինչը կեղծիք է։ Այլ սեռական կողմնորոշում ունեցող երեխա լինել չի կարող։ Երեխային սեռական այլասերումներին կարելի է հասցնել միմիայն նպատակային, ուղղորդող քարոզչական աշխատանքներ իրականացնելու միջոցով»։
Լանզարոտի կոնվենցիայի վավերացումից հետո և կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, Հայաստանը, ինչպես արդեն նշել ենք, ուղղակի պարտավորված է լինելու ձեռնարկել ու ձեռնարկելու է օրենսդրական և այլ միջոցառումներ, որպեսզի երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ, ստանան համապատասխան սեռական դաստիարակություն, այսինքն` «տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի մասին, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների»: Դեռ 8-րդ դասարան չհասած ու «Կենսաբանություն. ՄԱՐԴ» առարկան դեռ չյուրացրած դեռահասներին և նույնիսկ տարրական դասարանների աշակերտներին, այսպիսով, ինչպես արդեն նշել ենք, դպրոցներում, ամենայն հավանականությամբ, նաև հեռուստատեսությամբ և այլ կերպ տեղեկացնելու են, թե ինչ բան են սեռական օրգանները, ինչ բան են սեռական հարաբերությունները, սեռական բռնությունը և սեռական շահագործումը, ինչ է կատարվում դրանցից հետո, ինչ հետևանքներ են առաջանում, ինչու են անթույլատրելի սեռական շահագործումը և սեռական բռնությունը և այլն: Այսպիսով խեղելու են այս տարիքի երեխաների հոգեբանությունն ու հոգին, պղտորելու են նրանց միտքը, այդ երեխաների շրջանում վաղաժամ և անառողջ սեռական հետաքրքրություններ են առաջացնելու, վտանգավոր հետևանքներ ունեցող գայթակղություններ:
Ըստ Հայկ Այվազյանի, քանի որ կոնվենցիայում ամրագրված է, որ կարող են լինել նաև այլ սեռական կողմնորոշում ունեցող երեխաներ, հետևաբար այդ սեռական դաստիարակության ծրագրերը տարրական և միջնակարգ դպրոցներում պետք է ներառեն նաև տեղեկատվություն միասեռականության և դրան վերաբերվող այլ թեմաների մասին, այդ թվում` սեռական կողմնորոշման։
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում մեկ այլ գրառմամբ նշել է, որ «Իմ քայլը» դաշինքից չգտնվեց մեկը, ով դեմ կխոսեր», ապա հավելել. «ՈՒ թող ոչ մեկը «Իմ քայլը» դաշինքից չփորձի հակադարձել, որ իրենք էլ են իբր դեմ այլասերումներին, որովհետև իրենք էլ երեխաներ ունեն։
Տվյալ դեպքում նույնիսկ չեզոք դիրք ունեցող կամ լռող անձը արդեն հանցակից է»։
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Լոնդոնն իր ծանր հրետանով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 5
- Նիկոլն էլ, Արաբատ Միրզոևն էլ, վիբրատորչիկ Ալենն էլ, Ալիևն էլ Պուտինի և Ռուսաստանի համար Զելենսկուց շատ չեն տարբերվում. 2 (տեսանյութեր)
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 3
- Նիկոլն էլ, Արաբատ Միրզոևն էլ, վիբրատորչիկ Ալենն էլ, Ալիևն էլ Պուտինի և Ռուսաստանի համար Զելենսկուց շատ չեն տարբերվում
- Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածը հերթական անգամ անամոթաբար լռում է հայկական բնակավայրի ու դիրքերի գնդակոծության մասին
- Նիկոլի «ընկերը» և վիբրատորչիկ Ալենի գաղափարակիցը բռնվել է գործի վրա (տեսանյութեր). 2
- Նիկոլի «ընկերը» և վիբրատորչիկ Ալենի գաղափարակիցը բռնվել է գործի վրա (տեսանյութեր)
- Նիկոլը Մոսկվայում երեկ ոչ թե Հայաստանի ու հայերիս, այլ Էրդողանի, Քալընի և Ալիևի ներկայացուցիչն էր
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 4
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 3
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 2
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին
- Մի՞ թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն. 2
- Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 53
- Աշխարհը՝ միջուկային պատերազմի շեմին. 52
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութեր). 2
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութ)
- Մի՞թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն
- Քրիստոսի խաչելությունը հորինված չէ, NASA-ն նույնիսկ ճշգրիտ օրն է պարզել
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 2 (տեսանյութ)
Մեկնաբանություններ