Գործող քաղաքական իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միակուսակցական կառավարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին բավականին դժվար քաղաքական պայքար է սպասվում առաջիկա մեկ տարում, որի բարձրակետը, իհարկե, լինելու են խորհրդարանական ընտրությունները: Տնտեսական ցուցանիշները որպես հաղթաթուղթ ներկայացնելը բավականին դժվար է, ինչքան էլ թվեր և տոկոսներ ներկայացվեն պաշտոնական վիճակագրության կողմից, հասարակ աշխատավոր քաղաքացիների կենսամակարդակի ցնցող վերելք չկա, ընդդիմությունն էլ փորձ ունի, կշրջանառի իր հակափաստարկները՝ ներդրումներ չկան, ներգաղթ չկա, պետական պարտքը աճում է, կոռուպցիայի փաստեր և այլն: Մնում է խաղաղություն հաստատելու հաղթաթուղթը, որն անշուշտ կարող է քաղաքական վարկանիշի բարձրացման և հաղթանակի շանս ապահովել, որովհետև հետխորհրդային երեք տասնամյակների ընթացքում պատերազմների միջով անցած, գերլարված ու վտանգների սպասող ՀՀ քաղաքացին իսկապես արդեն հոգնել է, և խաղաղությունը նրա համար ամենակարևորն է: Այ սա է պատճառը, որ խաղաղության թեման դարձել է գերակա ներկա քաղաքական գործընթացներում: Այստեղ իշխանությունը շատ ծանր բեռի տակ է, խաղաղության հասնելու թուրք-ադրբեջանական պայմանների կատարումը կարող է ընդդիմության կողմից վտանգավոր հակաքարոզչության ուժեղ գործոն դառնալ: Չնայած արվում է ամեն ինչ Հայաստանին ներկայացվող պահանջ-պայման-պարտադրանքների մասին շատ չխոսել, բայց դա ճիշտ չէ: Ներկա իրադրությունը պահանջում է ազնվություն և հրապարակայնություն, որքան էլ որ դառը լինի պատերազմում պարտված երկրի ապագան:
Իմ պատկերացմամբ և վերջին մեկդարյա պատմաքաղաքական իրադարձությունների վերլուծության ու կանխատեսնման արդյունքում կարելի է ձևակերպել խաղաղության գինը Հայաստանի և հայ ժողովրդի համար: Եվ այսպես, ի՞նչ են ուզում մեր երկու հարևանները. արտատարածքային միջանցք, անկլավների վերադարձ, Սահմանադրության փոփոխություն, ադրբեջանցի փախստականների վերադարձ, սպառազինությունների կրճատում, Մինսկի խմբի վերացում և ղարաբաղյան թեմայի վերջնական փակում, «պատերազմի հանցագործների» պատժում և արտահանձնում, ատոմակայանի փակում, Ցեղասպանության ճանաչումից հրաժարում, հայ-թուրքական 1921թ. պայմանագրերով որոշված սահմանի ճանաչում.... Սա այն է, ինչի մասին անընդհատ ազդարարվում է մամուլում և պետական ղեկավարների մակարդակով: Պայմանագրի ստորագրման գործի կասեցումը և անընդմեջ պայմանների առաջադրումը ասածիս վկայությունն է: Քանի որ ինքս էլ խաղաղության կողմնակից եմ, հասկանում եմ ստեղծված իրավիճակի ողջ վտանգավորությունը: Ընդունելու դեպքում երկիրը կանգնում է նոր մարտահրավերների առջև, չընդունելու դեպքում կանգնում է պատերազմի շեմին: Եվ շատ ցավալի է, որ այսպիսի ճակատագրական ժամանակներում, հավաքական և միավորված ելքեր գտնելու աշխատանքի փոխարեն, տեսնում ենք անբովանդակ և անիմաստ խոսքակռիվ՝ ծիծաղելի ու զավեշտալի: Տարբեր տրամաչափի փորձանքագետներն էլ մեդիա դաշտը մորթում են բառիս բուն իմաստով:
Գարիկ Քեռյան