ՈՒկրաինան և նրա եվրոպական դաշնակիցները պնդելու են, որ Ռուսաստանի հետ տարածքային փոխանակման շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ներկայիս շփման գծի երկայնքով պատերազմի դադարեցումից հետո՝ հաղորդում է Bloomberg-ը։ Նրանք պահանջում են սառեցված ռուսաստանյան ակտիվները օգտագործել Կիևի վերականգնման ու փոխհատուցումների համար և մերժում են Կիևին ներկայացված Մոսկվայի պահանջը արևելքում չօկուպացված տարածքները զիջելու առնչությամբ։               
 

Ճոխ ձևակերպումներով ներկայացվող այս «պարգևը» Հայաստանի պետական շահերի հետ որևէ առնչություն չունի

Ճոխ ձևակերպումներով ներկայացվող այս  «պարգևը» Հայաստանի պետական շահերի հետ որևէ առնչություն չունի
22.11.2025 | 18:50

Տոկաևի կողմից Փաշինյանին տրված պետական պարգևը, որը առաջին հայացքից կարող է երևալ որպես սովորական դիվանագիտական ժեստ կամ միջպետական բարեկամական արարողակարգ, իրականում գործում է շատ ավելի խորքային քաղաքական տրամաբանությամբ։ Այն պետք է դիտել ոչ թե պարզապես որպես Ղազախստանի գնահատական Հայաստանի հետ հարաբերություններում, այլ որպես թուրանական աշխարհաքաղաքական համակարգի կողմից Հայաստանի ներկայիս իշխանությանը տրվող արտաքին լեգիտիմացման քայլ։

Եթե նման պարգևը շնորհեին Թուրքիան կամ Ադրբեջանը, դա անշուշտ կվնասեր Փաշինյանի արդեն իսկ խարխլված ներքին լեգիտիմությանը, և հայաստանյան հանրային ընկալման մեջ թշնամական պետությունից պարգև ստանալը կդառնար քաղաքական ծանր հարված։ Այդ ամենից խուսափելու պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի համար նպատակահարմար է, որ Փաշինյանին ուղղված «գնահատման» կամ «աջակցության» ակցիաներն արվեն ոչ թե հենց իրենց շեշտադրմամբ և անմիջականությամբ, այլ՝ երրորդ, համեմատաբար չեզոք ընկալվող ֆորմալ գործընկեր պետության ձեռքով։

Ղազախստանը վերջին տարիներին դարձել է այն հարթակը, որտեղ թուրանական ինտեգրման գործընթացները ոչ միայն ակտիվացել են, այլև ստացել ինստիտուցիոնալ բնույթ։ Թուրանական պետությունների կազմակերպությունը, միասնական խորհրդարանական ձևաչափերը, մշակութաքաղաքական նախաձեռնությունները և տարածաշրջանի միջև կապերի համադրման ծրագրերը Ղազախստանին վերածել են միջանկյալ, բայց ազդեցիկ դերակատարի և երկրի, որի միջոցով հնարավոր է իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ քաղաքական ազդանշանները՝ առանց ավելորդ երևալու և առանց Հայաստանի ներսում անմիջական նեգատիվ արձագանք հրահրելու։ Հետևաբար, Տոկաևի կողմից Փաշինյանին շնորհված պարգևն ու դիֆերամբները գործնականում դառնում է թուրանական կենտրոնների քննադատությունից զերծ միջնորդավորված ազդանշան, որը միաժամանակ կատարում է և՛ արտաքին, և՛ ներքին ֆունկցիա։

Փաշինյանի համար այս պարգևը կարևոր է ոչ թե որպես միջազգային հարաբերությունների հերթական մեջբերում, այլ՝ որպես իր ներքաղաքական լեգիտիմության ճգնաժամը մասամբ փոխհատուցելու հնարավորություն։ Արցախի կորստից, անվտանգային համակարգի փլուզումից, տարածքային զիջումներից, պետական ինստիտուտների թուլացումից, ՀՀ տարածքային ամբողջականության խաթարումից և հատկապես եկեղեցու դեմ տարվող պայքարից հետո նրա իշխանությունը լրջորեն կորցրել է ներքին հենարանն ու լեգիտիմությունը։ Այդ պայմաններում իշխանությունն ավելի ու ավելի է փորձում փոխարինել ներպետական վստահության անկումը արտաքին «արժևորումների» ցուցադրական ձևերով․ սա այն է, ինչին ծառայում է նաև Տոկաևի կողմից տրված պարգևը՝ ներկայացվելով որպես միջազգային գնահատանքի խորհրդանիշ։

Թուրանական համակարգի տեսանկյունից Փաշինյանը արժեքավոր է այն առումով, որ դիմադրության և ռիսկայնության պայմաններում իրականացրել է այն քաղաքական քայլերը, որոնք երկար տարիներ հնարավոր չէր սպասել Հայաստանից՝ Արցախի վերջնական դատարկում, հայկական անվտանգության համակարգի քայքայում, սփյուռքի դերակատարության փլուզում և ապաինստիտուցիոնալացում, Հայաստանի տարածաշրջանային դերակատարության նվազեցում, ազգային-հոգևոր ինստիտուտների նկատմամբ ճնշումների խորացում, ներհանրային պառակտում, ներքին թշնամիմերի նշանակում: Այս քայլերը ուղիղ համապատասխանության մեջ են այն տարածաշրջանային մոդելի հետ, որտեղ Հայաստանը դիտվում է ոչ թե ինքնաբավ սուբյեկտ, այլ որպես տարածքային ու հաղորդակցական նախագծերի մի օղակ՝ սպասարկող դերակատար։

Փաշինյանը այս մոդելում գործիքային ներկայություն է, որ «պարգևատրվում» է և արժևորվում: Այդ պարգևը հանդես է գալիս ոչ թե Հայաստանի, այլ հենց թուրանական աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից։

Ի վերջո, այս ճոխ ձևակերպումներով ներկայացվող «պարգևը» Հայաստանի պետական շահերի հետ որևէ առնչություն չունի։ Այն ուղղված է մեկ նպատակի՝ թուրանական համակարգի համար ընդունելի և օգտակար առաջնորդի արտաքին լեգիտիմացման ամրապնդմանը, որը տեղի է ունենում Ղազախստանի ձեռամբ՝ առանց Թուրքիայի կամ Ադրբեջանի բացահայտ ներգրավվածության, որպեսզի չվնասվի Փաշինյանի ներքին դիրքը։ Արդյունքում արտաքին լեգիտիմացման այս խորհրդանշական քայլը ծառայում է ոչ թե Հայաստանին, այլ տարածաշրջանային այն նախագծին, որի մեջ Փաշինյանը դարձել է ոչ թե որոշումներ ընդունող, այլ՝ որոշումներ իրականացնող։

P.S. Թե ինչ է լինում դիֆերամբների, ծափահարությունների, բարձր ընդունելությունների, պարգևների, սենատների հոտնկայս ծափահարությունների, հոլիվուդյան աստղերի և նախագահների գրկախառնություններին արժանացողների երկրների հետ վերջում՝ լավագույնս ցույց է տալիս Ուկրաինայի և նրա ղեկավար Զելենսկու օրինակը, ով, վերը թվարկվածներին արժանանալուց որոշ ժամանակ հետո, երեկ փաստացի կարդում էր իր երկրի մահախոսականը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ