Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա հարցվածների 28,8 տոկոսը պատրաստ կլիներ քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագրի», 14,9 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստանի», 12,1 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 8,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանի», 5,8 տոկոսը՝ «Միասնության թևերի» օգտին։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։ Ստացվում է՝ ընդդիմադիր ուժերը միասին կհավաքեին 41,5, ՔՊ-ն՝ 28,8 տոկոս:               
 

Սյունիք

Սյունիք
17.05.2026 | 12:39

Սյունիք նշանակում է Սյուներ, դրանք Մայր Հայաստանի սյուներն են, որոնց վրա հենված է Հայոց աշխարհը...

Պատահական չէ, որ մեր գոյության կռիվը միշտ սկսվել է այստեղից` վաղ ժամանակներից մինչ Նժդեհ (վերջինս ամենաակնառու օրինակն է)։ Դեռ նախարարական շրջանում ռազմի դաշտ ամենից շատ զորքը Սյունիքն էր դուրս բերում` 20 000։

Պատահական չէ, որ արքաներն ամուսնանում էին սյունյաց ազնվազարմ իշխանուհիների հետ, դրանով ամրապնդում էին իրենց դիրքերը և հզորացնում բանակը (Փառանձեմ թագուհին` Արշակ 2-րդի կինը, որն իր հոր` Անդոկ իշխանի օգնությամբ պարտության մատնեց Շապուհ 2-րդին, նրան ստիպեցին ճանաչել Հայաստանի անկախությունը։ Անիի Մայր տաճարը կառուցած Կատրամիդե թագուհին՝ Գագիկ 2-րդի կինը, Շահանդուխտը` Վահանավանքի կառուցող և այլք...)։

Մովսես Խորենացին վկայում էր, որ Սիսական-Սիսիանը Հայկ նահապետի թոռ` Գեղամի որդի, Սիսակի տիրույթն է եղել, և առնվազն մ թ ա 2-րդ հազարամյակից այստեղ ապրել է Սյունի-Սիւնի ցեղախումբը։

Շատ հին է Սյունյաց աշխարհը և բացառիկ տոկունությամբ օժտված:

Հետաքրքիր է, որ Ս. ՈՒռումյանն իր «Սյունիքը դիցարան» աշխատության մեջ էթնիկական ծագումից զատ տալիս է հետևյալ բացատրությունը.

«Մեր եզրակացությունն այն է, որ Սիսուան, Սիսիան, Սյունի-Սիսակն և Սիս արմատը նախնական ծագումով արտահայտել են դիցական իմաստ և նշանակում է ծիսարան կամ զոհարան»:

Իսկ եթե այս ամենին գումարենք Աստվածաշնչյան Սիսակ անունը, որ Բաբելոնի բանաստեղծական անունն էր և նշանակում էր արքունական, իշխանական տուն, հստակ է` ինչ ուժ կա այդ լեռներում ծվարած:

Ահա այս հզոր էթնիկական, դիցական, Աստվածաշնչյան ընդհանրության հիմքի վրա` որպես վարչաքաղաքական միավոր բարձրանում է Սյունիքը։ Այնտեղ է մեր գոյության բացառիկ ուժն ու էներգիան, գուցե ծիծաղելի թվա շատերին, բայց խորհրդանիշների պատերազմի առումով այստեղ շատ անպարտելիության սիմվոլներ կան...

Չխոսելով Սյունիքի աշխարհագրական դիրքի մասին, արդեն այդ մասին շատ է խոսվել, միայն նշենք` այն հզոր սեպ է Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին, մեր փրկության սեպն է, ռազմաստրատեգիական խաչմերուկ է, որի համար այսօր կռվում են աշխարհի խոշոր խաղացողները...

Հայաստանն իր պատմության ամենակարևոր էջերից մեկում է, և սրանք լոկ խոսքեր չեն։

Հեղինակ` Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 1321

Մեկնաբանություններ