ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

1990 թվականի հունվարի 13-19-ին կազմակերպվեց և իշխանությունների կողմից հովանավորվեց հայերի ջարդը Բաքվում

1990 թվականի հունվարի 13-19-ին կազմակերպվեց և իշխանությունների կողմից հովանավորվեց հայերի ջարդը Բաքվում
16.01.2026 | 12:16

Բաքվի ջարդեր. Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից 1990 թվականի հունվարի 13-19-ին կազմակերպվեց և իշխանությունների կողմից հովանավորվեց հայերի ջարդերը Բաքվում (տեսանյութի հղումը՝ https://www.facebook.com/reel/1209140817399472)։ Ըստ տարբեր աղբյուրների՝ ջարդերին զոհ է գնացել 48-300 մարդ։

Հունվարի 13-ին Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովը, հանդիպելով ԱԺՃ ակտիվի հետ (հեռարձակվել է հանրապետական հեռուստատեսությամբ), ասել է.

«...Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշների...»։

1990 թվականի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, (նախանշված հասցեներով) ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել։ Այնուհետև հայտնվել են ԱԺՃ-ի ներկայացուցիչները (հաճախ՝ բնակարանի համար այսպես կոչված «օրենքներով ձևակերպված» փաստաթղթերով)՝ «կյանքը փրկելու» համար անմիջապես նավահանգիստ մեկնելու առաջարկությամբ։ Հայ բնակչությունից խլել են դրամը, արժեքավոր իրերը, խնայբանկի գրքույկները, բնակարանների փաստաթղթերը։ Նավահանգստում ԱԺՃ-ի ուղեկալներում խուզարկել են տեղահանվածներին, կողոպտել են, հաճախ նաև ծեծել նրանց ու Կասպից ծովով լաստանավերով ուղարկել Թուրքմենստան։ Նույնը կատարել են նաև օդանավակայանում։ Ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության տնտեսության վարչության աշխատողները (տրամադրել են հայերի բնակարանների հասցեները), շտապ օգնության բժիշկները (հայերի մահը վերագրել են սրտային խանգարումների) և այլն։

Ջարդերը շարունակվել են վեց օր։ Կարգուկանոնը «վերականգնելու» պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Մ. Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Հրամանագիրը կատարել է ԽՍՀՄ զինված ուժերի օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ա.Ն.Լեբեդը։ Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելելի գրոհայիններ. շատերը ձերբակալվել են։

1990 թվականի հունվարի 13-19-ի ջարդերից հետո Բաքուն հայաթափվել է (շուրջ 250 հազար հայ) տեղահանվել և անհայտ կորել են հազարավոր հայեր։ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով մեղադրել են այսպես կոչված «խուլիգանական տարրերին», իբր տեղի ունեցած ողբերգական դեպքերը նարնց անկարգությունների և սանձարձակությունների արդյունք են։

Բաքվի հանցագործ և ցեղասպան էությունը ժամանակի ընթացքում ո՛չ միայն չի փոխվել, այլև այն դարձել է առավել ցինիկ, առավել դաժան և առավել մտածված։ Բաքվի իշխանությունները ադրբեջանական էթնոտիպի համար, որպես ազգային ինքնության հենասյուն կառուցել են հայերի նկատմամբ ատելությունը՝ հայատյացությունը կամ արմենոֆոբիան։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 175

Մեկնաբանություններ