Տիպիկ գավառական բնույթի մեր նախընտրական պայքարը ամենայն թափով ընթացքի մեջ է։
Բազմակուսակցական սկզբունքով դեմոկրատական ընտրությունների և դրա հետ կապված նախընտրական քարոզչության կամ պայքարի հիմքում իդեալական դեպքում ընկած է գաղափարական բախումը տարբեր կուսակցությունների միջև և կողմերի ձգտումը՝ ցույց տալ, որ իրենց պնդումները երկրի ու ժողովրդի համար շատ ավելի ձեռնտու են, քան մրցակիցների ասածները։
Սա՝ իդեալական դեպքում, որը սովորաբար դառնում է ծխածածկույթ ոչ իդեալական ձևերով ու մեթոդներով ընթացող նախընտրական պայքարի համար։
Իսկ ոչ իդեալական նախընտրական պայքարը տարբերվում է իդեալականից նրանով, որ այն այլևս գաղափարական չէ, այլ ուժային-ֆինանսական, որն էլ ուղեկցվում է գաղափարական դեմագոգիայով։
Ոչ իդեալական նախընտրական պայքարն ինքը, կախված նրանից, թե տվյալ երկրում ինչպիսին է իրական սուվերենիտետի մակարդակը կամ ինքնուրույն վճռորոշ որոշումներ կայացնելու հնարավորությունը, կարող է ընթանալ տարբեր ձևերով։
Այսինքն, կախված նրանից, տվյալ երկիրը հզոր ու անկախ է, թե թույլ ու կախյալ, նրանում նախընտրական պայքարն ու բուն ընտրությունները կընթանան սկզբունքորեն իրարից տարբերվող ձևերով։
Քանի որ ցանկացած երկիր գտնվում է ուրիշ երկրների ուժա-շահա-ռիսկային դաշտում, ապա ինչքան թույլ է երկիրը, այնքան նրա կյանքի վրա մեծ կլինի ուրիշների ազդեցությունը, այդ թվում նաև ազդեցությունը նախընտրական պայքարի և ընտրությունների վրա։
Այս իմաստով թույլ երկրներում ընթացող նախընտրական պայքարում համեմատաբար ազդեցիկ ուժերի թիկունքում կանգնած են լինում աշխարհաքաղաքական լուրջ ուժերի շահերն ու ռիսկերը, և ինչքան թույլ է երկիրը, այնքան ընտրությունների արդյունքները լինում են ոչ թե ներքին ուժերի՝ մեկը մյուսի նկատմամբ տարած հաղթանակը, այլ արտաքին ուժերի՝ մեկը մյուսի նկատմամբ ունեցած առավելությունը։
Եվ այստեղ արտաքին ուժերի մրցապայքարում հաջողության հասնելու և սեփական թենածուին իշխանության հասցնելու գործում հաջողության է հասնում այն արտաքին ուժը, որն ավելի լրջորեն է նախապատրաստվել նման պրոցեսին։
Այս իմաստով նշված նախապատրաստական պրոցեսը ոչ միայն ուժային է, այլ նաև պլանային-ինտելեկտուալ, որն էլ արտահայտվում է նրանով, որ հզոր արտաքին ուժերից մեկը այդ գործին մոտենում է տակտիկական մեթոդներով ու մոտեցումներով, իսկ մյուսը՝ ելնելով ստրատեգիական նկատառումներից։
Ատաքին ուժերից նա, ով նպատակային ու սիստեմատիկ ձևերով տասնամյակներ շարունակ կադրեր է նախապատրաստել ու նրանցով լցրել թույլի կյանքի բոլոր էական ծակուծուկերը, անհրաժեշտության դեպքում ստանում է ստրատեգիական առավելություն մյուսների նկատմամբ։
Իսկ նրանք, որոնք մատների արանքով են նայել թույլի հնարավոր պահվածքին, մտածելով, որ նա հեռու է ինքնուրույն քայլեր անելուց, և անհրաժեշտության դեպքում էլ տակտիկական միջոցները լիովին բավարար են հարցերը լուծելու համար, կանգնում են կատարված փաստի առաջ։
Նման իրավիճակներում դրությունն ավելի է ծանրանում, եթե տվյալ ընտրությունն ունենում է պոտենցիալ շատ մեծ ազդեցություն աշխարհաքաղաքական մակարդակի ուժային կոմպրոմիսների կամ էլ ուժային դիսբալանսի վրա։
Մեր ներկա նախընտրական պայքարի և ընտրությունների առանձնահատկությունը նրանում է, որ այս էլ որերորդ անգամ տաղանդավոր ձևով հայտնվում ենք գերհզորների շահերի, հակասությունների ու ռիսկերի կիզակետում։
Մենք, մեր իսկ ջանքերով և, մասամբ էլ, մեզնից անկախ, հայտնվել ենք մի իրավիճակում, որի ելքը համարյա թե մեզնից կախված չէ: Այս իմաստով և՛ Ռուսաստանի կողմից եկող բացահայտ մտահոգությունները, և՛ Մարկո Ռուբիոյի այցը «Զվարթնոց», ինչպես նաև Թրամփի ուղերձը պատահական չէին։
Նման հարցերում շատ կարևոր ու վճռական դեր ունեն ժողովրդի պառակտվածության աստիճանը, որն իջել է մինչև անձ մակարդակ և մարդկանց կողմից այս պրոցեսին հասկանալով մոտենալը, մի շանս, որն էլ չեզոքացվել է արտագաղթով և կրթական համակարգի սիստեմատիկ փլուզումով։
Եվ այստեղ է, որ իրար են բախվում նույն գոյաբանական հարցին հակամարտության տարբեր կողմերի ունեցած տակտիկական և ստրատեգիական մոտեցումները, որոնց կոմպրոմիսը կամ փոխզիջումները քիչ հավանական են, իսկ բախումը՝ համարյա թե անխուսափելի։
Նման բախումն էլ թույլի համար ունենում է երկու ելք՝
1․ հզորների բախման ժամանակ մեծ հավանականությամբ տուժողը լինում է թույլը.
2․ փոքր հավանականությամբ էլ՝ «ուժեղները կռվում են, աղքատի բախտը բերում է»։
Ներկա, մեծամասամբ մեզնից անկախ և գլոբալ բախման արդյունքում, մենք ավելի մեծ հավանականությամբ կլինենք կորուստ ունեցող կողմ, բայց նաև կա որոշակի շանս, որ դրանից դուրս կգանք մինիմալ կորուստներով, քանի որ թույլի հաղթանակը իր կորուստները փոքրացնելն է, ոչ թե շահը մեծացնելը։
Պավել Բարսեղյան