Արևմտյան դիվանագիտությունը, որպես քաղաքական ճգնաժամերի կարգավորման գործիք, ամբողջովին վարկաբեկել է իրեն. դրա խոսուն օրինակն են Մինսկի համաձայնագրերը՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նեոնացիստական ՈՒկրաինայի ղեկավարներն ու նրանց արևմտյան հովանավորները բաց տեքստով խոստովանեցին՝ դա հնարք էր՝ ժամանակ շահելու և Կիևը զենքով հագեցնելու համար։ Իսկ ովքե՞ր էին այդ համաձայնագրերի երաշխավորները՝ Գերմանիան և Ֆրանսիան»,- շեշտել է Մեդվեդևը։               
 

Լևոնը

Լևոնը
08.08.2026 | 11:10

Անցյալ դարի 80-ականների սկզբին Ս․ Կապուտիկյանը հրավեր է ստանում և ժամանում Հարավային Ամերիկայի հայկական գաղթօջախներ։ Իր նոթերով վերադառնալով Հայաստան՝ «Սովետական գրականություն» ամսագրում հրապարակում է տպավորությունները, որոնցում Կարլեն Դալլաքյանի հովանավորությամբ անասելի ջանքերով ճեղքելով խորհրդային գրաքննության կարծր պատնեշը՝ գրական պերճախոսության հնարքներով առաջին անգամ ԽՍՀՄ-ում խոսք է բացում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ - ԱՍԱԼԱ) գործունեության մասին՝ առանց այդ անվանումը տալու։ Մի տեսակ խորհրդավորությամբ է ներկայացնում խմբի գործունեությունը՝ ընդգծված դրական շեշտադրումներով։ Դրական կողմ է նշում մասնավորաբար այն, որ խմբի ղեկավարների հետ զրույցում պարզվում է, որ այդ կազմակերպությունը վերկուսակցական կառույց է, որի նպատակներից մեկն էլ սփյուռքի հանրային տարբեր շերտերի միավորումն է։ Ղեկավարների անուններ չի տալիս, բայց գլխավոր զրուցակիցներից մեկը այդ շրջանում հիշյալ երկրներից մեկում եղած Գուրգեն Յանիկյանն է եղել․ ի դեպ, տարիներ առաջ իր «Խճանկարում» բանաստեղծուհին է առաջինը խոսել նաև Շահան Նաթալու մասին՝ անունը տալով, որին հանդիպել է Բոստոնում և ներկայացնում է իբրև իր բարեկամի։ 1984-ին, երբ Կապուտիկյանը հրավիրված էր Երևանի պետհամալսարանի հայ բանասիրության ֆակուլտետ, իր ելույթի ընթացքում հստակ ասաց, որ իր վերջին ուղեգրության մեջ խոսել է ՀԱՀԲԳ-ԱՍԱԼԱ-ի մասին՝ նշելով վերը նշված հանդեսի տարեթիվը և համարը։

***

1982 թ․ օգոստոսի 7-ին «Խրիմյան Հայրիկ» անձնասպանական ջոկատը, զինված ատրճանակներով և նռնակներով, Զոհրապ Սարգիսյանի գլխավորությամբ մուտք է գործում Անկարայի Էսենպողա միջազգային օդանավակայան, որտեղ գտնվելիս են լինում նաև թրքական զինված ուժերի ռազմական ջոկատներ։ 9 հոգի մահանում է, 82-ը՝ վիրավորվում։ Վախճանվում է նաև Զոհրապը։ Ջոկատայիններից Լևոն Էքմեքջյանը վիրավորվում և գերի է ընկնում։

Կապուտիկյանին արտասահմանից հենց գործողության ընթացքում մանրամասն իրազեկում են տեղի ունեցող անցքերը։ Իմանում է նաև Լևոնի մասին և տևական ժամանակ ուղղակի տառապում երիտասարդի ճակատագրով։ Վեց ամիս անց իմանում է կայանալիք դատավճռի մասին, տագնապով սպասում երիտասադի մահապատժին։ Այդ ամբողջ գիշեր չի քնում, տևական տվայտանքից հետո Լևոնի հիշատակին գրում է «Գիշերային ռեքվիեմ» ցավառատ բանաստեղծությունը՝ ստեղծագործության սկիզբն ու վերջը օղակելով Վահան Թեքեյանի բանատողով (կզետեղեմ ստորև)։

***

90-ականների վերջն էր կամ 2000-ականների սկիզբը։ Կապուտիկյանը զանգահարեց ինձ՝ տեղեկացնելով, որ Լևոնի քույրն է Երևանում, որի միջոցներով Եռաբլրում Լևոնի շիրմաքարն են դրել (թեև աճյունը Անկարայից արտաշիրմել են Փարիզի գերեզմանատուն)։

Եվ համակրելի հայուհին խնդրել է Կապուտիկյանին իր հետ այցելել Եռաբլուր։ Գնացի բանաստեղծուհու տուն, Վազգեն Պետրոսյան-ի մեքենայով հասանք սրբավայր՝ Եռաբլուր։ Մեքենայից իջնելուն պես գեղեցիկ զուգադիպությամբ մեծ ավտոբուս եկավ-կանգնեց, ֆրանսահայեր էին, որոնց մեծ մասը հայերեն չգիտեր, բայց նրանք դեմքով ճանաչեցին, իրար հերթ չտալով՝ սկսեցին ձայնել․«Սիլուա Գաբուդիգյան, Սիլուա Գաբուդիգյան»․․․ Ահա ազնիվ նահատակի շիրմի մոտ հուզիչ խոսք ասաց բանաստեղծուհին՝ վերջում արտասանելով իր «Գիշերային ռեքվիեմը»։ Հետաքրքիր էր, որ հիշատակածս ֆրանսահայերը, հայերեն չհասկանալով, մեծ ուշադրությամբ էին լսում, և այդ ուշադրության մեջ և՛ թախիծ կար, և՛ կարոտ, և՛ ընդվզում, և՛ հայրենի հողին ու ժողովրդի ճակատագրին առնչվող այլևայլ անիմանալի զգացումներ կային։ Երբ նվիրական շիրմին մեր խոնարհման արարողությունն ավարտեցինք ու պատրաստվում էինք մեկնել, բանաստեղծուհուն շրջապատեցին Ֆրանսիայից ժամանած մեր արենակիցները՝ իրենց հուզմունքն ու հիացմունքն ինչ-որ կերպ հայտնելու կես-ֆրանսերեն, կես-հայերեն։ Չափազանց հուզված մի օրիորդ, բռնելով բանաստեղծուհու ձեռքերը, ասաց․«»Ձեր պատճառով ինձ Սիլուա կոչած են»։ Կապուտիկյանը կատակեց․«Իմ պատճառով քեզ շառով տված են, աղջիկս»․․․

***

Շատ կարևոր է, որ այս խառնակ ժամանակներում հատկապես երիտասարդները ճանաչեն իմացյալ մահով մարտիրոսված մեր սխրագործ արյունակիցներին։

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՌԵՔՎԻԵՄ

Լևոն Էքմեքջյանի հիշատակին

Կանձրևե, տղա՛ս․․․ Աշունը թաց է,

Ուրկի՞ց հայտնվեց կախաղանը այս․

Գիշերը ամբողջ աչքերս բաց են,

Քեզ որտե՞ղ տարան, ի՞նչ արին, տղա՛ս։

Անխռով անցավ մեր ողջ ցերեկը,

Մինչ այնտեղ ճոճվող քո մարմինն էր սառ․․․

Մեզ համա՛ր էիր որոնում ելքը,

Մոլորված, մոլի, սակայն մե՛զ համար։

Այդ դո՛ւ չմեռար, մե՛նք ենք մեռածը,

Մե՛նք՝ մեղկության մեջ հափրացած սերունդ․

«Կանձրևե, տղա՛ս․․․ Աշունը թաց է,

Թաց՝ աչքերուն պես խեղճ, խաբված սիրույդ»․․․

1983 թ․

Սիլվա Կապուտիկյան

Դավիթ Գյույզադյան

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ