Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Ամպերի ամրոցը Մասիսի բարձունքին

Ամպերի ամրոցը Մասիսի բարձունքին
08.10.2026 | 12:29

Այն հեռավոր ժամանակներում, երբ աշխարհը դեռ երիտասարդ էր, իսկ Արարատյան դաշտի բնակիչները վայելում էին հովտի ջերմությունն ու առատությունը, մեկ մարդ նայում էր դեպի երկինք։ Նոյը՝ հեռատես ու խոհեմ մի այր, ում յուրայիններն իրենց արարատյան լեզվով անվանում էին «Նախ» (որ նշանակում էր «առաջին»),իր եղբայրների ու քույրերի նման չբավարարվեց հովտային խաղաղությամբ։ Մինչ մյուսները իրենց տները կառուցում էին փխրուն կավից ու փայտից՝ գետերի հունին մոտ, Նոյը բարձրացավ այնտեղ, ուր սովորական մահկանացուն չէր համարձակվում ոտք դնել՝ Մասիսի ամենադժվարամատչելի, քարքարոտ ու հողմակոծ լանջին։
Ծաղրում էին նրան եղբայրները, երբ տեսնում էին, թե ինչպես է նա հսկայական քարեր տեղափոխում ու շարում ամպամերձ բարձունքում։ Սակայն Նոյը չէր կառուցում սովորական տուն։ Նա հիմնում էր մի անառիկ ամրոց՝ հոսագիծ, երկարավուն պատերով, որոնք հաշվարկված էին դիմակայելու լեռնային կատաղի քամիներին։ Ամրոցից դրսում նա ստեղծեց ընդարձակ արոտավայրեր ու ներսում կառուցեց ապաստարաններ տարբեր տեսակի կենդանիների համար։
Եվ ահա, երբ երկինքը մթնեց, ու օդը լցվեց անհանգիստ տագնապով, տեղի ունեցավ հրաշքը։ Կենդանիները, նախազգալով վերահաս աղետը, երկրի բոլոր ծայրերից ինքնաբերաբար սկսեցին մագլցել դեպի Նոյի բարձրալեռնային ամրոցը։ Վայրի առյուծներն ու խաղաղ գառները, երկնքի արծիվներն ու դաշտային այծյամները կողք կողքի քայլում էին դեպի այն միակ վայրը, ուր զգում էին փրկությունը։
Երբ բացվեցին երկնքի ջրհեղեղի դարպասները, և ցածրադիր հովիտներն ու քաղաքները իսպառ ծածկվեցին մոլեգնող ջրերով, Նոյի ամրոցը մնաց անսասան։ Ջուրը բարձրացավ մինչև լեռան կատարը, շրջապատեց քարե հոյակերտ կառույցը, և հեռվից նայողի համար այդ քարե միջնաբերդը, ջրերի մեջ հայտնված, թվում էր անսահման օվկիանոսում լողացող հսկայական, հզոր մի նավ։
Քառասուն օր ու քառասուն գիշեր տևած տարերքից հետո, երբ ջրերը դանդաղեցրին իրենց ընթացքը, ամպերի ճեղքվածքից ծագեց առաջին արևը։ Նոյը բացեց ամրոցի բարձր պատուհաններն ու արձակեց բոլոր թռչուններին։ Թռչունները ճախրեցին դեպի չորս կողմերը, և երբ վերադարձան, յուրաքանչյուրն իր կտուցում բերեց կյանքի մի մասնիկ՝ կանաչ ճյուղ, ծաղիկ, խոտի ցողուն կամ արմատ՝ ավետելով վերածնունդը։
Երբ ջրերը լիովին քաշվեցին, Նոյն իր ընտանիքի ու կենդանիների հետ իջավ Արարատյան դաշտ։ Այնտեղ նա հիմնեց առաջին բնակատեղին և այն անվանեց Նախիջևան՝ «առաջին իջևանատեղի»։
Այդ օրհնյալ հողից էլ սկիզբ առավ հայոց ազգը՝ խաղաղասեր ու արարող ժողովուրդը, որն իր պատմության ողջ ընթացքում ստեղծել է, շենացրել և միշտ պատվով ու արժանապատվությամբ պաշտպանել է իր հայրենիքը, իր հավատն ու խաղաղությունը։

Էմին Մարտունի
Դիտվել է՝ 323

Մեկնաբանություններ