«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Նոր էներգետիկ երթուղու ձևավորումը մեծացնում է Նախիջևանի նշանակությունը որպես տարանցիկ հանգույց

Նոր էներգետիկ երթուղու ձևավորումը մեծացնում է Նախիջևանի նշանակությունը որպես տարանցիկ հանգույց
07.03.2025 | 23:27

Երեկ տեղի ունեցած Իգդիր-Նախիջևան գազատարի գործարկումը կարող է ազդել տարածաշրջանի անվտանգային և աշխարհատնտեսական միջավայրի վրա, որոշակի վնաս հասցնել Իրանի էներգետիկ շահերին, ինչպես նաև մեծացնել ճնշումը Հայաստանի վրա, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» նախագծի առաջխաղացման մասով:

Նշենք, որ Թուրքիայի արևելքում գտնվող Իգդիր քաղաքը TANAP (Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Հունաստան) գազատարի բաշխիչ ճյուղի մուտքի կետն է։ Գազատարը նախատեսված է որպես TANAP-ի ճյուղ։ Իգդիր-Նախիջևան գազատարով նախատեսվում է տարեկան 500 մլն խմ գազ մատակարարել:

Նախկինում Ադրբեջանի նախիջևանյան էքսկլավը կախված էր իրանական գազի ներկրումից, որը մատակարարվում էր սվոփ-սխեմայով (Իրանը գազ էր ստանում Ադրբեջանից և համարժեք ծավալ արտահանում Նախիջևան): Փաստացի՝ Իգդիր-Նախիջևան գազատարի գործարկումը թույլ կտա Բաքվին նվազեցնել իր կախվածությունը Իրանից:

Թուրք-ադրբեջանական ազդեցության աճի համատեքստում Իրանը շրջանցող գազամատակարարման երթուղին կարելի է դիտարկել որպես Սյունիքով ցամաքային միջանցք ստեղծելու Բաքվի և Անկարայի ավելի լայն ռազմավարության մաս: Այսինքն՝ Իգդիր-Նախիջևան գազատարը, ինչպես նաև նույն երթուղիով նախագծվող երկաթգիծը (նախատեսվում է գործարկել մինչև 2028 թ.) կարող են որպես Երևանի վրա ճնշման մեխանիզմ գործարկվել: Մասնավորապես, Բաքուն ու Անկարան ձգտում են միացնել Իգդիր-Նախիջևան երթուղին, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցք» նախագծին՝ ելք ապահովելով դեպի Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա:

Գազատրանսպորտային ոլորտում նույն այս տրամաբանության մեջ են կողմերը փորձում տեղավորել Անդրկասպյան գազամուղի նախագիծը, որը, ըստ պաշտոնական Բաքվի, կարող է անցնել նույն «Զանգեզուրյան միջանցքով»: Բոլոր այս լոգիստիկ նախաձեռնությունները Բաքուն ամեն կերպ փորձում է «վաճառել» մի կողմից՝ էներգետիկ դիվերսիֆիկացման փնտրտուքների մեջ գտնվող Բրյուսելին, մյուս կողմից՝ «Գոտի և ճանապարհ» մեգանախագծին նոր շունչ հաղորդելու հրամայականի առջև կանգնած Պեկինին:

Իգդիր-Նախիջևան գազատարը տեղավորվում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տնտեսական և նյութատեխնիկական կապերի ամրապնդման ռազմավարության մեջ: Նոր էներգետիկ երթուղու ձևավորումը մեծացնում է Նախիջևանի նշանակությունը որպես տարանցիկ հանգույց՝ տեղավորելով այն Արևելք-Արևմուտք (Եվրոպա-Կովկաս-Ասիա) լոգիստիկ ռազմավարության մեջ՝ Հայաստանի համար անվտանգության տարատեսակ ռիսկերով ու սպառնալիքներով հանդերձ:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 8519

Մեկնաբանություններ