Ցավի ամենամեծ թշնամին հիշողությունն է։
Այն մշտարթուն բզբզում է կյանքիդ խորքերը, պեղում, հանում մութ էջերը և լցնում ցավի առաջ։
Դե ցավն էլ ավելի է ուժեղանում։
Հիշողությունը նաև կարոտի թշնամին է։
Գիշերն ի բուն աշխատում է, չի թողնում կարոտդ քնի։ Ամբողջ կյանքդ բերում փռում է կարոտի առաջ ու մղկտացնում քեզ։
Երկու օր առաջ նայեցի մի թուրք լրագրողի ու մեր աշխարհահռչակ չեմպիոնի` Գարի Կասպարովի հարցազրույցը։
Լրագրողը հարցնում է.
- Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է հաշտություն ու խաղաղություն կնքել հայի ու թուրքի միջև։
Կասպարովը պատասխանում է.
- Չեմ կարծում։ Արյան ծով կա երկու ազգի մեջտեղում, իսկ արյունը մարդու կյանքի հյութն է, շարժիչն է, հիշողությունն է։ Նա չի թողնում մոռանալու ջարդը, պատերազմը, հարազատներիդ կորուստը, տուն-տեղիդ, երկրիդ կորուստը։
ՈՒ հիշում է, թե իրեն ինչպես արտաքսեցին Բաքվից, ինչպես սպանեցին շատ ու շատ հայերի։ ՈՒ հարցնում է լրագրողին` դու կմոռանա՞ս քո որդուն սպանողին, կներե՞ս նրան։
Լրագրողն ասում է` բայց չէ՞ որ դուք էլ մեզ եք սպանել։ Հիմա ի՞նչ անենք, միշտ իրար կոտորե՞նք։
Կասպարովն ասում է` ոչ, երկու ազգերին անհրաժեշտ է մեկուսացնել իրարից, մինչև ժամանակն իրենը ասի։
Լսու՞մ ես, նիկոլ։
Տեսա՞ր, որ 110 տարեկան Եղեռնը չենք ներում, չենք մոռանում։ Ընդհամենը տարի ու կես է անցել Արցախի հայաթափումից։ Ի՞նչ խաղաղության մասին ես խոսում։ Քո ասած խաղաղությունը կոչվում է պատերազմի նախապատրաստում։
Լսեցի՞ր ինչ ասաց ընկերդ` Ալիևը։
Ասաց` շատ դագաղներ սարքեք, բայց դնելու տեղ փնտրեք։
Դու չպատասխանեցիր, վախկոտ ես։ Բայց ես կպատասխանեմ։
Սկեսուրս նման դեպքերում կասեր` թուհ, բեյնամուս։ Մի քած կնկա չափ էլ չկա՞ս, ջուղուբը տաս։
Հիմա լսիր, ինչ եմ ասում, Ալիև։
Մեր դագաղները մեր սուրբ զոհերի հետ փառավորապես հանգչում են Եռաբլուրում։ Իսկ քո անհամար զոհերը` տրակտորով փորած փոսերում։ Որովհետև քո զինվորը քեզ համար արժեք չուներ, չէիք տանում և մենք ստիպված փոսերն էինք լցնում։
Հիմա դու մեզ վախեցնու՞մ ես։ Քեզ հաղթող ես երևակայու՞մ։
44-օրյային մեզ հաղթեցին Թուրքիան, Իսրայելը, Պակիստանը, Ռուսաստանը, իսկ 23 թվականի սեպտեմբերի13-ին խայտառակ պարտություն կրեցիր։
Մի օրում հազարավոր լեշերով լցվեցին մեր ձորերը։
Մենք մեր հպարտությունը վերցրած դուրս եկանք, որ ավազակ, մարդասպան ժողովրդիդ հետ չապրենք։ Հասկացա՞ք, նիկոլ ու ալիև։
Ես էլ բան եմ ասում։
Հասկանալն ու՜ր, նիկոլը` ու՜ր։
Աննա ԱՅՎԱԶՅԱՆ