Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Գրոհում է «Արդշինբանկ»-ը

Գրոհում է «Արդշինբանկ»-ը
05.02.2025 | 18:53

Չէ՛, վերտառությունում թառած «գրոհել» բայը չեմ շփոթել այլ հասկացության հետ:

Հենց ԳՐՈՀՈՒ՛Մ է:

ՈՒ՞մ:

Ով համապատասխանի «մարդաորսի» ջանադրաբար կազմված ու գաղտնի գործող ուղեցույցի չափանիշներին:

Ասում եք` չի՞ կարող պատահել:

Պատկերացրեք` արդեն պատահել է:

Գրոհելու պատճա՞ռը:

Լուրջ հիվանդ է:

Ախտորոշու՞մը:

Рассеянный склероз!

Հայերեն թարգմանությամբ` «ցրված սկլերոզ»:

Հիվանդության նշաննե՞րը:

Տեղին հարց է, որի պատասխանը պարտադիր պետք է իմանա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր «հպարտ», առավել ևս «ո՛չ հպարտ» քաղաքացի, որովհետև վաղը կամ մյուս օրն անսպասելի հենց ինքը կարող է դառնալ տուժող, հայտնվել ո՛չ միայն գլխին անակնկալ թափված վազք-քաշքշոցի բովում, այլև կորցնել, միջին վիճակագրական հայի համար, առասպելական միլիոններ:

Եվ այսպես, ախտանշանները.

«ցրված սկլերոզն» այնպիսի հիվանդություն է, որի դեպքում վնասվում է ողջ կենտրոնական նյարդային համակարգն ու շարքից հանում որևէ ազդակ հաղորդելու այնքա՜ն կարևոր ունակությունը:

Պատկերացնու՞մ եք պահի լրջությունն ու ողբերգականությունը, երբ հիվանդը ո՛չ թե շարքային մահկանացու է, այլ մի ո՛ղջ բանկային համակարգ, որը «կաթվածի» պատճառով ի զորու չէ անվտանգային համակարգի օգնությամբ «վնասազերծելու»-կանխարգելելու զեղծարարի` հենց բանկի «հեղինակությունը» զրոյացնող, հանցավոր քայլերը:

Եվ ամենագլխավորը` նման պացիենտին, իմա`

հիվանդ-բանկին, ո՛չ ձերբակալում են, ո՛չ էլ նստեցնում:

Հայտնի ֆիլմի հայտնի հերոսը տեղին կբացականչեր.

- Во деревня, а! Ну ты даёшь! Кто ж его посадит, он же памятник!

Հայկական տարբերակում Սավելի Վիկտորովիչի տեղին զարմանքի շարունակությունն այսպես կհնչեր`

«Кто ж его посадит, он же банк»!

Առավել ևս` «Արդշինբանկ» ArdshinbankCJSC, որը հիվանդության «գրոհների» ընթացքում իրականացնում է միամիտ քաղաքացիների բացահայտ կողոպուտ, իսկ «գրոհների» միջև ընկած ժամանակահատվածում, երբ անհետանում են հանցագործության դրդող որոշ նյարդաբանական ախտանշաններ, հաճախորդների առաջ լա՜յն բացում է դռներն ու զբաղվում իր հիմնական գործառույթով, ձեռքի հետ էլ, ամենայն հավանականությամբ, իրականացնում նոր` հարմար զոհերի փնտրտուք:

Գրոհելու հիմնական նպատա՞կը:

Արդեն ներկայացրի` կո՜-ղո՜-պու՜տ:

Ինչպես կասեր ռուսը` ничего личного, կողոպուտ, միայն և միայն կողոպուտ

Կոնկրետ օրինա՞կ:

Տեղին պահանջ է, անգամ ուշացած:

Բարձրաձայնենք կողոպուտի զոհ դարձած քաղաքացու անուն ազգանունը:

Ծանոթացեք` ԱՐՄԻՆԵ ԵՆՈՔՅԱՆ, Երևան քաղաքի բնակիչ, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հաճախորդ:

2024-ին Արմինեն list.am-ում տեղադրում է հայտարարություն իր` վարձակալության ենթակա բնակարանի վերաբերյալ:

Հաջորդող գործողություններն արդեն կատարվում են լավ մշակված ու շրջանառության մեջ դրված սխեմայի ոգուն ու տառին համահունչ:

Մի քանի անգամ նրա հետ «Viber»-ով հաղորդակցվում է մեկը, որ ներկայանում է ազգությամբ ռուս:

2024-ի նոյեմբերի 25-ին կրկին «viber»-ով զանգում է ենթադրյալ վարձակալն ու տեղեկացնում, որ գործարքը կնքելու համար անհրաժեշտ են Արմինեի անձնական տվյալները, որոնք պետք է լրացնի ուղարկված հղումով:

Շարունակությունն ընթանում է դեդեկտիվ ժանրի ֆիլմերի տրամաբանությամբ` տիկին Ենոքյանը ստացած հղումով լրացնում է իր անձնական տվյալները: Քիչ հետո տեղեկացնում են` փոխանցվել է ողջ գումարը:

Վայրկյաններ անց ստանում է SMS-հաղորդագրություն, թե իր անուն-ազգանունով վարկ է գրանցվել:

Կռահում է` ակամա հայտնվել է զեղծարարների ծուղակում:

Անմիջապես կապվում է բանկի համապատասխան ծառայության հետ, իրազեկում հանցագործության մասին և խնդրում չեղարկել գործարքը:

«Արդշինբանկի» պատասխա՞նը:

Զարմանալիորեն հանգիստ էր ու հակիրճ, որ հնչում է որպես անբեկանելի վերդիկտ.

- Անհնա՛ր է:

Գիշերային մղձավանջից հետո, առավոտ վաղ, Արմինե Ենոքյանն այցելում է բանկ և փորձում ճշտել իր դեմ լարված որոգայթի մանրամասները:

Պարզվում է` տվյալները լրացնելուց անմիջապես հետո, վայրկյանների ընթացքում, «Արդշինբանկ»-ը նրա անունով ձևակերպում է

4 900 000 (չո՜րս միլիո՜ն ինը հարյուր հազար) ՀՀ դրամի վարկ և առանց Արմինեի հաստատման փոխանցում ինչ-որ անծանոթի, ոմն Ա. Կարապետյանի:

- Բայց ես վարկ ստանալու կամ պայմանագիր կնքելու ցանկություն չեմ ունեցել ու չեմ հայտնել,- մի կերպ մտքերն է շարադրում շոկի մեջ հայտնված Արմինեն:- Համաձայնություն չեմ տվել, որևէ փաստաթուղթ չեմ ստորագրել:

Բայց ու՛մ և ի՛նչ բացատրես, եթե Չարենցի ասածով, չի՛ք` լսելու, առավել ևս սեփական հաճախորդին օգնելու տրամադրվածություն:

Այս պատմության գլխավոր «հերոսը», որի կենացը, անշուշտ հոտնկայս, համատեղ կխմեն զեղծարարներն ու «Արդշինբանկը», այնքա՜ն հեշտությամբ, առանց նախապայմանների և պահանջվող հազարումի փաստաթղթերի, մեկ «զարկով» ձևակերպված ՎԱՐԿՆ է, որը չկա:

Քանի որ, ինչպես ասում են` կրկնությունը գիտության մայրն է, ավելորդ անգամ փաստենք` անհետացել է կախարդական փայտիկի անմիջական մասնակցությամբ աներևակայելի հեշտությամբ ու լույսի արագությամբ ձևակերպված վարկային պայմանագրով սահմանված գումարը` 4 900 000 դրամը:

Իմա` «Արդշինբանկը» չի ապահովել պատշաճ անվտանգություն, վարկի ելքագրումը և հաստատումն իրականացրել է առանց վարկառուի հաստատման ու համաձայնության։

Իսկ դուք ասում եք` չի կարող պատահել:

Հռետորական հարց` քանի որ «Արդշինբանկի» ծրագրային ապահովումը, ըստ էության, գտնվում է բաց վիճակում, ասել է` առանց հաճախորդի համաձայնության ու հաստատման հնարավոր է ձևակերպել ուզած չափի վարկ ու գումարը գանձել հաշվից, ապա յուրաքանչյուր ցանկացող կարո՞ղ է գործել արդեն ներկայացված սխեմա-կողոպուտի նմանակությամբ:

Իհարկե` ո՛չ:

Վկա՛ նույն Արմինե Ենոքյանի հետ նու՛յն բանկում կատարված առավել քան խոսուն դրվագը.

իրականացված կողոպուտից երկու ամիս առաջ նույն «վարկառուն» նույն բանկից փորձում է 400 000 ՀՀ դրամի վարկ վերցնել:

Եվ ի՞նչ եք կարծում` տալի՞ս են:

Ճի՛շտ եք` մերժում են: Կատեգորիկ:

Պատճառաբանությու՞նը:

Պարզվում է՝ տիկին Արմինեն վարկային ծանրաբեռնվածություն ունի:

Երկար-բարակ «ծանրութեթև»-ից հետո հատկացնում են ընդամենը 289 000 ՀՀ դրամ վարկ։

Խիստ տրամաբանական հարց, որը, իհարկե կանտեսի «Արդշինբանկը».

«վարկային ծանրաբեռնվածություն» ունեցող տիկին Ենոքյանի սահմանաչափն ի՞նչ աճպարարությամբ դարձավ 4 900 000, առավել ևս փոխանցվեց առասպելական ոմն Միստր X-ի։

Նաև` ինչու՞ բանկը նույն պահին չվնասազերծեց կողոպուտն իր գործուն միջամտությամբ: Առավել ևս, երբ խարդախների ակամա զոհն ինքն է զանգում և խնդրում սառեցնել գործարքը:

Այս և նման այլ հարցերի առնչությամբ բանկի պատասխանը քար լռությունն է:

Երբեմն էլ աքսիոմա դարձած` «բանկային գաղտնիք է» սուտասելուկը:

Բեմադրված ավանտյուրայի շարունակությու՞նը.

«Արդշինբանկը» դադարում է պատասխանել Արմինե Ենոքյանի առաջադրած հարցերին և արհամարհական վերաբերմունք է ցուցաբերում իր իսկ հաճախորդի նկատմամբ, որը տարիներ շարունակ տոկոսներ է վճարել նույն բանկին:

Իսկ գործող «թեժ գիծը», ճշտելով նրա անուն-ազգանունը, պարզապես չի միացնում տվյալ մասնագետին` Էվելինա Եգանյանին:

Այժմ մի հետաքրքիր «անլուծելի» ռեբուս.

«Արդշինբանկի» հաճախորդներից մեկը, մայրաքաղաքի փոքր կենտրոնում գտնվող երկու հարկանի տունն է գրավադրել, ընդամենը 3 500 000 (երեք միլիոն 500 հազար) դրամ վարկ ստանալու դիմաց:

Պատկերացնու՞մ եք` ո՛չ թե, դիցուք, 4 միլիոն 900 հազար, այլ ընդամենը 3 միլիոն 500 հազար, այն էլ՝ երկհարկանի առանձնատան դիմաց, այն էլ` Երևանի փոքր կենտրոնում:

Պարզաբանման կարոտ հարց, այդ ինչպե՞ս անշարժ գույքի գրավադրմամբ, մի կերպ տալիս եք ընդամենը 3 500 000 դրամ վարկ, իսկ տարիների ձեր հաճախորդին, որին մերժել եք երկու ամիս առաջ, և որն անձամբ չի ներկայացել, չի դիմել, ընդամենը օնլայն, ոմն զեղծարարի միջոցով տրամադրում եք շարքային մարդու չափանիշներով ահռելի վարկ։

Վերջում հանելուկը` որտե՞ղ է թաքնված շան գլուխը:

Ով է մեղավո՞ր:

Իհարկե հիվանդությունը` рассеянный склероз!

Ե՞լքը:

Մեկն է` չդառնալ «Արդշինբանկ»-ի հաճախորդ:

Իսկ եթե արդեն ունեք հաշիվներ, տեղափոխեք ուրիշ` ավելի հուսալի բանկ:

Որ բա՞նկ:

Ա՛յն, որտեղ պատրաստակամությամբ ու հարգանքով են հարաբերվում հաճախորդի հետ, իսկ գլխավորը` ունեն հուսալի անվտանգային համակարգ:

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 11318

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ