Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

ՎԵՀՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՒՑՔԸ ՃԻՃՎԻ ՊԵՍ ՄԱՇՈՒՄ Է ՀՈԳԻՆ

ՎԵՀՈՒԹՅԱՆ ՄՈԼՈՒՑՔԸ ՃԻՃՎԻ ՊԵՍ ՄԱՇՈՒՄ Է ՀՈԳԻՆ
12.11.2010 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ
Մեծամտությունը եղել է բոլոր ժամանակներում, բայց անցյալում երբեք չի դրսևորվել նման մասշտաբներով։ Ամեն ինչ գռեհկացնող մասսայականացման, կիսագիտության և կիսակրթվածության դարաշրջանը կյանքի կոչեց մարդու այդ տեսակը։ Նա երևակայում է, որ խելացի է ու լրջմիտ, որ ամեն ինչ հասկանում է, որ գիտի «այս» և էլի ինչ-որ բաներ, որ կարող է «այն» և էլի շատ ու բազմաթիվ բաներ։ Եվ վերջապես, նա «ամեն ինչ» կարող է։ ՈՒ հենց դրանից ելնելով` նա գոռգոռում է, քամահրում բոլորին, անելանելի դրության մեջ դնում, խայտառակում։
Նա քայլում է ինքնավստահ ու վերամբարձ և ապշեցնում ամբողջ աշխարհը, նրան, թերևս, կբավարարեր միայն համաշխարհային երկրաշարժը։ Ավելի քչով դժվար թե գոհանար...
Ի՜նչ ասես, որ «չգիտի» նա։ Նրա համար գոյություն չունեն դժվարություններ ու գաղտնիքներ` ամեն ինչ տափակ ու պարզունակ է։ Ինչ վերաբերում է Աստծուն` վաղուց վերջ է տրված նրան։ Հայրենիքը նախապաշարմունք է, ազգայնականությունը` նախապատվություն, մասնավոր սեփականությունը` հափշտակություն և չարաշահում։ Մարդը` ցանկասեր էակ։ Գիտությունը` դասակարգային խաբեություն։ Ազատությունը միայն համընդհանուր պրոլետարացման մեջ է։ Եվ ընդհանրապես, աշխարհը պետք է խոնարհվի ու չծղրտա։
Հասկանալի է` բոլորը չեն կարող հավասարապես կրթված ու հավասարաչափ համեստ լինել։ Շատերը գիտեն ոչ շատ։ Բայց լավ։ Սակայն ահա մեկը գիտի շատ քիչ և չի կասկածում. նա միամիտ է։ Մյուսը գիտի նույնքան քիչ, որքան և առաջինը, սակայն երևակայում է, որ գիտի շատ և կատարելապես. ուրեմն նա տարված է մեծամտությամբ։
Միամիտը դեռ չի էլ խորհել ինքն իր մասին, նրա սեփական մտավոր ունակությունը և իշխանությունը, նրանց սահմաններն իր համար դեռ պրոբլեմ չեն դարձել։
Ինքնահավանը, հակառակը, վահանի վրա է բարձրացնում ինքն իրեն։ Նա անսահմանորեն գերագնահատում է սեփական հնարավորությունները։ Նա ճիշտ չի շրջագծում սեփական սահմանները։ Վեհության մոլուցքը ճիճվի պես մաշում է նրա հոգին։
Մեզնից յուրաքանչյուրին անհրաժեշտ է առողջ վստահություն իր նկատմամբ («Այն, ինչը ես կարող եմ, հաստատ կարող եմ»), ոչ մեկին օգուտ չի բերում տխմարավուն գոռոզությունը («Ես ավելի շատ եմ, քան կամ»)։ Գոռոզությունն առաջանում է պատրանքից, սակայն պատրանքի վրա չես կառուցի ոչ մի անսխալ բան, իսկ այն, ինչը, այնուամենայնիվ, կառուցվում է, փտած է ու փխրուն։
Մեծամասնությունը, ասես, ստեղծված է նրա համար, որ պատժի ինքն իրեն։ Սեփական վտանգները կրում է իր մեջ, ծանրագույն հետևանքները ննջում են նրա ընդերքում։ Նրա դատողությունների թուլությունը, նրա ամբարտավանությունը, արմունկներով հիմարաբար-հանդուգն սրան-նրան հրմշտելը տանում են դեպի կործանում։
Խելացին հաճախ կասկածի է ենթարկում սեփական խելքը, նա մշտապես շոշափում է սեփական սահմանները, իսկ երբ գտնում է դրանք, ձգտում է լայնացնել` օրգանապես, ոչ թե մեխանիկորեն, նա վարժվում է դատողությունների ճգնականության մեջ։ Հիմարը, հակառակը, մտքով էլ չի անցկացնում, թե ինքը կարող է հիմար լինել, սեփական չնչինությունը նա համարում է կատարյալ մեծություն և լիարժեքություն, ու... պատիժը կրնկակոխ հետևում է նրան։
Մեծամտությունից փրկություն չկա։ Նա պետք է անցնի օբյեկտիվության դաժան դպրոցը, սովորի քրիստոնեական առաջին առաքինությունը` հնազանդությունը, և սերտի այն։ Քանզի խոնարհության մեջ մարդն աստիճանաբար դառնում է այն, ինչ իսկապես պետք է լինի։ Նրա առջև բացվում են բարձունքներն ու խորությունները, նա կանգնում է Տիրոջ առաջ և իրեն զգում Աստծո ձեռքերում։ Միայն այդպես են աճում նրա թևերը, և նա զգում է դրանք` առանց ընկնելու մեծամտության գիրկը։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2250

Մեկնաբանություններ