ԱՄՆ-ում ամեն օր 330 մարդ հրազենային հարձակման է ենթարկվում։ Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ում ամեն օր կրակում են 330 մարդու վրա։ Այդ հարձակումներից 130-ը հանգեցնում է մահվան։
ԱՄՆ-ում ամեն տարի տեղի է ունենում հրազենի գործադրմամբ մոտ 600 զանգվածային սպանություն կամ օրական մոտ 1-2 զանգվածային սպանություն։
Մարդկանց զանգվածային գնդակահարությունների ամենահայտնի դեպքերից են 60 հոգու սպանությունը Լաս Վեգասում (2017 թ.), «Փուլս» ակումբում (2016 թ., 49 զոհ) և Վիրջինիա Թեք համալսարանում (2007 թ., 32 զոհ)։
2012 թվականին «Սենդի Հուկ» մանկապարտեզում սպանվեց 6-7 տարեկան 20 երեխա և 6 ուսուցիչ։
1999 թվականին «Կոլումբայն» դպրոցում սպանվեց 13 աշակերտ և 1 ուսուցիչ։
ԱՄՆ-ում զենքի վաճառքը սահմանափակելու բոլոր փորձերը բախվում են NRA (Ազգային հրաձգային ասոցիացիա) լոբբիստական խմբի հսկայական ազդեցությանը, որը թույլ չի տալիս սահմանափակել հրազենի վաճառքը գոնե գնորդների քրեական անցյալի կամ հոգեկան առողջության պարտադիր ստուգումների միջոցով։
«Սենդի Հուկ» մանկապարտեզում 6-7 տարեկան 20 երեխաների սպանությունից հետո ողջ Ամերիկայում զենքի վաճառքի սահմանափակման շարժում սկսվեց։ Դրան մասնակցում էին հայտնի դերասաններ, քաղաքական գործիչներ՝ մոտ 38 միլիոն մարդ։ Բայց անգամ այս շարժմանը չհաջողվեց հաղթել NRA լոբբիստական խմբին։
2012 թվականի «Սենդի Հուկի» ողբերգությունից հետո նախագահ Օբաման ստիպված էր ընդունել իր պարտությունն ու անզորությունը NRA լոբբիստական խմբի առաջ։
2016 թվականի ընտրությունների ժամանակ այս խումբը 54 միլիոն դոլար ծախսեց իր թեկնածուներին՝ հիմնականում հանրապետականներին, աջակցելու համար։ NRA-ն միլիոնավոր դոլարներ է ծախսում այն կոնգրեսականներին աջակցելու համար, ովքեր հանդես են գալիս զենքի ազատ վաճառքի օգտին։ Օրինակ՝ Մարկո Ռուբիոյի վրա ծախսվել է 3.3 միլիոն դոլար, Միթ Ռոմնիի վրա՝ 13.6 միլիոն, իսկ նախկինում հայտնի կոնգրեսական Ջոն Մաքքեյնի վրա խումբը ծախսել է 7 միլիոն դոլար։
Միլիոնավոր դոլարներ հոսում են կոնգրեսականների գրպանները, դպրոցներում և մանկապարտեզներում երեխաներ են սպանվում, ԱՄՆ նախագահը ծնկի է իջնում միլիարդատեր լոբբիստների առաջ, իսկ մեզ մոտ բլոգերներ են ուղարկում, որոնք մեզ սովորեցնում են պայքարել կոռուպցիայի դեմ և պաշտպանել մարդու իրավունքները։
Այս տեղեկատվությունը դնում ենք «Ժողովրդավարության, մարդու կյանքի իրավունքի և այն մասին, թե ինչպես է այնտեղ ամեն ինչ հիանալի և կատարյալ» թղթապանակում։ Եվ մաքրում ենք լորձունքներս՝ ծամոնի թուղթ տեսնելիս։
Արթուր Խաչիկյան