Առաջիկա երեքշաբթի Երևանում կայանալիք Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի ավարտին կողմերը կհայտարարեն հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամության մասին, չանդրադառնալով, սակայն, Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցին։ Գագաթնաժողովին կմասնակցեն Եվրոպական հանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Կանադայի վարչապետն ու եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ։                
 

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ԵՐՐՈՐԴ ՏԵՂՈՎ

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ԵՐՐՈՐԴ ՏԵՂՈՎ
01.02.2011 | 00:00

Մինչ Երևանում անցկացվում էր շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը, Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում կազմակերպված շախմատային փառատոնում մեր երկրի երկու հայտնի գրոսմայստերներ ձգտում էին պատվով դուրս գալ լուրջ փորձությունից: Արդեն տեղեկացրել ենք, որ Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը խաղում են A և B մրցաշարերում` 14-ական հանրածանոթ շախմատիստների հետ: Սպասելիքները հատկապես մեծ էին Արոնյանից, որը նախկինում երկու անգամ ուժեղագույնն էր ճանաչվել Հոլանդիայի այս քաղաքում ավանդաբար կազմակերպվող շախմատային գերմրցաշարում: Սակայն այս անգամ մեր երկրի ներկայացուցիչը բավարարվեց երրորդ տեղով: Հաղթող ճանաչվեց 13 հնարավորից 9 միավոր վաստակած ճապոնական ծագումով ամերիկացի Հիկարու Նակամուրան: Ի դեպ, չնայած հաջողությանը, նա չկարողացավ խուսափել պարտությունից: Միակ տհաճությունը Նակամուրային պատճառեց նորվեգացի Մագնուս Կառլսենը, որն Արոնյանի պես վաստակեց 8 միավոր, սակայն հանգրվանեց աղյուսակի 4-րդ հորիզոնականում, իսկ Արոնյանն այդպես էլ խաղասեղանից չհեռացավ պարտված: Մեր երկրի ներկայացուցիչը տարավ 3 հաղթանակ և 10 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Մյուս մասնակիցներից չպարտվեց միայն աշխարհի չեմպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդը, որը, վաստակելով 8,5 միավոր, զբաղեցրեց 2-րդ տեղը:
B խմբի մրցաշարում էլ պայքարը մինչև վերջ լարված բնույթ կրեց: Գաբրիել Սարգսյանը նույնպես հնարավորություն ուներ մրցանակակիր դառնալու, սակայն չհաջողվեց: Ի վերջո, միատեսակ ցուցանիշով` 8,5-ական միավորով, մրցաշարն ավարտեցին անգլիացի Լյուկ Մակշեյնը և Չեխիայի ներկայացուցիչ Դավիթ Նավարան, նրանցից կես միավորով հետ մնաց ուկրաինացի Զախար Եֆիմենկոն, իսկ ահա Սարգսյանը, նույնպես 7-ական միավոր հավաքած վիետնամցի Լիմ Լե Քանի, ֆիլիպինցի Վեսլի Սոյի հետ, բաժանեց 4-6-րդ տեղերը:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3050

Մեկնաբանություններ