Անբարո ժամանակներին համահունչ, փոխվել են դեմքերն ու դերերը, ինչը ենթադրում է և՝ գործունեության ձևերը։
«Յան» վերջածանցով ազգանունակիր «շակալների», «օմեգաների» ու մյուս քաղաքական-մարմնավաճառների հետ, թե՛ արտերկրում, թե՛ ներսում, այսօր «աշխատում» են ոչ միայն Աստծո մոլորակը շախմատային մեծ տախտակի վերածած ուժային հայտնի կառույցների ներկայացուցիչներ ու հոգևոր տարբեր կենտրոնների գործակալներ, այլև սրանց ճոճվող խորհրդակցական սեղանների շուրջ պարբերաբար հայտնվող թուրք-ադրբեջանական արտադրության կասկածելի դեմքեր, ընդամենը երեկ Արցախի շրջափակում և հումանիտար աղետ կազմակերպած մանկասպան-հանցագործներ։
Այդ խառնակապից ոմանք ՔՊ-ական խամաճիկներին են փոխանցում նաև բուրգի վերին աստիճաններին կանգնածների ու «բարձր դռներից» համապատասխանների իջեցրած հանձնարարականները, տնային առաջադրանքներ տալիս, հընթացս էլ որպես «ճանապարհային քարտեզ» սրանց երախն են խցկում Ազգային Առաքելահիմն Եկեղեցու վրա հարձակումների համընդգրկուն պլանը՝ «Operation Barbarossa»-ն, և սրբապիղծ գործողությունների իրականացման հստակ ժամանակացույց սահմանում։
Սուրբ Էջմիածինը, որպես 1724-ամյա ազգապահպան հզոր կառույց, հանգիստ չի տալիս նեռի մանրապճեղ, խոշոր եղջերավոր ու սմբակավոր ճտերին։
Եկեղեցու դեմ մղվող թուրք-ադրբեջանական ասպատակության տեղական շահառուները`
իշխանական աթոռներին հայտնված պատեհապաշտ բաշիբոզուկները, մանդատակիր թերուսներն ու սրանց շուրջը թափառող արբանյակները, որպես հնազանդ ճորտեր 24/7 ռեժիմով, շարունակում են ճղճիմ ու եղկելի բոլոր միջոցներով, նույնիսկ դեղին փողկապ ու վարդ համակցելով, ի ցույց դնել իրենց գլխավոր զենքը՝ ատելությունը։
Հակակրանք Արարատի, Արցախի, Մայր Աթոռի, Վեհափառ հայրապետի, հայի ու հայկականության յուրաքանչյուր դրսևորման նկատմամբ։
Հիշյալ «զենքն» էլ հենց հոկտեմբերի 26-ին հակաեկեղեցական ավազակաորջ (մեղա՜ Տեր) դարձրած Հովհաննավանքում հավաքել-մեկտեղել էր Նեռի խամաճիկից քշված որոշ պոռոտախոս պաշտոնյաների, մանր ու միջին աթոռավորների, որպես դերասան չկայացած հայհոյախոս մի հարբեցողի, Գլոբայի հայկական տնազ ոմն աստղագուշակի, նույնիսկ սոցցանցային Reels-երում ֆուտբոլի գնդակ դարձած կեղտաբերան մի գոմիկի։
Խառնակության կորուսյալ հոգիների մահվան թափորին ուրույն «փայլ» էին հաղորդում՝
թավիշ ժամանակների «тигровка»-ն դիմահարդարման էլեկտրիկ գույներով փոխակերպած ագրեսիվ տիկնայք,
ատամնաթափ, անթրաշ տղամարդիկ,
կաթոցնեը գրպաններում թմրամոլ , ԼԳԲՏ-ական թափթփուկներ,
Աստծո տանը մարդկանց բերանը թաթերով փակող մարմնեղ «шкаф»-ներ ու
տարբեր աստիճանի խելապակասներ։
Եղած-չեղածը 1500, առավելագույնը՝ 2000, «ընտանիք ենք պահում» ստամոքսային տրամաբանությամբ գոյատևողներ։
Ի՞նչ ստացվեց ընդհանուր հայտարարում՝
կարգալույծ քահանա + օձադաջվածքով ՔՊ-ական ֆեյք դպիր + ֆեյք ծխականներ = ֆեյք պատարագ։
Իսկական գավառական վոդևիլ՝ հանդիսության ֆեյք ռեժիսորով, որը նախկին, Չարենցի բնորոշմամբ՝ սանքյուլոտ Արամի հավաստմամբ՝ «Հերովդեսի պես չի վարվում»։
Ձեռքերի՝ սրա պարագայում արնաշաղախ, «լվացքը» փոխարինում է ուժայինների, ընդհանրապես վարչական ամբողջ ռեսուրսի բիրտ կիրառմամբ, դառնալով ազգի հոգևոր անվտանգությանը սպառնացող ոչ կանոնական՝ «ատելության պատարագի», ճարտարապետ։
Սինլքոր մի բեմավար, որը վատ խաղարկված երկյուղածությամբ ծնրադրում է իր իսկ ծնած արյան դավաճանի առաջ։
Հետո խառնամբոխի վրա փսլինքն արցունքի տեղ վաճառելով, իբր հաղորդություն է ընդունում։
Ամեն ինչ հափռելու սովորության համաձայն էլ՝ որպես նշխար, ծամում ու կուլ է տալիս սովորական հացի կտորը։
Տիրակալը հակառակության, քծնանքի, բռնության ոգին էր։
Աստված Հովհաննավանքում չէր։
Նա պատարագվում էր Հայաստանյայց Առաքելական Եկեղեցիներում և որպես սուրբ նշխար բաժանվում իր հավատավոր զավակներին։
Նրանց մեղքերին թողություն տալիս և բժշկում հոգու ու մարմնի տկարությունները։
Այժմ օրակարգում է առաջիկա կիրակի նույն վայրում եղբոր դեմ ցուցմունք տված հուդայի հրավիրած կեղծ պատարագին «ներկա» ստանալու մորեխահավաքը։
Մարդուց ժապավենակապ «չագուճի» կերպարանափոխված թշվառ պնակալեզները, որոնց համոզմամբ՝
ա) «Տերունական աղոթքը» «ծերունական աղոթք է,
բ) «Հայր մերը»՝ «հայր ու մեր»,
սեփական անբարո վարքն արդարացնելու ակնկալիքով, պատեհ-անպատեհ ճոռոմաբանում են մի գրքից, որի անվանումն իսկ հավուր պատշաճի չեն կարողանում արտասանել։
Երկու հազարամյակ անընդմեջ գործած ինստիտուտի դեմ մարտնչող տգետներն անգամ մեջբերումներ են անում երբևէ գոյություն չունեցած ու մինչ օրս չունեցող «Հայերենի եկեղեցու կանոնակարգ»-ից։
Անտեսելով ճշմարտությունը՝ «Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք» (Մատթեոս, 7, 1), որևէ տեղ չֆիքսված, անգո դրույթներով սրանք մեղադրում- դատապարում են Վեհափառին։
Եվ արդարացնում ավազանի անունով Ստեփան վերանվանված նախկին Արամին ու նրա հերձվածող հովանավորին։
Ի գիտություն նման ստախոսների՝ միջնադարյան հայ եկեղեցական իրավունքի հայտնի ժողովածուն՝ «Կանոնագիրք Հայոց»-ը, դավանանքի ու պաշտամունքի ծիսական հարցերի մշակմամբ, ազգային ավանդական կարգուկանոնով, սովորություններով պահպանել է Հայ եկեղեցու ազգային դիմագիծը։ Պետության չգոյության պայմաններում (որի ականատեսն ենք նաև այսօր) երկիրն ու ժողովրդին, որպես զրահ, պաշտպանել է հայի ինքնության ու ազգային արժանապատվության դեմ համաձուլարար քաղաքականություն վարող թշնամական ուժերից, օտար եկեղեցիների ազդեցությունից, բազում ու բազմազան հերետիկոսներից ։
Պառակտիչ սինլքորներին և բոլոր նրանց, ովքեր կիրակի օրը՝ նոյեմբերի 2-ին, վերասրբագործման ենթակա Հովհաննավանքում մաս են կազմելու տապալված վոդևիլի երկրորդ արարին, Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր ԱՀԱՐՈՆ քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ իրազեկում է․
- «Կանոնագիրք Հայոց»-ում ներառված է Անտիոքի ժողովի 5-րդ կանոնը, որում հստակ նշված է.
«Եթե որևէ քահանա կամ սարկավագ արհամարհեց իր եպիսկոպոսի հրամանը, երբ եպիսկոպոսը նրան մերժեց և հեռացրեց եկեղեցուց, և այդ երեցն ու սարկավագը առանձին ժողովվեցին ու Սուրբ Սեղան հաստատեցին, չլսեցին եպիսկոպոսի կոչը, անարգեցին նրան ու չկամեցան նրա երկիցս և ավելի անգամ արտասանած բարի խոսքերին ականջալուր լինել, այդպիսիներին պետք է ամբողջությամբ մերժել և այլևս մխիթարության խոսք չասել, քանզի այլևս չեն կարող կրկին նույն պատիվն ընդունել։
Իսկ եթե համառեն ու խռովություններ հարուցեն, եկեղեցու վրա արտաքին իշխանությամբ կամ այլ ուժի օգնությամբ ամբոխ բերեն, այդպիսիներին, իբրև խռովարարների, պետք է հնազանդեցնել ու սանձերը քաշել»։
Իսկ Հովհաննես Արճիշեցին նաև զգուշացնում է․
«քահանայական շնորհը մշտամնա է, եթե հոգեւորականն իր կարգի մեջ է:
Իսկ եթե կարգի մեջ չէ, չի կարող պատարագ մատուցել, չի կարող օգտվել քահանայագործության, խորհուրդների կատարման իրավունքներից, եւ ոչ էլ շնորհաբաշխության իրավունքն ունի:
Կարգից լուծարումը վերաբերում է նաեւ օծումից լուծարելուն»:
Տերերի թելադրած «խաղիկները» մեծ քաղաքականության հետ շփոթող պոռոտախոս մարիոնետներ, Ահարոն քահանայի մեջբերումը՝ «Կանոնագիրք Հայոց»-ից, նաև ձեզ է ուղղված։
Փորձեմ «թարգմանել» ձեզ հասկանալի լեզվով․
հնարավոր չէ ինքնահաստատվել դավաճանելով, հայհոյախոսելով, փոշիացնելով, «կարմիր գծերն» անվերջ հատելով:
Երբ ոտքի տակ ընկնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին «քաղաքացի Կտրիճ Ներսիսյան» եք կոչում, ոչ թե հերոսանում եք նրա ստվերում, այլ ի ցույց եք դնում ձեր անդաստիարակությունն ու գռեհկությունը։
Դուք դատարկ եք ու հայտնի հեքիաթի թագավորի նման մերկ:
Ձեզ մի՛ կոտորեք հանուն օրվա «ասողի» աչքը մտնելու և նրան հաճոյանալու: Ձեր ուզել-չուզելուց, ընդունել-չընդունելուց անկախ, անձը, որի անունը շահարկելով փորձում եք PR-վել, վաղու՜ց մտել է պատմության մեջ, իսկ դուք, որքան էլ երկարեք ու կարճանաք, ձգվեք ու գալարվեք՝ դատապարտված եք․ աղբը մաքրող թեթև քամու շունչ, ու ձեզանից ընդամենը մի սև բիծ կմնա:
Մի՛ պաշտպանեք կարգալույծին, որն ապաշխարության նոտաները շփոթել է մեղադրանքի ելևէջներով,
դավաճանել իր կոչմանն ու խղճին, դարձել չարադավան խառնակչի ծառա։
Մի արդարացրեք նրան՝ խնդիրը ո՛չ Վեհափառն է, ո՛չ էլ հոգևոր է։
Խնդիրը բարոյական է։
Իսկ բարոյականությունը ո՛չ մեկից չբխող, բայց բոլորին ու յուրաքանչյուրին ուղղված պատվիրան է։
Կան և չգրված բարոյական օրենքներ, որոնք գրված օրենքների համեմատությամբ կայուն-անփոփոխ են, հավերժական:
Աստված չի ներելու։
Նա ողորմած է, բայց և արդարադատ։
Նրա արդար դատաստանը սրբազաններին դատող «նոր» Հայաստանի «արդարադատության» նման չի լինելու։
Անիրավությունն ու հանցանքը ոչ թե սողալու են Նրա ամենակարող ձեռքերից, այլ ջախջախվելու-մատնվելու են հավիտենական կորստյան։
Իսկ Եկեղեցին, ի հեճուկս հերձվածողի ու նրա դիրիժորությամբ ապականված բերանները բացողների, հալածանքից դուրս է գալու հաղթանակած, առավել պայծառացած ու հզորացած։
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ