Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

Մոսկվայի ուղերձը պարզ է․ Երևանը այլևս չի կարող «երկու աթոռի վրա» խաղալ

Մոսկվայի ուղերձը պարզ է․ Երևանը այլևս չի կարող «երկու աթոռի վրա» խաղալ
06.04.2026 | 11:10

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե Մոսկվան «իրավունք ունի» քննարկելու Հայաստանի քաղաքական ծրագրերը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համատեքստում, հստակ քաղաքական ազդակ է՝ ուղղված Երևանին։

Պեսկովի շեշտադրումը արտացոլում է Մոսկվայում խորացող անվստահությունը Հայաստանի գործող իշխանության նկատմամբ։ Ռուսաստանի համար խնդիրը միայն պատմական կապերը չեն․ առանցքայինն այն է, թե ինչ ուղղությամբ է շարժվում Հայաստանը և որքանով են պահպանվում ռուսական ռազմավարական շահերը տարածաշրջանում։

Այս համատեքստում Վլադիմիր Պուտինի, Ալեքսեյ Օվերչուկի և Պեսկովի հայտարարությունները մեկ շղթայի տարբեր օղակներ են։ Դրանք համակարգված ազդակներ են, որոնց միջոցով Մոսկվան փորձում է ոչ միայն արձանագրել իր դիրքորոշումը, այլ նաև ազդել Երևանի քաղաքական վարքագծի վրա՝ հատկապես ընտրական գործընթացից առաջ։

Առանձնահատուկ կարևոր է նաև Ղարաբաղի թեմային վերաբերող հատվածը։ Պեսկովը հստակ արձանագրում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու որոշումը կայացվել է առանց Ռուսաստանի մասնակցության։ Սա փաստի մեխանիկական արձանագրում չէ, այլ քաղաքական ուղերձ․ Մոսկվան այլևս չի պատրաստվում կրել պատասխանատվություն այն որոշումների համար, որոնք ընդունվել են Երևանի կողմից։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը հրաժարվում է լինել «քավության նոխազ» Հայաստանի ներքաղաքական դիսկուրսում։

Փաստացի, Փաշինյանի ներկայիս քաղաքական կուրսը երկիրը բերել է մի կետի, որտեղ «բազմավեկտոր» քաղաքականությունը սկսել է ընկալվել որպես անվստահություն առաջացնող վարքագիծ արտաքին գործընկերների համար։ Եվ հենց այստեղ է Մոսկվայի ուղերձի բուն իմաստը․ «երկու աթոռի վրա» խաղը այլևս ընդունելի չէ։

Սա նշանակում է, որ առաջիկա շրջանում Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ լինելու է ավելի կոշտ, ավելի հաշվենկատ։ Իսկ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները դառնում են ոչ միայն ներքաղաքական մրցակցության հարթակ, այլև աշխարհաքաղաքական ընտրության կարևոր հանգրվան։

Նիկոլ Փաշինյանը հնձում է այն, ինչ ցանել է. նա նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան՝ ապավինելով ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի բացահայտ աջակցությունը ու հիմա ստանում է ռուսական հակազդեցություն:

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ