ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները Չինաստանում կայացած տոնական միջոցառումների ժամանակ «դավեր նյութելու» միտք չեն ունեցել։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացված ռազմական շքերթը, Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային մեղադրել էր ԱՄՆ-ի դեմ «դավադրություն» պլանավորելու մեջ։               
 

Կանչի՛ր, մի՛ լռիր

Կանչի՛ր, մի՛ լռիր
22.03.2025 | 09:11

ՈՒ՞մ անվան կողքին սիրով տաքանալ

հիմա, մենության ու թախծի որջում, որ ձգվում է սառն

ու անծայրորեն՝ նեանդերթալյան անձավի նման…

Թափառախմբի ստվերի հանգույն

մունջ հեռանում են սիրելիներդ՝

բախտից ու Աստծուց մերժվածի քայլքով,-

նրանց ետկանչի համար տակավին սերմնաձայն չկա,

չկան հավատի բամբիռ ու զեփյուռ:

Բայց երգող վարդեր դեռ ունես հոգուդ սափորների մեջ,

մխիթարության ներբողներ կան դեռ մտքիդ էջերին,-

ու թեկուզ անձայն, թեկուզ երազում

կանչի՛ր, մի՛ լռիր, կանչի՛ր հեռացող սիրելիներիդ,

ու թե մեկն անգամ քեզ արձագանքի

ու ետ գա շիկնած ու շփոթահար,

արեւը երբեք չի անցնի հոգուդ երկնակամարից,

սրտեր կշողան թափուր տներում,

եւ լեզու կառնի երկիրը լալիկ:

23.02.2025

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Գեղանկարը՝ Վալենտին Պոդպոմոգովի

Դիտվել է՝ 4359

Մեկնաբանություններ