Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ խաղաղության ծրագրի բազմաթիվ դրույթները որակել է Ռուսաստանի համար ընդունելի, մինչդեռ եվրոպական ծրագիրը անվանել է ոչ կառուցողական է և Մոսկվային չհամապատասխանող։ Ըստ ՈՒշակովի՝ Մոսկվան խաղաղության ծրագրի շուրջ քննարկումներ սկսելու կոնկրետ առաջարկ դեռևս չի ստացել. ենթադրվում է, որ ամերիկացիները կկապվեն Մոսկվայի հետ՝ անձամբ հանդիպելու և քննարկումներ սկսելու համար։               
 

Չխաբվել գեղեցիկ փաթեթավորված քարոզչությանը

Չխաբվել գեղեցիկ փաթեթավորված քարոզչությանը
24.11.2025 | 15:26

Վերջին մի քանի օրերին բավական ակտիվ իշխանական քարոզիչներն իրենց լրատվականներում անընդհատ թմբկահարում էին ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչների այցը Բաքու՝ նշելով, թե «ինչքան կարևոր քայլ է ու ինչ պատմական նշանակություն ունի այն մեր պետության համար»։

Առաջինը, պետք է հասկանալ, թե ովքեր են այդ «քաղհասարակություն» կոչվածը, և արդյո՞ք նրանք ներկայացնում են հանրության տարբեր շերտերն ու ամբողջովին արտացոլում հանրային տրամադրությունները, տիրապետող կարծիքը, թե՞ բացառապես Փաշինյանի թելը թելողների հավաքական են։ Որևէ մեկին չեմ ցանկանկանում թիրախավորել, սակայն կազմին ծանոթանալուց հետո միանգամից պարզ դարձավ, որ տվյալ անձինք ամբողջովին նիկոլիզմի իդեաֆիքսի կրողներ են և Բաքու էին ուղարկվել հանրության համար այնտեղից «դրական էմոցիաներ» բերելու նպատակով։

Այսօր լսում էի վերջիններիս հրավիրած ասուլիսը, որտեղ, միմյանց հերթ չտալով, հայտարարում էին, թե ինչ «պուպուշ և անմեղ» է ադրբեջանական հանրությունը, որ նրանք «փոխվել են, չունեն հակահայկական տրամադրություններ»։ Այն աստիճանի էր, որ նրանցից մեկը հայտարարում էր, թե «մարդկանց շփվելու և հագնվելու ձևն այնքան է նման, որ մոռանում ես՝ Երևանու՞մ ես, թե Բաքվում», պնդում, թե երկու հասարակությունների նմանությունն ակնհայտ է։

Բաքու մեկնած «առաքյալներից» մեկն էլ հպարտ հայտարարում է, թե «ադրբեջանական կողմն առնվազն համաձայն է այն գաղափարի հետ, որ առավել մեծ ուշադրություն դարձնեն հռետորաբանության և տեղանունների խնդրին»։ Այսինքն՝ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Ալիևի այն հայտարարությունները, թե Սևանը Գյոյչա է, իսկ Երևանը՝ Էրիվան, այս այցից հետո ենթադրաբար ենթարկվելու են շրջադարձային «փոփոխության»՝ չկասկածեք։

Տեսեք՝ ինչ պատկեր է ստացվում․ մարդկանց մի խումբ, որոնք ամբողջովին նիկոլական քարոզի կրողներն ու բացառապես վերջինիս օրակարգը սպասարկողներն են, միմյանց հերթ չտալով փորձում են մարդկանց համոզել, որ 5 տարի առաջ մեր եղբայրների գլուխ կտրողները փոխվել են ու դարձել «բարի ու կամեցող» հասարակություն։ Ըստ սրանց՝ մի երկրի դպրոցում, որտեղ 6 տարեկան երեխաները «գորշ գայլերի» ոռնոցով համապատասխան սիմվոլիկա են ցուցադրում, հանկարծ դարձել են «կիրթ ու կառուցողական»։

Ըստ էության՝ տեղի ունեցածն իշխանական քարոզչության հերթական փորձն է՝ հասարակությանը ներկայացնել իբրև թե «փոխված», «կիրթ» և «կառուցողական» ադրբեջանական հասարակություն՝ սեփական պարտվողական քաղաքականությունը հիմնավորելու համար։ Բայց փաստ է, որ Ադրբեջանը շարունակում է մնալ բացահայտ հակահայկական պետական քաղաքականություն վարող երկիր։ Ավելին, նիկոլազգի «քաղհասարակության» նման փորձի նպատակը ոչ թե ճշմարտությունը ներկայացնելն է, այլ ներքաղաքական օրակարգ սպասարկելը՝ հանրությանը նախապատրաստելով նոր զիջումների։

Այս իրավիճակում հասարակությանը պետք է ասել ճշմարտությունը, բոլորին հորդորել չխաբվել գեղեցիկ փաթեթավորված քարոզչությանը և չտրվել կեղծ առաքյալների դատարկ քարոզին:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ