Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նոր կուսակցություն` Սուրեն Սուրենյանցի ղեկավարությամբ

Նոր կուսակցություն` Սուրեն Սուրենյանցի ղեկավարությամբ
28.09.2012 | 13:08

«Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ, որը ժամանակավորապես հեռացել էր քաղաքականությունից, այսօր նոր քաղաքական ուժով վերադառնում է: Այս մասին նա հայտարարեց «Իրատես de facto» ակումբում: Քաղաքագետը տեղեկացրեց, որ առաջիկայում ստեղծվելու է «Նոր աջեր` քաղաքացիների միություն» կուսակցությունը, որի նպատակն է միավորել Հայաստանում առկա ազատական ուժերը, նոր դեմքեր բերել քաղաքական դաշտ, արժեքային հենքով քաղաքական գործընթաց ձևավորել: Կուսակցության համար առաջնային է լինելու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Սուրենյանցը հանգամանորեն ներկայացրեց, թե կուսակցությունը երկրի զարգացման ինչպիսի տեսլական է ունենալու:
Խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվող կուսակցությունը նախագահական ընտրություններին կփորձի որոշակի դերակատարություն ունենալ: «Սովորաբար մեզանում սովորություն է դարձել խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կուսակցություններ ձևավորել` դրանց մասնակցելու նպատակով: Բայց ես կարճաժամկետ քաղաքական պրոյեկտներն արդյունավետ չեմ համարում: Կարծում եմ` հենց խորհրդարանական ընտրություններից հետո պիտի կուսակցություն ձևավորել ու այդ տարիներին պատրաստվել հաջորդ ընտրություններին»,- նշեց Սուրենյանցը` հավելելով, որ նախագահականին ուղղակիորեն չեն մասնակցի, իսկ թեկնածուների աջակցման հարցում էլ կառաջնորդվեն նրանց ներկայացրած ծրագրերով: «Մի բան կարող եմ հստակ ասել, որ մենք չենք պաշտպանի քաղաքական այն ուժերին, որոնք վտանգի տակ են դնում մեր պետականությունը կամ առաջնորդվում են սոցիալիստական, ազգայնական գաղափարախոսությամբ: Չեմ կարող պատկերացնել` ինչպես կարող ենք պաշտպանել կոմկուսի կամ ՀՅԴ-ի թեկնածուներին»,- ընդգծեց բանախոսը:
Կարևորելով բոլոր ազատական ուժերի միավորումը, ակումբի հյուրը թվարկեց այն ուժերը, որոնց հետ հնարավոր է համագործակցությունը` «Հանրապետություն», «Ազատ դեմոկրատներ», ՀՀՇ, «Ժառանգություն» և այլն: «Հայաստանում ազատական կուսակցությունները շատ են, պարզապես մի մասը ժամանակին տրվեց կոնյունկտուրային, շեղվեց ազատական արժեհամակարգից: Հետո ազատական ուժերը ցրված են, և ռեսուրսների ապակենտրոնացումը խանգարում է տարբեր հարցերում միասնական հանդես գալուն»,- համոզված է Սուրենյանցը:
Հարցին, թե Հայաստանում առկա յոթ տասնյակ կուսակցություններին ավելանում է ևս մեկը, ի՞նչ է դա տալու, քաղաքագետը շեշտեց. «Խոսում եք յոթանասուն կուսակցության մասին, բայց այսօր քաղաքական գործընթացները պտտվում են ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հարաբերությունների շուրջ, մյուս քաղաքական ուժերը տեղավորված են այս խճանկարի մեջ: Քանի կուսակցություն ուզում է գրանցված լինի, կամ դրանք տարիների ընթացքում կարողանում են կայանալ ու հայտ ներկայացնել, կամ մնում են թղթի վրա գրանցված, ինչը նույնն է, թե դեֆակտո գոյություն չունեն»:
Ի դեպ, նոր կուսակցության հիմնադիր համագումարը կհրավիրվի հոկտեմբերի վերջին, իսկ կորիզը, ըստ Սուրենյանցի, լինելու են 30-45 տարեկան, աջ հայացքներ ունեցող քաղաքական սպեկտրին հարող քաղաքացիներ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5951

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ