Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հո մազոխիստ չե՞ն

Հո մազոխիստ չե՞ն
28.11.2016 | 21:30

«Դուք փաստեր ունե՞ք, որ իրենց կամքին հակառակ են այդ 7000 մարդուն կուսակցական դարձրել: Հայտարարել, որ 7000 մարդը իրենց կամքին հակառակ են եղել, կարծում եմ` չափազանցություն է»,- այսօր հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Փաստորեն, արդարադատության նախարարը կարծում է, որ Հայաստանում կա 7000 մարդ, որ մի գիշերում հանկարծ հասկանում է, թե իրեն որքան հոգեհարազատ է հանրապետական կուսակցությունը։ Չափազանց ուտոպիստ չէ՞ նախարարը։ Ի՞նչ է, Արփինե Հովհաննիսյանին թվում էր, թե մարդիկ, որոնք աշխատանք կորցնելու խնդիր ունեն, կարող են կանգնել ու հրապարակային ասել՝ գիտեք, մեզ պարտադրել են։ Այսպիսի՞ փաստ է նա ուզում։


ՀՀԿ-ն կարող է ինքն իրեն համոզել, որ այդքան մարդ կարող է իր համակիրը լինել, բայց բոլորն են վստահ, որ իշխող կուսակցությունը հանրության շրջանում ոչ մի վստահության քվե չունի։ Ինչո՞ւ պետք է մարդը դառնա այն կուսակցության հետևորդը, որի պատճառով երկրի կենսունակությունը զրո է դարձել, իր կենսամակարդակն ավելի վատթարացել։ Հո նա մազոխիստ չէ՞։ Ստացվում է, միայն պարտադրանքով է հնարավոր նման «հախուռն» անդամակցում։ Ոչ ոք չի ասում, որ մարդկանց օձիքից բռնած ստիպել են ՀՀԿ-ին անդամակցելու դիմում գրել։ Բավական է մի «թեթև» ակնարկ, որ աշխատանք կորցնելու խնդիր կունենան, եթե այդ քայլին չգնան։ Աշխատողների կեսից ավելին ուզած-չուզած հանրապետականի «կրոնը» կընդունի։ Խոսքը ոչ թե անսկզբունքայնության մասին է, այլ բարեկեցության փոքրիշատե պահպանման։


Այս երևույթը մի տեսակ տհաճ է նաև ՀՀԿ-ի համար։ Ոչ մի քաղաքական ուժ, որը վստահ է, թե հանրության կողմից ընդունված է, նախընտրական շրջանում այսպիսի քայլերի չի գնում։ Սա նշանակում է, որ նրանք մտավախություն ունեն, որ չեն կարող իրենց ցանկալի արդյունքին հասնել ու արդեն դիմել են վարչական լծակների օգտագործման։ Նորից ստացվում է, որ այսպիսի քայլերով իշխող ուժն ավելի է մեծացնում իր հանդեպ անվստահության վիհը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2697

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ