Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Նավթի գնանկումը` նոր պատուհաս Ռուսաստանի համար

Նավթի գնանկումը` նոր պատուհաս Ռուսաստանի համար
15.10.2014 | 12:51

Էներգակիրների միջազգային շուկայում նավթի գնանկումը շարունակվում է, ինչը հարվածում է ՌԴ տնտեսությանը և նպաստում ազգային տարադրամի` ռուբլու ճգնաժամին։ Այսօր մեկ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 40 ռուբլի 50 կոպեկ։
Նավթարդյունահանող հսկաներից Սաուդյան Արաբիան, որը կարծես նույնպես տուժում է գնանկումից, խուճապի նշաններ ցույց չի տալիս, ավելին` հայտնում է, որ այս կացությունը շատ նորմալ է։ Ածխաջրածիններով գերհարուստ այդ երկրին ինչ-որ չափով ձեռնտու է նավթի գնանկումը։ Սաուդյան Արաբիայում նավթի պաշարներն ընդերքի վերին շերտերում են, արդյունահանումը տեխնիկապես հեշտ է։
Գնանկումից երկիրը, իհարկե, կտուժի, բայց ավելի վատ վիճակում կհայտնվեն բարդ կլիմայական պայմաններում աշխատող մրցակիցները, ովքեր ազատ միջոցներ չեն ունենա ստորջրյա և թերթաքարային հանքավայրերը հետազոտելու ու շահագործելու համար։
Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները մասնավոր զրույցներում նկատել են տալիս, որ նավթի մեկ բարելի գինը մեկ-երկու տարի կարող է 80 դոլար լինել, ինչը նրանց առանձնապես չի մտահոգում։ «Ընտելացեք ցածր գներին», - «Ռոյթերին» ասել է այդ երկրի մի պաշտոնյա։
Վենեսուելան և ՕՊԵԿ-ի (նավթարդյունահանող երկրների կազմակերպության) մի քանի անդամներ առաջարկել են զսպել արդյունահանումը, ինչը կառաջացնի գնաճ, բայց Սաուդյան Արաբիան դեռ մերժում է դրա հնարավորությունը։
«Ռոյթերը» վկայակոչում է Քուվեյթի նավթարդյունաբերության նախարար Ալի ալ-Օմեյրին, ով ասել է, որ զսպումն արդյունք չի տա, քամի որ Ամերիկան և Ռուսաստանը, միևնույն է, ավելացնում են արդյունահանումը։ Ալ-Օմեյրի համոզմամբ, գինը կիջնի մինչև 76-77 դոլար մեկ բարելի համար և հետագա անկում չի լինի։
Business Week հանդեսի փորձագետի կարծիքով, «էժան նավթը ռուսական տնտեսության ամենասարսափելի սպառնալիքն է, քանի որ ճեղք է առաջացնում պետական բյուջեում»։
«Ռոսնեֆտ» ընկերության փոխնախագահ Միխայիլ Լեոնտևը հայտարարել է, թե «Սաուդյան Արաբիայի գործողությունները քաղաքական մեքենայություններ են, որոնց նպատակն է խորտակել Ռուսաստանի տնտեսությունը»։ Մոսկվայում նավթի գնանկումը և ռուբլու արժեզրկումը համարում են դավադրություն, ՈՒկրաինայի համար ռուսներին պատժելու, անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին նեղելու փորձ։ «Եթե նավթի գինը չբարձրանա, Ռուսաստանի կառավարությունը կհայտնվի նվաստացուցիչ վիճակում, քանի որ ստիպված կվերանայի բյուջեն, կսահմանափակի սոցիալական ծրագրերը, պակասուրդը փակելու համար միջոցներ կվերցնի պահուստային ֆոնդերից, թոշակներից։ Պատժամիջոցներից արդեն տուժած ՌԴ տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ»,- նշել է «Ռոյթերի» փորձագետը։

Դիտվել է՝ 2816

Մեկնաբանություններ