Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ինչպե՞ս է պատրաստվում Թրամփը «հաշտուխաղաղ աշխատելու Պուտինի հետ»

Ինչպե՞ս է պատրաստվում Թրամփը «հաշտուխաղաղ աշխատելու Պուտինի հետ»
07.02.2017 | 00:25

2017 թվականի հունվարի 28: Հատկապես ամերիկացու համար փոքր-ինչ անսովոր ժամանակ է լուրջ գործնական բանակցությունների համար, թեկուզ հեռախոսով: Տխրահռչակ «Week-end»-ը անգլո-սաքսերի համար սրբազան բան է, ախր: Այդուամենայնիվ, տեղի ունեցավ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախապես հայտարարված հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թե ինչ են խոսել, ոչ մի տեղեկատվական արտահոսք չկա, և ստիպված ենք բավարարվել միայն պաշտոնական լրատվությամբ ու որոշ նրբություններով: Նրանց՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների համար հունվարի 28-ի օրը ոչինչ չէր նշանակում: Ինչպես և աշխարհի մեծ մասի համար:

Մեզ՝ հայերիս համար, ընդհակառակը. ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների այդ առաջին բանակցությունները առանձնակի խորհրդանշական դարձան, չէ՞ որ մենք նշում էինք մեր ազգային բանակի օրը: Վատ է դա, թե լավ, բայց, իմ կարծիքով, եթե մեր զինված ուժերը զերծ լինեն ապագայում ռազմական ոլորտում ում հետ «համագործակցելու» խնդրի լուծման պարտադրանքից, մեր հայրենիքը միայն կշահի դրանից: Մենք, ի վերջո, կկարողանանք կենտրոնանալ բացառապես մեր թշնամիների վրա և կդադարենք թե՛ Բարոյականության, թե՛ Անբարոյականության, թե՛ Ճշմարտության, թե՛ Ստի, թե՛ Քրիստոնեության, թե՛ Հակաքրիստոնեության հանդեպ հայերի հանդուրժողականության խաղեր «խաղալ»:
Չեմ կարծում, թե Հայաստանում, ինչպես և ամենուր աշխարհում, չգիտեն, թե ինչ է Քրիստոնեությունը և ինչ է պարզապես տարրական Անաստվածությունը: ՈՒղղակի համակցեք Բարաք Օբամայի և Հիլարի Քլինթոնի օրոք ԱՄՆ-ում ծնունդ առած բոլոր վերջին որոշումներն ու հայտարարությունները, և ամեն ինչ պարզ կդառնա: Շատերն արդեն գրել են, որ Թրամփն էլ դյուրին անձնավորություն չէ. մորմոնների աղանդից է և ձգտում է իրեն շրջապատել մորմոններով: Ասենք, օրթոդոքս հուդայականները, տխրահռչակ հասիդները ևս նրա կողքին են, ընդ որում, անգամ ազգականներ:

Դրան ավելացրած, շատ տասնամյակներ ի վեր մորմոնների բոլոր վերնախավերը կապված են ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների հետ: Կարճ ասած, խաղաղասեր մարդկանց և ազգերի համար հեռանկարային, հուսադրող ոչինչ չկա: Այդուամենայնիվ, առայժմ Թրամփն ընթանում է ԱՄՆ-ի նախագահներին ոչ բնորոշ ուղիով: Այն ամենը, ինչ խոստացել է ընտրարշավի ընթացքում, սկսել է կատարել: Ստացվում է, որ չէր խաբում ամերիկացի շարքային ընտրողին: Բայց տեսնենք, նա, ի վերջո, նախագահ է հունվարի 20-ից: Տեսնենք ինչ է լինելու հետայսու:


Պուտինի հետ հեռախոսազրույցը Թրամփի նախաձեռնությունն է: Բայց այն չեն մերժել Կրեմլում. ուրեմն, սպասելիս են եղել ընդհատված երկխոսությունը շարունակելու ԱՄՆ-ի նախագահի փորձին: 2016 թ. նոյեմբերի 8-ից ի վեր անցած ժամանակամիջոցում բուն ԱՄՆ-ում էլ են հնչել Օբամայի վարչակազմի խոստովանություններն այն մասին, որ այդ հենց ԱՄՆ-ն է «հեղաշրջում արել» ՈՒկրաինայում: ՈՒրեմն և պատասխանատու է այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել այդ արդեն փաստորեն գոյություն չունեցող հանրապետությունում՝ սկսած 2014-ի փետրվարից. խոսքն արդեն այն մասին է, որ այն տարվա ստորությունները համարվեն տիպիկ պետական հեղաշրջում, ինչն ուղեկցվել է աննախադեպ մարդկային զոհերով և 1933-45 թթ. նմուշի բացահայտ ֆաշիզմի դրսևորումներով: Ի՞նչ է, մի՞թե գաղտնիք է, որ Օբաման ու Քլինթոնը հենց ՈՒկրաինան լիովին օգտագործեցին այն բանի համար, որ աշխարհով մեկ (այդ թվում՝ նաև Հայաստանում) «հոնորարներ» բաժանեն առանձնակի ձևի ռուսատյացության սանձազերծման համար: Չխնայեցին նույնիսկ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերը: Մեղադրանքներ են հնչել նաև Օբամայի ու Քլինթոնի հասցեին՝ այն մասին, որ հենց նրանց մերձավորարևելյան քաղաքականությունն է հանգեցրել «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ձևավորմանն ու զորեղացմանը: ՈՒրեմն, անուղղակիորեն ընդունել են նաև այն, որ պատասխանատվությունը ավելի քան մեկ միլիոն սպանվածների համար Իրաքում և ավելի քան 300 հազար զոհվածների համար Սիրիայում (ես կասեի նաև՝ Լիբիայի փաստացի վերացման համար) նույնպես կրում է ԱՄՆ-ը, թող լինեն ամերիկյան նախորդ կառավարող վարչակազմերը:


Բայց, դե, աշխարհը տեղյակ չէ Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև կայացած հեռախոսային բանակցությունների մանրամասներին: Եվ առայժմ պետք է բավարարվենք նրանով, ինչ տարածում են արևմտյան և ռուսական պաշտոնական աղբյուրները: Այնինչ հարցը կարևոր է. դեռ անցած տարվանից շատերին բառացիորեն մտատանջում է այն, թե ինչպե՞ս է պատրաստվում Թրամփը «հաշտուխաղաղ աշխատելու Պուտինի հետ»: Նույնիսկ ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության ներսում նա գտնվում է այնպիսի մոլի ռուսատյացների ուժեղ ճնշման ներքո, ինչպիսին է Ջոն Մաք-Քեյնը, որը բազմաթիվ լուսանկարներ ունի և՛ ԻՊ պարագլուխ, այսպես կոչված, Աբու Բաքր ալ-Բաղդադիի, իրականում իսրայելական «Մոսսադ» հատուկ ծառայության գործակալ Շիմոն Էլիոթի հետ, և՛ Մերձավոր Արևելքի այլ ահաբեկչական խմբավորումների ղեկավարների հետ: Աշխարհում գիտակցում են, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների ապագայից բավական շատ բան է կախված: Բայց մեզ մոտ՝ Հայաստանում, շատերն են «հին ձևով» համարում, որ «եթե Ռուսաստանը չլինի, ապա թող ԱՄՆ-ը լինի» կամ «եթե Ամերիկան չլինի, ապա թող Ռուսաստանը լինի»: Սրանց պետք է «որակավորման բարձրացման դասընթացների» ուղարկել կամ քշել անգամ ամենապստիկ պետական պաշտոնից, ամեն կերպ հեռացնել անգամ «ոչ կառավարական կազմակերպություններում» զբաղեցրած «ղեկավար պոստերից»:

Այսօր աշխարհը շատ ավելի բարդ է, քան խոհանոցային մակարդակի խոսակցություններն այն մասին, թե ով է ավելի ուժեղ՝ ԱՄՆ՞-ը, թե՞ Ռուսաստանը: Իսկ եթե որևէ մեկը ցանկություն ունի, խնդրեմ. կա փաստ, որից ոչ ոք չի կարող հրաժարվել: Մոսկվան կանգնած է իր դիրքերում (թե՛ ՈՒկրաինայի, թե Անդրկովկասի, Մերձավոր և Հեռավոր Արևելքի հարցերում), ինչպես կանգնած է եղել: Այդ ԱՄՆ-ն է ստիպված ինչ-որ բան վերանայել: Օրինակ, Թրամփի առաջին որոշումներից մեկը եղավ հրամանագիրը Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից դուրս գալու մասին, որն ստեղծվել է անցյալ տարի՝ հենց ամերիկացիների կողմից: Ո՞վ չի հասկանում, որ այդ կազմակերպությունը ոչինչ է առանց ԱՄՆ-ի: Եվ, վերջապես, հենց Թրամփն է ցանկություն հայտնել հեռախոսային բանակցություններ վարելու Պուտինի հետ և ոչ թե հակառակը:


Այնպես որ, առայժմ սահմանափակվենք պաշտոնական հաղորդագրություններով: Եվ այսպես, Կրեմլի մամուլի ծառայություն. Պուտինը Թրամփին մեկ անգամ ևս շնորհավորեց ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, նրան հաջողություններ մաղթեց նախընտրական ծրագրի իրականացման գործում և պատրաստակամություն հայտնեց «գործընկերային երկխոսություն հաստատելու նոր վարչակազմի հետ՝ իրավահավասարության, փոխադարձ հարգանքի ու միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով»:

Մամուլի ծառայության տվյալներով, զրուցակիցները ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը բնութագրել են իբրև «ծայրաստիճան անբավարար» և «հանդես են եկել դրանք կարգավորելու և ամենաբազմազան հարցերում կառուցողական գործակցության հուն մտցնելու ակտիվ համատեղ աշխատանքի օգտին»: «Ընդգծվել է, մասնավորապես, երկկողմ կապերի հուսալի հիմքի ստեղծման կարևորությունը՝ դրանց առևտրատնտեսական բաղադրիչի զարգացման ճանապարհով»,- նշված է Կրեմլի կայքում: Խոսակցության ընթացքում նշվել է, որ 2017 թ. լրանում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 210 տարին, ինչն «ինքնըստինքյան պետք է խթանի վերադարձը իրատեսական, փոխշահավետ համագործակցության, որը կհամապատասխաներ երկու երկրների շահերին, ամբողջ աշխարհի կայունությանն ու անվտանգությանը»: Երկխոսության ընթացքում Պուտինն ու Թրամփը նաև միջազգային ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը համարել են իրենց «համար մեկ» ընդհանուր թշնամին,- հաղորդում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը: Զրուցակիցները համաձայնել են, որ ահաբեկիչների դեմ պետք է պայքարել համատեղ ուժերով. «Այդ ոգով են քննարկվել նաև Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցերը»: Պուտինն ու Թրամփը պատրաստակամություն են հայտնել շարունակելու հեռախոսային շփումները:

Զրուցակիցները պայմանավորվել են նաև հեռանկարում նախատեսել անձնական հանդիպում, որի նախապատրաստմամբ կզբաղվեն երկու կողմերի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ մինչև հունվարի 28-ը Թրամփը, խոսելով Պուտինի հետ հեռախոսային խոսակցություն պլանավորելու մասին, ընդգծել էր, որ ՌԴ նախագահից ստացել է «հիանալի նամակ»: Ավելի ուշ Կրեմլում պարզաբանեցին, որ նկատի է առնվել շնորհավորական հեռագիրը, որ Պուտինը հասցեագրել էր Թրամփին՝ ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում նրա տարած հաղթանակից հետո: Սակայն ես կարծում եմ, որ Թրամփն ինքը լիովին տեսնում է տարբերությունը շնորհավորական հեռագրի ու «հիանալի նամակի» միջև, այնպես որ, այստեղ հարցեր դեռ կան, ինչպես հունվարի 28-ի հեռախոսային խոսակցության կոնկրետ բովանդակության հետ կապված: Կան որոշ «բացված փակագծեր». եղել է խոսակցություն և՛ Իրանի մասին, և՛ Իրանի հետ «միջուկային համաձայնագրի» մասին, և՛ ՈՒկրաինայի ու Դոնբասի մասին, և՛ «Մերձավոր Արևելքում տիրող իրադրության, արաբա-իսրայելական հակամարտության» մասին, «Պուտինն ու Թրամփը արտահայտվել են ԻՊ-ի և Սիրիայում գործող մյուս ահաբեկչական խմբավորումների ջախջախման նպատակով Մոսկվայի և Վաշինգտոնի գործողությունների իրական համակարգման օգտին», քննարկել են «ռազմավարական կայունության և չտարածման ոլորտը», «Կորեական թերակղզու շուրջ տիրող իրավիճակը», քննարկվել են նաև «ուրիշ շատ խնդիրներ»:

Ինչպես տեսնում ենք, դատելով այս ամենից, մեր Անդրկովկասը տեղ է գտել «ուրիշ շատ խնդիրների» շարքում. սա օգտակար է իմանալ նրանց, ովքեր դեռևս կարծում են, թե «հայկական հարցերը» աշխարհի գերտերությունների համար «առաջին տեղում են»:
Վաշինգտոնյան պաշտոնական հաղորդագրությունները գրեթե չեն տարբերվում Կրեմլի տեղեկատվությունից: Կան նրբություններ. Պուտինի հետ խոսակցությունը միակն էր, որին ներկա էր նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը, ներկա են եղել նաև Թրամփի բոլոր օգնականները: Ռուսաստանի նախագահի հետ զրույցը երրորդն էր. սկզբում Թրամփը խոսել էր Մեծ Բրիտանիայի վարչապետի ու Գերմանիայի կանցլերի հետ: Պուտինից հետո Թրամփը զանգահարել ու խոսել է նաև Ճապոնիայի ու Ավստրալիայի վարչապետների, ինչպես նաև Ֆրանսիայի «հեռացող» նախագահի հետ: Ինչպես տեսնում ենք, զրուցակիցների ընտրությունը ևս պայմանավորված է, ըստ էության, Թրամփի հենց նախընտրական խոստումներով, ինչպես նաև նրա միջազգային բնույթի առաջին որոշումներով:

Այսպես, հայտարարե՞լ էր նա Չինաստանի դեմ ուղղված կուրսի հնարավոր կոշտացում: Ահա և բացատրությունը, թե ինչու է նա Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության փլուզումից հետո, ըստ էության, պլանները համաձայնեցնում Ճապոնիայի ու Ավստրալիայի հետ. Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դրանք ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի գլխավոր բազաներն են: Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի մշտական «տնային շնիկն» է Եվրոպայում: Ինքը Եվրոպան՝ Գերմանիան ու Ֆրանսիան է: Ինչ վերաբերում է Իրանին, ապա Թրամփը, իբրև մորմոն և հասիդական հրեաների ազգական, ուղղակի ատում է Արիացիների երկիրը, բայց քանի որ հիմար չէ, ուրեմն չի կարող անտեսել, ուստի և Պուտինի հետ զրույցում իրանական թեման հնչել է, համոզված եմ, այն հնչել է և՛ կոնկրետ Սիրիայի, և՛ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի կապակցությամբ:

Վատ է ամերիկյան լրատվամիջոցների արձագանքը: Ամերիկյան Associated Press գործակալությունը գրել է. «Պաշտոնակալությունից հետո նախագահ Դոնալդ Թրամփի առաջին խոսակցությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մտահոգություն է առաջացնում եվրոպական դաշնակիցների շրջանում, իսկ հանկարծակիի եկած հանրապետական գործընկերները չեն կարողանում հասկանալ, թե ինչ է լինելու Մոսկվայի հանդեպ ընդունված պատժամիջոցների ապագան»:
Ինչևէ, միևնույն է, վաղ է հետևություններ անել: Թվում է, թե հենց Պուտինի հետ խոսակցությամբ Թրամփը «հարձակման» է անցել իր իսկ կուսակցության անդամների վրա: Եվ, ինչպես հաղորդեցին լրատվամիջոցները հունվարի 30-ին, կոշտ մեղադրել է հանրապետական սենատորներ Ջոն Մակքեյնին և Լինդսի Գրեմին՝ Երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու եղանակ փնտրելու մեջ. «Նրանք երկուսն էլ սխալ են, ցավալիորեն անհամոզիչ... նրանց երկուսին էլ առաջարկում եմ իրենց եռանդը կենտրոնացնել ԻՊ-ի, անլեգալ ներգաղթի և սահմանների անվտանգության վրա, փոխանակ շարունակ փորձեն Երրորդ համաշխարհային պատերազմ սկսել»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:

Թվում է, սա ապացուցում է ԱՄՆ-ի նոր նախագահի խաղաղասիրությունը և երաշխիք է, որ Երրորդ աշխարհամարտ չի լինի: ՈՒ հանկարծ նույն օրը՝ մեկ այլ հաղորդագրություն. Bloomberg գործակալությունն իմացել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները և ԱՄՆ-ի զինված ուժերի ռազմավարական հրամանատարությունը ձեռնամուխ են եղել «Հիպոթետիկ միջուկային հարվածի դիմանալու Ռուսաստանի և Չինաստանի ընդունակության գնահատման» նոր ծրագրի մշակմանը: Այս է ԱՄՆ-ի Կոնգրեսի պահանջը, որը հանկարծ վերադարձել է դեռ մինչ Թրամփի պաշտոնակալությունը ձևակերպված որոշմանը: Չեմ կարող չհամաձայնել ՌԴ Պետդումայի փոխնախագահ Իրինա Յարովայի հետ. «Մոլագարային հանձնարարություն է, երբ ոչնչացման և պատերազմի գաղափարով տառապող մարդիկ ուզում են ըմբոշխնել հնարավոր զոհերի գոնե նկարագրությունը»: Եվ դա կլինի Թրամփի հիմնական պայքարը՝ ուղղված սեփական իսկ երկրի ֆաշիստների դեմ...

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ