Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ռուսաստանը պատահաբա՞ր էր ռմբակոծել թուրքերին, թե՞...

Ռուսաստանը պատահաբա՞ր էր  ռմբակոծել թուրքերին, թե՞...
28.02.2017 | 00:38

(սկիզբը՝ այստեղ)

Իսկ հարցերը զուր ու հռետորական չեն: Երևի հենց այն պատճառով, որ քաղաքում ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժեր կային, թուրքերն այսքան ամիս կռվում էին ոչ այս կողմից, ոչ այն, և չէին շտապում ո՛չ գրոհի անցնել, ո՛չ էլ լուրջ հրետակոծել կամ հրթիռակոծել Էլ-Բաբը, ախր յուրայիններին կարող էին վնասել: Հենց բոլոր տվյալների, պաշտոնական հաղորդագրությունների համադրումը և նուրբ փաստարկների հաշվառումը թույլ չեն տալիս, օրինակ, համաձայնել պահեստի ռուս գեներալ Լեոնիդ Իվաշովի այն տեսակետին, թե Սիրիային, իբր, հիմա ձեռնտու չէ հրահրել ռուսական ՌՏՈՒ-ի և Իրանի ռազմական խորհրդականների գործողություններն ընդդեմ Թուրքիայի, որովհետև, իբր, և՛ Աստանայում, և՛ մինչև Աստանա պայմանավորվածություն էր ձեռք բերվել Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման եռակողմ ձևաչափի (Ռուսաստան-Իրան-Թուրքիա) շուրջ: Ինչպես և չեմ կարող համաձայնել Իվաշովի հետ այն բանում, թե «ամերիկացիները հիմա ամեն ինչ կանեն (և նոր նախագահի օրոք նրանք արդեն ձեռնամուխ են եղել դրան) Ռուսաստան-Իրան-Թուրքիա «եռանկյունըն» փլուզելու համար, որին կմիանան նաև այլ երկրներ, և որը փոխում է իրադրությունը Մերձավոր Արևելքում»: Աստված սիրեք, գեներալ, ԱՄՆ-ն արդեն այդ «եռանկյունըն» փլուզել է «Սիրիայում փախստականների համար անվտանգ գոտու» ստեղծման մասին Թրամփի հայտարարությամբ, որովհետև Թուրքիան անմիջապես Վաշինգտոնի ոտների առաջ սկսեց «թավալ տալ»: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան վերադառնում են Սիրիայի «լիբիացման» և սիրիական որոշ տարածքների փաստական օկուպացման պլանին: Ահա թե ինչը չէր կարող չմտահոգել ինչպես Սիրիայի ղեկավարությանը, այնպես էլ Իրանին ու Ռուսաստանի ՌՏՈՒ-ի հրամանատարությանը: Բերեմ գեներալ Իվաշովից քաղված ևս մեկ հատված, որտեղ նա ձգտում է հիմնավորել, թե ինչ կարող է անել ԱՄՆ-ը Ռուսաստան-Իրան-Թուրքիա «եռանկյունը» փլուզելու նպատակով. «Մենք տեսնում ենք Իրանի դեմ իրականացվող պատժամիջոցները: Հիմա ինչ-որ բան կձեռնարկվի Թուրքիայի դեմ: Ես չեմ բացառում, որ և՛ ահաբեկչական գործողություններն են կազմակերպում ամերիկյան հատուկ ծառայությունները, և՛ Թուրքիայում հեղաշրջման նոր փորձը»:


Անկեղծ ասած՝ տրամաբանական չէ: Ի՞նչ կարիք կա տապալելու «խելոք տղա» Էրդողանին, որն ինքն էլ, նույն Ֆեթուլլահ Գյուլենի և Նեջմետտին Էրբաքանի միջոցով, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների «հաճախորդ» է: Գյուլենին արտահանձնելու պահանջով «խաղերը»՝ խաղ, սակայն ինչպես թաքցնես այն հանգամանքը, որ Թուրքիայի «չափավոր իսլամական շարժումն» ինքը ԱՄՆ-ի ու Իսրայելի հատուկ ծառայությունների համատեղ գործողության հոգեզավակն է: Եվ այստեղ Էրդողանը շա՜տ օպերատիվ կերպով արձագանքեց «Սիրիայում փախստականների համար անվտանգ գոտի» ստեղծելու մասին Թրամփի կոչին, և այն էլ առանց Էլ-Բաբում ամերիկյան հատուկ նշանակության ուժերին կրակի բերան տալու: Ինչո՞ւ պիտի ցանկանային Սիրիայում «արաբական գարնան» այս հավատարիմ ջատագովին ահաբեկել կամ տապալել: Նման բան չէին անի: Այնպես որ, ամերիկացիներն արդեն պառակտում մտցրել են, և ես կարծում եմ, փաստորեն 2017 թ. հունվարի 26-ից, երբ Թրամփի շրջապատից տեղեկության արտահոսք եղավ Սիրիայում «փախստականների համար անվտանգ գոտի» ստեղծելու Վաշինգտոնի պլանների մասին, ինչից հետո Ռուսաստան-Իրան-Թուրքիա կոալիցիան սկսեց անկասելիորեն ընթանալ դեպի ինքնափլուզում, որովհետև նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Հուսեյն Մուֆտուօղլուն հայտարարեց, որ «Թուրքիան արդյունք է սպասում «Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու» ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոստումից», հիշեցնելով, որ թուրքական կողմն արդեն երկար ժամանակ պաշտպանում է նման գոտիներ ստեղծելու անհրաժեշտությունը. «Մենք լսեցինք այդ հարցն ուսումնասիրելու ԱՄՆ-ի նախագահի մտադրությունը: Բայց ամենակարևորը այդ հետազոտության արդյունքներն են»:

Այնպես որ, ինչպես ասում են, որքան ուզում ես կերակրիր թուրքական գայլին, նա, միևնույն է, ամերիկյան անտառ է վազելու: Եվ այս ոչ այնքան հաճելի իրողությունը Մոսկվայում, Թեհրանում և Դամասկոսում, իհարկե, շատ արագ գիտակցեցին: Իրավիճակն էր դա պահանջում, քանի որ Էլ-Բաբի լիակատար գրավումը Թուրքիայի առջև ազատ ճանապարհ կհարթեր դեպի Սիրիայի հյուսիսում կեղծ պետության ստեղծում՝ «չափավոր սիրիական ընդդիմություն», իսկ իրականում թուրքոմաններից բաղկացած թուրքամետ վարչակազմով:
Նշենք նաև այլ կարևոր փաստեր. թուրքերին ռուսական ՌՏՈՒ-ի հասցրած հարվածից (փետրվարի 10) հետո հենց ամերիկացիներն ու ֆրանսիացիները հանկարծ հայտարարեցին, թե մտադիր են արագացնել Մոսուլի և Ռաքքայի ազատագրումը: Իսկ Էրդողանը փետրվարի 12-ից ազդարարում է, թե, իբր, թուրքական զորքերը հյուսիսային կողմից արդեն ներթափանցել են Էլ-Բաբ: Դե, իսկ հարավից ու արևելքից, պատկերավոր ասած, քաղաքում «շիական կոալիցիան» է՝ ռուսական ՌՏՈՒ-ի հովանու ներքո, բա լավ, հետո՞... Իրանցիներն ու տարբեր երկրների շիաները, ինչպես և ռուսական ՌՏՈՒ-ն, Սիրիայում գտնվում և գործում են Սիրիայի իշխանությունների պաշտոնական և, ուրեմն, օրինական դիմումի համաձայն: Ինչպես հայտնի է, թուրքերն էլ իրենց «Եփրատի վահանով». ոչ, նրանց ոչ ոք չի խնդրել ու չի հրավիրել: Եվ դեռ անցած տարվա դեկտեմբերի 22-ին սիրիացի քաղգործիչ, ընդ որում` ազգությամբ քուրդ, ԱՄՆ-ի խնամակալության տակ գործող «Սիրիական ժողովրդավարական խորհուրդ» ընդդիմադիր խմբավորման անդամ Ռեյզան Հեդուն կոշտ հայտարարել էր. «Թուրքական զորքերի կողմից Էլ-Բաբի զավթումը ուղղակիորեն կխախտի Սիրիայի ինքնիշխանությունը»: Մենք լիիրավ ենք այդ խոսքերը գնահատելու նաև որպես նախազգուշացում Սիրիայի քրդերի կողմից՝ ուղղված Թուրքիային՝ կվերցնեք Էլ-Բա՞բը, դե մենք էլ կմիանանք Բաշար Ասադին ու Իրանին և թուրքերին դուրս կշպրտենք Էլ-Բաբից: Ի դեպ, ահա և քուրդ Ռեյզան Հեդուի հայտարարության շարունակությունը. «Մենք հանդես ենք գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության և ահաբեկչության դեմ պայքարի օգտին: Սակայն պետք է ոչնչացնել «մրջնանոցը»՝ բոլոր մրջյուններին սպանելու համար: Ես ուզում եմ ասել, որ քանի դեռ ահաբեկչությունը սնուցող աղբյուրները գոյություն ունեն, ահաբեկիչները կշարունակեն լինել Սիրիայում: ՈՒզում եմ ընդգծել, որ մենք կողմ ենք միասնական, աշխարհիկ ու ժողովրդավարական Սիրիայի»: Իսկ ո՞ւմ համար է գաղտնիք, որ «Սիրիայում ահաբեկչությունը սնուցող աղբյուրներից մեկը» հենց Էրդողանի Թուրքիան է:


Մոսուլ (Իրաք)-Ռաքքա (Սիրիա) ճանապարհը, որով իրականացվում էր Իրաքից ԻՊ խմբավորման մատակարարումը, Արևմտյան Մոսուլի ազատագրմամբ փակել են «Ալ-հաշիդ աշ Շաաբի» շիա-քրդա-քրիստոնեական շարժման աշխարհազորայինները: Էլ-Բաբից դեպի Ռաքքա տանող ճանապարհը, ու հենց թուրքերին ռուսական ՌՏՈՒ-ի հարվածից հետո, փակել են Սիրիայի բանակը, իրանցիներն ու լիբանանյան «Հըզբոլլահի» մարտիկները: Հավելումն սրա, արժե նաև հիշեցնել, որ 2016 թ. դեկտեմբերին Բաշար Ասադը թուրքերին նախազգուշացրեց, որ եթե թուրքական զինվորականները մուտք գործեն Էլ-Բաբ, ապա դա «կարմիր գիծ» կդառնա Անկարայի համար: Այսինքն, այլ խոսքով ասած, սիրիական զինված ուժերը, «ի դեպս», պատրաստ կլինեն նաև զենք գործադրելու թուրքերի դեմ: Իսկ որ «ի դեպս» նման իրավիճակներ նույնիսկ շատ հնարավոր են, համոզում է այն հանգամանքը, որ Էլ-Բաբից ռուսական և իրանական զինվորական աղբյուրների պաշտոնական հաղորդագրություններում ակնհայտորեն երևում է, որ «ամեն ինչում մեղավոր են թուրքերը»: Ահա նման «ի դեպս» իրադրության հնարավոր մի սցենար. օրինակ, Ասադի կողմում գործում են «Սիրիական ազգային դիմադրության» քուրդ-արաբական ջոկատները: Ավելի ու ավելի է խորանում ԱՄՆ-ի և իսրայելցիների նկատմամբ քրդական «Ժողովրդավարական միության կուսակցության» (PYD) և նրան մոտ կանգնած «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) ղեկավարների ատելությունը, որոնք արդեն Ջերաբլուսի ու Մանբիջի համար անցած տարվանից հարմար պահի են սպասում, որ Թուրքիայի «հախից գան». չէ՞ որ թուրքերը Էլ-Բաբի մոտ փոխանակ կռվեին ԻՊ-ի զինյալների դեմ, նախ քաղաքից «քշեցին» հենց քրդական YPG-ի ջոկատները: Նկատի ունենալով այդ ուժերի առկայությունը, սիրիա-թուրքական զինված դիմակայության վտանգը էլ ավելի է մեծանում: Ինչպես նաև այն վտանգը, որ, առնվազն, իրանական ռազմական խորհրդականներն ու շիական կամավորականները կարող են կամաց-կամաց օգնություն ցուցաբերել թե՛ Սիրիայի բանակին, թե՛ քրդերին, քանի որ հարավից են մտել Էլ-Բաբ: Կամ էլ Իրաքից Էլ-Բաբ, Ռաքքա և Թադմոր (Պալմիրա) նետել «Ալ-Հաշիդ ալ-Շաաբիի» աշխարհազորի որոշ ջոկատներ, որի շարքերում, ինչպես հայտնի է, կռվում է նաև Թուրքիայի «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) փեշմերգայի մի մասը: Կարծում եմ, արդեն նույնիսկ ամենավատ իրազեկվածները մոտավորապես կարողացան պատկերացնել, թե ինչ «փլավ է եփվում» Էլ-Բաբի, Ռաքքայի ու Թադմորի (Պալմիրա) շուրջ:
Համոզված եմ, որ Անկարան էլ է այս ամենը տեսնում և լիովին գիտակցում է Սիրիայի բանակի, իրանական ռազմական խորհրդականների, շիական կամավորականների ու քրդական բոլոր կուսակցությունների ու կազմակերպությունների փեշմերգայի ուժերի միավորման հնարավոր հետևանքների ծանրությունը: Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ն էլ թուրքերի «սանձը ձգած է պահում» շուտով Սիրիայում «փախստականների համար նախատեսված անվտանգ գոտիներ» ստեղծելու մասին Թրամփի խոսքերից հետո: Հարց է առաջանում. ինչպե՞ս է հաջողվելու ռուսական ՌՏՈՒ-ին և՛ օգնել վերոհիշյալ ուժերին, իսկ դա անխուսափելի է, և՛ միաժամանակ նաև մի տեսակ «չխանգարել» կամ նույնիսկ օգնել Թուրքիային, քանի որ նույն Էլ-Բաբի մոտ մի երկու անգամ ռուսական օդաչուներն ու թուրքական ռազմաօդային ուժերն արդեն գործակցել են: Առայժմ այս հարցի պատասխանը չկա: Բայց մենք կարող ենք վերստին անդրադառնալ ինչպես թուրքական զինծառայողներին հասցված փետրվարի 9-ի ավիահարվածների միջադեպի, այնպես էլ Էլ-Բաբում և քաղաքի մերձակայքում փետրվարի 11-ին ձեռք բերված ռազմական նվաճումների մասին ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունների նրբերանգներին: Տադեֆ ավանը, այսինքն, ըստ էության, Էլ-Բաբի և քաղաքի հարավային արվարձանների դարպասն արդեն սիրիացիների ու իրանցիների ձեռքին է:


Եթե ելնենք այն հանգամանքից, որ թուրքին այնքան էլ պետք չէ վստահել ու հավատալ, ապա թուրքական գլխավոր շտաբի ուշացած հայտարարությունն այն մասին, որ, իբր, Էլ-Բաբում ռուսներն ունեցել են թուրք զինծառայողների ճշգրտված կոորդինատները, և որ, ստացվում է, ռուսները միտումնավոր են ռմբակոծել թուրքերին, պետք է գնահատել իբրև ինչ-որ մեկի կողմից թելադրված քայլ, որի նպատակն է եղել ավելի արագ վերջ դնել Սիրիայի հարցում ռուս և թուրք զինվորականների կապերին: Բայց դա էլ հենց Ռուսաստան-Իրան-Թուրքիա «եռանկյունու» հիմքն է, քանի որ Իրանը տարեսկզբից արդեն քանիցս պաշտոնապես հայտարարել է, որ Սիրիայից իրանցիների հեռանալու վերաբերյալ ոչ մի թուրքական և ամերիկյան առաջարկություն չի կարող ընդունվել: Այսինքն, ըստ էության, գրեթե երկու ամիս է, ինչ «եռանկյունըն» արդեն «երկանկյուն» է՝ Իրանի սպասողական դիրքորոշմամբ: Եվ եթե Ռուսաստանի պաշտպանության նախարարության փետրվարի 9-ի և 11-ի տեսակետներն ընդունենք որպես հավաստի տվյալներ, ապա պետք է սպասել, որ շուտով կամ Թուրքիան լռելյայն կհամաձայնի Սիրիայում չհակադրվելու ոչ ոքի (թերևս, միայն այն դեպքում, եթե մարտի մեջ մտնեն քրդերը, Անկարան չի պահպանի լռությունը), կամ էլ «սիրիական եռանկյունը» կվերադառնա իր նախնական՝ Ռուսաստան-Իրան-Սիրիա ուրվագծին, «պահեստում» ունենալով իրաքյան շիաներին: Այդ դեպքում և՛ Թուրքիայի, և՛ Սիրիայում ամերիկյան «անվտանգ գոտիների» ճակատագիրը կկանխորոշվի սկզբնական «սիրիական եռանկյան» ձևավորման տրամաբանությամբ:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2404

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ