Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Բեյջ կամ հպանցիկ դիտարկումներ

Բեյջ կամ հպանցիկ դիտարկումներ
24.09.2017 | 00:32

Մարզահամերգային համալիր ոտք դնելու համար լրագրողներին առանձին մուտք էր հատկացված:
Ավագ որդուցս կրտսեր անվտանգության ծառայության աշխատակիցը հարցնում է ով լինելս, հավատարմագրման ցուցակով ստուգում, պայուսակս բացել տալիս, զննում և ասում.
-Անցե՛ք:
Չգիտեմ «բեյջ» բառի հայերեն համարժեքը (վզակա՞խ, վզանձնագի՞ր. չմոռանամ սփյուռքահայերին հարցնել` միգուցե նրանք գիտե՞ն ճշգրիտ թարգմանությունը) և ասում եմ.
-Իսկ բեյջ չե՞ք տալիս:
-Անցե՛ք:
Անցնում եմ մետաղորսիչի միջով: Չի զնգում:


Լիագումար նիստը բացում է սփյուռքի նախարարը և սովորականի նման -ություն վերջածանցը ձայնում` -ուցուն: Իր ոճն է: Իսկ ես մտաբերում եմ, թե ինչպես մի անգամ համալսարանի գրաբարի դասախոսս` Նարեկացու թարգմանիչ Վազգեն Գևորգյանը, «Մատեանից» անգիր արտասանելս ընդհատեց և «անբավարար» նշանակեց, ինչ է թե «խաղաղություն» բառը ձայնեցի «խաղաղուցյուն»: Հետո նախարարն սկսում է «ձայնը» տալ Վեհափառ Հայրապետին, երկրի նախագահին, Արցախի նախագահին, իսկ իմ մեջ ցանկություն է առաջանում ոտքի կանգնել և ասել. «Ձայնը մարդուն Աստված է տվել, Դուք ընդամենը խոսքն եք փոխանցում»: Բայց դե 70 երկրներից ժամանած 1500 պատվիրակների ներկայությամբ ինչպե՞ս պիտի դա անեմ: Ամոթ է: Զուսպ մարդ եմ, լռում եմ:


Վեհափառ Հայրապետի «Տերունական աղոթքին» ձայնակցում եմ: Կողքիս կանգնած կինն արագ ու խեթ հայացք է ձգում վրաս: Չմոռանամ սփյուռքի նախարարին առաջարկել, որ «Տերունական աղոթք» չիմացողներին այսուհետ համաժողովի չհրավիրի:
Երկրի ղեկավարի ելույթում պարունակվում են մտքեր, որոնք մտահոգվելու տեղիք են տալիս: Իսկ Արամ Ա կաթողիկոսի սթափեցնող, խորհելու առիթ տվող խոսքերը մտքիցս դուրս չեն գալիս. «Արցախը, բնականաբար նաեւ Հայաստանը, կը գտնուին ոչ պատերազմ եւ ոչ խաղաղութիւն իրավիճակի մէջ։ Այս անորոշ կացութեան երկարաձգումը լուրջ վտանգ մըն է Հայաստանի համար։ Թերեւս այսպէ՛ս կ’ուզեն թէ՛ մեր բարեկամները եւ թէ ոչ-բարեկամները՝ մեկնելով շրջանի իրենց աշխարհաքաղաքական շահերէն»։
Ընդմիջմանը ճեմասրահում հանդիպում եմ հայաստանցի ու սփյուռքաբնակ վաղեմի ընկերների, բարեկամների, ծանոթների:


Ապա նորից գնում եմ մուտքի մոտ և անվտանգության աշխատակցից բեյջ ուզում: ՈՒղարկում է շենքից դուրս, թե` այդինչ սենյակում հարցրեք:
Այդինչ սենյակում իգական սեռի մի գունդուկծիկ ջանադրաբար ցույց է տալիս, թե խիստ լարված աշխատում է: Երբ հանդարտ, քաղաքավարի բացատրում եմ բեյջի խնդիրը` ինձ ուղարկում են… ներս` այնինչ սենյակ: Այդ պահին հասկանում եմ լրագրողների լիրբուլաչառ լինելու պատճառը` տարրական հարց լուծելու համար այդպիսին պիտի լինես ցանկացած պետական ծառայողի հետ:
Շենք մտնելիս ինձ ստուգում է միջնեկ որդուցս կրտսեր անվտանգության աշխատակիցը: Հարցուփորձ, պայուսակիս զննում, մետաղորսիչ: Այնինչ սենյակում խոստանում են հաջորդ ընդմիջմանը խնդիրը հարթել:
Համաժողովը, ըստ սցենարի, բաժանել են չորս ուղղությունների, ես ընտրում եմ չորրորդը` հայապահպանումը:


Առաջին նիստը վերաբերում է կրթության դերին: Նիստը վարում է կրթության ու գիտության նախարարը: Կատարյալ հիասթափություն եմ ապրում, որովհետև թե Հայաստանի և թե սփյուռքի կրթական պատասխանատուները ներկայացնում են տաղտկալի հաշվետվություններ: Ո՛չ մի գործնական առաջարկ: Բայց ես ցանկություն չունեմ ջուրծեծոցի լսելու, ինձ մտահոգում է այս տարի Ռուսաստանում առաջին դասարան ոտք դրած թոռնուհուս ճակատագիրը: Նախօրոք գրված վատ սցենարը խախտում են դահլիճում նստածները, որոնք հազարմեկերորդ անգամ առաջ են բերում դասական ուղղագրության և արևմտահայերենի պահպանման խնդիրները: Հիմա տեղը չէ հանգամանալից փաստարկելու, բայց այդ մարդկանց կուզենայի ասել. «Սիրելիք, Հայաստանում պետական լեզուն արևելահայերենն է, որով կրթվում ու հաղորդակցվում են միլիոնավոր մարդիկ: Անձամբ ես կարողանում եմ գրել դասական ուղղագրությամբ, կարդում ու հասկանում եմ ոչ միայն գրաբար, այլև արևմտահայերեն, որն է Կ. Պոլսի բարբառը (որովհետև ձեզ կասեմ Մալաթիայի, Մանիսայի և այլ վայրերի բարբառային բառեր, որոնք չեք հասկանա): Ես պատրաստ եմ այստեղ-այնտեղ-ի փոխարեն գործածել հոս-հոն, իսկ դուք համաձա՞յն եք, ասենք, կ’ուզեմ-ի փոխարեն գործածել` ուզում եմ: Ամեն մեկդ տիրապետում եք 2-3 օտար լեզվի, ձեզ ի՞նչն է խանգարում սովորել նաև արևելահայերեն: Եկել եք համաժողովի, որը իսկը տեղն է` առաջարկեք անցումային շրջանի փոխզիջումային նոր հայերենի տարբերակ, որտեղ կլինեն թե դասական ուղղագրության և թե արևմտահայերենի տարրեր: Փոխզիջման պատրաստակամություն դրսևորեք, ձերը մի՛ պարտադրեք»:


Ընդմիջմանը բեյջի հարցով գնում եմ այնինչ սենյակ, որտեղից ինձ կրկին ուղարկում են այսինչ սենյակ` շենքից դուրս: Իգական գունդուկծիկը նորից մատնացույց է անում այնինչ սենյակը: Սա իսկական տշտշոց է, ձեռառնոցի, որն ինձ ափերից հանում է: Աստված վկա, հինգ տարվա ընթացքում «Իրատեսի» անունը երբեք չեմ օգտագործել, խմբագրության վկայականը երբևիցե որևէ մեկի չեմ ցուցանել: Բայց այս անգամ զայրացած սպառնացի, թե ամենի` սփյուռքի նախարարության անկազմակերպ աշխատանքի մասին կգրեմ թերթում:
(Ես մանրախնդիր մարդ չեմ, պարզապես այդ անիծյալ բեյջն ինձ պետք էր հաջորդ երկու օրերին առանց խոչընդոտների մասնակցելու համաժողովի աշխատանքներին)։
Սպառնալիքս, կարծես, արդյունք տվեց: Մի կին որոշեց ինձ ներս տանել: Մտնելիս ստուգեց կրտսեր որդուցս կրտսեր անվտանգության աշխատակիցը: Հարցուփորձ, պայուսակիս զննում, մետաղորսիչ: Կինն ինչ-որ մեկի զանգահարեց, ու երկու րոպեից բերեցին ոչ միայն իմ, այլև… գլխավոր խմբագրի բեյջերը:


Ճակատամարտում հաղթեցի, բայց չգիտեի, որ պատերազմում պարտվելու եմ: Իսկ պատերազմը մշակույթի դերն էր հայապահպանության գործում:
Նիստավարը մշակույթի նախարարն էր: Կրկին անբովանդակ, տտիպ հաշվետվություններ, բայց մի տարբերությամբ` նախարարը մերձակա շրջապատից ընտրել էր «ինտելեկտուալների», որոնք անհամ հաշվետվություններին պիտի աղ համեմեին` խելացի մտքերով քննարկման տպավորություն ստեղծելու նպատակով: Բայց երբ այդ «խելոքներից» մեկը հայտարարեց, թե համահայկական առաջին համաժողովը տեղի է ունեցել 1979 թ. և սկսեց ինչ-ինչ գաղտնագրական դատողություններ անել, հասկացա, որ սա իմ տեղը չէ: Որովհետև առաջին համաժողովը կայացել է 1916 թ. Պետրոգրադում և խնդիր ուներ ազգը փրկել կործանումից:


Միայն մի մարդ, կարծեմ` Օհանջանյան ազգանվամբ, կարծեմ` Վիեննայից ու կարծեմ տարիներ առաջ հետը ծանոթացել էի, տեղից ելույթ ունեցավ և ասաց, որ հայապահպանման խնդրում առաջնային դերը պատկանում է հայրենական հեռուստատեսությանը, որն զբաղվում է ոչ թե հայապահպանմամբ, այլ հայաքանդմամբ: Լիովին համաձայն էի այդ մարդու հետ: Բայց երբ նախարարը վարպետորեն «ջրեց» այդ վտանգավոր թեման, որոշեցի, որ հաջորդ երկու օրերին համաժողով չեմ գնա:
Թեպետ արդեն բեյջ ունեի:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 6820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ