Սիրիայում Ասադի իշխանության տապալումից և թուրքամետ զինված խմբավորումների սրընթաց հաղթանակից հետո կարելի է փաստել և կանխատեսել հետևյալը.
1. Սա Մեծ Մերձավոր Արևելքի վերաձևման և վերափոխման փուլերից մեկն է, սակայն ոչ վերջինը:
2. Սա համաշխարհային ու տարածաշրջանային իրողությունների և ուժերի հարաբերակցության փոփոխության ամրագրումն է գործնական հարթությունում և ռեալ քաղաքական գետնի վրա:
3. Սա Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռյակում կրկին Թուրքիայի ռեալ հաղթանակն ու ձեռքբերումն է` նաև ի հաշիվ մյուս երկուսի:
4. Սա Թուրքիայի դերի, հեղինակության աճն է և դրան հակառակ Ռուսաստանի, Իրանի իմիջի անկումն է, ազդեցության թուլացումը, որն ունի մոտ ապագայում էլ ավելի նվազելու ու զրոյանալու միտում:
5. Թուրքիայի հայտարարություններում ակնհայտ են հղումները պատմության տարբեր փուլերին և իրավիճակներին, որոնք հստակ քաղաքականության շնորհիվ ներկայումս դառնում են իրողություններ:
6. Ռուսաստանի և Իրանի հայտարարությունները, սպառնալիքները և իրական գործողություններն ու քայլերը հետզհետե էլ ավելի են հեռանում իրարից` վերածվելով ոչ ազդեցիկ ու հնաոճ հռետորաբանության, իսկ սպասվող «հիմնավորումները», թե Ասադի բանակը չկռվեց, ուստի իրենք չէին կարող ոչինչ անել, շատ նման են 44-օրյա պատերազմից հետո հնչող «Հայաստանը չէր ճանաչել Ղարաբաղի անկախությունը և մենք ոչինչ չէինք կարող անել» ձևակերպմանը:
7. Իրադարձությունները ցույց կտան` նոր Սիրիան կլինի՞ Թուրքիայի ուղղակի և ուժեղ ազդեցության տակ երկիր, թե՞ նրա որոշ տարածքներ «ժողովրդի կամարտահայտման միջոցով և ժողովրդի կամքով» դե յուրե կմիանան Թուրքիային որպես նահանգներ:
8. Էրդողանը կերտեց իր ևս մեկ լրջագույն հաղթանակը և դա նրան կապահովի նախագահի պաշտոնում կրկին ընտրվելու ռեալ շանս, եթե առողջական վիճակը և մարդու վերահսկողության տակ չգտնվող այլ հանգամանքներ չխոչընդոտեն դրան:
9. Էրդողանը նաև սրանով գործնական քայլ արեց դեպի 1920 թ. Քեմալ Աթաթյուրքի առաջարկած «Ազգային ուխտի» քարտեզ, որի համաձայն Հալեպը և այլ սիրիական տարածքներ պետք է լինեն Թուրքիայի կազմում:
Փորձեմ ներկայացնել այս ամենի ազդեցությունը Հայաստանի և հայերի վրա.
1. Ասադի Սիրիայի անկումը վստահաբար ոգևորություն կառաջացնի Ադրբեջանում` թուրքական ձեռագրի կրկնօրինակմամբ և կիրառմամբ իր խնդիրների լուծման մտայնության մեջ մանավանդ մյուս երկու խաղացողների` Իրանի ու Ռուսաստանի քաղաքական հեղինակության անկման ֆոնին:
2. Հայաստանի համար բարեկամ երկիր Սիրիայի փոխարեն այլ, հստակ թուրքամետ պետություն է ձևավորվելու:
3. Հայ համայնքի համար Սիրիայում սկսվում է անորոշության փուլ, որը կարող է հանգեցնել արտագաղթի ևս մեկ ալիքի: Իշխանության տիրացած թուրքամետ ահաբեկչական խմբավորումները որոշակի փոխել են մարտավարությունը և հռետորաբանությունը, ուստի քրիստոնյաների շրջանում խմբակային մահապատիժներ դեռ չեն արձանագրվել, սակայն հետագայում տարաբնույթ սցենարներ բացառված չեն:
4. Հստակ է, որ նախկին Սիրիան այլևս չի լինելու, ուստի հայերի ու Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն ևս կարելի է կանխատեսել, ինչպես նաև Թուրքիայի համար զգայուն թեմաների բացառում. օրինակ` Հայոց ցեղասպանության հետ կապված հուշարձանների, հիշատակի վայրերի քանդում:
5. Չի կարելի բացառել նաև, որ հայերի մի խումբ կշարունակի ապրել Սիրիայում և կրկին թուրքական սցենարով նրանց վրա կկառուցվի նոր իշխանությունների «հանդուրժողականության» մասին պատրանքը:
Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ