Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է այսօր։ Սա տարեթիվ է, որը հայ ժողովուրդը պիտի նշեր աշխարհի մասշտաբով, ինչպես տասը տարի առաջ այս օրերին ու այս ժամերին արվում էր պետական ամենաբարձր մակարդակով, ինչին պատրաստվել էինք դեռ տարիներ առաջ:
Այդպես պիտի լիներ, եթե լինեին ոչ թե Արցախ հանձնող, Հայ Դատն ուրացող, այլ` ազգային իշխանություններ:
Առաջին տեսանյութում (Հ.Գ.1.) երեկվա ավանդական ջահերով երթի կադրերն են:
Երկրորդ տեսանյութը (Հ.Գ.2.) Արցախից է` 2023 թվականի Արցախը, երբ թշնամու շրջափակման մեջ գտնվող մեր Հայրենիքի այս սրբազան բեկորը դիմակայում էր:
Դիմակայում էր Արցախը, և մենք այս կադրերը տեսնելով` հավատում էինք , որ դեռ ապրելու է Արցախը, վերաազատագրվելու է արդեն բռնազավթված Արցախի մնացյալ հատվածը: Սակայն...
Հայաթափվեց Արցախը, և այսօր վանդալիզմի ու անհետացման եզրին է գտնվում Արցախի մեր մշակութային ժառանգությունը։
Արցախում տեղի ունեցավ ցեղասպանություն, քանզի Մեծ Հայքի 10-րդ նահանգ Արցախի բնիկ ժողովուրդը տեղահանված է։
Երկու տարի առաջ Արցախում վառված այս պահանջատիրության ջահերը շարունակում են վառվել մեր սրտում:
Արցախցին իր իրավունքների համար պայքարող ժողովուրդ է , և նրա ձայնը չի լռելու:
Չե՛նք թողնելու, որովհետև Արցախով ենք գնալու Արևմտյան Հայաստան...
Հայոց ցեղասպանության 70-ամյա տարելիցին, 1985-ի ապրիլի 24-ին, Գարեգին Բ. Մեծի Տանն Կիլիկիո (այնուհետև՝ Գարեգին Ա Ամենայն Հայոց) Կաթողիկոսն իր պատգամն է արտասանում Բուրջ Համուդի քաղաքապետարանի մարզադաշտում: Նրա խոսքը վերնագրաված էր՝ «Եօթը ողջոյն նահատակաց եօթանասնամեակին»: Ստորև ներկայացնում ենք մի հատված նրա խոսքից.
«ՈՂՋՈ՜ՅՆ ձեզ, երկնաբնակ հայորդիք, նահատակք պանծալիք, դուք, որ երկրի վրայ գերեզման չունեցաք, բայց աւազներէն, ջուրերու խորքերէն, ժայռերու ժանիքներէն, քարայրներու մթութիւններէն ճամբան գտաք դէպի երկինք վերթեւելու՝ Աստուծոյ ամենատես եւ ուղեցոյց հայեացքին զօրութեամբը: Ձեր արեամբ մկրտութիւնը Տէր Զօրի աւազներուն մէջ առաւ յարութիւն անուն եւ եղաւ նախադուռը ձեր երանական կեանքի կայքերուն: Իսկ երկրաբնակ ապրողներուս սրտերուն մէջ հաստատեցիք սուրբ եւ սրբացնող բնակութիւն: Եւ կու գայ օրը, երբ այլեւս բնականօրէն ճանչցուած ձեր սրբութիւնը կը դառնայ կանոնականացեալ սրբադասում, որուն արժանի էք մեր բոլորի խիղճերուն, քրիստոնէական հաւատքի անկեղծագոյն վկայութեամբը:
Կը զգամ, որ այժմ կը դիտէք մեզ՝ աշխարհի չորս ծագերուն, ձեր երկնայնացեայ տեսողութիւնը աշխարհագրական հեռաւորութխններն ու բաժանումները կ՚արհամարհէ: Դուք մեզ կը տեսնէք ՄԷԿ՝ ՄԷԿ անուամբ դրոշմուած, ՄԷԿ լեզուով բարբառող, ՄԷԿ անցեալի արմատներով սնանող, ՄԷԿ ապագայի հայեացքովը յուսավառուած: Հողեղէն մարդ ենք մենք դեռ, սակայն, աշխարհի վրայ ապրող եւ փորձանաւոր այս աշխարհէն փորձուող էակներ: Կը սխալինք երբեմն՝ նեղհայեաց մտածման եւ գործելակերպի ճամբաներուն մէջ սայթաքեյով: Կ՛աղաչեմ ձեզ, կրակէն անցած եւ մաքրափայյօրէն ոսկիացեալ հոգիներով յստակատես նահատակներ, շա՜նթ թափեցէք մեր գլուխներուն, եթէ թուլնանք մեր միութեան ամենազօր եւ ամենայաղթ հանգոյցներէն, ձեր աստուածացոլք ցասումը կայծակեցէ՛ք մեր գլուխներուն, երբ անտարբերութեան եւ հոգելքումի կամ սրտաթափումի թմբիրը այցելէ մեզի այս օտար ամայի ճամբէքի վրայ: Եղէք մեր խիղճը, մեր միութեան յարաբարբառ յուշարարը, հայութեան ջինջ հայելին, որուն յստակութիւնը, հարազատութիւնը, մաքրութիւնը արեամբ զոհողութեան փայլովն է շահուած: Ձեր նայուածքը մի՛ հեռացնէք մեզմէ, ձեր այդ նայուածքին մէջ մենք ունինք սլաքը մեր ուղղութեան եւ խթանը մեր արթնութեան, գաղտնիքը մեր յաղթութեան»։
2015-ին Ոգեկոչվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունենում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը` ի լուր աշխարհի, որ Հայ ժողովուրդը եղել է ու կա՛ իր Պատմական արդարության պայքարի ջահակիրը, քանի դեռ չի եղել Հատուցում։
Մեր անվախճան ուղին ՀԻՇՈՒՄ ԵՆՔ, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ, ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԵՆ բանաձևն ունի, և աշխարհում ոչ մի արտաքին ու դրածո ուժ չի կարող մեզանից խլել Հայոց պահանջատիրության ջահը։
Սփյուռքը Հայոց ցեղասպանության հետևանքն է։ Տասնամյակներ շարունակ Սփյուռքի մեր հայրենակիցները սերնդե-սերունդ պայքար են մղել օտար պետություններում, որպեսզի ճանաչվի ու դատապարտվի Հայոց ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պայքարը արդեն անկախ Հայաստանում դրվել էր պետական մակարդակի վրա ` դառնալով մեր արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը։
Այդպես էր մինչև 2017 թվականը: Իսկ այսօ՞ր։
Այսօր թուրքական մեկդարյա ժխտողականության դեմ պայքարած հայությունը ստիպված է Հայ Դատը պաշտպանել սեփական երկրի իշխող խմբակից, որի օրակարգը թշնամահաճո է... և դեռ շարունակում են մեր ազգային օրակարգ, մեր ազգային հոգևոր-հարթություն բերել թուրքական ժխտողականության այն թեզերը, թե «պատմությունը պիտի թողնել պատմաբաններին», «մենք դեռ պիտի քննենք` ինչո՞վ էին մեղավոր հայերը, որ եղավ ցեղասպանություն», անգամ ներողության խոսք է հնչում երկրի գլխավոր ամբիոնից Արցախ անունը արտաբերելու համար:
Բայց սա էլ բավական չէ։
Հայ ժողովրդի գիտակցության մեջ փորձում են ամրապնդել, թե «Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի ինքնությունն է»։
ՈՒզում եմ հարցնել. դուք մշակութաբանություն, հասարակակագիտություն ուսումնասիրե՞լ եք, գիտե՞ք ինչ է նշանակում ազգերի ինքնություն։ Ինչպե՞ս է դա ձևակերպվում։
Հայ ժողովուրդը հազարամյակների ճանանարհ անցած , մարդկային քաղաքակրթության հիմնադիր ազգերից է` ի՛ր նախաքրիստոնեական մշակույթով, ի՛ր էպոսով, ի՛ր Գրիգոր Նարեկացիով, ի՛ր Կոմիտասով...
Դա՛ է մեր ազգի ինքնությունը։
Հայի ինքնությունն իր քաղաքակրթությունն է` մեր եկեղեցիներն ու վանքերը, ձեռագիր մատյանները, նաև ժողովրդական կիրառական արվեստի նմուշները, որոնք թշնամին ոչնչացրեց հընթացս ցեղասպանության... և թշնամու մշակութային ցեղասպան քաղաքականությունն այսօր շարունակվում է Արցախում։
Մեր թշնամու «ազգային ինքնության» մասին որքան ասեք` պատմությունը և մարդկային քաղաքակրթության մասը դարձած մտածողները որքան ասեք` վկայում են, որ դա մի երկիր է, որի պատմությունը ցեղասպանությունների պատմություն է... որ Թուրքիայի ու թուրքերի պատմությունը միևնույն բանը չեն։ Այ, սա նրա՛նց ինքնությունն է, որը Վիկտոր Հյուգոն լավագույնս է ձևակերպել.
-Այստեղով թուրքն է անցել` սփռելով սուգ ամենուր...
Սա ասում է այն Հյուգոն, որը նաև գիտեր մեր քաղաքակրթության, ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ մասին և Մխիթարյան միաբաններին գրած իր նամակում մեծ պատիվ էր համարում հայերեն թարգմանվելը...
Սա՛ է մեր ինքնության կնիքը։ Իսկ Հայոց ցեղասպանությունը մարդկության ու քաղաքակրթության դեմ գործադրված ոճիր էր, որի արձագանքները տեսանք 20-րդ դարի վերջին ու այսօր էլ տեսնում ենք աշխարհի տարբեր տարածաշրջաններում` Սերբիա, Դարֆուր, Ռուանդա, մեր օրերում արդեն` Իրաք` ընդդեմ մեր եզդի եղբայրների, Սիրիա` ընդդեմ արամեեախոս ասորիների ու ալավիների...
Հայոց ցեղասպանության բարոյական գնահատականը տվել են դարձյալ հայ ժողովրդի օտարազգի բարեկամները`
-ՀԱՅ ԴԱՏԸ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԱՏՆ Է...
Այո, Հայ Դատը մարդկության դատն է։
Մեր ինքնությունը ցեղասպանված ազգ լինելը չէ, ինչպես փորձում են քարոզել։ Մեր ինքնության նկարագրություններից մեկը տվել են մեր հերոսամարտերը , թե ինչպես ցեղասպանությունից մազապուրծ եղած ազգը 1915-ից ընդամենը երեք տարի անց 1918-ին թշնամու զորքերին ջախջախեց Մայիսյան հերոսամարտերում։
Կուզե՞ք պատմության ավելի հեռավոր էջերից օրինակ հիշենք։ Խնդրեմ. հիշենք, թե ինչպես մեկ հազարամյակ առաջ , կորցնելով Բագրատունիների թագավորությունը, ընդամենը երեք տասնամյակ անց Հայը կարողացավ ստեղծել մի նոր հզոր թագավորություն Կիլիկիայի Հայկական թագավորությունը իր պատմությամբ ու քաղաքակրթությամբ ինքնատիպ երևույթ, որն օտար պատմաբանները այսօր համաշխարհային պատմության ֆենոմեն են կոչում։
Այսպիսին է մեր ազգի ինքնությունը` հառնել անգամ այնպիսի ծանրագույն շրջաններից հետո, երբ թվացել է, թե այլևս պիտի չլինեինք:
Այո, Հայ Դատը ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԱՏՆ Է, իսկ Հայոց ցեղասպանության համար պայքարը միշտ լինելու է մեր երկրի ու պետության արտաքին քաղաքականության գերակա ուղղությունը, մեր գոյապայքարի հիմնաքարերից մեկը, մինչև հասնենք հատուցմանը, որը մեզ համար նշանակելու է Արցախը, ապա նաև` Արևմտյան Հայաստանը վերադարձնելու և աշխարհասփյուռ հայության Հայրենիք վերադառնալու իրավունքի իրացում։
Մեր պայքարն անվախճան է, իսկ ուրացողներին թող որ մեր սրբադասված նահատակների հոգիները կարդան նախատինք։
Թող վախենան սերունդների ու մեր սրբադասված հոգիների նզովքից, քանզի դրա հետևանքը ուրացողների համար շատ ծանր է լինելու:
Ոչինչ չի մոռացվելու...
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ
Հ.Գ.1.
https://www.facebook.com/.../pcb.../563915209611647
Հ.Գ.2.
https://www.facebook.com/.../pcb.../563915209611647