ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ջավախքի արծիվները Արցախի լեռներում

Ջավախքի արծիվները Արցախի լեռներում
27.09.2024 | 07:55

Ս/թ սեպտեմբերի 25-ին վերաբացվեց «ՙՋավախքի արծիվները Արցախի լեռներում» հուշահամալիրը` բարերար, ծննդով Ջավախքի Կորխ գյուղից, Վաչագան Բասենցյանի հեղինակությամբ և հովանավորությամբ: Այն տեղակայված է Երևան-Աշտարակ մայրուղում, Պռոշյան համայնքի տարածքում, անմիջականորեն բարերարի առանձնատան ցանկապատի դիմերեսին: Վաչագան Բասենցյանը ոչ միայն հուշարձանի նախաձեռնողն ու բարերարն է, այլև նախագծի հեղինակն ու համալիրը կառուցողը՝ ճարտարապետ Հրաչյա Հովհաննիսյանի և քանդակագործ Տիգրան Պալյանի օգնությամբ:

Հուշարձանի խորագիրը փոխառվել է Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամատիկներին նվիրված` Վարդ Ղազարյանի 2003-ին հրատարակած գրքի նույնանուն վերնագրից:

«Սա այն բացառիկ հուշարձաններից է, որը հանգամանքների բերումով նորացվել և, այսպես կոչված, խմբագրվել է,- բացման խոսքում նշեց Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանը:- Այս հուշարձանի առաջին հանդիսավոր բացումը տեղի է ունեցել ուղիղ 15 տարի առաջ: Այն ժամանակ, մի այսպիսի գեղեցիկ աշնանային օր, հուշարձանը բացել է հայ ժողովրդի փառապանծ զավակ, գեներալ-գնդապետ, Հայաստանի ազգային հերոս Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը: 2009 թվականին մենք այս հուշարձանը բացել ենք հաղթողի հոգեբանությամբ, մեծ հպարտությամբ ու ոգևորությամբ հարգանքի տուրք մատուցել Արցախի ազատագրական պայքարում նահատակված ջավախքցի մեր հայրենակից ազատամարտիկներին: Այն ժամանակ հուշակոթողին արձանագրված էր հիսունչորս Նահատակի անուն… Դրանով մեկ անգամ ևս արձանագրվել են մեր ժողովրդի տարբեր հատվածների միասնությունն ու միասնական ուժերով ձեռք բերված փառապանծ հաղթանակը: Հերթական անգամ փաստվել է նաև, որ մեր ժողովրդի բոլոր հատվածների ճակատագիրը նույնն է, և մեր միահամուռ միասնությունն է, որ կարող է պսակվել հաջողությամբ ու հաղթանակով: Բայց, ինչպես տեսնում ենք, մեր դժվար ճակատագրի բերումով հարկադրված ենք անդրադառնալու նաև արդեն տասնհինգ տարվա պատմություն ունեցող հուշարձանին:

Մեր ժողովուրդն ապրեց նաև Արցախյան 44-օրյա պատերազմը, եղան բազմաթիվ նահատակներ, նաև Ջավախքից սերված, և ամենացավալին այն է, որ դրան հաջորդեց նաև Արցախի հայաթափումը, որն իսկական ազգային աղետ է: Արցախը հայաթափվեց, և հարցի բաղձալի լուծումն առժամանակ հետաձգվեց: Բայց պարտությունը կամ քաղաքական որևէ հանգամանք բոլորովին չպիտի խանգարեն, որ մենք արժանին մատուցենք նաև մեր նոր նահատակներին: Հենց այդ նպատակով էլ Վաչագան Բասենցյանը որոշեց անդրադառնալ նաև այս հուշարձանին և որոշ փոփոխություններ կատարել համալիրում: Մենք այսօր հավաքվել ենք պաշտոնականացնելու այդ փաստը և հավերժացնելու այդ նոր նահատակների հիշատակը: Հուշահամալիրում ավելացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ևս ութսուներկու նահատակի անուն»:

Հուշարձանը բաղկացած է երեք առանձին տրավերտինե սալաքարերից. կենտրոնում Հայաստանը ներկայացնող համեմատաբար խոշոր սալաքարն է (ստելան)՝ մեջտեղում խաչով, աջից և ձախից երկու ավելի փոքրերն են, որոնք խորհրդանշում են Արցախն ու Ջավախքը: Համալիրի հետին մոխրագույն բազալտե պատին հուշարձանի խորագիրն է՝ «Ջավախքի արծիվները՝ Արցախի լեռներում», որը, ըստ մտահղացման, խորհրդանշում է Սփյուռքը: Պատի աջ ու ձախ եզրերն ավարտվում են բարձրացող բազալտե սյուներով, որոնք պսակված են ուժի և ազատության խորհրդանիշ, թռիչքի պատրաստվող երկու բրոնզե արծիվներով: Հարևանությամբ՝ հուշասալերի վրա, արձանագրված են նահատակ հերոսների անունները: Կենտրոնական ստելայի դիմաց հուշաղբյուր-ցայտաղբյուրն է, որտեղից ջուր խմողը յուրովի խոնարհվում է նահատակ հերոսների և սրբազան խաչի առջև:

Անուրանալի է ջավախահայության ներդրումը Արցախյան ազատագրական պայքարի բոլոր փուլերում: Նրանք, ինչպես աշխարհասփյուռ հայրենապաշտ հայությունը, գործնական պատասխանատվություն ցուցաբերեցին արցախաբնակ հայրենակիցների և Արցախ աշխարհի նկատմամբ, ինչպես սեփական տան, հայրենիքի ու հարազատ ազգակիցների: Ջավախքը թիկունք կանգնեց իր մարտնչող հայրենակիցներին թե ռազմամթերքով, թե սննդով և թե մարդուժով; ՈՒմ-ում, եթե ոչ ջավախքցուն էր ընկալելի և հոգեհարազատ Մայր Հայրենիքին աղերսվելու կարոտն ու բաղձանքը:

Հայրենիքից հեռու ապրող հայի համար հայրենասիրությունը հայ մնալու և հայրենիքին ծառայելու միակ միջոցն է,- իր ելույթում նշեց վաստակավոր շինարար Վաչագան Բասենցյանը, որը մի շարք ճարտարապետական-շինարարական ձեռնարկների հեղինակ է Հայրենիքում և Սփյուռքում:

Մարտադաշտում ծավալվող ռազմական բոլոր գործողությունների ընթացքում հաղթեց հայ զինվորը, հաղթեց ռազմագիտության համաշխարհային պատմության մեջ աննախադեպ հերոսականությամբ և անկրկնելի սխրանքներով` թե զինական. թե քանակական, թե ահաբեկիչ վարձկանների անհամեմատ մեծածավալ ուժերի հանդեպ: Հայկական բանակը չի սպառել իր ներուժը և դեռ ասելիք ունի, շրջադարձային անելիք: Հայ զինվորը նահատակվեց, բայց չպարտվեց, պարտվեց դավադիր ռազմաքաղաքական իշխանությունը`դավաճանելով իր իսկ զորքին:

Հուշակոթողի վերաբացման հանդիսությունը մեկնարկելու համար բազմությունը, աչքը ջուր կտրած, սպասում էր Ջավախք հ/կ-ի առաջնորդին, ջավախահայության շահերի պաշտպան վերապատվելի պատգամավորին, իշխանական աթոռներ վայելող բարձրաստիճան այլ ջավախքցիների, բայց, փառք Աստծո, նրանք չբարեհաճեցին ժամանել արարողությանը` զրկելով հանդիսականներին իրենց ներկայությունը վայելելու երազանքից, քանզի մեզ միշտ խոչընդոտել է պարսկահայ, տաճկահայ, վրացահայ… լինելու պառակտիչ երևույթը, իսկ նրանց շնորհիվ վերահաստատվեց, որ գերադասելի է չլինել ենոքավանցի, բոզիգեղցի կամ գանձակցի, այլ պարզապես մարդ, որը անհաղթահարելի բարձունք է կերակրատաշտի ընձեռած չինովնիկական արտոնությունների դիմաց: Հովհ. Թումանյանը նկատում է, որ «Աշխարհքում ամեն բան հեշտ է, մի բան է դժվար՝ մարդ լինելը... Հեշտ բան հո չի՞ մարդ լինելը. մարդ փնտրելիս էլ, երբ մարդու մեծ կարոտ ես զգում, աշխատում ես նույնիսկ գտածին, եղածին մեծացնել - շատ բան տեսնել մեջը, բայց մի օր վերջիվերջո պատռվում է, բացվում է, տեսնում ես շա՜տ հասարակ կտոր է...»:

Ինչևէ:

Հանդիսավոր մասին հաջորդեց գեղարվեստականը` հայրենասիրական երգերով և հեզաճկուն հայուհիների պարերով, ապա նաև Մատաղի արարողությունը, որն անցավ անկաշկանդ և սիրալեցուն պայմաններում; Բոլորի մտահոգությունը մեկն էր` մեր հարևանի հետ պատերազմներն անխուսափելի են, և խաղաղությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է հզորանալ, պատրաստ լինել ամեն օր սպառնացող պատերազմի, որքան էլ ոմանք խաղաղության աղավնու դեր ստանձնեն, ինչ-որ պայմանավորվածություններ ստորագրեն թղթի վրա, սեղանին շարեն եռագույն ավազի ժամացույցներ կամ իրենց պատկերացրած Հայաստանի չեկանկան թափահարեն ի ցույց ժողովրդի, քանզի սա ոչ թե ազգամիջյան համամարտություն, այլ տեսակի, քաղաքակրթության, մշակույթի և հակամշամույթի, արարման և ավերակման, բարու և չարի հավերժական կռիվ է, որտեղ Բարին այլընտրանք չունի, քան նեռին զգետնելը; Հետևաբար, բոլորի ցանկությունն էր, որ մոտ ապագայում Հուշահամալիրն անցնի նոր խմբագրություն` անմահացնելով չարիքի դեմ վերջնական և լիակատար Հաղթանակ կերտած հերոսների անունները:

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3500

Մեկնաբանություններ