Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               

«Եթե վերահսկել հնարավոր չէ, պետք է քաոս սերմանել»

«Եթե  վերահսկել հնարավոր չէ, պետք է քաոս սերմանել»
05.06.2015 | 00:26

2013-ի ամռանն ու աշնանը Հայաստանում կատարվում էին տարօրինակ դեպքեր: Մորմոն Ջոն Հանթսման կրտսերը, որ արդեն հասցրել էր ԱՄՆ-ի նախագահի թեկնածու լինել, խզեց կապերը ԲՀԿ պատգամավոր, «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար (1998-2008) Վարդան Օսկանյանի հետ: «The Washington Post»-ը գրեց, որ 1988-ից Հանթսմանը «նվիրաբերել է» Հայաստանին 20 միլիոն դոլարից ավելի: 2010-ին «Huntsman International» ընկերությունը հեռացավ Հայաստանից, մնացած միջոցները փոխանցելով «Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվեհամարին, որ բացել էր Վարդան Օսկանյանը: Այդ ժամանակ Հայաստանի իշխանությունների մեջ հարցեր ծագեցին. Վարդան Օսկանյանին անգամ քրեական հետապնդումով էին սպառնում Հանթսմանի «նվիրատվության» պատճառով: 2013-ի ապրիլի սկզբին Հանթսմանը նույնիսկ դադարեցրեց Օսկանյանի հիմնադրամի ֆինանսավորումը: Դրվագը միայն առաջին հայացքից է ոչ նշանակալից և կապված է ինչ-որ սև կատվի հետ, որ անցել է մորմոն միլիարդատիրոջ և Հայաստանի նախկին արտգործնախարարի միջև: Հանրապետությունում 2013-ին նախագահական ընտրություններ էին, Արևմուտքը խաղադրույքը դրել էր արևմտամետ կուսակցությունների վրա, և անհատները փորձում էին «փողոցային ժողովրդավարությամբ» ապակայունացնել վիճակը Հայաստանում:
Իսկ հիմա հիշենք՝ ինչ ակտիվ էր ԱՄՆ-ը 2013-ին, Հայաստանում հերթական նախագահական ընտրությունների նախօրեին: Հունվարի 30-ին կայացած վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության երևանյան հիմնադրամի (USAID) տնօրեն Կարեն Հիլարդի ու դեսպան Հեֆեռնի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչև մարտի 31-ը ինչ-որ հատուկ, «աննախադեպ» (Հիլարդի խոսքով) համաձայնագրի մասին՝ ի նպաստ Հայաստանում ժողովրդավարության և կառավարման ոլորտի զարգացման ծրագրերի: Համաձայնագրի շրջանակներում USAID-ը առաջիկա 5 տարիներին մտադրվում էր Հայաստանին տրամադրել 32 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն՝ այսպես կոչված «ժողովրդավարական ու կառավարման բարեփոխումների անցկացման» համար: Որոշ ժամանակ առաջ հենց Հիլարդն էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ 2012-ի սեպտեմբերի 26-ին հանդիպման ժամանակ ներկայացրել ամերիկյան «օգնության» պայմանները: Պայմանները հայկական ԶԼՄ-ներում ավանդաբար բարձրաձայնեց ԱՄՆ-ի դեսպան Հեֆեռնը արդեն 2013-ի հունվարին. «Մենք ձգտում ենք, որ Հայաստանն իր հայացքը Արևմուտք ուղղի» (Lragir.am կայքին տված հարցազրույցում և հունվարի 16-ին ԱՄՆ-ի Կոնգրեսում): Հիշեցնենք, որ դեռ անցյալ դարի 60-70-ական թթ. լավ հայտնի է, որ հենց USAID-ի հովանու տակ ԱՄՆ-ի իշխող շրջանակները քողարկում էին դիվերսիոն գործողություններն ու պետական հեղաշրջումների սցենարները Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի ու Ասիայի երկրներում, որ իրագործվում էին ԱՄՆ-ի ԿՀՎ-ի անմիջական վերահսկողությամբ ու ղեկավարութամբ: Հիմա խոսվում է, որ USAID-ը մտադիր է եզրափակելու իր գործունեությունը Հայաստանում: Լավ հայտնի է՝ այնտեղ, ուր ԱՄՆ-ի կարծիքով պետք է ղեկավարեն խամաճիկները, Վաշինգտոնը ոչ մի տնտեսական զարգացում «չի կանխատեսում»: Երևանում արևմտամետ շրջանակները սիրում են բարբաջել, որ «ամեն ինչ վաճառված է Ռուսաստանին», սակայն կտրուկ լռում են, երբ խնդրում ես գոնե համեմատական վերլուծություն ներկայացնել Հայաստանի տնտեսության մեջ ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների մասով: Բայց Հայաստանի ամերիկամետ տրամադրված քաղաքացիներից ո՞ւմ են լրջորեն մտահոգել երկրի շարքային քաղաքացիների շահերն ու դժվարությունները: Նրանց խնդիրն է՝ իրար մեջ բաժանել արևմտյան «դրամաշնորհային օգնությունը» և վերջ: «ԱՄՆ-ի օգնությունը» մտահոգություն է, որ ամերիկյան հետախուզական ծառայությունները «ուրիշների ցուցանակների» տակ կարողանան ֆիզիկապես ներկա լինել տարածքում, որը, չգիտես ինչու, Վաշինգտոնին պետք է: Երկրորդ խնդիրն է՝ նպաստել Հայաստանում քաղաքական ուժերի ձևավորմանը, որոնք (հասարակական կազմակերպությունների կամ «քաղաքացիական հասարակության» այլ անվանումների տակ) «իրենց հայացքներն Արևմուտք ուղղեն»:
Իսկ որտե՞ղ է բարեկամական հոգատարությունը Հայաստանի տնտեսության զարգացման, ժողովրդի բարեկեցության մասին: Ավաղ, դա երբեք պետք չի եղել ամերիկացիներին: ԱՄՆ-ը ընդհանրապես ձգտում է ներդրումներ չանել հետխորհրդային պետությունների տնտեսության ռեալ հատվածում՝ որևէ շահ չունենալով: ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ստրոուբ Թելբոտը (1994-2001) իր գրքերից մեկում Ղազախստանի օրինակով բաց ասում է, որ չարժի ԱՄՆ-ը ներդրումներ անի հետխորհրդային ենթակառույցներում այն պարզ պատճառով, որ այլևս հնարավոր չի լինի վերադարձնել: Հենց այդ պատճառով ԱՄՆ-ի ներդրումները քաղաքական հենք ունեն: Գումարները դրամաշնորհների տեսքով ուղղվում են հասարակական սեկտորին` «հինգերորդ շարասյուն» ստեղծելու նպատակով, ոչ ավելին: Բայց օրինաչափ հարց է ծագում՝ իսկ պե՞տք են ազդեցության գործակալները Հայաստանի ներսում, հասարակության ներսում, երկրի չքավոր քաղաքացիներին, որ բնակչության 90 %-ն են: Ընդհանրապես՝ պե՞տք է ԱՄՆ-ի այդպիսի «օգնությունը»: Երևանում ԱՄՆ-ի դեսպանները կանոնավոր հերթագայում են միմյանց՝ Հեֆեռնին հաջորդեց Ռիչարդ Միլզը (ինչպես Հեֆեռնն էր հաջորդել «ղրղզական հեղափոխության աստղ» Մարի Յովանովիչին), բայց Հայաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության իմաստն ու «գործունեության» բնույթը ակնհայտորեն անփոփոխ են մնում: Ահա ինչ է նշել PolitRUS ինտերնետ ռեսուրսը 2015-ի ապրիլի 22-ին «Հաաստանում հակառուսական քարոզչության մեջ Արևմուտքից ֆինանսավորվող ՀԿ-ների դերը» հոդվածում. «Բոլոր վերոնշյալ կազմակերպությունների աշխատանքների մեթոդները ամբողջության մեջ հանգում են «ուղեղների ակտիվ լվացման», առաջին հերթին՝ հայ երիտասարդների: Դա կատարվում է տարատեսակ քննարկումների, սեմինարների, կլոր սեղանների, կոնֆերանսների տեսքով Երևանում և հայկական հիմնական հանգստավայրերում: Տեղի ընտրությունը բնավ պատահական չէ՝ «աշխատանքային» մասին զուգահեռ հայ երիտասարդները հնարավորություն են ստանում լավ հանգստանալու շռայլ ՀԿ-ների և նրանց վերահսկիչ արևմտյան հատուկ ծառայությունների հաշվին: «Աշխատանքային» մասը 90 %-ով կազմված է զեկույցներից, վերլուծություններից և այլ հրապարակումներից, որոնք պատմում են ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Արևմուտքի գլոբալ քաղաքականության վերջին տրենդների դերի մասին: Նաև՝ դատողություններից խաղաղության պահպանման անհրաժեշտության և արևմտյան քաղաքակրթության առաջմղման մասին երրորդ աշխարհի՝ Հայաստանի պես, երկրներում: Արևմտամետ լրատվամիջոցները, իրենց հերթին, անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում համապատասխան տեղեկատվությամբ այդ գործունեությունը համեմում են պահանջվող կծվությամբ սոուսով»:
«Այդպիսով, համեմատաբար ոչ մեծ ներդրումներով արևմտամետ ՀԿ-ներում օտարերկրյա հատուկ ծառայությունները Հայաստանում ձևավորում են իրենց նպատակներին ու խնդիրներին համապատասխանող հասարակական կարծիք, որ հենված է առաջին հերթին երիտասարդների տեսակետների վրա: ՀԿ-ները, հղում անելով գենդերային խնդիրներին, եկեղեցու դերի մեծացմանը կրթական գործընթացում, բարձրագույն կրթության համակարգի քաղաքականացվածությանը, հայտարարեցին, որ կրթական ոլորտի բարեփոխումները կատարվում են «ոչ անհրաժեշտ ուղղությամբ»: ՀԿ-ների դժգոհության պատճառներն ուսումնասիրելու համար Հայաստան եկավ Համաշխարհայի բանկի պատվիրակությունը, որը վերջնական որոշում ընդունեց… «Հայաստանի հասարակական սեկտորի ֆինանսավորման մեծացման մասին»: Ի տարբերություն արևմտամետ ՀԿ-ների աշխատանքի մեթոդների, Վրաստանում, ՈՒկրաինայում, Մոլդովայում, Հայաստանի նրանց գործընկերները գործնականում չեն համագործակցում արդարադատության և պաշտպանության նախարարության հետ: Համենայն դեպս, պաշտոնապես չեն բարձրաձայնում նման գործունեությունը, որպեսզի իշխանությունների զայրույթը չհարուցեն: Սակայն տեղեկացված աղբյուրների լուրերով, իրականում արևմտամետ ՀԿ-ները հետաքրքրված են ուժային ու պաշտպանական կառույցների գործունեությամբ: Նրանց աշխատակիցների հետ հանդիպումները մասնավոր են, բայց համապատասխան ծառայություններն արձանագրում են: Ինչպես և «կամուրջներ կառուցելու» փորձերը Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի սպաների հետ, ներգրավելով և Ռուսաստանում հայկական սփյուռքի ներկայացուցիչներին»:
Կապվա՞ծ են Հայաստանի արևմտամետ ՀԿ-ները և աղանդավորները: Եթե նման կապ լինի էլ, ոչ մեկ, ոչ մյուս կողմը չի խոստովանի: Բայց կասկած չի հարուցում նրանց միջնորդավորված կապը իրենց հրահանգավորող արևմտյան հատուկ ծառայությունների հետ: Ինչպես կասկածներ չի հարուցում, որ հայկական ՀԿ-ներին և հայ աղանդավորներին սպասարկում են արևմտյան հատուկ ծառայությունների նույն բաժանմունքները, որ պատասխանատու են հետխորհրդային տարածքում արևմտյան խամաճիկային վարչակարգերի բազմապատկման համար: Եվ դա է գլխավոր սպառնալիքը. աղանդավորների միջոցով քայքայվում է ներազգային միասնության հիմքը, ոչնչացվում են ընդհանուր գաղափարների ու իդեալների շուրջ հասարակության համախմբման վերջին կամուրջները: Իսկ արևմտամետ ՀԿ-ների և նրանց ենթակա ԶԼՄ-ների միջոցով կատարվում է հասարակության ու ազգի քաղաքական քայքայման գործընթացը: Աղանդների մեջ ներգրավելու միջոցը նույնպես «նյութական հիմքն է», որ քիչ կարևոր չէ հետխորհրդային ցանկացած հասարակության համար, որ անցել է թալանչիական «սեփականաշնորհման» միջով 90-ականներին, որը, ի դեպ, նախկին խորհրդային հանրապետություններում ևս մեծ մասամբ կատարվում էր արևմտյան խորհրդականների «վերահսկողությամբ»: Պատահական չէր, որ Հայաստանի ապակառուցողական պաշտամունքների զոհերի վերականգնողական և օգնության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը, անդրադառնալով Գյումրու ողբերգության թեմային, հունվարին ընդգծում էր, թե ՌԴ զինված ուժերի զինծառայող, 102-րդ ռազմաբազայի զինվոր, Ավետիսյանների ընտանիքին սպանած հանցագործ Վալերի Պերմյակովի վրա խիստ ներգործություն ուներ հայրը, որ ղեկավարում է «Հույս, հավատ, սեր» նորհիսունական խարիզմատների աղանդը: Աղանդի, որ բազում բաժանմունքներ ունի Ռուսաստանում, կենտրոնը Բալեյ քաղաքում է: «Հույս, հավատ, սեր» աղանդը պատկանում է խարիզմատների եկեղեցիներին, որ գործում են նաև Հայաստանում իբրև «Կյանքի խոսք»: Ամարյանն ընդգծում էր. «Խարիզմատների եկեղեցիների առանձնահատկությունն է իր հետևորդների հակվածությունը շեղումներին, այդ թվում՝ դաժանությանը և բռնությանը»:
«Հույս, հավատ, սեր» աղանդը Չիտայում տեղակայված «Փրկությունը Քրիստոսի մեջ է» կազմակերպության մասն է: Նա նաև հաղորդեց, որ այդ կառույցների ղեկավարը «Ավետարանչական հավատի քրիստոնյաների ռուսական եկեղեցին» է, որը ղեկավարվում է Շվեդիայում գտնվող միջազգային կենտրոնից: Չիտայում գործող կառույցը և «Կյանքի խոսքը» ստեղծվել ու ֆինանսավորվում են Շվեդիայից, բայց շտաբ բնակարանը Ֆիլադելֆիայում է (ԱՄՆ): Ամարյանի տվյալներով՝ այդ կառույցը մաս է կազմում «Աստծո ասամբլեայի», որ 67 միլիոն անդամ ունի, ղեկավարվում է հիմնականում ԱՄՆ-ից: «Ավետարանչական հավատի քրիստոնյաների ռուսական եկեղեցու» ղեկավարությունը եթե ոչ 100, ապա 90-95 %-ով կազմված է ուկրաինացիներից՝ հայտարարել է Ամարյանը: Այս աղանդներն իրենց անդամներին ներշնչում են, որ մարդու մեջ նստած է սատանան, որից պետք է ազատվել: Նա հիշեցրեց Սևանում կատարված դեպքը, երբ տղան կացնով սպանել էր ծնողներին՝ պնդելով, որ նրանք սատանա են: «Կրոնական էքստազի մեջ ամեն ինչ հնարավոր է», հայտարարեց Ամարյանը: Նա նաև մեկնաբանեց այն վարկածը, որ Պերմյակովը և հայր ու որդի Ավետիսյանները Ռուսաստանում գտնվելիս կապ են ունեցել: Փորձագետը նշեց, որ պետք է ուսումնասիրել Ավետիսյանների տանը եղած գրականությունը, պարզել Ռուսաստանում Ավետիսյանները կոնկրետ որտեղ են եղել: «Եթե Ավետիսյանները եղել են Չիտայում, բազում հարցեր են ծագում», հայտարարեց նա՝ ընդգծելով, որ սպանության պատճառ կարող է լինել հատուկ դաժանությամբ վրեժը: Ամարյանը նաև նշեց, որ Պերմյակովի հոր անդամակցած «Հավատ, հույս, սեր» աղանդը և «Կյանքի խոսք» հայկական կազմակերպությունը «Ավետարանչական հավատի քրիստոնյաների ռուսական եկեղեցու» կազմում են: Ավելին՝ նրա խոսքով Ավետիսյանները սպանվել են, այսպես կոչված, «Դանիելի պասի» ժամանակ, երբ աղանդավորները որոշակի «նպատակներ ու առաքելություններ» ունեն: Փետրվարին Ամարյանը ճշտեց, որ Հայաստանում գործում է 30 աղանդ, որ նման են Պերմյակովի աղանդին:
Բոլորը տեսան՝ ինչպես ձևական հայտանիշների ու «խոսակցությունների» հիման վրա Գյումրու ողբերգությունից հետո արևմտամետ ուժերը փորձեցին հակառուսական ելույթներ կազմակերպել, հետո՝ «հեղափոխականացնել» Հայաստանի երկրորդ քաղաքը: Հիմա դժվար է ասել, թե իրականում ինչ կար կուլիսային տիկնիկավարների մտքում: Բայց Գյումրին, 102-րդ ռազմաբազայի տեղակայման վայր լինելուց բացի, Սպիտակի երկրաշարժի գոտի է: Իսկ 1988-ից հենց երկրաշարժի գոտում արտասահմանյան աղանդները առավել արագ ու հաջող «խրվեցին» հայկական հողում և բզկտեցին հայերի հոգիները: Իհարկե, հետաքննությունը շարունակվում է և պետք չէ իրադարձություններից առաջ ընկնել, Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների մասնագետները, հարկավ, կհետաքննեն և այս տեսակետները: Բայց այն օրերին ամեն ինչ պարզ երևում էր: 2015-ի հունվարի 20-ին Երևանում արդեն զանգվածային ակցիաներ էին սկսվել հակառուսական կարգախոսներով:
Առաջին պահանջը Հայաստանի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումն էր: Գյումրեցիներին «ոմնը» (այդ թվում` Երևանի ընդդիմադիրների շարքերից) փորձում էր գրոհի տանել 102-րդ ռազմաբազայի վրա: Փառք Աստծո, գյումրեցիները սադրանքին չտրվեցին և սահմանափակվեցին բողոքի ակցիայով ՌԴ հյուպատոսարանի առաջ: Սկսվեց Հայաստանի գործող նախագահի ակտիվ քննադատություն ընդդիմության կողմից: Հիմնական մոտիվը՝ Հայաստանի բոլոր դժբախտությունները ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամակցության պատճառով են, ապագա ամբողջ երջանկությունը միայն եվրաինտեգրման մեջ է: Այսինքն՝ հնչում էին այն կարգախոսները, որ լսվում էին ՈՒկրաինայում Մայդանի նախօրեին: Գնահատելով իրավիճակը, վերլուծաբանները եզրակացնում են, որ արևմտյան ռազմավարությունը Հայաստանի նկատմամբ կզարգանա ընդունված կարգով՝ «եթե վերահսկել հնարավոր չէ, պետք է քաոս սերմանել»: Եվ տիկին Վիկի Նուլանդը այդ ժամանակ Երևան եկավ, ճիշտ է, առանց «Մայդանի քաղցրաբլիթների», բայց պարտադիր հանդիպումով արևմտամետ ՀԿ-ների անդամների հետ: Ընդ որում՝ հանդիպումը փակ էր:
Երբ սադրանքները և «հեղափոխության» մեկնարկը Գյումրուց չհաջողվեցին, ընթացք տրվեց «պահեստային տարբերակներին»՝ Հայաստանի հասարակական կարծիքը ապատեղեկատվությամբ պայթեցնել… Թբիլիսիից, որ Աբխազիայում ռուս զինծառայողները ծեծել են Աչադար գյուղում մի տարիքով հայ կնոջ: Ապատեղեկատվությունը հերքեցին և Աբխազիայի իշխանությունները, և Սուխումի շրջանի հայ համայնքի խորհրդի նախագահ Սեյրան Իչմելյանը: Պարզվեց՝ «տուժած» 76-ամյա Լյուսյա Քոչարյանը Աչադարում չի էլ ապրում: Մինչդեռ ապատեղեկատվության օպերատիվ տարածման մեջ «բռնվեց» Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչ Առնոլդ Ստեփանյանը: Հետո եղավ Լեռնային Ղարաբաղ արևմտամետ ադեպտների հակառուսական ավտոերթը, որը, ճիշտ է, ԼՂՀ իշխանությունները կոպիտ ընդհատեցին: Դրանից հետո էլ 2015-ի փետրվարի 3-ին «ստվերային ԿՀՎ» Stratfor-ը «Բելառուսը և Հայաստանը վերանայում են Ռուսաստանի հետ հարաբերությունները» հրապարակման մեջ մարգարեացավ, թե իբր «Հայաստանը կարող է վերանայել հարաբերությունները Ռուսաստանի հետ» Ղարաբաղի հետ ճակատային գծում իրավիճակի սրման պատճառով՝ «հունվարի 29-ին Ադրբեջանը խփել էր հայկական անօդաչու սարք» (ի դեպ, դա էլ էր սուտ): Վերջապես փետրվարի 27-ին Երևանի աշխարհաքաղաքական ակումբին տված հարցազրույցում ամերիկացի տնտեսագետ, քաղաքական ու տնտեսական մեկնաբան, կատաղի հանրապետական, ծայրահեղ աջ հայացքներով և աղմուկ հանած «Վեց կետ» գրքի հեղինակ Պոլ Կրեյգ Ռոբերտսը անկեղծ խոստովանեց: Հայաստանի ՀԿ-ների ԱՄՆ-ից ֆինանսավորման նպատակն է ունենալ խմբեր, որոնք կարող են փողոց դուրս բերվել բողոքի համար և քաղաքական գործիչներ, որոնք կծառայեն Վաշինգտոնին, ԱՄՆ-ը ծրագրում է Հայաստանում իրականացնել «հեղաշրջում՝ նման անցած տարի ՈՒկրաինայում տեղի ունեցածին: Դա ևս մի բազա կտա Վաշինգտոնին այն երկրում, որ եղել է ԽՍՀՄ-ի մաս: Եվ շատ խաբված մարդիկ կմիանան հայկական ՀԿ-ներին, որ համագործակցում են Վիկտորյա Նուլանդի հետ: Նպատակն է խզել քաղաքական ու տնտեսական կապերը Ռուսաստանի հետ: Թե երբ նրանք կհարվածեն՝ կախված է, թե ինչ հնարավորություններ կգտնեն: Դա այն է, ինչ 2003-ին տեղի ունեցավ Վրաստանում՝ «վարդերի հեղափոխություն»: Այդ հեղաշրջումը կազմակերպել էին ՀԿ-ները, Վաշինգտոնից ֆինանսավորվող քաղաքական գործիչները, որ մարդկանց փողոց հանեցին: Այդպես է աշխատում Վաշինգտոնը, և նրա նպատակներն են Հայաստանը, Ղրղզստանը, և գուցե, Ղազախստանը և ՈՒզբեկստանը: Այդպիսի հեղաշրջումները, որ նրանք անվանում են ժողովրդավարական հեղափոխություններ, կազմակերպվելու են բոլոր երկրներում, որ ԽՍՀՄ-ի մաս են եղել»:
Հիշեք հունվարյան տեղեկությունները, որ մի քանի ուկրաինացիներ, նույնիսկ խմբեր փորձել էին թափանցել երկիր՝ «օգնելու գրոհողներին» Գյումրիում և չեզոքացվել էին Հայաստանի ուժային կառույցների կողմից ու վտարվել հանրապետության տարածքից: Հիշեք, ինչպես էին ինտերնետային սոցիալական ցանցերում իրենց մերկացնում «մայդանային հեղափոխականները»՝ բացահայտ կոչեր անելով սպանել ռուսներին և Հայաստանում «հեղափոխություն» անել: Հիշեք՝ ովքեր էին Երևանում ստորագրում տարատեսակ կոչեր «ի պաշտպանություն Մայդանի» 2014-ին՝ նույն այդ արևմտյան ՀԿ-ները, արևմտամետ ԶԼՄ-ները: Պոլ Կրեյգ Ռոբերտսը իր նշանավոր «Վեց կետում» հայտարարում է. «Եթե ամերիկյան դոլարը դադարի պահուստային տարադրամ լինել, ԱՄՆ-ը անմիջապես կկորցնի գերտերության կարգավիճակը»: Ինչը և սկսվում է ժամանակակից աշխարհում: Իսկ մայիսի 21-ին ռուսական հեռուստատեսության հաղորդումներից մեկում ռուսական քաղաքներից մեկի ուկրաինական համայնքի ներկայացուցիչը բացահայտորեն փորձում էր օգտագործել Գյումրու ողբերգությունը հակահայկական ու հակառուսական նպատակներով: Դեռ պե՞տք են ապացույցներ, որ ՈՒկրաինայի և Ռուսաստանի ապակառուցողական խարիզմատական աղանդները գիտեին ու սպասում էին իրենց հետևորդի գործողություններին Գյումրիում: Պե՞տք են դեռ ապացույցներ, թե ում պատվերն էր կատարում տականք Պերմյակովը: Ամերիկյան հատուկ ծառայությունների պատվերը, հենց նրանց, ովքեր ղեկավարում են այդ բոլոր խարիզմատներին, եհովականներին, սայենտոլոգներին, մորմոններին և մնացածին:


Արսեն ԼԵՎՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2314

Մեկնաբանություններ