Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուս-գերմանական հեռակա մենամա՞րտ

Ռուս-գերմանական հեռակա մենամա՞րտ
07.06.2015 | 16:10

Ռուսաստանը, նույնիսկ չմասնակցելով մեծ յոթնյակի հանդիպումներին, շարունակում է մնալ կարևոր գործընկեր մյուս քաղաքական ու դիվանագիտական ձևաչափերում՝ հայտարարեց հունիսի 5-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Deutsche Welle»-ին տված հարցազրույցում: Նա հիշեցրեց, որ կան ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար ստեղծված նորմանդական ձևաչափը, բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ, խորհրդակցությունները Սիրիայի կոնֆլիկտի հաղթահարման վերաբերյալ: Այս թեմաների քննարկումներին պետք է ներգրավել Ռուսաստանին՝ կարծում է Անգելա Մերկելը: «ՈՒզում եմ հիշեցնել, որ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացմանը հնարավոր եղավ հասնել Ռուսաստանի աջակցությամբ»՝ ասաց նա՝ հավելելով, որ մեծ յոթնյակի երկրները պետք է քննարկեն, թե որ հարցերում է պետք ներգրավել Ռուսաստանին: Խոսելով Ռուսաստանի պատկանելության մասին մեծ ութնյակին՝ Մերկելը նկատեց, որ G7-ին Ռուսաստանը հրավիրվել էր այն հույսով, որ ժամանակի հետ հնարավոր կլինի ավելի շատ ընդհանրություններ ունենալ, օրինակ, պաշտպանության ոլորտում: Կանցլերը հիշատակեց ՆԱՏՕ-ՌԴ գործընկերությունը: Սակայն ՌԴ-ն վերջին տարիներին չհաղորդակցվեց այն արժեքներին, որ ընդհանուր են G7-ի համար՝ ասաց Անգելա Մերկելը:
Հունիսի 6-ին հարցազրույց տալով իտալական Il Corriere della Sera-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իրադարձությունների բոլորովին այլ պատկեր ու այլ ընկալում ներկայացրեց: Նա համոզված է, որ Ռուսաստանը բոլորովին մեղավոր չէ ԵՄ-ի հետ հարաբերությունների վատացման մեջ: «Դա մեր ընտրությունը չէ, մեզ պարտադրել են մեր գործընկերները, մենք սահմանափակումներ չենք մտցրել առևտրի ու տնտեսական գործունեության մեջ, մենք հարկադրված ենք եղել պատասխան պաշտպանական քայլեր ձեռնարկել»՝ ասել է ՌԴ նախագահը: Ավելին՝ նա մեղադրել է Եվրոպային Ռուսաստանի հետ հարաբերությունները միայն սեփական նյութական շահի հիմքով կառուցելու մեջ ու հիշեցրել է «երրորդ էներգափաթեթը», ատոմային էներգետիկայի ռուսական արտադրանքի առաջ եվրոպական փակ շուկան, Մաքսային, ապա նաև Եվրասիական միությունները չընդունելը և այլ խնդիրներ: Նրա կարծիքով՝ ԵՄ արևելյան գործընկերության ծրագիրը մեկ նպատակ ունի՝ ամբողջ հետխորհրդային տարածքն ինտեգրել Եվրոպայի հետ միասնական տարածքում՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ կամ նոր սահման ստեղծել այսօրվա Ռուսաստանի և արևմտյան հատվածի միջև, ներառելով ՈՒկրաինան ու Մոլդովան: Նա մեղադրել է Արևմուտքին ՈՒկրաինայի ճգնաժամի ստեղծման ու պատերազմի մեջ և հայտարարել, որ Ռուսաստանն այսօր հարկադրված է ընդամենը արձագանքել իրադարձություններին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.
Il Corriere della Sera-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահը խոսել է նաև ՌԴ-ՆԱՏՕ փոխհարաբերությունների մասին և հայտարարել, որ Ռուսաստանը, ի տարբերություն ալյանսի, ռազմաբազաներ չունի այլ երկրներում: «Մենք գործնականում սահմանից այն կողմ բազաներ չունենք: Դեռ ԽՍՀՄ-ից մեր զինված ուժերի մնացորդները կան Տաջիկստանում՝ ահաբեկչության տեսակետից վտանգավոր տարածքում՝ Աֆղանստանի հետ սահմանին: Նույն դերն ունի մեր ռազմաօդային բազան Ղրղզստանում, որ նույնպես ուղղված է հակաահաբեկչական գործողություններին և ստեղծվել է Ղրղզստանի վրա Աֆղանստանից ահաբեկիչների հարձակումից հետո՝ ղրղզական ղեկավարության խնդրանքով: Հայաստանի ռազմաբազայում խորհրդային ժամանակներից մնացել է մեր ռազմական զորաբաժանումը, որ կատարում է որոշակի կայունացնող դեր տարածաշրջանում, բայց որևէ մեկի դեմ ուղղված չէ: Մենք վերացրել ենք մեր բազաները աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ Կուբայում ու Վիետնամում»՝ ասել է ՌԴ նախագահը: Ցավոք, իտալացիները չեն հարցրել, թե ինչ կարգավիճակ ունեն ԽՍՀՄ-ի այդ «մնացորդները» եթե ոչ ռազմական բազայի և եթե որևէ մեկի դեմ ուղղված չեն, ո՞ւմ՝ ումի՞ց ու ինչի՞ց են պաշտպանում:

Դիտվել է՝ 1444

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ