Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Բարոյականություն ունեցե՛ք` օգնե՛ք կամ լռե՛ք

Բարոյականություն ունեցե՛ք` օգնե՛ք կամ լռե՛ք
18.07.2023 | 16:51

Տիրող անելանելի իրավիճակը, տոտալ ողբերգությունը, ծայրահեղ ծանր իրադրությունը, պատուհաս իշխանությունները՝ իրենց դիլետանտ-դեմագոգներով հանդերձ մեզ քիչ չեն, վրադիր էլ՝ անասելի մակարդակի բարոյականության ճգնաժամ է:

Խեղված ու բռնաբարված արժեհամակարգի մեջ մատների վրա կհաշվես ադեկվատ մարդկանց թիվը:

Արդեն տևական ժամանակ է, ինչ ֆեյսբուքյան «երկնակամարում» և ոչ միայն այնտեղ, մի անասնական հրճվանք, մի խինդուծիծաղ է տիրում արցախահայերի հետ կատարվող դեպքերի ֆոնին:

Թշնամու կողմից շրջափակման մեջ հայտնված, սովամահության և համակարգված էթնիկ զտման սպառնալիքի տակ գոյատևող ու պայքարող, սեփական հայրենիքում կյանքի ու ապրելու համար մաքառող մարդկանց՝ որոշ տեղական ու անհայրենիք անդեմ թափթուկները թիրախավորում, քննադատում ու ծաղրում են:

ՈՒ ո՞ր մի տրամաբանության ու արժեհամակարգի մեջ է տեղավորվում նման անաստվածությունն ու անմարդկայնությունը՝ ես ուղղակի չեմ հասկանում, չեմ էլ ուզում հասկանալ:

Ո՞վ եք դուք՝ ձեր ապրած կյանքով մեկ, որ ազգիդ, հայրենակիցներից մի ողջ մասի վրա հռհռաք, շուլուխներ անեք, քննադատեք, դատափետեք, անվանարկեք կամ վանկարկեք...

Հասկանում եմ, որ մանկուց ունեցել եք ինքնահաստատման, և ոչ միայն, հազար ու մի բարդույթներ, բայց հո մենք ձեր ձեռքը կրակը չե՞նք ընկել:

Կամ ո՞վ եք դուք, որ էքզիստենզիալ վտանգի առաջ կանգնած՝ թշնամու կողմից էթնիկ զտման ճիրաններում հայտնված ժողովրդին «ձեր արև» դասեր տաք:

Ո՞րն է այդ շարժառիթը, ի՞նչ եք ուզում դրանով ասել, ինչի՞ եք ուզում հասնել:

Որ դուք ճիշտ եք, նրանք սխա՞լ, նրանք մեղավոր են, դուք սու՞րբ:

Սա ի՛նչ մի տենդենց է:

Եթե կարող եք մի բանով օգնել՝ օգնե՛ք, եթե՝ ոչ՝ վեր ընկե՛ք ձեր տեղը, հեռվից հետևեք «սպանդին»:

Մինչև որ կգան ձեր հետևից:

Հա՛, հա՛... ձեր հերթն էլ է գալու:

Ժամանակի հարց է:

Պատերազմի ժամանակ բոլորդ հաղթող էիք, Արցախի կողքին էիք, «հաղթելու ենք» լոգոտիպեր էիք ճպցնում ձեր ֆեյսբուքյան էջերի պատերին:

Հիմա՞ է որ պարտությունը տեր չունի,

քո հայրենակցին էլ հասնելու չկա...

Հա՜, դե դուք պարտվող տեսակը չեք:

Դուք ընդհանրապես պարտվելը չգիտեք թե որն է...

ՈՒրիշներն են մեղավոր...

Պարտությունն էլ մեր ջեբը գցեցին:

Լրջացե՛ք, վե՛րջ տվեք ձեր ցինիկ վարքագծին, փոքր ինչ ամոթ ու պատկառանք ունեցեք:

Անունով՝ հայ եք:

Աստված պահապան Արցախիս ու մեր հայրենակիցներին:

Առաջիկայում հանդես կգամ ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջարկով:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1463

Մեկնաբանություններ