Որևէ մեկը կասկածի տակ չի դնում բարձր արժեքներով առաջնորդվող դեմոկրատական կարգի առավելությունները՝ համեմատած որևէ երկրի կառավարման այլ կարգերի հետ։
Եթե երկիրն ունի ուսյալ, աշխարհի կյանքից բան հասկացող ու նման հարցերում լավ կողմնորոշվող վերնախավ, ժողովրդի ու պետության կյանքով ապրող փոքր թվով կուսակցություններ, որոնք արդարացի մրցակցային ռեժիմում կարող են առաջադրել իսկական լիդերների՝ որպես երկրի առաջնորդներ, իսկ այդ առաջնորդներն էլ կարող են ղեկավարել երկրի քաղաքական, տնտեսական, կրթական ու մշակութային կյանքը՝ ապահովելով բավարար մակարդակի մրցունակություն ուրիշ երկրների հետ ունեցած հարաբերություններում և այլն, ապա այս պայմաններում, առանց լիբերալ տեսակի չափազանցությունների, դեմոկրատական կարգը լավագույնն է պետության կայունության, նրա զարգացման և մարդկանց կյանքի բարձր որակի ապահովման տեսանկյուններից։
Այսինքն, որևէ երկրի պետական կյանքի հաջողության գրավականը վերը բերված բոլոր եթեների առկայությունն է, կամ էլ, քանակական տեսանկյունից՝ երկրի ագրեգատ հաջողության հավանականությունը նրա կյանքի առանձին կողմերի հաջողության հավանականությունների արտադրյալն է։
Դա նշանակում է, որ եթե երկրի կյանքի արմատական նշանակություն ունեցող որևէ կողմի հաջողության հավանականությունը զրո է, ապա այն զրո կդարձնի նաև երկրի ագրեգատ հաջողության հավանականությունը։
Այստեղ ամբողջ հարցը հանգում է այդ եթեների շարքի իրական լինելուն, քանի որ, եթե, մասնավորապես, քննում ենք մեր դեպքը, ապա բոլոր եթեներում տեսնում ենք հակառակ պատկերը, այսինքն, ունենք ցածր մակարդակի գավառական ու ավտորիտար հակումներով վերնախավ, անիմաստ մեծ քանակությամբ վայ կուսակցություններ, որոնց հիմնական նպատակը պայքարն է մի կտոր հացի համար, և որոնք շատ հեռու են երկրի համար լիարժեք լիդերներ ու առաջնորդներ արտադրելու բարդ խնդրից, իսկ առաջադրված փսևդոլիդերներն էլ շատ հեռու են պետություն ղեկավարելու բարդագույն պրոբլեմից։
Իսկ առանց իսկական ղեկավարներ ու լիդերներ մնացած և քաղաքական կյանքի փորձ չունեցող ժողովուրդն էլ նման պայմաններում շատ արագ գլորվում է դեպի կյանքի կենսաբանական հատակը։
Բացի դրանից, մեր անկախության շրջանի բոլոր չորս իշխանություններն էլ չեն հասկացել կրթության և գիտության արմատական դերը պետության կյանքում։
Ավելին, կրթության և գիտության նկատմամբ մեր իշխանությունների նման վերաբերմունքը լակմուսի թուղթ է, որը խոսում է կամ նրանց կործանարար տգիտության մասին, կամ էլ, աստված մի արասցե, նաև այլ նպատակների մասին։
Աշխարհը մի թատերաբեմ է, որտեղ մարդկանց առաջնորդում է ապրելու միասնական կամքը, մի բան, որի ունենալը, մեզ նման էգոիստական հակումներով և հասարակական կյանքի զարկերակը կորցրած հանրության համար, շատ դժվար խնդիր է։
Պավել Բարսեղյան