Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հայաստանի պետական շահն առաջին հերթին թելադրում է անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»

«Հայաստանի պետական շահն առաջին հերթին թելադրում է անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»
13.09.2013 | 00:12

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:

-Սեպտեմբերի մաքսային սկիզբն անակնկա՞լ էր, թե՞ ծրագրված քայլ:
-Շատ պարզամիտ է այն պատկերացումը, որ նման հարցի լուծումը կարող էր լինել անակնկալ, կամ պահի թելադրանք: Երկրի, պետության ճակատագրի համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր խնդիրները լրջագույն, խորքային ուսումնասիրության են ենթարկվում, բազմաչափ ու բազմավեկտոր համակողմանի վերլուծության, որ արդյունք է նույնքան մանրակրկիտ քննարկումների քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ու փորձագետների հետ: Միայն այդ ամենից հետո է որոշում կայացվում, ինչը բնական և տրամաբանական է: Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը նույնպես նման որոշումներից է: Բազմաթիվ քննարկումներ են եղել ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարբեր միջազգային հարթակներում: Հիշեցնեմ ԱՊՀ-ի հետ ազատ առևտրի պայմանագրի ստորագրումը և վավերացումը, որի գործընթացում Հայաստանը եղել է ամենաակտիվներից, ինչպես նաև խորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի մայիսյան նիստը Մոսկվայում, հանդիպումները Պետական դումայի հանձնաժողովներում ու տարբեր պաշտոնյաների հետ: Նույնը նաև եվրոպական հարթակներում: Որոշ աղբյուրներ ապարդյուն ջանում են հանրության մեջ տպավորություն ստեղծել, թե գիշերը քնեցինք, առավոտյան արթնացանք որոշած, դա բացարձակապես անհիմն է: Նրանք ոչ թե լավատեղյակ չեն, այլ անազնիվ ձևով փորձում են ուղղորդել հանրային կարծիքը: Մենք բազմիցս ասել ենք, որ մեր քայլերը պայմանավորված են մեկ դրդապատճառով` Հայաստանի ազգային, պետական շահով: Բոլոր քննարկումների արդյունքում մենք փորձել ենք հասկանալ` ո՞րն է այն ձևաչափը, որի ժամանակ Հայաստանի շահերն առավելագույնս պաշտպանված են:
-Ո՞րն է այս դեպքում Հայաստանի շահը:
-Հայաստանի շահը արտահայտված է մի քանի չափումներով: Առաջինը, անկասկած, անվտանգության խնդիրն է, որովհետև հայտնի է, թե ինչ աշխարհագրական ու աշխարհաքաղաքական դիրքում ենք մենք, ամեն ինչ հայտնի է մեր բարեկամների ու հարևանների մասին, բոլորն ամեն ինչ գիտեն, պարզ է, թե ովքեր ու ինչ զինամթերք ունեն: Բնական է, որ ելնելով նաև ղարաբաղյան խնդրից, Հայաստանի պետական շահն առաջին հերթին թելադրում է անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Քսան տարուց ի վեր մեր անվտանգության համակարգը կապված է ՀԱՊԿ-ի հետ, մենք եղել ենք այդ կառույցի հիմնադիրներից և ամենաակտիվ անդամներից մեկը, հիշեցնեմ, օրինակ, որ ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժերը ստեղծվել են մեր առաջարկով ու էական մասնակցությամբ: Մենք ՀԱՊԿ-ում ոչ ձևական իմաստով ենք և ոչ էլ երկրորդական նշանակություն ունենք: Այս համապատկերում շատ անտրամաբանական կլիներ այլ համակարգում որոնել մեր անվտանգությունը: Բնականաբար, առաջնային նշանակության խնդիր է նաև տնտեսական զարգացումը, Հայաստանի համար գլխավոր խնդիր է պետության հզորացումը: Ազգի և պետության առջև դրված բոլոր խնդիրները լուծվում են, երբ դու ունես ուժեղ պետություն, քաղաքական և տնտեսական ամրության ու դիմադրունակության պաշար: Տնտեսական խնդիրները նույնպես ենթարկվել են բազմակողմանի վերլուծության, վերլուծվել են ոչ միայն Հայաստանի հնարավորությունները Մաքսային միությանն ու Եվրամիությանն ասոցացման շրջանակներում, թեպետ երբևէ չենք ասել, որ գնում ենք դեպի ԵՄ: Այն փաստաթուղթը, որ պատրաստվել է նախաստորագրման, ԵՄ մուտքի համաձայնագիր չէ, այլ ընդամենը նախաստորագրումն է ասոցացման համաձայնագրի: Մենք նաև ուսումնասիրել ենք ԵՄ-ին անդամակցած այլ երկրների անցած ուղին, մեր տնտեսական վիճակին փոքրիշատե նման երկրների փորձը: Վստահեցնում եմ Ձեզ, որ բազմաթիվ մասնագիտական վերլուծություններ են արվել, որոնք ընկած են որոշումների հիմքում: Երբ մենք աշխատել ենք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վրա, բազմիցս ընդգծել ենք, որ այդ աշխատանքը կատարում ենք Հայաստանի ներքին զարգացումը կարևորելով: Որքան արագ կարողանանք բարեփոխել մեր տնտեսությունը, տեխնոլոգիական փոփոխությունների ենթարկել մեր արտադրական ֆոնդերը, հիմնական միջոցները, որքան արագ նորմատիվային դաշտը փոփոխենք և դարձնենք եվրոպական ստանդարտներին ավելի համահունչ, այնքան լավ մեզ համար: Մենք դա անում ենք մեր տնտեսության, մեր տնտեսավարողների հնարավորություններն ընդլայնելու, մեր արտադրանքն ավելի մրցունակ դարձնելու համար աշխարհի շուկաներում: Նախաստորագրումն ավելի շատ մեզ է պետք, մենք Եվրոպայի համար չէինք անում այդ ծավալուն աշխատանքը:
-Համարենք այդ համաձայնագիրը գզրոցներին հանձնվա՞ծ:
-Աշխատանքը շարունակվելու է, այդ փաստաթղթում ամրագրված խնդիրները եղել են ու մնում են Հայաստանի խնդիրները և Հայաստանի տնտեսությունը բարեփոխելու ուղղություններ: Եթե մենք իսկապես ղեկավարվում ենք պետական շահերով, երկրի կենսական շահերով, միևնույն է, պետք է գնանք այս ճանապարհով:
-ԵՄ անդամակցության և ազատ, խոր ու համապարփակ առևտրի գոտու ստեղծման հարցերը Հայաստանի քաղաքական օրակարգում մնո՞ւմ են:
-Խոսքը երկարատև, գլոբալ օրակարգի մասին է, իհարկե: Բնականաբար, մենք ձգտում ենք և ամեն ինչ անելու ենք, որ եվրոպական համագործակցության պորտալարը ոչ միայն չկտրվի, այլև ամրապնդվի և ուժեղանա:
-Այդ դեպքում որոշիչը ապագա Եվրասիական միության և Եվրամիության փոխհարաբերություննե՞րն են, թե՞ Հայաստանի դիրքորոշումը:
-Առաջին հերթին, իհարկե, ելնում ենք Հայաստանի շահերից, որովհետև որևէ միությանն անդամակցելիս երկիրը տեսնում է իր շահերը, և երբեք ու ոչ մեկը չի կարող սահմանել կամ կաշկանդել իր քայլերը, եթե լինեն ավելի շահավետ տարբերակներ:
-Շահավետի չափանիշները տարբեր են:
-Շահավետի չափանիշները տնտեսական դաշտում` մենք ունենք կարճաժամկետ ու միջնաժամկետ շահավետություն և ունենք երկարաժամկետ շահավետություն, հնարավորություններ ու նպատակադրումներ: Այդ իմաստով այսօրվա Հայաստանին ավելի ձեռնտուն Մաքսային միությունն է:
-Այսինքն` մնում ենք նույն մակարդակում, ընդամենը տարածում ենք մեր հնարավորությունները: Այս պահին Ռուսաստանը տեխնոլոգիապես Արևմուտքից հետ է մնում և դեռ լուծում է իր տնտեսության մոդեռնացման խնդիրը, ո՞րն է շահավետ:
-Եթե համեմատենք Արևմուտքի հետ, Ռուսաստանը չունի համարժեք տեխնոլոգիաներ և իր առջև խնդիր է դնում տնտեսության մոդեռնացումը: Այդ նույն մոդեռն Եվրոպայի հետ մրցակցելու և գոյատևելու հնարավորություն մենք չունենք: Բալթյան երկրների` ԵՄ-ին անդամակցելու արդյունքում տնտեսական զարգացումը և ցուցանիշները համեմատեք:
-Ցուցանիշները սկզբում վատ են, բայց բարեփոխվելու ռեալ հնարավորություններ են ստեղծում:
-Այո, արտագաղթով, աշխատավարձի, կենսամակարդակի անկումով, ներմուծման ավելացումով և արտահանման նվազումով: Նույնը լինելու է նաև Հայաստանում, բավական երկար ժամանակ: Պե՞տք է, որ մենք անցնենք այդ ճանապարհը, մանավանդ եթե հաշվի առնենք ելակետային տարբերությունները: Մեր առանց այդ էլ բավականին ցածր կենսամակարդակում ենթարկվել նաև այդ փորձություններին, ռիսկային է: Մենք այսօր ընտրում ենք այլ տարբերակ` փորձել Մաքսային միության շրջանակներում անցնել տեխնոլոգիապես ավելի բարձր վիճակի, առաջ գնալ թեկուզ դանդաղ, բայց հաստատուն քայլերով:


Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ