«Ամենևին պետք չէ մոռանալ, որ, սեյսմիկ վտանգից բացի, Երևան քաղաքում ուրիշ վտանգ էլ կա` ստորգետնյա ջրերի մակարդակի բարձր լինելը: Ամենախոցելի տարածքներն են Կենտրոնը, հատկապես փոքր Կոնտրոնը և Աջափնյակ համայնքը: Իսկ դրենաժ իրականացնելը բավականին թանկ հաճույք է, ինչը պետք արվի անընդմեջ»: Սա քաղվածք է «Իրատես de facto»-ի թիվ 69-ում լույս տեսած Լիլիթ Գրիգորյանի հոդվածից: Կարծում ենք, որ այս ճշմարտությանը քաջատեղյակ են մեր քաղաքային իշխանություննները, բայց, ֆինանսների բացակայության արդեն ձանձրալի պատճառաբանությամբ, մատները մատներին չեն տալիս՝ ինչ-որ կերպ աղետի դեմն առնելու համար: ՈՒ փոխարենը աջափնյակցիներիս հրամցնում են մեր «բարեկեցությանը» միտված մեկ այլ ծրագիր, որի մասին մտածելն իսկ անտրամաբանական է` վերը մեջբերված ճշմարտության պայմաններում: Արդ, անդրադառնանք սեյսմիկ վտանգների նկատմամբ առավելագույնս անպաշտպան, ստորգետնյա ջրերի մակարդակով ռեկորդակիր Աջափնյակ համայնքում իրականացվող այդ ծախսատար ծրագրին` 16-րդ թաղամասի գազաֆիկացմանը: Ծրագրի իրականացման մեկնարկը տրված է շատ վաղուց և լուսաբանված բոլոր հեռուստաալիքներով` վարչապետի այցի ու «երջանիկ» բնակիչների երախտագիտական ուղերձների համատեքստում: Իրականում որքանո՞վ են երջանիկ այդ թաղամասի բնակիչները, որոնք դատապարտված են գազաֆիկացնելու իրենց բնակարանները` ի հեճուկս սեփական ողջախոհության, ֆինանսական անկարողության, կենցաղային անհարմարությունների: Գազաֆիկացման այս հաղթարշավը` իրականացման մեթոդոլոգիայով, ինձ հիշեցնում է խորհրդային տարիների ուսանողական շինջոկատները. մենք ստիպողաբար քշվում էինք աշխատելու այս ու այն արտադրական, շինարարական կազմակերպությունում` սեփական դիմում-խնդրանքի համաձայն: Նույն կերպ էլ 16-րդ թաղամասն է գազաֆիկացվում` կամավոր-պարտադիր սկզբունքով, և այդ գործընթացն իր ողջ հմայքով ամիսներ շարունակ վայելում ենք ես և իմ հարևանները: Դեռևս ամռան ամիսներից թաղամասի թիվ 25 շենքում ծայր առած սոդոմ-գոմորը ոչ մի կերպ չի հասնում հանգուցալուծման: Իրավիճակը մեղմելու մտադրությամբ իմ շենքի մի շարք բնակիչներ, այդ թվոմ և ես, փորձեցինք մեր առաջարկները նամակով ներկայացնել քաղաքային իշխանություններին: Ի պատասխան` ստացանք մերժում, որից ենթադրվում էր, որ շատ արագ պետք է իրականացվեն աշխատանքներն այն ձևով, որը համարվում է ընդունելի` ըստ գազաֆիկացման հաստատագրված նորմերի: «Շատ արագը» ձգվե՜ց, երկարե՜ց, անցան ամիսներ: Իսկ առջևում ձմեռ է` ցուրտ ու անհրապույր օրերի շարանով: Եվ ի՞նչ, դա հուզո՞ւմ է որևէ մեկին, ով ի պաշտոնե կոչված է հուզվելու այս պատճառով: Ո’չ՝ հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ: Արդեն քսան օրից ավելի է, ինչ իմ բնակարանը վերածվել է քոչվոր վայրենու կենցաղավարությունը հիշեցնող տարածքի: Ինչո՞ւ: Որովհետև գազաֆիկացման գործընթացը հաղթահարած հարևաններիցս տեղեկացել եմ, որ այդ աշխատանքներն իրականացնելիս ողջ տունը տակնուվրա է լինում, դատարկվում են պահարաններ, վերադասավորվում կահ-կարասու ու բնակմակերեսի այլևայլ բաղադրիչներ: Եվ այս ամենին պետք է հավուր-պատշաճի նախապատրաստվել` տանդ վրա ավերիչ արշավանքից առաջ: Եվ ուրեմն, երբ շինարարական աշխատանքներն իրականացնողները դեռ քսան-քսանհինգ օր առաջ եկան ու հայտարարեցին, որ երկու-երեք ժամ հետո պիտի սկսեն իրենց գործն իմ բնակարանում, ես նախապատրասատվեցի այդ դարակազմիկ իրադարձությանը` ըստ արժանվույն: Ողջ խոհանոցը դատարկեցի, հատակից հավաքեցի գորգերն ու կարպետները, սառնարանս անջատեցի, մթերքը տեղավորեցի հարևաններիս սառնարաններում, մտածելով, որ այդ անհարմարությունը կտևի առավելագույնը երկու օր: Եվ ի՞նչ: Այս երկար ու ձիգ օրերի ընթացքում թաղապետարանի, համատիրության, գազաֆիկացման շինմոնտաժային աշխատանքներն իրականացնող աշխատակազմի ներկայացուցիչների մի քանի պատկառելի շքախումբ է հայտնվել իմ բնակարանում` ուսումնասիրելու կատարվելիք աշխատանքի մանրամասները, բայց նրանցից ոչ մեկը որևէ իմաստալից պատասխանի չի արժանացրել իմ պարզ հարցը. «Ե՞րբ եք վերջապես անելու ձեր գործը, ե՞րբ եմ ես վերջապես ազատագրվելու քոչվորի կյանքով ապրելու պարտադրված կենցաղից»: Գործընթացը որոշակի փուլից հետո մտավ ձեռնամարտի ու ոտնամարտի դաշտ, շքամուտքում այսուայնտեղ հնչեցին հայհոյանքն ու անեծքը: Ես լուռ համբերությամբ սպասում էի գործընթացն իրականացնողների և իրենց նախաձեռնողական արկածախնդրությամբ աչքի ընկած բնակիչների ընդհանուր հայտարարի գալուն: Բայց, քանի որ ձմեռնամուտի այս օրերին կենցաղի նմանօրինակ խաթարված պայմաններում այլևս անհնար է ապրել, և քանի որ ես գիտակցում եմ՝ արդեն վտանգված է իմ և ծեր մորս առողջությունը, ստիպված եմ հիշել, որ Հայաստան աշխարհում գոյություն ունի չորրորդ իշխանություն` մամուլի տեսքով, որի խաղի կանոններին լավագույնս տիրապետում եմ` ի տարբերություն արկածախնդրության, ձեռնամարտի, ոտնամարտի, հայոհայմարտի ու անեծքամարտի` մեր օրերում մեծ պահանջարկ ունեցող հմտությունների, որոնց շատ լավ տիրապետում են իմ կենցաղը դժոխքի վերածած անձինք: ՈՒստի ես չորրոդ իշխանության դեմքով ակնկալում եմ պատկան մարմինների միջամտությունը և մեղավորների պատասխանատվությունը՝ ինձ պատճառված ու պատճառվող անհանգստությունների դիմաց: Խոստովանեմ, որ անսպասելի չէր «վայելել» Սեմյուել Բեքեթի «Գոդոյին սպասելիս» թատերգության աբսուրդի լիակատար հաղթանակն իմ կյանքում, քանզի հայկական իրականության մեջ ոչինչ բացառված չէ: Բայց որպեսզի աբսուրդը որևէ պահի չդառնա իսկական ողբերգություն, որպեսզի 16-րդ թաղամասի պարտադրված-երանելի գազաֆիկացումը չիրականացվի կամայական-գյադայական մեթոդներով, ես` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պահանջում եմ քաղաքապետարանի, Աջափնյակ համայնքի թաղապետարանի համապատասխան պաշտոնյաների միջամտությունն ու աչալուրջ վերահսկողությունն այս գործըթացի նկատմամբ և հարցի հրատապ լուծումը` արդեն թույլ տրված և թույլ տրվելիք աղետալի սխալները վերանայելու պարտադիր մոտեցմամբ: Որևէ բնակարանում ընդունված նորմից շեղումը որևէ պատճառաբանությամբ արդարացված չէ այս դեպքում: Իսկ որ այդպիսիք կան, և հենց այդ պատճառով եմ կոնկրետ ես դատապարտված իր հանգուցալուծմանը չհասնող մղձավանջին, անվիճելի է: Իհարկե, կան այս հարցը բարձրացնելու և հագուցալուծելու այլ ատյաններ ևս, բայց ես լիահույս եմ, որ իմ բազմազբաղ կյանքը ստիպված չեմ լինի վատնել այդօրինակ քաշքշուկների մեջ: Պարոնա’յք պատասխանատուներ, բարի եղեք լուծել այս թնջուկը կամ պատրաստ եղեք ներքաշվելու դատական գոծընթացների մեջ և փոխհատուցելու այն նյութական ու բարոյական վնասները, որ պատճառել եք ինձ ու իմ վիճակում գտնվող այլ բնակիչների` «գազաֆիկացիա-բարեկեցություն» կարգախոսի ներքո, որը 16-րդ թաղամասի բնակիչների գերակշիռ մեծամասնության համար չափազանց հեռու է բարեկեցություն բառիմաստի հետ որևէ առնչությունից, քանզի գազի առկա և սպասվող գնի պայմաններում հազիվ թե այդ բնակիչները կարողանան իրենց թույլ տալ «Հայռուսգազարդի» ծառայություններից օգտվելու թանկ հաճույքը` թեկուզև աչք փակելով այն վտանգների առաջ, որոնք կարող են ի հայտ գալ կատարված փնթի աշխատանքի հետևանքով: ՈՒ քանի որ մեզ ստիպողաբար բարեկեցության եք դատապարտում, գոնե ապահովեք այդ պատժաձևն առանց ողբերգական հետևանքների կրելու պարզ հնարավորությունը:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ