Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վճարահաշվարկային համակարգի նոր էջ` Արարատբանկի կատարմամբ

Վճարահաշվարկային համակարգի նոր էջ`  Արարատբանկի կատարմամբ
05.12.2013 | 12:18

Դեկտեմբերի 5-ից Արարատբանկը և Diners Club International LTD-ն անցան նոր վճարային քարտերի թողարկման Հայաստանում: Նոր քարտերի շնորհանդեսը կայացավ դեկտեմբերի 4-ին «Յանս» ակումբում` Արարատբանկ ԲԲԸ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի և Diners Club International ընկերության նախագահ Էդուարդո Տոբոնի ներկայացմամբ:

Նախապատմություն
2012-ին Արարատբանկը և Diners Club International-ը ստորագրել էին ֆրանչայզինգի պայմանագիր, որով բանկը դառնում է միակ լիիրավ ֆրանչայզի ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և պատասխանատու է Diners Club-ի բրենդի, քարտի թողարկման ու տրամադրման համար: Տեղական և միջազգային Diners Club քարտերը սպասարկվում են Արարատբանկի բանկոմատներում և առևտրի ու սպասարկման 1000-ից ավելի կետերում:
Diners Club-ը 1950 թ. հիմնել է Ֆրանց Մակնամարան ոչ որպես բանկ, այլ ակումբ, որտեղ հաճելի մթնոլորտում կարելի է ընթրել: Առաջարկելով առաջին բազմաֆունկցիոնալ վճարային քարտերը` Diners Club-ը սկսել է սպառողների և ընկերությունների կողմից ապրանքների և ծառայությունների դիմաց վճարման ձևերի ֆինանսական հեղափոխություն: 63 տարի անց ակումբը համաշխարհային ճանաչում ունեցող բրենդ է և սպասարկում է բարձրակարգ և ընտրյալ սպառողների վճարային կարիքները 500 օդանավակայաններում, ձեռնարկություններին ու փոքր բիզնեսի ներկայացուցիչներին տրամադրում է ծախսերի կառավարման լուծումների ամբողջական համակարգ: Diners Club International-ը Discover Financial Services ընկերության ստորաբաժանումն է, մատուցում է ուղիղ բանկային և վճարային ծառայություններ, ԱՄՆ ֆինանսական շուկայում ամենամեծ ճանաչումն ունեցող բրենդներից է: 1986-ից ընկերությունը ԱՄՆ-ում քարտ թողարկող ամենախոշոր ընկերություններից մեկն է:

Իրադարձություն
Արարատբանկ ԲԲԸ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը հիշեցրեց ARCA, VISA, MASTER քարտերի գործառնության մասին, որոնց ավելանում է Diners Club International-ը: Արարատբանկը թողարկելու է երկու տիպի քարտեր. սև` բարձրակարգ, և պլաստիկ` սովորական քարտ: Քարտերն ուղղված են ճանապարհորդող հաճախորդներին հիմնականում, նրանք կարող են քարտն օգտագործել օդանավակայաններում, հյուրանոցներում, ռեստորաններում, ունենալ ապահովագրություն` սա առաջին հենքն է, երկրորդը` մշակութայինն է` քարտով կարելի է տոմսեր պատվիրել տարբեր երկրներում, դրսից` նաև Հայաստանում: Երրորդ հենքը առևտուրն է` 185 երկրների խանութներում: Երկու տարի առաջ սկսված համագործակցության առաջին փուլը պարոն Օսիպյանը որակեց ենթակառուցվածքների ձևավորման ժամանակ, որի ընթացքում Diners Club-ի սպասարկման 1000-ից ավելի կետեր բացվեցին Հայաստանում, նախագծվեց քարտի դիզայնը: «Այսօր մենք շուկային առաջարկում ենք Diners Club Premium Card, Super Premium, Diners Club Iight Card, Young professional քարտերի տեսակներ, որոնք քարտապաններին կընձեռեն բազմաթիվ արտոնություններ և զեղչեր Հայաստանում ու ամբողջ աշխարհում»,- ասաց Աշոտ Օսիպյանը: Համագործակցության երկրորդ փուլը քարտերի թողարկումն է: Նա նաև հիշեցրեց, որ Արարատբանկը հրապարակում է Diners Club եռամսյակային ամսագիր քարտապանների համար` նրանց տեղեկացնելով Հայաստանում ու աշխարհում իրենց հասանելի արտոնությունների ու նոր առաջարկների մասին:
Diners Club International ընկերության նախագահ Էդուարդո Տոբոնը Հայաստանում առաջին անգամ լինելը համարեց հաճույք և պատիվ: «Հայաստանն իսկապես թաքնված թանկարժեք քար է նրա համար, ով դեռ չի եղել այստեղ: Մի երկիր, որ 3 միլիոն բնակչություն ունի, 7 միլիոնն ապրում է դրսում, յուրահատուկ հնարավորություն է ստեղծում Diners Club International -ի համար` կամուրջ դառնալ երկու մասերի միջև դրսում ու ներսում»: Diners Club-ը ամբողջ աշխարհում եղել է առաջին վճարային համակարգը և մենք վստահ ենք, որ համագործակցությունն Արարատբանկի հետ կապահովի զարգացում ու առաջընթաց Հայաստանում»: Պարոն Տոբոնը նշեց, որ ծրագիրը Հայաստանում իրականացվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում: Նա հուսով է, որ Diners Club International-ը Հայաստանում ևս կստեղծի իր ավանդական երեք հիմնասյուները` սնունդ (իսկ բոլոր մշակույթները պտտվում են խոհանոցի շուրջը` թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս), ճանապարհորդություն (մարդիկ մեր օրերում ավելի ու ավելի շատ են զբոսաշրջում, հայերը` հատկապես, նկատի ունենալով սփյուռքը), բնականաբար` քարտով հնարավոր է հոգալ նաև առտնին ծախսերը: «Մենք մատուցում ենք մի ծառայություն, որ մեզնից լավ ոչ ոք չի կարող անել»,- համոզված է Էդուարդո Տոբոնը: Նա վստահ է, որ Diners Club International-ը, ի դեմս Արարատբանկի, ուժեղ գործընկեր է գտնում Հայաստանում և հնարավոր է համատեղ կյանքի կոչել հսկայական ծրագրեր: Diners Club-ը 185 երկրներում մեծ ճանաչում ունեցող բրենդ է, ունի 20 միլիոն առևտրի և սպասարկման կետեր, 1 միլիոն կանխիկացման կետեր և ԱԳՄ-ներ: «Համատեղելով վաճառքի գծով մարկետինգային մեր փորձառությունն Արարատբանկի կայունության և նորարարական ոգու հետ, կկարողանանք առաջարկել մեր ակումբի անդամներին շահավետ պայմաններ աշխարհի և Հայաստանի հիմնական զբոսավայրերում»,- կարծում է Էդուարդո Տոբոնը:
«Ո՞ր հատկանիշն է Diners Club International քարտը դարձնում յուրահատուկ» հարցին ի պատասխան Էդուարդո Տոբոնը հիշեցրեց ընկերության անվանումը և հատկապես Club լինելը, «Diners Club Armenia»-ն իր հաճախորդներին վերաբերվում է որպես ակումբի անդամների` տարբերակելով նրանց պահանջները: Աշոտ Օսիպյանը հիմնական տարբերություն համարեց այն փաստը, որ քարտի պայմանները մշակվում են Հայաստանում` հարմարեցվելով տեղական հաճախորդներին: Այս ակումբում մարդիկ ունեն նաև փոխադարձ շփման հնարավորություն: Մանրամասն ուսումնասիրվում է, թե ինչ է հետաքրքրում հայ հաճախորդին դրսում և ակումբի հաճախորդներին Հայաստանում: «Մենք մեր քարտը հարմարեցնում ենք հայկական հաճախորդի պահանջներին, հետագայում ակումբի անդամ քարտապաններն իրենք են թելադրելու, թե ինչպիսի քարտի պահանջ ունեն և ինչ պետք է ավելացնել, ինչ փոխել: Ի՞նչ նոր հնարավորություններ է տալիս մեր հաճախորդներին Diners Club-ը: Այսօր ամբողջ աշխարհում բանկային ծառայությունների անհատականացման գործընթաց է, մենք այս քարտով փորձելու ենք ձևավորել հաճախորդի անհատական պահանջներին համապատասխան ծառայություններ»: Մեկ տարում նախատեսվում է ունենալ 5000 քարտ, սպասարկման վարձը մրցակցային է մյուս քարտերի հետ` ավելի մատչելի մյուս բարձրակարգ քարտերի համեմատությամբ:


Հետագա
Diners Club International ընկերության նախագահ Էդուարդո Տոբոնը շնորհանդեսի ժամանակ ասաց, որ իրենց համար կարևորը շուկայի չափերը չեն, այլ հնարավորությունները և նախապատվությունները: «Այս տարի մենք մեր ներկայացուցչությունը բացեցինք Չինաստանում, և ես ճիշտ նույնքան ժամանակ եմ անցկացրել Չինաստանում, որքան անցկացրի Հայաստանում: Եթե Հայաստանում մեկ հաճախորդ կա, որ ուզում է աշխարհի լավագույն ռեստորանում լինել, մենք ուրախ ենք նրա համար այդ հնարավորությունը ստեղծել մեր մասնաճյուղերի միջոցով: Մենք շատ տպավորված ենք մեր գործընկերությամբ` և Հայաստանում, և արտասահմանում բնակվող հայերի հետ, նրանք շատ կապված են Հայաստանին և պատրաստ են մաս կազմել Diners Club International -ին»:
Այսօր Արարատբանկն իր քարտային ծրագրերով ապահովում է հասարակության տարբեր շերտերի պահանջարկը` թողարկելով ու սպասարկելով ընտանեկան քարտերից մինչև ուսանողական ու կենսաթոշակային քարտեր: Բազմազան են նաև բիզնեսի համար նախատեսված քարտերը` Արարատբանկը ներդրել է հայաստանյան շուկայում բացառիկ երկակի կիրառման VISA ավտոքարտը և Կլասիկ M մետրոքարտը: Բանկն ունի 116000 գործող քարտեր, աշխատավարձային ծրագրում ներգրավված են 500 կորպորատիվ հաճախորդներ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Շնորհանդեսը սկսվեց ուշացումով` Աշոտ Օսիպյանի պարզաբանմամբ, Էդուարդո Տոբոնն ու ինքը հանդիպումներ էին ունենում ՀՀ վարչապետի և Կենտրոնական բանկի նախագահի հետ: Փաստորեն, ֆինանսների վերաբերյալ տղամարդիկ էլ երկար են խոսում:

Դիտվել է՝ 1672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ