Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄԷ-ի քառասուներկուամյա պատմությունը պալատական լուսանկարչի աչքերով

ԱՄԷ-ի քառասուներկուամյա պատմությունը պալատական լուսանկարչի աչքերով
13.12.2013 | 11:44

ԱՄԷ-ում դեռ յոթանասունական թվականներին ամեն լուսանկարչի չէր արտոնվի ուղեկցել էմիրությունների ղեկավարներին ամենուր, լուսանկարել նրանց թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական կյանքը: Այսպիսի պատվի արժանանալը հնդիկ լուսանկարիչ Ռամեշ Շուքլան իր համար համարում է բախտավորություն: Նա մինչև այսօր արժանապատվորեն կրում է «Պալատական լուսանկարիչ» անունը: Պետական կառույցների, շեյխերի պալատների, ԱՄԷ-ի թանգարանների, մետրոյի պատերը զարդարում են ոչ միայն նրա լուսանկարները, այլև կտավները: Ռամեշ Շուքլան տասնամյակների իր գործունեության ընթացքում աներևակայելի հաջողության է հասել` հարգանք, ճանաչում, պատկերասրահներ Դուբայում, որտեղ էլ ծավալվել է նրա հիմնական գործունեությունը: Նրա լուսանկարներով հրատարակվել է երկու գիրք` «ԱՄԷ-ի կազմավորման տարիները. 1965-75 թթ.» և «ԱՄԷ-ի առաջին երեսուն տարիները»: Երկու գրքում էլ նշված ժամանակաշրջաններին վերաբերող բացառիկ պատմական լուսանկարներ են զետեղված: Իսկ 2003-ին, ի պատիվ ազգությամբ հնդիկ, բայց հոգով և ողջ էությամբ արաբական մշակույթին նվիրված լուսանկարչի, ռեժիսոր Սյեդ Մ. Թարիքը ԱՄԷ-ում վավերագրական ֆիլմ է նկարահանել, որը կոչվում է «Պալատական լուսանկարիչը հնարավորությունների երկրում»: Ռամեշ Շուքլան հայտնի է նաև իր բարձրարժեք կտավների հավաքածուով, որոնք ձեռք է բերել աշխարհի տարբեր անկյուններից:
Եթե, ի վերջո, որևէ մեկը չի հիշի նրա կյանքի այս բոլոր մանրամասները, կարող է ընդամենը իմանալ, որ նա ԱՄԷ-ի ազգային խորհրդանիշի հեղինակն է: Հատկապես Ազգային տոնի առիթով այն ամեն տեղ կարող ես տեսնել: Ազգային խորհրդանիշը ստեղծվել է Ռամիշ Շուքլայի «Միության հոգին» լուսանկարի հիման վրա, որտեղ պատկերված են էմիրությունների ղեկավարները` ԱՄԷ առաջին նախագահ շեյխ Զայեդի գլխավորությամբ, իսկ նրանց թիկունքում ծածանվում է պետական դրոշը: Էմիրությունների անցյալի և ներկայի կենդանի վկան խոստովանում է, որ լուսանկարը ստեղծել է միավորված, հզոր և զարգացող երկիր տեսնելու երազանքով: Ամեն անգամ` դեկտեմբերի 2-ին, երբ նշվում է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադրման ազգային տոնը, նա մեծ հպարտությամբ է վերհիշում երկրի անցած ճանապարհը, ամեն օր կատարվող փոփոխությունները: Տասնամյակներ առաջ իր տեսած էմիրությունները և հատկապես Դուբայի էմիրությունը այսպիսին չէին, մարդիկ չէին կարող նույնիսկ երևակայել, որ երբևէ այսպիսի կենսական պայմաններ կունենան: Քառասուն և ավելի տարիներ հետ գնալով` Ռամիշ Շուքլան վերհիշում է. քսաներկու տարեկան երազկոտ երիտասարդը կնոջ` Թարուի հետ եկել էր Դուբայ` տեղի ժողովրդի կենցաղը, մշակույթը լուսանկարելու: Գրպանում ընդամենը 50 ռուփի կար: Հետը բերել էր մի քանի լուսանկարչական ժապավեն և «Ռոլիկորդ» խցիկը, որը տասնհինգամյակի առիթով հայրն էր նվիրել: Լուսանկարում էր ուղտերի շուկան, ձկնորսներին, աշխատող կանանց, այն ամենը, ինչ կարող էր օտարերկրացուն հետաքրքրել այս երկրում ապրող մարդկանց կյանքից: Նրա լուսանկարները տպագրվում էին Հնդկաստանի քսաներկու թերթերում և ամսագրերում: Այն ժամանակ Դուբայի կառավարիչ շեյխ Ռաշիդ Բին Սաեդ ալ Մաքթումը ¥այժմյան ղեկավար և ԱՄԷ վարչապետ շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի հայրը¤ օգնեց նրան առանց խոչընդոտների և համակողմանի իրականացնելու իր առաքելությունը. Ռամիշ Շուքլան դարձավ նշանակալից միջոցառումների և իրադարձությունների պաշտոնական լուսանկարիչը: Նա կարողացավ այս միջավայրում դրսևորել նաև իր նկարչական տաղանդը` հեղինակելով շեյխերի բազմաթիվ դիմանկարներ, այդ թվում` շեյխ Ռաշիդինը, որը համարվում է վերջինիս պաշտոնական դիմանկարը, և դրանով նույնիսկ փոստային նամականիշ կա: 1970 թ. արդեն ճանաչված լուսանկարիչը և գեղանկարիչը հիմնել է իր «Չորս եղանակ» առաջին արվեստանոց-պատկերասրահը, որը գործում է մինչև այսօր: Պատկերասրահում ցուցադրվում է 8000-ից ավելի աշխատանք, այդ թվում` իր և աշխարհի տարբեր անկյուններում հայտնի գեղանկարիչների աշխատանքները: Ռամիշ Շուքլան ոչ միայն տաղանդավոր է, այլև խելացի ու հաջողակ: Այսօր նրա արվեստանոցին կից գործում է նաև նկարների շրջանակների գործարան, որի պատրաստած շրջանակները հայտնի են ԱՄԷ-ում, ողջ Պարսից ծոցում, Աֆրիկայում և Եվրոպայում: Շուքլան խոստովանում է, որ իր հաջողությունների համար պարտական է նաև իր նկարչուհի կնոջը, ով այս տասնամյակների ընթացում «թիկնապահի պես» հետևել է իր գործունեությանը, հոգ տարել իր և իր ստեղծագործությունների մասին: Տիկին Թարուն մեծ հպարտությամբ է խոսում հատկապես ամուսնու լուսանկարների մասին. դրանք ԱՄԷ-ի պատմության փաստագրությունն են: Իսկ այդ պատմությունը շարունակվում է, որը փաստագրող այլ լուսանկարիչներ կգան, բայց նա միշտ կհիշվի որպես նրանցից առաջինը, կմնա որպես ԱՄԷ-ի «Պալատական լուսանկարիչ»:
Իսկ վերջում ավելացնեմ, որ այս տարի ևս ԱՄԷ-ն մեծ շուքով տոնեց երկրի ազգային տոնը: Նույն ոգևորությամբ էին տոնին մասնակցում թե՛ տեղացիները, թե՛ այստեղ բնակվող տարբեր համայնքների ներկայացուցիչները, թե՛ զբոսաշրջիկները: Երկիրը ողողված էր պետական դրոշի կարմիր, կանաչ, սպիտակ, սև գույներով: Տոնի առթիվ մի քանի օր փակ էին աշխատավայրերը, բոլորը փորձում էին հնարավորինս լիարժեք վայելել հանգստյան օրերը: Չմոռանանք, որ հիմնական տոնական օրը դեկտեմբերի 2-ն է, երբ ստորագրվել է էմիրությունների միավորման վերաբերյալ փաստաթուղթը: Այս տարի երկրի համար կրկնակի տոն էր, քանի որ մի քանի օր առաջ Դուբայը շահեց «ԷՔՍՊՈ-2020»-ն անցկացնելու իրավունքը ¥մրցույթին մասնակցում էին նաև Եկատերինբուրգ, Իզմիր, Սան Պաուլու քաղաքները¤: Դուբայի ղեկավար և ԱՄԷ վարչապետ շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը խոստացել է «ԷՔՍՊՈ-2020»-ի ժամանակ զարմացնել աշխարհը: «ԷՔՍՊՈ»-ն դրական տեղաշարժ կարձանագրի հասարակության կյանքում. Միջազգային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների ժամանակ կբացվի 277000 նոր աշխատատեղ, երկրի տնտեսությունը կունենա մոտավորապես 40 մլրդ դոլարի աճ, իսկ այցելուների թիվը կհասնի 25-100 միլիոնի, Ժումեիրա Լեյք թաուերս կառույցները, միջազգային էքսպո անցկացնելու իրավունք ստանալու պատվին, կանվանվեն Բուրջ-2020, Դուբայում նաև ամենաբարձր առևտրային աշտարակը կկառուցվի:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2163

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ