«Իրատես de facto»-ի հյուրը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, բանասիրության թեկնածու, գրող ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ է:
«ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՄՇԱԿԵԼԻՍ ԵԼԱԿԵՏ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ ՄԵՐ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ»
-Պարոն Վարդանյան, ամիսներ առաջ` տևական դադարից հետո, գրականության և արվեստի թանգարանում բացվեց մշտական ցուցադրություն, որը ներկայացնում է մեր բազմադարյա մշակույթի բոլոր ոլորտները` գրականություն, թատրոն, կինո, երաժշտություն, մասամբ` գեղանկարչություն: Ցուցադրության բացմանը ներկա էր երկրի նախագահը: Սա ենթադրո՞ւմ է, որ երկրի առաջին դեմքի, վերին ատյանների կողմից կա հատուկ վերաբերմունք այս թանգարանի նկատմամբ:
-Ես գոնե հակված եմ այդպես կարծելու: Մշտական ցուցադրության բացմանը նախորդած բոլոր մեծ ու փոքր առիթներն օգտագործել եմ` ծանուցելու համար գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում պահվող գանձարանի մասին: Այս թանգարանը բացառիկ մշակութային օջախ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի ու նաև դրա սահմաններից դուրս գտնվող երկրների համար: Սնապարծություն թող չթվա ասածս: Մենք, և ոչ միայն մենք, հիմնավորել և ընդունում ենք, որ մի քանի հարյուրամյակ շարունակ գրականության, մշակույթի հայազգի գործիչներն ավանդաբար ակտիվ ու թելադրող են եղել Թիֆլիսում, Բաքվում, Կոստանդնուպոլսում, Ռուսաստանից մինչև Եվրոպա ու Մերձավոր Արևելք ձգվող հայաշատ վայրերում: Այդ գործիչների գերակշիռ մասի ամբողջական արխիվները կամ դրանց զգալի մասը պահպանվում են մեր թանգարանի ֆոնդերում, հետևաբար այս թանգարանն իսկապես ունի չափազանց կարևոր նշանակություն: Ցուցադրությունը հիմնական միջոցն է այդ գանձարանի մասին որոշակի պատկերացում տալու առումով: Իհարկե, այն տարածքը, որ հատկացված է մեր մշտական ցուցադրությանը, շատ հեռու է այդ ամենը լիարժեք ներկայացնելու հնարավորությունից: Այնուամենայնիվ, կարողացել ենք հինգ սրահի սահմաններում ներկայացնել մեր մշակույթի պատմությունը: Հայ գրականությանը երկու սրահ է հատկացված, թատերարվեստին, կինոարվեստին, երաժշտարվեստին` մեկական: Գրականությունը երկու սրահով ներկայացնելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ մենք հիմնական թիրախ ենք դիտարկում հանրակրթական դպրոցները, բուհերի բանասիրական բաժինները: Եվ մեր այդ երկու սրահներն ավելին են տալիս այցելուին, քան որևէ ուսումնաօժանդակ ձեռնարկ: Ցուցադրության հայեցակարգը մշակելիս ելակետ ենք ունեցել մեր հանրակրթական ծրագրերը` նպատակ ունենալով նեցուկ լինելու հանրակրթական համակարգին: Այսինքն, մեր դպրոցականը, ուսանողը այս թանգարանում տեսնում են հայ գրականության բոլոր երևելի ներկայացուցիչներին մեկտեղ, տեսնում են նրանցից յուրաքանչյուրին իր ժամանակի, իր ժամանակակիցների, իր ներկայացրած գրական հոսանքի մեջ: Թանգարանն ունի նաև կերպարվեստի բացառիկ ստեղծագործությունների մեծ հավաքածու, որի նմուշներով (քանդակ, կտավ, ծաղրանկար և այլն) հագեցած են բոլոր ցուցասրահները` ըստ համապատասխան թեմատիկայի: Մեր թանգարանում պահպանվում են ոչ միայն փաստաթղթեր, ձեռագրեր, այլև այն ամենը, ինչ առնչվում է մարդ անհատի հետ` կահույք, սպասք, անձնական օգտագործման զանազան պարագաներ, պետական պարգևներ, հուշանվերներ և այլն, և այլն: Բնականաբար, այս ամենը հնարավորինս ընդգրկել ենք ցուցադրության մեջ: Իհարկե, ցուցադրությունն արդեն բացված է, գործում է, բայց առջևում հսկայական աշխատանք ունենք անելու:
-Յուրաքանչյուր թանգարանի համար հանրությանը առավել հետաքրքիր և նորովի ներկայանալու կարևորագույն գործոն է ժամանակավոր ցուցադրությունը: Ի՞նչ տարածք է հատկացված այդ նպատակին, ի՞նչ հաճախականությամբ են կազմակերպվում նման ցուցադրություններ:
-Կարևորագույն խնդիր է դա, իսկապես: Եթե ասեմ, որ այդ նպատակին հատկացված մեր տարածքը սուղ է, քիչ բան ասած կլինեմ: Ժամանակավոր ցուցադրությանը հատկացված է հանդիսությունների դահլիճ տանող նախասրահը, որը հիմնանորոգման ընթացքում այնպես ձևավորեցինք և կահավորեցինք, որ հնարավոր լինի տարվա ընթացքում այդտեղ անել ժամանակավոր ցուցադրություններ, անդրադառնալ բոլոր կարևոր հոբելյաններին, մեծ ու փոքր մշակութային իրադարձություններին: Մեր երկրում իրականացվող բոլոր մշակութային միջոցառումներին անպայմանորեն «ձայնակցում է» թանգարանը: Միայն անցյալ տարի երկու տասնյակից ավելի ժամանակավոր ցուցադրություններ ենք ունեցել` տարբեր առիթներով: Ամբողջ տեղեկատվությունը տեղադրված է մեր կայքում ¥gatmuseum.am¤: Այս տարի ևս ունենք հագեցած ծրագիր:
-Ցուցադրությունը` լինի մշտական, թե ժամանակավոր, թանգարանի հարուստ հավաքածուի հանրահռչակման ձևերից մեկն է: Չափազանց կարևոր են նաև հրատարակչական գործունեությունը, համագործակցությունը զանգվածային լրատվամիջոցների հետ: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ:
-Մենք մեծ ակնկալիք ունենք լրատվամիջոցներից: Այն երկու տարիների ընթացքում, ինչ ես աշխատում եմ թանգարանում, անկախ հիմնանորոգման հետ կապված դժվարություններից, միշտ փորձել եմ սերտ համագործակցել լրատվամիջոցների` մամուլի, հեռուստատեսության, էլեկտրոնային կայքերի հետ: Մեր առաջին խնդիրը, որքան էլ զավեշտական թվա, այս թանգարանի մասին ծանուցելն է: Անգամ լրատվամիջոցներն ունեն ծանուցվելու կարիք: Որոշ չափով մոռացության էր մատնվել այս թանգարանը: Բայց բոլոր այն լրատվամիջոցները, որ ունեն գրական-մշակութային ուղղվածություն, հինականում սնվում են մեր թանգարանի ֆոնդերից: Մի քանիսի հետ արդեն սերտ համագործակցություն ենք ծավալել: Մենք բոլորին սպասարկում ենք անվճար կամ սիմվոլիկ վճարով` ակնկալելով մեր աշխատանքների, ֆոնդերի ակտիվ իրազեկում: Թանգարանի հանրահռչակման հետ կապված մի «խանգարող» հանգամանք էլ կա: Բանն այն է, որ 1967 թվականին, երբ նշվում էր մեր մեծանուն բանաստեղծի` Ե. Չարենցի 70-ամյակը, թանգարանը կոչել են նրա անունով: Հիմա հաճախ ստիպված ենք լինում բախվել այն իրողությանը, որ Ե. Չարենցի անունը լսելիս մարդիկ մտածում են, որ խոսքը գրողի տուն-թանգարանի մասին է, և տարբեր առիթներով այստեղ հրավիրվածները սխալմամբ գնում են տուն-թանգարան: Մենք պիտի կարողանանք հանրությանը ծանուցել, որ սա Չարենցի տուն-թանգարանը չէ: Այստեղ պահպանվում է 1200 մեծարժեք ֆոնդ, որոնցից մեկն է միայն Չարենցինը: Որպեսզի ընթերցողը չշտապի ընդվզել` ի պաշտպանություն Չարենցի, ասեմ, որ խոսքը Սայաթ-Նովայի, Թումանյանի, Կոմիտասի, Չուխաջյանի, Տիգրանյանի և հարյուրավոր այլ մեծությունների մասունքներն ամփոփող ֆոնդերի մասին է: Մեր թանգարանն իրավամբ կարելի է համարել հարազատ օջախն ու տուն-թանգարանը բոլոր այն երևելիների, որոնց բախտ չվիճակվեց իրենց տուն-թանգարաններն ունենալու: Շուրջ երեքհարյուրամյա ժամանակահատված են ընդգրկում այդ ֆոնդերը` սկսած Սայաթ-Նովայից մինչև մեր օրերը: Քաղաքապետարանը, կրթության և գիտության նախարարությունը որոշակի հիվանդագին վերաբերմունքով են նայում մշակութային օջախներում գործող այցելության կարգին: Ես հրավիրել եմ թանգարան փոխքաղաքապետերին, քաղաքապետարանի կրթության վարչության և ԿԳ նախարարության պատասխանատուներին, դպրոցների տնօրեններին, լեզվի և գրականության ուսուցիչներին` նպատակ ունենալով ցույց տալու այն ամենը, ինչ կարող են այստեղ տեսնել, սովորել մեր դպրոցականները, ուսանողները: Մանավանդ, որ մեր մուտքի տոմսի համար սահմանված է ընդամենը 300 դրամ վճար, ինչը մեծ գումար չէ: Թեև ես չեմ կարծում, թե թատրոնների 1000-դրամանոց տոմսերը պատճառ են, որ պատ շարեն թատրոնների առաջ և թույլ չտան մեր դպրոցականներին դիտելու գոնե հանրակրթական ծրագրի շրջանակներում ներառված հեղինակների ստեղծագործությունների հիման վրա արված բեմադրությունները:
«ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԵՎ ՂԱՓԱՆՑՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԵՐԹԻՆ»
-Ակնարկեցիք տուն-թանգարան չունեցող գրողներին: Հայ գրողներից ոմանք ունեն իրենց տուն-թանգարանները, որոնց զգալի մասը հենց գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղերն են: Բացառությամբ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի` մյուս մասնաճյուղերը գտնվում են Հայաստանի տարբեր մարզերում և նպաստում են մարզերի մշակութային կյանքի աշխուժացմանը: Ինչպե՞ս կգնահատեք այդ կառույցների գործունեությունը, ի՞նչ խնդիրներ ունեք` կապված մասնաճյուղերի, հատկապես Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի և Գրիգոր Ղափանցյանի թանգարանի հետ:
-Մինչև 1990-ական թվականները այս թանգարանի մասնաճյուղերն ավելի շատ են եղել, բայց տեղական ինքնակառավարման մասին օրենքի ընդունումից հետո շատ պատմամշակութային հաստատությունների նման մեր մասնաճյուղերի մի մասն էլ դրվեց տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ: Այս պահին ունենք հինգ մասնաճյուղ` Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը` Դսեղում, Ակսել Բակունցի տուն-թանգարանը` Գորիսում, Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը, Գրիգոր Ղափանցյանի թանգարանը` Աշտարակում, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը` Երևանում: Մայր թանգարանում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ` 2011 թվականին կատարվեցին նաև Ակսել Բակունցի տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները: Նոր ցուցադրությունն էլ պատրաստ է արդեն: Հպարտությամբ պիտի ասեմ, որ Գորիսում ունենք Ակսել Բակունցի գրական վաստակին ու հիշատակին արժանի տուն-թանգարան: Այն կարևորագույն մշակութային-ժամանցային օջախ է ոչ միայն Սյունիքի մարզի, այլև ամբողջ հանրապետության համար: Նոր ցուցադրությունը մշակելիս չենք սահմանափակվել միայն ցուցասրահով, ընդգրկել ենք ամբողջ արտաքին միջավայրը` Բակունցների բակը, տոհմական այգին, աստիճանավանդակները: Անգամ մի թռչնաբույն է պատրաստվել այգու մուտքի մոտ, որում բնակվում են երկու միրհավ: Սա այդ թանգարանի ցուցադրության կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Եթե Երևանում նման ցուցադրություններով մարդկանց չես զարմացնի, ապա մարզերում այդ բաները շատ կարևոր են, նշանակալից: Անցյալ տարի Հայաստանի սոցիալական ներդրումների հինադրամի միջոցով ջեռուցման համակարգերով ապահովվեցին Բակունցի և Թումանյանի տուն-թանգարանները, որի շնորհիվ դրանք այսուհետ լիարժեք գործելու հնարավորություն կունենան ոչ միայն տաք եղանակներին, այլև ողջ տարվա ընթացքում: Արագածոտնի մարզի կարևորագույն մշակութային օջախներից է Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը, որը բարի համարում ունի նաև ամբողջ հանրապետությունում: Ցավոք, դեռ մեծ անելիքներ ունենք մյուս երկու մասնաճյուղերում` Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում և Գրիգոր Ղափանցյանի թանգարանում: Քիչ է ասել, թե Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը գտնվում է անմխիթար վիճակում: Խոսքը արտաքին պայմանների մասին է: Արդեն վաղուց թանգարանն ունի հիմնանորոգման կարիք, նոր ցուցադրության կարիք: Բայց, քանի որ մեր համակարգը դիտարկվում է ամբողջության մեջ, ոչ թե ըստ առանձին մասնաճյուղերի, ուստի պետք է փաստեմ, որ վերջին տարիներին գրականության և արվեստի թանգարանում ներդրված խոշոր հատկացումները անհամեմատելի են մշակութային մեկ այլ համակարգում արված ներդրումների հետ: Դեմիրճյանի և Ղափանցյանի թանգարաններն սպասում են իրենց հերթին: Համենայն դեպս, կարող եմ ասել, որ պետական ծրագրերում նախատեսված է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի հիմնանորոգման և նոր մշտական ցուցադրության աշխատանքներն իրականացնել 2014 թվականին: Առավել անարդար են ժամանակին վարվել Գրիգոր Ղափանցյանի թանգարանի հետ: 1990-ականներին հայտնվել է ինչ-որ սեփականատեր, կարողացել է դատական ճանապարհով սեփականացնել այն տունը, որը տարիներ շարունակ գործել է որպես Ղափանցյանի թանգարան: Արդյունքը եղել է այն, որ թանգարանի հավաքածուն հայտնվել է Աշտարակի Գ. Ղափանցյանի անունը կրող դպրոցում, տեղավորվել ընդամենը մեկ սենյակում: Ինձ համար անընդունելի է, որ այդ դպրոցը ոչինչ չի անում գոնե մեկ սենյակ պատշաճ տեսքի բերելու և այդ ցուցանմուշները ներկայացնելու համար: Մեր հանրապետության հարյուրավոր դպրոցներ անվանակոչված են հայ գրականության, մշակույթի մեծերի անուններով, և իրենց տարածքում այդ մեծերին նվիրված մի փոքրիկ անկյուն, մի սրահ ձևավորելու համար դպրոցի տնօրենները դիմում են մեզ, որպեսզի ձեռք բերեն այստեղ պահպանվող մասունքների կրկնօրինակներ, լուսանկարներ, այլ նմուշներ: Ղափանցյանի դեպքում ամբողջ հավաքածուն է հանձնվել դպրոցին ի պահ, ընդ որում` բնօրինակները: Արդյո՞ք մեկ սենյակում այդ ամենը կոկիկ, պատշաճ ձևով պահպանելը և հանրությանը ներկայացնելը բարդ խնդիր է: Ղափանցյանի թանգարանն այսօր, փաստորեն, չի գործում, այցելու չունի, որևէ քայլ չի կատարվում վիճակը շտկելու ուղղությամբ:
«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՆ ԱՅԼ ՄՈՏԵՑՈՒՄ ԵՆ ԹԵԼԱԴՐՈՒՄ, ՔԱՆ ԹՈՒՂԹԸ, ԹԱՆԱՔԸ, ՓԵՏՈՒՐԸ»
-Գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերի տարեգրությունն սկսվում է Սայաթ- Նովայից և ձգվում դեպի անվերջություն: Մենք թանկ կորուստներ ունեցանք վերջին շրջանում. կյանքից հեռացան Վահան Վարդանյանը, Հրաչյա Բեյլերյանը, Լևոն Խեչոյանը, Արամ Ղարաբեկյանը: Շատերին կորցրինք, ցավոք, ու ես վախենում եմ որևէ կարևոր անուն հիմա բաց թողնել, չհիշատակել: Կցանկանայի իմանալ, թե ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այսպիսի մարդկանց արխիվները ձեռք բերելու ուղղությամբ: Եվ կա՞ որոշակի չափորոշիչ այս կամ այն անհատի արխիվը թանգարանում պահպանության վերցնելու հարցում:
-Որևէ դասակարգում, չափորոշիչ չկա այդ իմաստով, ցանկացած մոտեցում հարաբերական է, պայմանական: Ասացի, որ մեր ֆոնդերում պահպանվում են 1200 հեղինակի արխիվներ: Եվ այնպես չէ, որ բոլոր այդ հեղինակներն առաջնակարգ գրական-մշակութային գործիչներ են եղել: Շատերը նրանցից մոռացված են, լուսանցքում մնացած: Բայց քանի որ նրանք որոշակի դերակատարում են ունեցել մեր գրականության և արվեստի պատմության մեջ, առնչվել են ժամանակի նշանավոր դեմքերի հետ, նամակագրական կապերի մեջ են եղել, այդքանով արդեն նրանց արխիվները դարձել են մեզ համար արժեքավոր և վերցվել պահպանության: Ինչ վերաբերում է ժամանակակից ստեղծագործողներին, ապա նրանց արխիվները հիմնականում էլեկտրոնային տարբերակով են պահպանված. նորագույն տեխնոլոգիաներն անում են իրենցը: Այսօր հազվադեպ են այն երիտասարդ գրողները, արվեստագետները, որոնք մեզ կարող են հանձնել թանգարանային առումով հետաքրքիր որևէ ցուցանմուշ: Ամբողջ արխիվը պահվում է ինչ-որ կրիչների, էլեկտրոնային սարքերի մեջ, որոնք մեզ համար, անկեղծ ասած, մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում: Փա՛ռք Աստծո, այդ նյութերը պարբերաբար հրատարակվում են առանձին ժողովածուներով, գրքերով, որոնք ձեռք բերելու հարցում թանգարանը հետևողական է: Մենք ունենք ավելի քան հարյուր հազար միավոր գիրք և մամուլ ընդգրկող հարուստ հայագիտական գրադարան, որը շարունակում ենք հարստացնել նաև այսօր: Ձեռք ենք բերում նաև հեռուստահաղորդումների, ֆիլմերի տեսագրություններ, որոնք պահպանում ենք մեր ֆիլմադարանում: Ժամանակակից տեխնոլոգիաներն այլ մոտեցում են թելադրում, քան թուղթը, թանաքը, փետուրը:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ