Փետրվարի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ հրավիրել էր տարեկան ամփոփիչ մամլո ասուլիս` ներկայացնելու անցած տարվա աշխատանքները և ընթացիկ տարվա անելիքները: 2013-ը ԱԽ-ի համար արդյունավետ գործունեության տարի որակվեց. «Մենք իրականացնում ենք գործունեություն երեք ուղղություններով. առաջին` երկրի ռազմավարական զարգացմանն առնչվող փաստաթղթերի մշակում, քննարկում, հաստատում, ՀՀ նախագահի իրավական ակտով հաստատում, երկրորդը համակարգման գործառույթն է, որտեղ ես գլխավորում եմ 10 գերատեսչական հանձնաժողովներ, 40 միջգերատեսչական աշխատանքային խմբեր, երրորդ` մեր ընդունած իրավական ակտերի և առանձին պետական մարմիններում դիտարկումներ: Մենք դիտարկումներ ենք իրականացրել ՀՀ ոստիկանության համակարգում, ուղղիչ աշխատանքային հաստատություններում և այլ ոլորտներում: Մենք ծրագրել ենք ներդնել այլընտրանքային պատիժների նոր համակարգ, որն ուղղված է նվազ հասարակական վտանգավորության արարքների ապաքրեականացմանը: Ազատազրկումը միշտ չէ, որ քաղաքակիրթ պատժի միջոց է, մենք պետք է ամբողջ աշխարհում գործող այդ համակարգը ներդնենք մեր երկրում, երբ կատարած զանցանքի համար մարդը կգտնվի պետության հսկողության տակ, չի կարող սահմանը հատել, բայց կլինի իր ընտանիքի հետ: Մյուս խնդիրը բնական պաշարների արդյունավետ կառավարումն է: ՀՀ-ում բնական պաշարների լուրջ ուսումնասիրություն չի իրականացվել, մինչդեռ մենք հարուստ բնական պաշարներ ունենք: Այս հարցում համագործակցում ենք եվրոպական ու ռուսական ընկերությունների հետ: Կարևորում եմ ՀՀ ժողովրդագրական անվտանգության ռազմավարության մշակումը, շատ է խոսվում արտագաղթի ու դրա կասեցման մասին, և մենք մտադիր ենք այս տարի հաստատել հայեցակարգը, որը կպատասխանի այդ ոլորտում կուտակված հարցերին: Կքննարկվի և կընդունվի ՀՀ հոգևոր անվտանգության հայեցակարգը, բազմաթիվ խնդիրներ կան աղանդավորական շարժումների հետ, և մեր նպատակն է մշակել պետության իրականացնելիք քայլերը: Հաջորդը կենսաբանական անվտանգության խնդիրն է, որ ներառում է վտանգավոր թափոնների, կենսաբանական վտանգներ ունեցող հոսքերի կառավարումը, ոչնչացումը կամ հետագա օգտագործումը»,-նշեց Արթուր Բաղդասարյանը և, այս տարվա ծրագրերը ներկայացնելուց հետո, պատասխանեց լրագրողների հարցերին:
«ՄԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԽՈՐԱՑՆԵՆՔ»
«Իրատես de facto»-ի` «Նախատեսվո՞ւմ են բանակցություններ Իրանի հետ էներգետիկ անվտանգության շրջանակներում գազի գնման և միջազգային տնտեսական ծրագրերում Հայաստանի ներգրավվածության վերաբերալ» հարցին ի պատասխան Արթուր Բաղդասարյանն ասաց.
-Իրանի հետ մեր համագործակցությունը խորանալու է: Իրանի շուրջ վերջին զարգացումներին Հայաստանը զորակցում է, պատժամիջոցների նվազեցումը ավելի հավասարակշռված և հանդարտ մթնոլորտ է ձևավորում Իրանի շուրջ: Դա նշանակում է, որ դրական իմաստով մեր տնտեսական ագրեսիվությունը պետք է խորացնենք նոր տնտեսական ծրագրեր իրականացնելու համար: Իրանի հետ մեր համագործակցությունը չի հակադրվում Ռուսաստանի հետ ՀՀ-ի ձեռք բերած համաձայնություններին գազի ոլորտում:
-2015-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, հայ-թուրքական հարաբերություններում փոփոխություններ ակնկալո՞ւմ եք, մասնավորապես` սահմանի բացման առումով:
-Ցեղասպանության 100-ամյակի առիթով գործում է պետական հանձնաժողով, որն ունի մշակված միջոցառումների ծրագիր: Թուրքիան փորձում է իմիտացիա ստեղծել, որ ուզում են փոխընդունելի լուծման գալ, բայց ես շոշափելի տեղաշարժ այս դաշտում չեմ տեսնում ո՛չ այս տարի, ո՛չ էլ հաջորդ տարի, որ ավելի դժվար տարի է լինելու:
-Թուրքիայի ընտրական ցիկլը փոփոխություններ կբերի՞ այս հարցում:
-Փոփոխություններ կարող է բերել միայն ընտրական ցիկլը. եթե Թուրքիայում տեղի ունենա քաղաքական իշխանության փոփոխություն, գործող իշխանության մտայնությունները մեզ հայտնի են հայ-թուրքական հարաբերությունների հարցում: Եթե իշխանության գան ավելի տոլերանտ, նվազ ազգայնական ուժեր, փոփոխություններ կլինեն:
-Կա՞ն նման ուժեր:
-Մենք այսօր տեսնում ենք Թուրքիայում իշխանությունների կողմից հովանավորվող նոր կուսակցությունների ստեղծում, որոնք խոսում են Հայաստանի հետ հարաբերությունների լավացման, ավելի հանդուրժողական դիրքորոշումների մասին, բայց դժվար է ասել, թե ինչ կլինի: Վերջին ներքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ իրադարձություններն ավելի խոր արմատներ ունեն: Ես չեմ կարող փորձագիտական սպառիչ գնահատական տալ թուրքական հասարակությանն ու քաղաքական հատվածին, եզրակացություններ հնարավոր են ստացված տեղեկությունների շրջանակներում:
«ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ»
Որպես ԱԱԽ քարտուղար և ռազմարդյունաբերության պետական հանձնաժողովի նախագահ ՀՀ նախագահին առաջարկ եմ ներկայացրել ՀՀ-ում ստեղծելու կառավարությանն առընթեր ռազմական արդյունաբերության պետական կոմիտե, առանձնացնելով պաշտպանության նախարարությունից: Թուրքիան ունի հզոր ռազմարդյունաբերական համալիր, Ադրբեջանում գործում է նախարարություն, ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներում ռազմական արդյունաբերության առանձին կառույցներ կան: Հույս ունեմ, որ այս տարի մեր երկրում նման կառույց ստեղծելու որոշում կկայացվի, ինչը հնարավորություն կտա զարկ տալու ռազմական արդյունաբերությանը Հայաստանում: Մենք ունենք ձեռնարկություններ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որ հաղթում են տարբեր երկրների ռազմական արդյունաբերությունների մրցույթներում: Այսինքն, Հայաստանի ներսում այդ ներուժը կա: Մենք դատապարտված ենք Հայաստանում ռազմական արդյունաբերությունը զարգացնել և՛ տեղական ռեսուրսներով, և՛ այլ պետությունների հետ համատեղ ձեռնարկություններ ստեղծելով: Ռազմական արդյունաբերության զարգացումը ոչ միայն պաշտպանության ամրապնդում է, այլև նոր աշխատատեղեր, ուրեմն և սոցիալական խնդրի լուծում»:
«ԴԵՊՈՐՏՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԱՆԱԼ»
«Հաջորդ շաբաթ, իբրև ԱԱԽ քարտուղար, ես նամակ եմ ուղղելու ՌԴ ԱԱԽ քարտուղարին` ակնկալելով նրա դիրքորոշումները ստանալ այս խնդրի շուրջ: Մենք պետք է փորձենք ՀՀ քաղաքացիների համար, ովքեր ՌԴ են մեկնել արտագնա աշխատանքի, արտոնյալ պայմաններ ստեղծել` հաշվի առնելով մեր դաշնակցային հարաբերությունները, ՀՀ-ի անդամակցումը Մաքսային միությանը և 2015-ից Եվրասիական միությանը: Ռուսական իշխանությունները իրավիճակի ընկալում ունեն: Կարծում եմ` մենք մեր, խորհրդարանը` իր, կառավարությունն իր ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկենք: Ես լավատես եմ, մենք պետք է ամեն ինչ անենք հարցին դրական լուծում տալու համար: Դեպորտների թիվը կարող է ավելանալ, սա լրջագույն խնդիր է, դժվար է 90 օր գտնվել մի երկրում, վերադառնալ ու 90 օր հետո նորից մեկնել ու աշխատանք գտնել»:
«ՄԱՐԴԻԿ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ՈՒՆԵՆ»
«Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանում քաղաքական անհրաժեշտություն են: Ամբողջ աշխարհն այդ ուղղությամբ է գնում, բայց իրավական մեխանիզմները լուրջ հստակեցման կարիք ունեն: Սահմանադրության 31-րդ հոդվածն ասում է, որ ամեն ոք ունի սեփականության և իր միջոցները տնօրինելու իրավունք: Փողը մարդու սեփականությունն է, և եթե սահմանափակվում է այդ միջոցը տնօրինելու իրավունքը, պետք է կատարվի բացառապես օրենքով և իրավական մեխանիզմներով: Սահմանադրական դատարանը մինչև մարտի 28-ը պետք է խորամուխ լինի հարցի մեջ: Որպես ՕԵԿ ղեկավար` ես հանձնարարել եմ մեր խմբակցությանը նախապատրաստել կենսաթոշակային բարեփոխումների օրենքի նոր նախագիծ: Մարդիկ վստահության պակաս ունեն, պետական լրացուցիչ իրավական երաշխիքներ են անհրաժեշտ, հիմնադրամների կառավարիչները ոչ թե Կենտրոնական բանկի կամ կառավարության որոշումներով պետք է պատասխանատվություն կրեն, այլ ՀՀ հատուկ օրենքով:
«ՀԱՊԿ-Ը ԼԱՎ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ Է ԻՐԱՎԻՃԱԿԻՑ»
-Ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չի արձագանքում սահմանային միջադեպերին:
-Առաջիկա օրերին իմ հրավերով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը կժամանի Երևան, այդ խնդիրը նրա հետ ևս մեկ անգամ կքննարկենք: ՀԱՊԿ-ը պարբերաբար գլխավոր քարտուղարի շուրթերով անընդունելի է համարել ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը: Մենք չենք կարող ամեն մի դեպքի համար, ինչքան էլ ցավալի ու ողբերգական լինեն այդ դեպքերը, դատապարտելի ու անընդունելի, ակնկալել հայտարարություն կառույցից կամ նրա ղեկավարից: Մենք պետք է հասկանանք, որ ՀԱՊԿ-ը 6 երկրների ռազմաքաղաքական դաշինք է: Հայ-ադրբեջանական հարաբերությունների, Ադրբեջանի պաշտոնատար անձանց, ներառյալ նախագահի ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ Նիկոլայ Բորդյուժան բազմիցս ներկայացրել է իր սպառիչ դիրքորոշումները: Երբ նա գա Հայաստան, դուք կարող եք այդ հարցը նաև նրան ուղղել: ՀԱՊԿ-ում լավ տեղեկացված են իրավիճակից:
«ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
Ժողովրդագրական անվտանգության հայեցակարգը լրջագույն փաստաթուղթ է, որը պատրաստելիս պետք է պատասխանենք մի շատ կարևոր հարցի` ո՞ւր ենք մենք գնում: Որպեսզի հասկանանք ո՞ր ուղղությամբ և ո՞ւր ենք գնում, պետք է ունենանք այդ ոլորտի զարգացման հստակ տեսլականը: 1990 թ. սկսած մենք պետք է ունենանք այդ տեսլականը` ինչքա՞ն արտահոսք է եղել Հայաստանից, ինչպե՞ս է հաշվառվել, ի՞նչ բարեփոխումներ իրականացվեն, ի՞նչ գումարներ ծախսվեն, և այլն, և այլն: Նույնը վերաբերում է հոգևոր անվտանգությանը: Այսօր ասում են, որ Հայաստանում կան բազմաթիվ աղանդներ, բայց երբ մեկը խոսում է աղանդների դեմ, մյուսը միջազգային կազմակերպություններում բարձրաձայնում է կրոնական իրավունքների խախտման մասին: Բոլոր այդ հարցերին պատասխան տալու համար մեզ սպառիչ տեսլական է պետք, որը կներառի լավագույն միջազգային փորձը և հայ ժողովրդի հոգևոր անվտանգության ապահովման երաշխիքներ կտա»:
«ՄԵՆՔ ԿԱՐԴԻԱԿԱՆԱՑՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ, ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ»
«Առավելագույնը երեք տարի հետո մենք կունենանք Հայաստանում միջազգային չափանիշներով սահմաններ` թե՛ հայ-վրացականը, թե՛ հայ-իրանականը: Մենք կարդիականացնենք Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան պետական սահմանը, կլինեն ոչ թե 1938-ի կամ 1960-ի փշալարերը, այլ տեխնիկապես հագեցած ժամանակակից սարքավորումներ, սահմանի կառավարման և վերահսկողության ավտոմատացված համակարգեր: Այսօր տեխնիկական սարքավորումներ չկան, երբ բարեփոխումներն իրականացվեն, սկաներով կարող ենք բեռները ստուգել: Այսօր 62 միլիոն եվրոյի ծրագիր է իրականացվում հայ-վրացական սահմանին, ևս 20 միլիոն կհատկացնեն մեր եվրոպացի գործընկերները` այդ աշխատանքներն ավարտելու համար»:
«ՈՐՊԵՍԶԻ ՄԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ ԳՏՆԵԼ»
-Ինչո՞ւ Մինսկի խումբը չի կասեցնում ադրբեջանական սադրանքները:
-Սովորաբար երբ Ադրբեջանը սահմանային որևէ միջադեպ է նախաձեռնում, հաջորդ օրը հայտարարում է, որ մենք խախտել ենք հրադադարի ռեժիմը: Իրոք, մտահոգիչ է սահմանի վրա մշտական լարվածությունը, բայց մենք պետք է հասկանանք, որ Մինսկի խմբի գործառույթը սադրանքները դատապարտելը չէ, ՄԽ-ն հակամարտող կողմերին հաշտության բերելու խնդիր ունի, առավելագույնը մենք կարող ենք ակնկալել, որ նրանք դատապարտեն ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, որ պարբերաբար անում են: Իհարկե, մենք ակնկալում ենք, որ այդ հայտարարություններն ավելի կոշտ ու հասցեական լինեն, բայց, լինելով պրագմատիկ, պիտի հասկանանք, որ չենք կարող ակնկալել Ադրբեջանի դատափետում, որովհետև նաև կեղտոտ տեղեկատվական տեխնոլոգիաներ են կիրառում մեր հարևանները, որի դրսևորումներին բազմիցս ենք ականատես եղել: Կարևորը Հայաստանի զինված ուժերի շարունակական ամրապնդումն է, սադրանքները պատահական չեն, ամեն սադրանքի պետք է տրվի համարժեք պատասխան, որպեսզի հակառակորդը հասկանա, որ իր գործողություններն անպատիժ չեն մնում: Զուգահեռաբար պետք է շարունակվի նաև բանակցային գործընթացը, որպեսզի կարողանանք խաղաղության բանալին գտնել, որ շատ կարևոր է ողջ տարածաշրջանի համար:
«ԱՌՆՎԱԶՆ ՍՆԱՆԿ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ Է»
-Մենք ապավինում ենք ՀԱՊԿ-ին, իսկ ՀԱՊԿ անդամ Ղազախստանը ստանձնել է Ադրբեջանի փաստաբանի դերը, եթե կառույցում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, ինչի՞ հույս կարող ենք ունենալ:
- ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, բայց ՀԱՊԿ շրջանակներում կա հայ-ռուսական երկկողմ համագործակցություն, ի վերջո, ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որի առանցքում Ռուսաստանն է: Վերջերս ստեղծվեցին կոլեկտիվ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ, որոնց պատասխանատվությունն իր վրա է վերցրել Ռուսաստանը: Մենք ՌԴ-ի հետ ունենք երկկողմ իրավապայմանագրային բազա, որը, անհրաժեշտության դեպքում, փոխադարձ աջակցություն ցույց տալու հնարավորություն է բերում: Բացի այդ, չորս տարի առաջ ստորագրված փաստաթղթով ոչ միայն երկարաձգվեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործողության ժամկետը, այլև արձանագրվեց, որ ՌԴ-ն ՀՀ-ի զինված ուժերի հետ միասին ապահովում է ՀՀ-ի անվտանգությունը և պետական սահմանների պաշտպանությունը: Իսկ Ղազախստանը և Ադրբեջանը համագործակցում են միջազգային տարբեր կառույցներում, բազմաթիվ տնտեսական ծրագրեր են իրականացնում և ակնկալել, որ լինելով մեկ ռազմաքաղաքական դաշինքի անդամ, նրանք պետք է դադարեցնեն երկկողմ գործակցությունը, անտեսեն իրենց ազգային-պետական շահերը, առնվազն սնանկ մտածելակերպ է: Միևնույն ժամանակ մենք մեր ղազախ և մյուս գործընկերներին պարբերաբար ներկայացնում ենք ՀՀ պաշտոնական դիրքորոշումները, հորդորում ձևավորել կառուցողական մթնոլորտ: Ե՛վ Ղազախստանի նախագահը, և՛ Բելառուսի, և՛ մյուս պաշտոնատարները հրապարակային ելույթներում ու մասնավոր խոսակցություններում կարևորում են Ղարաբաղի խնդրի փոխընդունելի լուծումը, նրանք էլ են հասկանում, որ պատերազմ սկսվելու դեպքում իրենք խնդիրներ են ունենալու` հաշվի առնելով գործող իրավապայմանագրային բազան: Նույնն է և ՆԱՏՕ-ի դեպքում: ՆԱՏՕ-ի անդամ երկրները միշտ էլ պաշտպանում են իրենց շահերը: Լինելով ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից մեկը` Թուրքիան Սիրիայի հարցում իր ինքնուրույն քաղաքականությունն է վարում` ելնելով իր շահերից, երբ ԵՄ-ի բազմաթիվ ազդեցիկ երկրներ ունեն հակառակ դիրքորոշում: Թեպետ բոլորն էլ ՆԱՏՕ-ի անդամ են:
«ՓԱՅԼՈՒՆ ԳՈՐԾԱՐՔ»
«Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքը փայլուն գործարք է: Հարյուր ութսուն միլիոն դոլար ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ լուրջ ձեռքբերում է: Տա Աստված, նման ներդրումներ ավելի շատ լինեն Հայաստանում»:
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ ԱՌԱՎԵԼ ՀԱՄԱՐՁԱԿ»
«Ես ակնկալում եմ, որ մեր կառավարությունը գործի առավել արդյունավետ, առավել նպատակաուղղված: Խոսքը վերաբերում է թե՛ ՕԵԿ նախարարներին, թե՛ ողջ կառավարությանը: Երկրում կուտակված են լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք պետք է առավել համարձակ, նպատակային, պատասխանատու ու հաշվետվողական լուծվեն, որպեսզի հասարակությունը տեսնի արդյունքները: Կառավարությունը պետք է առավել ամբիցիոզ խնդիրներ դնի ու լուծի, նշաձողը պետք է բարձրացնել, պետք է ավելի լավ աշխատել, որովհետև մարդիկ արդյունքներ են ուզում»:
«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ ԵՍ ԲԱԺԱՆՈՒՄ ԵՄ ԵՐԿՈՒ ՄԱՍԻ` ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ»
-Ինչպե՞ս եք վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցներին և վերադարձի հեռանկարին:
-Ամեն երկրի նախկին նախագահ` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, տարիներ անց` Սերժ Սարգսյանը, իրավունք ունի իր ղեկավարած երկրում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ իր տեսակետներն արտահայտել: Մենք պետք է ըմբռնումով վերաբերվենք այդ տեսակետներին: Ռոբերտ Քոչարյանի տեսակետները ես բաժանում եմ 2 մասի` բովանդակային և քաղաքական: Քոչարյանի բովանդակային հարցադրումներին բովանդակային պատասխան պետք է տան կառավարության համապատասխան ոլորտների ներկայացուցիչները: Իսկ հասարակությունը պետք է լսի, համադրի, վերլուծի և եզրակացություններ անի արված հարցադրման և տրված պատասխանի վերաբերյալ: Քաղաքական մասով կարո՞ղ է արդյոք Ռոբերտ Քոչարյանը վերադառնալ առավել ակտիվ քաղաքական հարթակ: Այս հարցի պատասխանը պետք է ստանալ նախ և առաջ Ռոբերտ Քոչարյանից: Ես նման հավանականությունը բացառելը համարում եմ քաղաքական սնանկություն, բայց դա իր որոշելիքն է, հաշվի առնելով, որ ՀՀ քաղաքական դաշտում կան քաղաքական միավորներ, որոնց հետ Ռոբերտ Քոչարյանը ունեցել է և ունի քաղաքական արդյունավետ համագործակցության պատմություն:
«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԲԱԺԱՆՎՈՒՄ Է ԵՐԵՔ ԽՄԲԻ»
«Հայաստանի այսօրվա քաղաքական դաշտը ես կբաժանեի մի քանի խմբի. առաջին. իրենց այլընտրանք հռչակող կամ իշխանությանը լոյալ դիրքորոշում ունեցող քաղաքական ուժեր (ԲՀԿ, ՀՅԴ), որ ունեն պետական-իշխանական լծակներ պետական կառավարման համակարգում, խորհրդարանում, գործադիր իշխանության միջին օղակներում` ներգրավված չլինելով կառավարության մեջ: Նրանք հանդես են գալիս իրենց դիրքորոշումներով, իրենց շուրջը ձևավորում են որոշակի ընդդիմադիր տրամադրություններ, քաղաքական կառույցներ կամ հոսանքներ: Երկրորդ բևեռն ընդդիմությունն է, որ դիրքորոշումների հստակեցման փուլում է: Երրորդը իշխանությունն է, կոալիցիա կազմած ուժերը` ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը»:
«ՕԵԿ-Ը ԻՆՉՊԻՍԻՆ ԵՂԵԼ Է, ԱՅՆՊԻՍԻՆ ԷԼ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է»
«ՕԵԿ-ը, փոքրամասնություն լինելով իշխանության մեջ, փորձում է իրականացնել իր ծրագրերը: 2013-ին խորհրդարանում եղել են առնվազն երկու տասնյակ դժվար քվեարկություններ` 70-72 ձայնով: ՕԵԿ-ի քվեների շնորհիվ ՀՀ պետական բյուջեի նախագիծն ընդունվել է, սա խոսում է մեր իրական ազդեցության մասին քաղաքական դաշտում: Ինչպիսի՞ն է լինելու ՕԵԿ-ի դերը կոալիցիայի շրջանակներում: Ինչպիսին եղել է, այնպիսին էլ շարունակվելու է: 2013-ին ՕԵԿ-ը ճանաչվել է ԱԺ լավագույն խմբակցությունը, parliament monitoring. am կայքում դուք էլ կարող եք տեսնել ո՛ր խմբակցությունը քանի օրենք է ներկայացրել, ո՛ր պատգամավորը քանի ելույթ է ունեցել: 2014-ին ՕԵԿ-ն իր ակտիվությունը բազմապատկելու է, մենք բարձրաձայնելու և հետամուտ ենք լինելու հասարակությանը հուզող խնդիրների լուծմանը, լինելով իշխանության մեջ` առաջադրելու ենք մեր տեսակետները»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- «Մտադի՞ր եք մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին» հարցին ի պատասխան Արթուր Բաղդասարյանն ասաց. «Դուք գիտե՞ք տարեվերջին Ձեզ հետ ինչ կլինի: Ամեն ինչ` իր ժամանակին»: