Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հրաժարականների համաճարակ

Հրաժարականների համաճարակ
04.04.2014 | 00:57

Հայաստանում շարունակվեց վարչապետների հրաժարականների համաճարակը. սկսեց Ֆրանսիան, շարունակեց Ղազախստանը, ընթացք տվեց Հայաստանը: Եթե Ֆրանսիայում Ժան-Մարկ Էյրոյի հրաժարականը հետևանք էր մունիցիպալ ընտրություններում սոցիալիստների պարտության, Ղազախստանում ու Հայաստանում վարչապետների հրաժարականները պատճառաբանվում են անձնական նախաձեռնությամբ: «Այսօր՝ ապրիլի 3-ին, վարչապետ Սարգսյանն իր սեփական նախաձեռնությամբ, սեփական դիմումի համաձայն, որին մենք հարգանքով ենք վերաբերվում, իրականացրել է իր գործառույթը և տվել է հրաժարականի դիմում»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո տեղեկացրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Մինչդեռ առավոտյան, սովորական ժամին վարչապետն անցկացրել էր կառավարության նիստը և հրաժարականի ոչ մի ցանկություն չէր արտահայտել:
Տիգրան Սարգսյանի հրաժարականը կարող է առնչվել նախորդ օրը Սահմանադրական դատարանի կայացրած վճռի հետ նրա անհամաձայնությանը, բայց Հայաստանում քաղաքական տարաձայնությունները այդ կերպ չեն լուծվում:
Երկրորդ տարբերակը՝ խորհրդարանական ոչիշխանական ուժերի պահանջը կարող է համարվել, բայց այս դեպքում շաբաթն ուրբաթից շուտ է գալիս: Եվ ընդհանրապես Հայաստանում ընդդիմությունը (կամ էլ ոչիշխանական ուժերը) միշտ ինչ-որ մեկի հրաժարականը պահանջում են ու չեն ստանում:
Ակնհայտորեն գործել է երրորդ տարբերակը՝ Տիգրան Սարգսյանը հրաժեշտ տվեց պաշտոնին բնավ էլ ոչ հայկական քաղաքական դաշտում գործող ուժերի թելադրանքով: Փաստորեն այն, ինչ ծրագրված էր իրականացնել ապրիլի 28-ից 30-ը, կատարվում է ապրիլի 3-ից սկսած: Հավանաբար Հայաստանն այս հարցում տնօրինում է միայն ժամկետների հարցը: Նոր կառավարության կազմավորման ընթացքը ի հայտ կբերի նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի անակնկալ հրաժարականի իսկական պատճառը: Հազիվ թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր միայն տեղեկացած լինի, որ կառավարությունը յոթ տոկոսի տնտեսական աճ չի ապահովել ոչ միայն օբյեկտիվ, այլև սուբյեկտիվ պատճառներով: Այս ընթացքում Տիգրան Սարգսյանն էլ չի արել այնպիսի քայլեր, որոնք չեն տեղավորվում ՀՀԿ-ի քաղաքականության մեջ: Եթե ամբողջ խնդիրը եվրաինտեգրման վերջնական դադարի հետ է կապվում, որ ցավագին ու ցինիկ պնդում է Ռուսաստանը, ապա նոր վարչապետը հայտնվելու է շատ ավելի վատ պայմաններում (քաղաքական, տնտեսական, ֆինանսական), քան իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում ունեցել է Տիգրան Սարգսյանը: Քաղաքական ասպարեզից Տիգրան Սարգսյանը, ակնհայտորեն, չի հեռանա: Նա ստանում է նոր կարգավիճակ և նոր ռեսուրսներ 2017-2018 թթ. համապետական ընտրությունների համար: Գլխավոր հարցը՝ ո՞վ է լինելու հաջորդ վարչապետը: Նրա նշանակումը կարող է քաղաքական դաշտում վերջապես ուժերի դասավորման պատկերը պարզել՝ ինչ չարեցին ո՛չ խորհրդարանական, ո՛չ նախագահական ընտրությունները: Բոլոր դեպքերում՝ անակնկալներն այսքանով չեն ավարտվի: Հաստատ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Հրաժարականների տրամաբանական շրջանակը կարող էր փակել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Բայց նրա պաշտոնավարումը երկարացրին ուկրաինական դեպքերը և հիմա արդեն Մեդվեդևի հրաժարականը ՌԴ քաղաքական օրակարգի առաջին կետերում չէ:

Դիտվել է՝ 1457

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ