Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Մայիսյան ժողովուրդ

Մայիսյան ժողովուրդ
09.05.2014 | 01:30

Մեծ գայթակղություն է գրել մայիսյան հաղթանակների մասին` Սարդարապատի, Բեռլինի ու Շուշիի մասին: Մեծ գայթակղություն է, որովհետև այդ հաղթանակները իրենց ընդհանրության մեջ ձեռք են բերվել ոչ միայն ու ոչ այնքան ռազմական ուժի, որքան ոգու ուժի շնորհիվ: Որովհետև տրամաբանորեն 1918-ին Սարդարապատում միայն զորական ուժով մենք պարտվելու էինք, որովհետև 1945-ը չէր լինելու, երբ 1941-ին գերմանական զորքերը հասել էին Մոսկվա, որովհետև 1991-ին Շուշին իր աշխարհագրական դիրքով անառիկ էր: ՈՒ էլի մի քանի տասնյակ «որովհետև»-ներ, որ պատմության բոլորովին այլ ընթացք էին երաշխավորում, երբ ապավինում ես միայն տրամաբանությանը, իսկ պատմությունը հակառակ ընթացքն ունեցավ, և դա է մայիսյան հաղթանակների ֆենոմենը: Բայց այսօր` 2014-ին, 1915-ի Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցից ընդամենը 1 կարճլիկ տարի առաջ, մայիսյան հաղթանակների էյֆորիային տրվելն աններելի է: Մեր ազգային բնավորության ամենակայուն գծերից մեկը արագ հուսավառվել և արագ հուսալքվելն է, բայց ամենակայունը, որ դարեդար բնորոշել է մեզ, անհասկանալի համակերպումն է, որի պատճառով մենք մայիսների մեր հաղթանակները տարվա մյուս տասնմեկ ամիսներին կորցնելով ենք զբաղվել: 1918-ին հետևեց 1920-ին Հայաստանի առաջին Հանրապետության կորուստը, 1945-ին Հայրենական մեծ պատերազմի փառահեղ հաղթանակին, երբ ամեն ինչ պետք էր նպատակաուղղել ամենադաժան պատերազմի ավերածությունների վերականգնմանը և առաջին հերթին մարդկային ռեսուրսի արժևորմանը, հետևեցին 1946-1949 թթ. աքսորները և սպանդը, 1991-ից մինչև այսօր մենք չգիտենք` ինչպես վարվել Շուշիի ազատագրման, 1994-ի հաղթական զինադադարի ու Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության հետ: Մենք պատրաստ ենք եղել հաղթել ճակատամարտում, բայց պատերազմում` ոչ: Մենք պատերազմ հասկացել ենք միայն զենքը ձեռքին կռիվ, որտեղ մեզ մրցակից չի եղել ու չկա, որտեղ մահապարտի մեր տեսակը ունակ է միայն հաղթելու` զինված, թե անզեն, մի թշնամու, թե ամբողջ աշխարհին, բայց մահապարտի մեր տեսակը նահանջում է, երբ աշխարհը մեր դեմ ձեռքն է առնում դիվանագիտական ու տնտեսական զենքերը, երբ մենք այլևս չենք կողմնորոշվում` ո՞վ է մեր թշնամին, ո՞վ է մեր բարեկամը, ո՞վ է մեր զինակիցը, ո՞վ է մեր դաշնակիցը: Որովհետև այս պատերազմում մենք հանկարծ հիշում ենք, որ փոքր երկիր ենք, թվով բազմիցս մեզ գերազանցող հարևանների շրջապատում, հիշում ենք մեր աշխարհագրական տարածքը` նորմալ կյանքի աննպաստ առանձնահատկություններով, ու սկսում ենք անվերջորեն խեղճանալ, ապավինել ոչ թե մեզ, այլ ուրիշներին: ՈՒ առաջին սխալը խորացնում ենք երկրորդով` անկեղծորեն հավատում ենք, որ որևէ ուրիշ մարդասիրաբար գործելու է հօգուտ մեզ, այլ ոչ իր շահի: Սա ամենամեծ հիմարությունն է, որ ազգովին չենք կարողանում հաղթահարել դարեդար պատժվելով մարդկային, տարածքների ու հեռանկարի կորստով: Մինչդեռ ժամանակն է: Մայիսյան փառահեղ հաղթանակները տարվա տասնմեկ ամիս անփառունակ տանուլ տալը դատավճիռ չէ, ճակատագիր չէ, պետք է սովորել հաղթել այն պատերազմում, որ կոչվում է խաղաղություն, բայց իրականում խաղաղ չէ: Երբ մարդիկ չեն սպանվում խրամատներում, այլ սպանվում են մարդկանց նորմալ կյանքի հնարավորությունը, նորմալ կյանքի իրավունքն ու հեռանկարը, պատերազմն ավելի դաժան է: Սա քաղաքակրթությունների պատերազմի այն որակն է, որով աշխարհն ապրում է` ֆինանսատնտեսական ճգնաժամերի, թեժ կետերի, սառեցված հակամարտությունների, գունավոր հեղափոխությունների, էներգակիրների ու բնական հարստությունների տիրապետման, միջպետական հարաբերությունները միությունների շրջանակներում տեղավորելով` ավելի մրցունակ դառնալու քաղաքականության մեջ տեղավորելով զենքը ձեռքը չառնելու հաստատակամությունը: Տեղ-տեղ ստացվում է, տեղ-տեղ` ձախողվում, տեղ-տեղ` ձգձգվում: Մեր խնդիրն է գտնել մեր տեղը: Հնարավորինս` անկորուստ: Որովհետև զինված պատերազմում ամենամեծ արժեքը զինվորն է, խաղաղության պատերազմում` մարդը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Պատմությունը գրում են հաղթողները, բայց իրական հաղթանակները փոխում են պատմության ընթացքը: Մենք, ժամանակին ապավինելու մեր ազգային ավանդույթով, միշտ անտեսում ենք, որ ժամանակն էլ հայրենիք է:

Դիտվել է՝ 1082

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ