Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ռոբերտ Քոչարյանը բոլոր իրավունքներն ունի առաջադրվելու և ընտրվելու ՀՀ նախագահ»

«Ռոբերտ Քոչարյանը բոլոր  իրավունքներն ունի առաջադրվելու և ընտրվելու ՀՀ նախագահ»
12.09.2014 | 00:27

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ:

-Ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը Հայաստանում:
-Արտաքուստ ներքաղաքական իրավիճակը թվում է բավականին հանգիստ, բայց վստահաբար` խորքային առումով կան բավականին լուրջ խնդիրներ, որոնց նկատմամբ խիստ տարբերվում են իշխանությունների և ազդեցիկ այլ քաղաքական ուժերի մոտեցումները, որը կարող է ցանկացած պահի հանգեցնել ներքաղաքական իրավիճակի բացահայտ լարման` հնարավոր բոլոր հետևանքներով:
-Հնարավոր համարո՞ւմ եք հանրահավաքային բուռն աշուն, ինչպես ամռանը խոստանում էին ոչիշխանական ուժերից մի քանիսը:
-Այդ մասին նախնական հայտարարություն արել է քառյակը: Վստահ եմ` նրանց կմիանան նաև ուրիշ քաղաքական և հասարակական կազմակերպություններ, ու կախված իշխանությունների պահվածքից` աշունը կարող է լինել ինչպես բուռն, այնպես էլ նոր բուրմունք բերող:
-Ձեր կարծիքով` Հայաստանում կա՞ իրական ընդդիմություն, որ պատրաստ է համակարգային փոփոխություններ իրականացնելու:
-Ես չգիտեմ, թե ինչ եք հասկանում իրական ընդդիմություն ասելով։ Եթե նկատի ունեք իշխանություններին ընդդիմադիր լինելու հանգամանքը, առանց վարանելու կարելի է ասել, որ, բացի ՀՀԿ վերնախավից ու մի շարք անձանցից, ովքեր օգտվում են ՀՀԿ վերնախավի «բաժնեմասից», մնացած ողջ քաղաքական, հասարակական շերտը, ՀՀ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը հանդիսանում են իրական ընդդիմություն և պատրաստ են համակարգային լուրջ փոփոխության: Այս պարագայում ավելի տեղին է հարցը ձևակերպել այսպես. «ՀՀ ներկա իշխանություններին իրական իմաստով կարելի՞ է համարել իշխանություն, թե՞ նրանք մարդկանց խումբ են, որ բռնազավթել են իշխանությունը»:
-Սահմանադրական բարեփոխումները Հայաստանի քաղաքական օրակարգում անհրաժեշտություն համարո՞ւմ եք: Ի՞նչ կտա կառավարման մոդելի փոփոխությունը:
-Ըստ էության, հիմա, երբ գնում ենք սահմանադրական փոփոխությունների, հիմնական շեշտադրումն այն է, որ գնում ենք խորհրդարանական կառավարման համակարգի, որ այդ համակարգն ավելի լավն է Հայաստանի Հանրապետության համար, քան նախագահական համակարգը կամ կիսանախագահականը, որը հիմա է: Մինչդեռ, կիսանախագահական ներկա համակարգը հնարավորություն է տալիս, որ քաղաքական ուժերը շատ ակտիվ լինեն թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրություններին, որովհետև կախված այն բանից, թե խորհրդարանում մեծամասնությունն է ընդդիմությունը, թե նախագահի կողմնակիցները, երկիրը կարող է դառնալ կամ խորհրդարանական կառավարման, կամ նախագահական կառավարման երկիր: Երկու մոդելն էլ առկա է, և կյանքը պետք է թելադրի, թե որ համակարգը որ պահին պետք է ավելի ուժեղ լինի: Երբ գործող նախագահը ասում է, որ որևէ հակափաստարկ չկա, թե ինչու չպետք է փոխել Սահմանադրությունը, նույնն է թե` մեղադրյալին ասել, որ ինքը պետք է ապացուցի իր անմեղությունը: Լավ, թող իշխող քաղաքական ուժը, հանրապետության նախագահը բերեն այն փաստարկները, որոնց հիման վրա անհրաժեշտություն էր առաջացել սահմանադրական փոփոխությունների: Այսինքն` ինչո՞ւ պետք է ընդդիմախոսները փաստարկ ներկայացնեն, որ չկա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն, այդ նախաձեռնության հեղինակները պետք է փաստարկեն, թե գործող Սահմանադրությունն ինչո՞վ է խոչընդոտում բոլոր այն խնդիրների լուծմանը, որ իրենց առջև դնում են կառավարող ուժը, կառավարությունը և նախագահը: Ի վերջո, մեր Սահմանադրության մեջ շատ հստակ գրված է և՛ իշխանությունների տարանջատման սկզբունքի, և՛ մարդու իրավունքների, և՛ դատարանների անկախության մասին: Էլ ի՞նչ խնդիր կար, որո՞նք էին Սահմանադրությունից բխող այն խոչընդոտները (թող իրենք բերեն այդ փաստարկները), որոնք թույլ չէին տալիս երկրի տնտեսության, քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության կամ այլ խնդիրների լուծումը, որի պատճառով պետք է Սահմանադրությունը փոփոխել: Այլապես վաղը կարող է մեկ ուրիշը` ցանկացած նոր նախագահ, գալ և նույն կերպ վարվել: Այս առումով, կարծում եմ, ամենևին քննության չեն դիմանում նախագահի բերած փաստարկները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:
-Ամռան վերջին օրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց իր 60-ամյակը: Այդ առիթով նկարահանված ֆիլմն ու վերջին հարցազրույցը հիմք տվեցին խոսելու նրա նախագահական հավակնությունների մասին: Ի՞նչ հանգամանքներ են պետք, Ձեր գնահատականով, որ երկրորդ նախագահը առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:
-ՀՀ Սահմանադրությունը հստակ պատասխանում է այդ հարցին, ըստ որի` «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում»: Այս տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանը բոլոր իրավունքներն ունի առաջադրվելու և ընտրվելու ՀՀ նախագահ:
Ռոբերտ Քոչարյանը 25.12.2012 թ. «Մեդիամաքսին» տված հարցազրույցում նշել էր երեք հիմնական պատճառները` ինչու ինքը չմասնակցեց 2013 թ. նախագահական ընտրություններին, այժմ այդ պատճառները, կարծում եմ, այլևս չկան, և նրա գործնական վերադարձին մեծ քաղաքականություն որևէ խոչընդոտ չկա:
-Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը գերադասում հանրության հետ շփվելու մենահարցազրույցների ձևաչափը` խուսափելով ասուլիսներից կամ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ուղղակի շփումներից:
-Ես չգիտեմ, թե ինչից ելնելով եք Դուք նման եզրահանգման եկել, բայց ես վստահ կարող եմ ասել, որ պարոն Քոչարյանը երբեք չի խուսափել և չի խուսափում լրատվամիջոցների ներկայացուցիչներից, կամ ասուլիսներից, պարզապես ամեն մարդ ինքն է որոշում դրանց անհրաժեշտությունը` կախված տարբեր գործընթացներից, հասարակական պահանջից և իր ծրագրերից:
-Օբյեկտի՞վ եք համարում կառավարության հասցեին Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը, եթե իր նախագահության տարիների տնտեսական աճն այդպես էլ կենսամակարդակում չարտահայտվեց:
-Հարցը համարում եմ անտեղի, կամ Դուք չեք տիրապետում այն թվերին ու ցուցանիշներին, որոնք բազմիցս հրապարակվել են, այդ թվում նաև` ձեր թերթում: Եթե աղքատության նվազման աստիճանը, տնտեսական երկնիշ աճը, պետական պարտքի նվազումը, սկսվող ներգաղթը, ներքաղաքական կայունությունը Ձեզ համար տեսանելի չեն եղել, կարելի է ենթադրել, որ այդ ժամանակաշրջանում Դուք ուղղակի Հայաստանում չեք եղել:
-Ձեր գնահատականով` ո՞ր քաղաքական ուժերը կարող են աջակցել Ռոբերտ Քոչարյանին, եթե նա որոշի առաջադրել իր թեկնածությունը: Հավանակա՞ն է, որ ՀՀԿ-ից կանջատվեն նրա կողմնակիցները:
-Կապրենք, կտեսնենք:
-Հայաստանում կա՞ արտահերթ ընտրությունների հավանականություն, եթե այո, ո՞ր ուժերը կարող են դոմինանտ լինել:
-Այս հարցին արդեն իսկ պատասխանել եմ Ձեր երրորդ հարցադրման մեջ:
-Ե՞րբ Հայաստանի քաղաքական կյանքը դուրս կգա նախկին նախագահների եռանկյունուց, քաղաքական էլիտայի փոփոխության անհրաժեշտություն չե՞ք տեսնում:
-Երբ ընտրվի չորրորդ նախագահը: Ինչ մնում է քաղաքական էլիտային, ցավոք, այն մինչև վերջին շրջանը փոփոխվում էր արհեստականորեն, այժմ քառյակի ակտիվացմամբ և հատկապես ԲՀԿ-ի գործոնի շնորհիվ քաղաքական վերնախավում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք անպայման կհանգեցնեն քաղաքական նոր դեմքերի ի հայտ գալուն` բերելով նաև Հայաստանի քաղաքական միջավայր միանգամայն նոր գործելաոճ:
-Ինչո՞վ է տարբերվում 2014-ի աշունը 2004-ի աշունից:
-2004-ի աշնանը բոլորս տասը տարով ավելի երիտասարդ էինք:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ