Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչո՞ւ է Անկարան սադրանքի տրվում

Ինչո՞ւ է Անկարան սադրանքի տրվում
25.02.2015 | 11:56

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին խնդրեցի մեկնաբանել, թե ինչո՞ւ թուրքական լրատվամիջոցները նախ տեղեկացրին, որ Գալիպոլիի տոնակատարության միջոցառումների նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են, հետո պաշտոնապես հերքեցին, ի՞նչ է դա նշանակում՝ հիմքում Թուրքիայի իշխանությա՞ն, թե՞ համաշխարհային հանրության որոշումն է: «Հիմքում թուրքական դիվանագիտությունն է, որ փորձում է դեմքը պահել՝ վատ խաղի պարագայում: Իրենք էլ գիտեն, որ Գալիպոլիի ճակատամարտը ապրիլի 24-ին չէր, նեղուցների պատերազմը տևել է փետրվարից դեկտեմբեր: Պատմության հետ խաղալու սովորությունը վատ սովորություն է, երբեք չես կարող վստահ լինել, որ խաղը քո դեմ չի ուղղվի: Կարծում եմ, որ իրենց ՛՛հանճարեղ՛՛ որոշումը ակնկալված արդյունքը չի տվել և քննարկվել է տոնակատարությունը չեղյալ հայտարարելու տարբերակը, ինչը և հայտնվել է ընդդիմադիր մամուլում, բայց քանի որ որոշում չկա, հարկադրված են եղել պաշտոնապես հերքել»,- պատասխանեց տիկին Նաղդալյանը: Իսկ միջազգային հանրության վերաբերմունքի մասին նա ասաց. «Մենք առիթ ունեցել ենք եվրոպական ամբիոններից հնչեցնելու, որ 2015-ը ոչ միայն հայերիս, այլև ողջ աշխարհի համար փորձություն և սահմանագիծ է: Սահմանագծի մի կողմում նրանք են, ովքեր օրընթաց խնդիրներն ու շահերը մի կողմ դրած կարևորում են ճշմարտությունն ու համամարդկային արժեքները, ապրելու բնական իրավունքը, որ ամրագրված է մարդու իրավունքների կոնվենցիայում, ովքեր իրենց համարում են խաղաղության ու կայունության համար պատասխանատու, ովքեր խնդիր ունեն կանխել մարդկության դեմ գործվող հնարավոր այլ ոճիրները: Մյուս կողմում նրանք են, ովքեր գիտեն ու գիտակցում են և ճշմարտությունը, և պատմական իրադարձությունների անշրջելիության փաստը, բայց առաջնորդվում են օրվա քաղաքականությամբ, ֆինանսական, տնտեսական, քաղաքական բարեհարմարությամբ ու խուսափում են հարաբերությունները վտանգել ժամանակակից Թուրքիայի հետ: Պետության, որ մինչև այսօր փակ է պահում հարևանի հետ պետական սահմանը՝ Եվրոպայի միակ փակ սահմանը, որ դիվանագիտական հարաբերություններ չունի հարևանի հետ, որովհետև այդ հարաբերությունների հաստատման համար երրորդ երկրին առնչվող նախապայմաններ է դնում՝ հակառակ միջազգային իրավունքի ու տրամաբանության: Պետություն, որ իրեն իրավունք է վերապահում քննադատել Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական հերթական ընտրությունների անցկացումը՝ անվանելով «սադրանք», «այդ տարածքներում ձևավորված անօրինական իրավիճակը օրինականացնելու միակողմանի փորձ», «միջազգային իրավունքի բացահայտ խախտում» և այլն, և այլն: Ինչ էլ Անկարան հայտարարի, ընտրությունները օրինական են ու կազմակերպվում են միջազգային իրավունքի բոլոր կանոններով: Շատ ավելի ճիշտ կլիներ, որ Անկարան մեկնաբաներ՝ ինչո՞ւ է ինքը սադրանքի տրվում»:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1236

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ