Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Առանց միֆերի ու մականունների

Առանց միֆերի ու մականունների
01.03.2015 | 12:54

Բարի գարուն ձեզ: Մարտի 1-ը 2008-ից հետո մեզ համար ուրիշ բովանդակություն է ստացել, հրաժեշտը ձմռանն ու գարնան առաջին օրը տոնական չեն ստացվում: Ցավ կա, որ պատմություն չի դառնում: 7 տարի առաջ երեք դեսպանատների մերձակայքում սպանվածների հոգիները թափառում են երկրի ու երկնքի միջև՝ որոնելով կյանքից բռնի հեռանալու մեղավորներին: Մենք արդեն չենք որոնում: 2008-ին մենք արագ ապաքինման ջղաձգության մեջ՝ այդ էջը այլ էջով ծածկեցինք՝ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությամբ: 2015-ին երկու էջերն էլ մնում են բաց, կարդացող չկա: Մարտի 1-ի էջը իշխանությունը փորձեց փակել խորհրդարանական հանձնաժողովով, փաստահավաք խմբով, իսկ երբ տեսավ, որ առաջինը հաջողություն չի կարող ունենալ, երկրորդի գործունեությունը ինքը կասեցրեց: Բայց դա համարյա ոչինչ է՝ համեմատած ընդդիմության վարքագծի հետ: Ընդդիմությունը ՀԱԿ-ի թեթև ձեռքով Մարտի 1-ը դարձրեց քաղաքական ճնշման ու շանտաժի միջոց: Տասը մարդու սպանության հանգամանքների բացահայտումը, մեղավորներին պատժելը ապրիորի գործ համարելով՝ ՀԱԿ-ը շատ պրագմատիկ որոշեց կոնկրետ արդյունքներ ստանալ: Եթե դա դավաճանություն չէր (քաղաքականության մեջ դավաճանություն կատեգորիա չկա, կա շահերի գերակայության խնդիր), քաղաքական ուժի բարոյական կերպարի ախտորոշում էր: Ի՞նչ ունենք մենք այս՝ 2015-ի մարտի 1-ին:
1. Յոթ տարի առաջ երեք դեսպանատների միջակայքում սպանված հայերի մահվան չպարզված հանգամանքներ և ոչ մի պատժված անձ:
2. Խորհրդարանական քաղաքական ուժի օրեցօր կազմաքանդում, որը որքան օրինաչափ, նույնքան վտանգավոր է: ԲՀԿ-ից հեռացողները չեն անհետանալու, նրանք շարունակելու են գործել՝ վերստեղծելով կեղծ քաղաքական նորանոր կառույցներ, ու դա իսկապես հասարակական վտանգավորության չգիտակցվող փաստ է: ԲՀԿ-ի կազմաքանդումը թուլացնելու է նաև ՀՀԿ-ին՝ ո՞վ է հիմա նրանց զգոն պահելու իբրև արտակուսակցական մրցակցային վտանգ իրենց հավակնությունների համար, ո՞ւմ են քլնգելու եռանդով ու սրամտության մեջ միմյանց հետ մրցակցելով: Հաղթողի էյֆորիան պատրանք է, երբ խաբուսիկ է հաղթանակը:
3.Եթե բազկամարտի աշխարհի չեմպիոնը ձեռքերը վերև է բարձրացնում՝ ոչ իբրև հաղթանակի, այլ կապիտուլյացիայի նշան, ի՞նչ պիտի անեն նրանք, ովքեր իրենց «թագավորի՛» հետ հաղթանակի հույսեր են կապել: Ոչինչ: Պիտի հասկանան, որ ուժի դեմ ուժով չեն պայքարում, այլ՝ գլխով, մտածելուց դեռ որևէ մեկը չի զոհվել ու անհետ չի կորել:
4.Քաղաքագիտական վերլուծությամբ ՀԱԿ-ը բուրժուա-դեմոկրատական հեղափոխության միֆերը ասպարեզ նետելուց բացի՝ այլ խնդիր էլ էր լուծում՝ ԲՀԿ-ն հասարակական գիտակցության մեջ մաքրել իշխանության մեջ գտնվելու «մեղքերից», մասնավորապես մարտիմեկյան իրադարձություններին մասնակցությունից: Ստացվեց, թե ոչ, արդեն ԲՀԿ-ին բարեհաջող հրաժեշտ տված Լևոն Տեր-Պետրոսյանը նորից է Մարտի 1-ը վերադարձնում քաղաքականություն, բայց ոչ բացահայտման, արդարության, պատժի և այլ՝ քաղաքական «ռոմանտիզմի» նկատառումներով: Մարտի 1-ը հիմա էլ նրան պետք է Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարում: Երկրորդ նախագահը չցանկացավ ՀԱԿ-ի համար փոխարինել ԲՀԿ-ին, չհասկացավ ու չընդունեց նրա «սրտի պարտքը» իր նկատմամբ, և Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց նույն գետը մտնել երկրորդ անգամ: Հետս չե՞ս խաղում, մի խաղա, ես էլ կասեմ՝ ո՞վ ես դու՝ պրիմիտի՞վ է: Հարկավ, բայց հենց պրիմիտիվ քայլերն են գործուն դառնում, երբ չկան գաղափարներ:
5. 2007-2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը մեծ քաղաքականություն քաղաքական դաշտում հստակ բաժանարար դարձավ՝ միջանկյալ դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերին ստիպելով կողմնորոշվել՝ այս կողմ, կամ այն կողմ: Ճիշտ է, ժամանակի մեջ նաև այդ էֆեկտը վերացավ, բայց այն ժամանակ դա կարևոր ձեռքբերում էր: Քաղաքական դաշտի ներկա անցուդարձը ևս կարող է նույն էֆեկտն ունենալ, այն անգամ իսկապես մաքրելով հորիզոնը: Գործնականում ընդդիմադիր դաշտից հեռանում է ոչ միայն ԲՀԿ-ն, այլև եռյակն ամբողջությամբ: Ինչո՞ւ միայն Գագիկ Ծառուկյանին է վերագրվում հասարակական հիասթափության պատասխանատվությունը, իսկ ովքե՞ր էին նրա կողքին, ովքե՞ր էին նրան մղում իշխանափոխության և ովքե՞ր են այսօր թաքնվում նրա լայն թիկունքի հետևում՝ փորձելով ընդդիմադիր խաղալ: Նույն ՀԱԿ-ը, նույն «Ժառանգությունը», որ հայտարարում են, թե շարունակում են պայքարը: Ի՞նչ պայքար: Նրանք շարունակում են պայքարը քաղաքական դաշտում մնալու համար՝ համաժողովրդական խնդիրների հետ ոչ մի կապ չունենալով:
6.Գագիկ Ծառուկյանի ֆինանսական կայսրության վերաբաժանումը որոշ ժամանակով կկանխի իշխանության ներսում սկսված ռեսուրսների վերաբաժանման ու յուրայիններին ունեզրկելու անհրաժեշտությամբ թելադրված քայլերը: Բայց սա ժամանակավոր է, երբ այդ ռեսուրսներն էլ յուրացվեն, նույն պայքարը վերսկսվելու է նախկինից ուժեղ:
7.Կոռուպցիայի դեմ պայքարի ելած ու ԲՀԿ-ի բեռն էլ ուսերին առած վարչապետը դառնում է քաղաքական դաշտի ամենախոցելի ֆիգուրը: Նա այլևս ոչ մի սխալի իրավունք չունի: Նա այլևս սեփական խաղի շանս չունի: Հովիկ Աբրահամյանը հիմա պիտի խաղա նախագահի խաղը՝ նրա սահմանած կանոններով, հակառակ պարագայում՝ քայլ այս կողմ, քայլ այն կողմ, մականունների դեմ պայքարը կշարունակվի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ամենակարևորը քաղաքական նոր հորիզոնների ի հայտ գալն է, դաշտը ինքնամաքրվում է, լյուստրացիան չի կարող անհետևանք մնալ, երբ կա հասարակական պահանջարկ: Ազատության հրապարակը մնում է քաղաքական գործոն՝ լիքն է, թե դատարկ, ոչ մի տեղ չեն անհետացել փոփոխություն պահանջող քաղաքացիները, նրանք գտնելու են իրենց առաջնորդին:

Դիտվել է՝ 874

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ