Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վարչապետ չկարողացա գտնել

Վարչապետ չկարողացա գտնել
04.03.2015 | 00:14

Հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի տարածքում ցեղասպանության երեք կազմակերպիչներից մեկի՝ Թալեաթի, հուշերը թարգմանած Հարություն Գասպարյանը հուշերին կցել է իր ընդարձակ մեկնություն-առարկությունները: Հանգամանալից հերքելով Թալեաթի դրույթները, Հարություն Գասպարյանը, որ Արևմտյան Հայաստանից է ու համարյա տարեկից Թալեաթին, ցեղասպանության ժամանակ կորցրել է հարազատներին, մի քանի տարի ապրել քրդերի հետ և Սովետական Հայաստան մեկնել, պատմում է նաև հայերի ու թուրքերի փոխհարաբերությունների մասին:

«Բեզճյան Հարություն ամիրան ծագումով կեսարիացի էր: Սուլթան Մահմուդ Բ-ի արքունական ծառայության է ընդունվել նույնպես կեսարիացի, արքունական ճարտարապետ Պալյանի միջնորդությամբ: Պատմում էին, որ երբ Պալյանը Հարությունին ներկայացրել է սուլթանին և նա ոտքից-գլուխ զննել է երիտասարդին ու մի քանի բառ փոխանակելուց հետո ճանապարհել, Պալյանը հարցրել է՝ նորին վեհափառությունը հավանե՞ց նրան: Սուլթանը պատասխանել է. «Ամեն ինչը հավանեցի, բացի քթից»»: Ծառայության մեջ Հարությունը հավատարմություն, ճարպկություն ու հնարամտություն է ցույց տալիս և հասնում է ամիրայի աստիճանի, նշանակվում է արքունական դրամահատարանի տնօրեն-տեսուչ: Դա գրգռում է պալատական թուրք փաշաների նախանձը, նրանք զրպարտելով՝ ձերբակալել են տալիս Հարությունին: Կարճ ժամանակից՝ վերահաստատելով անմեղությունը՝ նա ազատ է արձակվում (սուլթան Մահմուդին պալատականները կոչում էին «գյավուր Մահմուդ»՝ հայերին բարձր պաշտոններ տալու պատճառով): Որոշ ժամանակից, երբ թուրքերի ղեկավարած դրամահատարանում մեծ կեղծիքներ են հայտնաբերվում, սուլթանը դարձյալ Հարությունին է նշանակում տնօրեն: Այս ժամանակ էր 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը, ռուսական բանակը Բուլղարիայի տարածքով, որ այդ ժամանակ Օսմանյան կայսրության տարածքն էր, հաղթական մոտենում է Ստամբուլին: Մայրաքաղաքի գրավումը կանխում է Անգլիան և կնքվում է Ադրիանապոլսի (Էդիրնե) պայմանագիրը: Ռուսաստանը Թուրքիայի եվրոպական մասից և հայկական նախկին հողերից գրաված ընդարձակ տարածքներից որոշ զիջումներ անելու համար պահանջում է հսկայական ռազմատուգանք, որ սուլթանին դնում է անել կացության մեջ: Սուլթան Մահմուդը խորհուրդ է հարցնում Գազազ Արթինից: Մեկ օր մտածելուց հետո Հարությունը պատասխանում է, որ ելքը գտել է, երեք օրում տուգանքը կվճարվի և երկիրն ու գահը կփրկի, եթե սուլթանը արքայական կնիքով կնքված հրովարտակով արտակարգ լիազորություն ու իշխանություն տա իրեն ամբողջ կայսրությունում գործելու համար: Սուլթանը համաձայնում է՝ գերագույն իշխանությունը երեք օրով նրան հանձնելով: Բեզճյանը, որ տեղյակ էր արքունական գանձարանի և բանկի ոսկեդրամների քանակին ու գումարին, նույն քանակի և գումարի չափով պղնձե դրամներ է հատում (ոսկեդրամի եռապատիկ ծանրությամբ) և դնում շրջանառության մեջ՝ հայտարարելով ոսկեդրամին համարժեք, ապա հավաքում է բանկերի ու շրջանառության մեջ եղած ոսկեդրամը ու վճարում ռազմատուգանքը: Այդ պղնձե դրամները շրջանառության մեջ կային մինչև 1915 թ. և կոչվում էին «Արթին ալթունի»: Այդ երեք օրերին Հարությունը չի մոռանում և իր ժողովրդին, նա ընդարձակ, մոտ տաս հեկտար հողատարածք է առանձնացնում Ստամբուլի հարավ-արևելյան ծովեզերքի Եդի Գյուլե (Յոթ աշտարակ) զովասուն հատվածում և կարգադրում է այնտեղ պետական ծախսով կառուցել շենք՝ հայ պանդուխտների, աղքատ հիվանդների, անօգ ծերունիների, հաշմանդամների, հոգեկան հիվանդների, անխնամ որբերի համար: Շենքը ավարտելուց հետո հողատարածքով պետք է հանձնվեր Հայոց Առաջնորդարանի կամ Պատրիարքարանի տնօրինությանը որպես Հայ ազգային սեփականություն: Կատարվելիք ծախսերն ու սննդի ապահովումը պետք է կատարվեր արքունական գանձարանից՝ Օսմանյան սուլթանների՝ որդուց որդի հաջորդականությամբ, այդպես էլ եղել է մինչև 1923 թ.՝ որոշ դադարներով: Շենքի կառուցումն ավարտվում է 1830-ին, զուգահեռ հայ համայնքի ծախսերով կառուցվում է եկեղեցի, որն օծում են «Սուրբ Փրկիչ» և համալիրը կոչվում է «Սուրբ Փրկչի հայ ազգային հիվանդանոց»: Երեք օրից Հարությունը սուլթանին զեկուցում է միապետի դերում իր գործունեության մասին:
-Ապրես, Արթին, հավանեցի գործդ ու խելքդ,-ասում է սուլթանը:
-Վեհափառ, քիթս էլ հավանեցի՞ր,-հարցնում է Հարությունը, որ գիտեր քթի պատմությունը:
-Հավանեցի, քիթդ էլ հավանեցի,-ծիծաղում է սուլթանը և հարցնում, թե իր ժողովրդի համար երեք օրում ինչ է արել: Բեզճյանը զեկուցում է ազգային հիվանդանոց կառուցելու և նրա ծախսերը արքունիքի հաշվին հոգալու ծրագրի մասին:
-Դա չնչին է քո արածի համեմատ,-ասում է Մահմուդը,-ինչու՞ Վանի կամ Բիթլիսի կողմերը իշխանություն չտվեցիր քո ազգին:
-Վեհափառ տեր,-պատասխանում է Բեզճյանը,- վարչապետ չկարողացա գտնել: Այսինքն՝ վստահ էր, որ բոլորը կցանկանան, բայց սուլթանը չի հաստատի»:
Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության պատմությունը շատ նման է, բայց տարբերվում է մեկ հիմնական առանձնահատկությամբ: Կայսրությունում հայերն ու հույները էին տնօրինում արհեստները, առևտուրը, շինարարությունը, կրթությունը, բժշկությունը, հարկերի 90 տոկոսը պետական գանձարան մուծում էին հայերը: Կայսրության էթնիկ թուրքերը 10 տոկոս էին կազմում, գործնականում Օսմանյան կայսրությունում իշխող փոքրամասնությունն ապրում էր ազգային միավորումների հաշվին: Իշխանության գալով երիտթուրքերը իսկապես ստեղծեցին ազգային պետություն, որտեղ էթնիկ թուրքերը գերակշիռ թիվ պիտի կազմեին և դա արվեց հայերի ցեղասպանության հաշվին հիմնականում՝ հավելած քրիստոնյաների բնաջնջումը ևս: Այնուամենայնիվ՝ Թուրքիայի Հանրապետությունը շարունակեց ապրել ի հաշիվ հայերի՝ սեփականելով սպանվածների գույքը, ֆինանսները և դարեդար նրանց ստեղծած նյութական ու մշակութային արժեքները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ո՞վ կընդունի, որ ինքը ոչ միայն մարդասպանի, այլև ավազակի ժառանգ է ու շարունակում է ապրել սպանության ու ավազակության միջոցով կուտակած կապիտալի հաշվին, նույնիսկ եթե երբեմն առ երբեմն համաձայնում է վերադարձնել սեփականածի ինչ-որ բեկորներ, որ ոչինչ է՝ համեմատած համատարած սպանդի ու կողոպուտի մասշտաբների հետ: Իսկ մենք շարունակում ենք բարոյական հարթությունում քննարկել ցեղասպանության ճանաչման հարցը: Հարյուր տարի հետո էլ:

Դիտվել է՝ 1592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ