Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ռուսաստանը Հայաստանի շահերը չի վաճառելու»

«Ռուսաստանը Հայաստանի  շահերը չի վաճառելու»
10.03.2015 | 00:39

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:


-Ձեր կարծիքով՝ ԵԱՏՄ-ից Հայաստանը կստանա՞ իր ցանկացածը՝ նկատի ունենալով աշխարհաքաղաքական փոփոխությունները 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո և ԵԱՏՄ անդամների քաղաքական ու տնտեսական վիճակը:
-Այդ հարցին պատասխանելու համար պիտի հասկանանք, թե Հայաստանը ինչ տարբերակներ ուներ արտաքին վեկտորի զարգացման տեսակետից: Հայաստանը բանակցում էր ԵՄ-ի հետ՝ ասոցացման համաձայնագրի ստորագրման համար, և Եվրոպան Հայաստանի առաջ դրեց խնդիր՝ կամ Հայաստանը ստորագրում է ասոցացման համաձայնագիրը և մտնում է ազատ առևտրի գոտի, կամ միանում է Մաքսային միությանը: Եվ/և տարբերակը չէր աշխատում: Ի՞նչ էր նշանակում ասոցացման համաձայնագիր: Մի փոքր պայմանագիր, որ ստեղծում էր ազատ առևտրի գոտի, և այն ստորագրելու արդյունքում Հայաստանը մի քանի տարի անց ստանում էր 150 միլիոն եվրոյի եկամուտ: Դա՝ տեսականորեն, ինչպես ասում էին եվրաչինովնիկները: Մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին մեզ տալիս է հարկային-մաքսային ընդհանուր տուրքերի 1,13 %` 250 միլիոն, սա՝ մեկ: Երկրորդ՝ գազի գինը. գազն առանց տուրքերի և հարկերի մտնում է Հայաստան: Հավելեք նավթամթերքը, որի գինը նվազում է 30 %, Ռուսաստանը ստանձնեց մինչև 2026-ը Մեծամորի ատոմակայանի շահագործման ապահովումը: Միայն այսքանը ապահովում է Հայաստանի զարգացման հնարավորությունը:
-Ինչո՞ւ չենք զարգանում, ունե՞նք կենսամակարդակի փոփոխություն:
-Երկու ամսում կենսամակարդակի փոփոխությո՞ւն եք ուզում: Դեֆակտո մենք արդեն եկամուտները ստանում ենք:
-Ինչո՞ւ էինք այդքան ակնհայտ առավելությունները թողած բանակցում ԵՄ-ի հետ: Պատճառն ա՞յն էր, որ Ռուսաստանը ևս բանակցում էր ԵՄ-ի հետ ԵՄ-ՌԴ հատուկ հարաբերությունների ու համագործակցության որոշակի կարգավիճակի համար, և այդ բանակցությունները փակուղի մտան:
-Հայաստանն ուզում էր ստորագրել ասոցացման համաձայնագիրը այն մասով, որ չէր հակասում Մաքսային միությանն անդամակցությանը, երբ Եվրոպան դրեց կամ/կամի հարցը, Հայաստանը ստիպված գնաց դեպի Մաքսային միություն:
-Կամ/կամ-ը առաջինը Եվրոպա՞ն դրեց, թե՞ Ռուսաստանը:
-Ռուսաստանը չի դրել, բացահայտ հայտարարել են եվրոպացի պաշտոնյաները: Նույնը եղավ ՈՒկրաինայում: Մենք հիմա կարող ենք համեմատել. եթե այն ժամանակ ԵՄ-ի ասոցացման համաձայնագիրը պետական գաղտնիք էր, ԵԱՏՄ բոլոր պայմանագրերը ինտերնետում կան: Ի՞նչ ստացան ՈՒկրաինան ու Վրաստանը ԵՄ-ի հետ ասոցացվելով: Ազգային տարադրամը Վրաստանում 30 % արժեզրկվել է, ՈՒկրաինայում՝ 4 անգամ: Երկուսն էլ կորուստներ ունեցան՝ տարածքներից մինչև տնտեսություն: Այսօր Հայաստանում բենզինն ավելի էժան է, քան Վրաստանում, մինչդեռ Վրաստանում կան նավթավերամշակման գործարաններ: Երկու սահման անցնող մեր բենզինն ավելի էժան է: Ի՞նչ եղավ Հայաստանի հայտարարած մրցույթը նոր ատոմակայանի կառուցման համար, ինչո՞ւ Ֆրանսիան հրաժարվեց: Ռուսաստանը Մեծամորի շահագործումը վերցրեց իր վրա, իսկ դա մեծ գումար է, բայց մենք այլընտրանք չունենք, եթե նորը չենք կառուցում: Եթե ատոմակայանը փակվի, ի՞նչ կլինի Հայաստանի տնտեսության վիճակը:
-ԵԱՏՄ-ն աշխարհաքաղաքական այլ կառույց կլիներ, եթե այնտեղ լիներ ՈՒկրաինան, առանց ՈՒկրաինայի ԵԱՏՄ-ն կարո՞ղ է դառնալ հզոր տնտեսական միավոր:
-ԵԱՏՄ-ն արդեն հզոր միավոր է, իհարկե, ՈՒկրաինայով կլիներ այլ կառույց, բայց ԵԱՏՄ-ն, ԵՄ-ի համեմատությամբ, հզոր ներուժ ունի՝ հումքը, տարածքը, բնակչությունը: Եվրոպան ամբողջ աշխարհից հումք է հավաքում, իսկ ԵԱՏՄ տարածքում ամեն ինչ կա: Մենք, կրկնում եմ, այլընտրանք չունենք: Մեզ չեն առաջարկում ԵՄ անդամակցություն, եթե առաջարկեն էլ, ֆիկտիվ կլինի, որովհետև ԵՄ-ն այլևս ի վիճակի չէ ընդլայնվելու: ԵՄ նոր անդամները` Արևելյան Եվրոպայի պետությունները, այսօր գտնվում են սոցիալ-տնտեսական ծանր վիճակում, ԵՄ-ն չարդարացրեց նրանց հույսերը, և զարգացման հեռանկարներ նրանք չեն տեսնում:
-Հայաստանը կտրված է միությունից, շրջափակված ու շրջապատված ոչ ԵԱՏՄ հարևաններով, կարո՞ղ են արդյունավետ աշխատել մաքսային-հարկային մեխանիզմները: Հայտնի չէ՝ ե՞րբ կբացվի, կբացվի՞, թե՞ ոչ երկաթուղու վրաց-աբխազական հատվածը:
-Երկաթուղու բացման հարցը բարդ հարց է և չի կարող արագ լուծում ստանալ: Բոլոր հարցերին մենք պիտի նայենք Հայաստանի տեսանկյունից, այո, կան բացասական գործոններ, իսկ եթե մենք ԵՄ անդամ դառնայինք, ի՞նչ էր փոխվելու: Մենք հիմա տնտեսապես շահում ենք: Սահմանի, ճանապարհների բացակայությունը, այո, բարդացնում է խնդիրը, բայց ընդհանուր գնահատականը միայն դրական է: Կապ չունի, ԵԱՏՄ-ի հետ սահման ունես, թե ոչ, քո ապրանքները սահմանին մաքսակետով չեն անցնում, Վրաստանով անցնում են որպես տրանզիտ, ու դու ազատ կարող ես արտահանել քո գյուղատնտեսական ու մյուս ապրանքները:
-Հայաստանն ի՞նչ կարող է արտահանել ԵԱՏՄ սպառման շուկա:
-Եվրոպա մենք արտահանում ենք հումք, ապրանք չենք արտահանում, իսկ Ռուսաստանի շուկայի համար ունենք գյուղմթերք, որ արևմտյան պատժամիջոցներից հետո ՌԴ-ում հատկապես պահանջարկ ունեն: Հայաստանի սահմանից մինչև Ռուսաստանի սահման մոտ 200 կիլոմետր է, սահմանն անցիր և մեծածախ գնով ապրանքդ իրացրու:
-Նոր տեխնոլոգիաների և ներդրումների շնորհիվ մենք հնարավորություն ունե՞նք մեր արտադրական հզորությունները մեծացնել՝ ԵԱՏՄ-ին անդամակցելով:
-Այո, այդ հնարավորությունը ունենք, բայց պետք է ճիշտ օգտագործենք: Հայկական գյուղատնտեսական շուկան փոքր է, գյուղատնտեսությունը չի զարգանում, որովհետև սպառման շուկա չունի: Մենք չենք կարող մրցակցել Թուրքիայի հետ, որի ապրանքներն ավելի էժան են ու նաև Հայաստան են մտնում: Մենք չենք կարող այլ շուկաներ մտնել:
-Պարսկական շուկա չե՞նք կարող մտնել:
-Ոչ, որովհետև այնտեղ ապրանքները շատ ավելի էժան են, էժան է վառելիքը, իսկ այդ էժանության պարագայում քո ապրանքը մրցունակ չէ: Մեզ մոտ բենզինը, պարարտանյութը ավելի թանկ են, հարկերն ավելի բարձր են, ու մենք չենք կարող մրցակցել՝ դա օբյեկտիվ իրավիճակ է:
-ԵԱՏՄ երկրների ռազմական անվտանգության երաշխավոր ՀԱՊԿ-ը ի՞նչ հնարավորություններ ունի և ինչքանո՞վ կարող է ապահովել տարածքի ռազմական անվտանգությունը՝ ելնելով պայմանագրից և իրական վիճակից:
-Երբ մենք ասում ենք ՀԱՊԿ, դա Ռուսաստանն է: ՀԱՊԿ-ը գործում է մի քանի ուղղություններով: Կովկասյան ուղղությամբ հայկական բանակն է և ռուսականը: Արևմտյան ուղղությամբ՝ ռուսական և բելառուսական բանակները: Միջինասիական ուղղությամբ՝ ղազախական, տաջիկական, ղրղզական և ռուսական բանակները: Այդ ուժերով են չեզոքացվում այդ երկրների դեմ տարածաշրջանում եղած վտանգները: Հայաստանի համար ռազմական տեսանկյունից սպառնալիք են Ադրբեջանը և Թուրքիան: Թուրքիան Հայաստանը շրջափակել է, իսկ դա պատերազմական վիճակի տարր է: Ադրբեջանի սպառնալիքները մենք ի վիճակի ենք մեր բանակի ուժերով չեզոքացնել՝ ունենալով ռազմատեխնիկական աջակցություն ՌԴ-ից, որ տալիս է ռազմաբազայի մասին պայմանագիրը: Ռուսաստանն իր վրա է վերցնում Հայաստանը ժամանակակից ռազմական տեխնիկայով ապահովելու պարտավորությունը՝ ըստ պայմանագրի:
-ՀԱՊԿ-ը միայն ռազմակա՞ն, թե՞ ռազմաքաղաքական կառույց է:
-Ռազմաքաղաքական:
-Քաղաքական բաղադրիչի մեջ սպառնալիքների կանխումը մտնո՞ւմ է:
-Այո, բանակը և պայմանագրերը ընդհանրապես երկու ֆունկցիա են կատարում՝ առաջինը հենց կանխելն է: Երբ դու ՀԱՊԿ անդամ ես, ցանկացած պետություն իր ռազմական քաղաքականությունը մշակելիս հաշվի է առնում քո կարգավիճակը:
-Ադրբեջանը հաշվի՞ է առնում: ՈՒ՝ շարունակո՞ւմ է մշտական ռազմական սպառնալիքներն ու հրադադարի մշտական խախտումները:
-Իսկ պատերազմ կա՞:
-Կա՝ սողացող, դանդաղ, գիշերային, չավարտված:
-Մենք ունենք այսօր զինադադար, որը Ադրբեջանը պարբերաբար խախտում է: Մենք պատերազմ չունենք, ունենք զինադադարի պայմանագրի խախտում սահմանամերձ գոտում: Ադրբեջանը վարում է իր քաղաքականությունը, որի նպատակն է վախի մթնոլորտ ձևավորել սահմանամերձ գոտիներում՝ մեկ: Ալիևը բացահայտ ասում է, որ իրենք պիտի նպաստեն Հայաստանից արտագաղթին, իսկ զինադադարի խախտումներով ցանկանում է թուլացնել բանակը և Հայաստանում ստեղծել վախի մթնոլորտ, սահմանամերձ գոտիներում հարուցել դժգոհություն, որ մարդիկ հեռանան իրենց տներից: Երկրորդ՝ անընդհատ ուզում է միջազգային հանրությանը հիշեցնել, որ ԼՂ հարցը պետք է արագ լուծել, այլապես պատերազմ կսկսվի, դա շանտաժ է: Եթե Բաքուն ուզեր պատերազմ սկսել` կսկսեր: Բազում արգելակող գործոններ կան, որ թույլ չեն տալիս: Հաշվի առեք, որ ԼՂ-ն միակ հակամարտությունն է, որտեղ չկան խաղաղարար ուժեր, և 21 տարի զինադադար է պահվում: Չի օգտագործվում ծանր զենք՝ Ադրբեջանը զինադադարը խախտում է հրաձգային զենքով և փոքր տրամաչափի ականանետներով, ոչ ծանր հրետանի է օգտագործում, ոչ այլ զինատեսակներ, այսինքն՝ գիտակցում է, որ չափն անցնել չի կարող:
-Չե՞ք կարծում, որ Ադրբեջանին հարձակողական զենք-զինամթերք վաճառելով՝ Ռուսաստանը նպաստում է Բաքվի սադրիչ գործողություններին: Չեղած զենքը չի կրակում:
-Ամեն ինչ այդքան պարզունակ չէ: Ինձ էլ դուր չի գալիս, ես ուզում եմ, որ ոչ Ռուսաստանը, ոչ որևէ այլ երկիր Ադրբեջանին զենք չվաճառի: Գլոբալ քաղաքականության մեջ այլ տրամաբանություն է գործում: Ռուսաստանը սկսեց զենք վաճառել Բաքվին 2010-ից հետո, երբ Հայաստանի հետ պայմանագիր ստորագրվեց, որով ապահովվում էր հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը, և պարտավորություն ստանձնեց ապահովել Հայաստանը ժամանակակից ռազմական տեխնիկայով: Ադրբեջանի հետ սահմանին փաստացի անվտանգության ապահովումը ստանձնելով` Ռուսաստանը նաև ուժերի հավասարակշռությունը պահելու պարտավորություն վերցրեց:
-Այսինքն՝ երկուսիդ էլ զինում եմ, կրակեք իրար վրա, ինչքան կարո՞ղ եք:
-Աշխարհում դա միշտ էլ եղել է: Մինչ այդ ո՞վ էր ապահովում Ադրբեջանի ռազմական հզորությունը: Իսրայելը, ՈՒկրաինան, Թուրքիան, այլ երկրներ: Մինչև 2010-ը Բաքուն ուներ զենքի քանակական առավելություն: Հայաստանը կարո՞ղ էր նրանց վրա ազդել: Չէր կարող: Ռուսաստանը կարո՞ղ էր: Չէր կարող: Իսկ եթե չես կարող ազդել, ինչո՞ւ դու զենք չվաճառես և փող չաշխատես: Մյուս կողմից՝ եթե դու զենք ես վաճառում, մեծացնում ես քո ազդեցությունն այդ պետության վրա, որովհետև պիտի ապահովես զինամթերքն ու զենքի օգտագործման ուսուցումը: Դա նշանակում է, որ եթե Ռուսաստանը մտնում է այդ շուկա` բարձրացնում է իր ազդեցությունը, եթե չի մտնում, մեծանում է Թուրքիայի ազդեցությունը: Հիմա ո՞րն է բխում ՀՀ շահերից, որ Ադրբեջանի վրա մեծանա Ռուսաստանի՞ ազդեցությունը, որն ապահովում է քո անվտանգությունը, որը շահագրգիռ է տարածաշրջանում պատերազմ չլինելով, թե՞ Թուրքիայի և այլ պետությունների, որ որևէ պարտավորություն չունեն Հայաստանի հանդեպ և շահագրգռված չեն տարածաշրջանային կայունությամբ:
-Համաձայն եմ տեսականորեն, բայց գործնականում Ռուսաստանն իր ազդեցության տակ է պահում Հայաստանին, Ադրբեջանին, տարածաշրջանը, հանուն շահույթի զենք է վաճառում՝ քաղաքական բիզնես է, ու գործնականում անընդհատ պահում է կոնֆլիկտը: Մինչև ե՞րբ:
-Ի՞նչն է բխում Հայաստանի շահերից: Ռուսաստանի՞ ազդեցությունը Ադրբեջանի վրա մեծ լինի, թե՞ Թուրքիայի:
-Հայաստանի շահերից բխում է կոնֆլիկտը հնարավորինս արագ և մեզ համար անկորուստ վերացնելը, որպեսզի կարողանանք տնտեսական վիճակ փոխել:
-Այո, դրան հասնելու համար մեր շահերից բխում է, որ Թուրքիա՞ն ավելի մեծ ազդեցություն ունենա Բաքվի վրա, թե՞ Ռուսաստանը, որի հետ դու ԵԱՏՄ անդամ ես, ՀԱՊԿ անդամ ես, ռազմավարական դաշնակից ես: Թուրքիայի շահերից չի բխում տարածաշրջանի կայունությունը, եթե ԼՂ հարցը լուծվում է, իր ազդեցությունը նվազում է:
-Ինչո՞ւ է Մոսկվան բանակցում Ադրբեջանի հետ՝ ԵԱՏՄ անդամակցության հարցով, խաղը չի՞ փլվում:
-Ոչ, իբրև ԵԱՏՄ անդամ Հայաստանն ունի վետոյի իրավունք:
-Իրավականորեն, եթե ԵԱՏՄ դոմինանտ երկիր Ռուսաստանին դա պետք է, Հայաստանը չի կիրառի վետոյի իրավունքը:
-1992-ին մենք դարձանք ՀԱՊԿ անդամ, Ադրբեջանը՝ ոչ: 1993-ին Ադրբեջանը մտավ ՀԱՊԿ՝ հույս ունենալով, որ կլուծի Ղարաբաղի հարցը իր օգտին՝ չեզոքացնելով այդ դաշտում մեր առավելությունը: Մի նիստում, որ վարում էր Թուրքմենստանի նախագահ Սաֆարմուրադ Նիյազովը, Հեյդար Ալիևը Բորիս Ելցինին ասաց. «Մենք մտել ենք ՀԱՊԿ, որպեսզի լուծվի մեր Ղարաբաղի հարցը, բայց չի լուծվում: Մեր ՀԱՊԿ-ում լինելու իմաստը ո՞րն է»: Ելցինը ասաց, որ ՀԱՊԿ-ը չի լուծում այդպիսի խնդիրներ, ներքին կոնֆլիկտներին չի արձագանքում, այլ միայն արտաքին ագրեսիային: 1998-ին Ադրբեջանն առաջարկում էր Ռուսաստանին ընդունել ռուսական զորքեր իր տարածքում, միայն թե ստանար Ղարաբաղի հարցի իր ցանկացած լուծումը: Ես որևէ մտահոգություն չունեմ, որ Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ հօգուտ Բաքվի Ղարաբաղի հարցի լուծում է բերելու: Ոչ, Ռուսաստանը Հայաստանի շահերը չի վաճառելու, այստեղ կան ավելի խորքային հարցեր՝ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է:
-Դաշնակցին ինչո՞ւ չեն հանձնում ռազմաբազայի սահմանախախտ ու մարդասպան զինվորին:
-Նախ, Պերմյակովը կատարել է առնվազն երկու հանցագործություն` մեկը ՀՀ-ի տարածքում, մյուսը` ՌԴ-ի, հետևաբար, գործը պետք է քննվի ու քննվում է երկու երկրների քննչական մարմինների կողմից, այսօր ստեղծված է այդ համատեղ մարմինը: Որպեսզի գործը բացահայտվի, անհրաժեշտ է, որ առաջին հերթին պարզվի զենքով զորամասի տարածքը լքելու պատճառը: Արդեն ՌԴ-ում զինկոմիսարիատի և ռազմական հոսպիտալի ավելի քան 45 աշխատակցի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: Բազայում պաշտոնից ազատվել են հրամատարը և այլ սպաներ: Այս ամենը վկայում է, որ ռուսական կողմը շատ լուրջ և խիստ է վերաբերում այս գործին: Բայց հնարավոր չէ մի հանցագործի պատճառով կասկածի տակ գցել հայ-ռուսական հարաբերությունները: Հակառուսական քարոզչությունը ձեռնտու է նրանց, ովքեր ուզում են թուլացնել Ռուսաստանի ներգործությունը տարածաշրջանում:
-Ո՞վ է ուզում:
-Առաջին հերթին՝ Թուրքիան, իսկ դա բխո՞ւմ է մեր շահերից: Իհարկե՝ ոչ:
-Թուրքիայի ինչի՞ն է դա պետք, եթե թուրք-ռուսական ռազմավարական համագործակցությունը վերելքի մեջ է:
-Այո, կան ռազմավարական-տնտեսական հարաբերություններ: Չի կարելի համեմատել հայ-ռուսական հարաբերությունները ռուս-թուրքականի հետ: Ռուսաստանն այստեղ ունի ռազմաբազա, և Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, միայն այդքանը բավական է, որ հարթությունը փոխվի՝ կա ընտանիք, և կա հարևան:
-Իսկ եթե հարևանից ավելի մեծ շահ ունե՞ս:
-Ժամանակավոր շահերը հեռահար չեն լինում: Ռուսաստանը հասկանում է Թուրքիայի դերը և իր շահերը: Եթե այսօր գազային պայմանագրերը բխում են ՌԴ շահերից, ինչո՞ւ չլուծի իր տնտեսական խնդիրները: Բուլղարիան հրաժարվեց, ու հիմա ռուսական գազը Բուլղարիային թուրքերն են վաճառելու, բայց ավելի բարձր գնով:
-Թուրքիան Ադրբեջանի, Թուրքմենստանի հետ փորձում է զուգահեռ գազամուղ ստեղծել, Ալիևը Մյունխենում առաջարկում էր ԵՄ-ին միայնակ ապահովել գազով՝ ռուսական կախվածությունից ազատելով, եթե իրեն 45 միլիարդ տան: Ինչո՞ւ:
-Պայքար է, Եվրոպան ռուսական գազից կախում չունենալու խնդիրն է լուծում, Ադրբեջանը լուծում է իր գազի սպառման խնդիրը, Թուրքիան ուզում է իր ազդեցությունը բարձրացնել և տնտեսական կախումն օգտագործելով՝ քաղաքական խնդիրներ լուծել Եվրոպայում: Աքսիոմ է, որ Եվրոպան չի կարող ազատվել ռուսական գազից իսպառ, թերթաքարային գազը թանկ է, թուրքմենական, ադրբեջանական և այլ գազի համար գազատարներ պիտի կառուցվեն, ինչը բարձրացնում է գազի սակագինը:
-Այս ամբողջի շրջագծում՝ կարո՞ղ է փոխվել ստատուս քվոն տարածաշրջանում, և ինչպե՞ս կլուծվի Ղարաբաղի հարցը:
-Հայաստանի շահերից բնականաբար բխում է Ղարաբաղի հարցի արագ լուծումը, որովհետև հակամարտությունը պահանջում է մեծ ծախսեր: Ղարաբաղի հարցի լուծումը Հայաստանի ռազմավարական նպատակն է, բայց՝ հայանպաստ լուծումը: Ե՞րբ է դա հնարավոր, կա՞ն նախապայմաններ: Հայաստանը և Ղարաբաղը տարբեր ժամանակահատվածներում, բանակցային տարբեր փուլերում միշտ պատրաստ են եղել զիջումների՝ շրջաններ վերադարձնելու տարբերակով, Մադրիդյան սկզբունքներով, Մեղրիի տարբերակով: Ճիշտ է եղել, թե սխալ՝ փաստը դա է, ի՞նչ է ստացել փոխարենը Հեյդար Ալիևի ու Իլհամ Ալիևի ժամանակ: Ադրբեջանը որևէ զիջումի պատրաստ չի եղել, ամենամեծ զիջում համարել է Ղարաբաղին բարձր ինքնավարության տրամադրումը Ադրբեջանի կազմում: Վերջ: Երբ հայկական կողմերը գնում են զիջումների, ադրբեջանական կողմը նույնիսկ կարգավիճակի հարցի քննարկման չի գնում, այլևս ի՞նչ զիջումների կամ լուծման մասին կարող է խոսք լինել: Այսօր չկան այն նախապայմանները, որ Ղարաբաղի հարցը լուծվի, և պատճառն Ադրբեջանն է, որ պատրաստ չէ որևէ զիջման: ՈՒստի այսօր խոսել Ղարաբաղի հարցի լուծման մասին, նշանակում է չպատկերացնել՝ ինչ է կատարվում՝ մեկ, և երկրորդ՝ որևէ հակամարտություն արագ լուծվե՞լ է: Իսրայելը 60 տարի է՝ Պաղեստինի հետ հարցը չի լուծում, եթե մեզ մոտ զինադադարի խախտում է, այնտեղ՝ պատերազմ: Իսրայելը նույնիսկ տարածքներ զիջեց, հարցը լուծվե՞ց, հակառակը՝ պատերազմ սկսվեց: Երբ այսօր խոսում են, որ տարածքներ պիտի վերադարձնենք՝ հարցը լուծելու համար, դա լուծում չէ և հանգեցնելու է ռազմաքաղաքական բալանսի խախտման հօգուտ Ադրբեջանի, որը կմեծացնի պատերազմի վերսկսման հավանականությունը: Հայկական կողմը մի անելիք ունի՝ զարգացնել տնտեսությունը, և ապահովել բանակի մարտունակությունը: Պատերազմ չվերսկսվելու երկու երաշխիք կա՝ բանակը և հայ-ռուսական հարաբերություններն ու ՀԱՊԿ-ը, որոնք Ադրբեջանին ստիպում են բանակցել:


Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

class='share_table'>

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո