Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մայիսին Ղարաբաղում կընտրվի վեցերորդ գումարման խորհրդարան

Մայիսին Ղարաբաղում կընտրվի վեցերորդ գումարման խորհրդարան
23.03.2015 | 12:29

Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններ են լինելու: Իհարկե, Ադրբեջանն արդեն հայտարարել է, որ ընտրությունները օրինական չեն և արդյունքները չի ճանաչելու: Բայց ո՞վ է սպասում Բաքվի ճանաչելուն, և ի՞նչ կարևոր է Բաքուն ինչպես է վերաբերվում ԼՂՀ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններին, եթե անգամ Բաքուն ճանաչի ԼՂՀ անկախությունը, դա Ստեփանակերտի ներքին գործն է:
ԼՂՀ ԿԸՀ-ն արդեն հրապարակել է մեծամասնական և համամասնական ընտրակարգով առաջադրված կուսակցությունների և թեկնածուների անունները։
Փորձագետների գնահատականով՝ վեցերորդ խորհրդարանական ընտրություններն անցնելու են իրական մրցակցության պայմաններում, քանի որ Արցախում ձևավորվել է ընդդիմադիր ուժ՝ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, որը նախնական գնահատականով՝ կհաղթահարի 5 -տոկոսանոց արգելքը և կլինի 6-րդ գումարման Ազգային ժողովում պատկառելի խմբակցությամբ։ Արցախյան ընտրություններում, ինչպես Հայաստանում, բնականաբար, ազդեցիկ գործոն է վարչական ռեսուրսը, որն անհավասարություն է ստեղծում իշխանական ու ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև։ Այս ընտրություններում ընդդիմությանն աջակցելու է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, այնուհանդերձ ԱՎԿ-ի հիմնական խաղաթուղթը ոչ այնքան նրա աջակցությունն է, որքան կուսակցության քաղաքականությունը, որը տարբերվում է իշխանության դիրքորոշումներից: Ի տարբերություն Հայաստանի՝ Արցախում վարչապետը, փոխվարչապետը և խորհրդարանի նախագահը տարբեր քաղաքական ուժեր են ներկայացնում և տարբեր ցուցակներով ներկայանում: Իշխանական խորհրդարանական եռյակը՝ ԱԺԿ-ն, «Ազատ հայրենիքը» և ՀՅԴ-ն, առանձին ցուցակներով են մասնակցում ընտրություններին, որ գուցե քաղաքական պայքար է նշանակում, բայց ձայների փոշիացման վտանգ ունի: Իհարկե, իշխանությունը ներքին պայմանավորվածությունների կգնա և նրանց միջև սկզբունքային մրցակցություն դժվար թե լինի:
Խորհրդարանական ընտրությունները, բացի օրենսդիր իշխանություն ձևավորելուց, կարևոր են իբրև նախագահական ընտրությունների նախադուռ: Բակո Սահակյանն այլևս չի առաջադրվելու և նախագահական հիմնական թեկնածուներ են համարվում գործող վարչապետ Արա Հարությունյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Թեպետ այս ընտրություններում Սամվել Բաբայանը, աջակցելով ԱՎԿ-ին, հայտնվում է իբրև վարչապետի կուսակցության ընդդիմություն, բայց նախագահական ընտրություններում կարող է այլ դասավորություն ստեղծվել՝ Սամվել Բաբայանը, միանշանակ, Արկադի Ղուկասյանի հետ նույն դաշտում չի լինի՝ մահափորձ, Շուշիի բերդ, տարաձայնություններ, որոնք դուրս եկան քաղաքականից ու քրեական դաշտ մտան: Փաստացի, Սամվել Բաբայանն ու ԱՎԿ-ն դառնում են գործող վարչապետի բնական դաշնակից, հակառակ՝ քաղաքական տեսակետների տարբերությունների: Այլ հարց է, որ Արա Հարությունյանը կարող է նրանց աջակցության կարիքը չզգալ, նախագահական ընտրություններում կարող է հայտնվել երրորդ թեկնածու: Ո՞Ւմ է Հայաստանն ուզում տեսնել Արցախի նախագահ: Նախ՝ Արկադի Ղուկասյանին, և նա ինքն էլ դեմ չէ հայրենիք վերադառնալ իբրև նախագահ: Համենայն դեպս, Բակո Սահակյանի նախագահության տարիներին ոչ Ղարաբաղում, ոչ Հայաստանում որևէ ազդեցիկ պաշտոն չունենալը, ֆինանսական ռեսուրսների ու քաղաքական իմիջի պահպանումը կարևոր գործ են: Բայց նույնքան մեծ են Արա Հարությունյանի շանսերը: Նախ՝ նա գործող վարչապետ է, իսկ գործողը միշտ առավելություններ է ունենում նախկինի նկատմամբ՝ կապերի, կախվածությունների, հեռանկարի: Հայերի համար ընտրությունները մինչև հիմա էլ ոչ այնքան քաղաքական, որքան անձնական հատկանիշների գնահատման ժամանակ են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Արցախցիները մայիսյան խորհրդարանական ընտրություններով կձևավորեն խորհրդարան և քաղաքական ուժերի նոր սանդղակ, իսկ հետո նույն այդ սանդղակի հիման վրա կծավալվի նախագահական ընտրապայքարը, որի տրամաբանությունը շատ չի տարբերվի մինչ այդ եղած ընտրություններից: Եթե հաշվի առնենք, որ Արա Հարությունյանն արդեն խոսել է ԼՂՀ-ում ևս Սահմանադրության փոփոխության ու խորհրդարանական կառավարման անցնելու հավանականության մասին, շուտ է խոսել Ղարաբաղում քաղաքական դաշտի իրական անկախության և կայացածության մասին:

Դիտվել է՝ 1813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ