Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պելմենին՝ նախաճաշ, ՈՒկրաինան՝ ճաշ, Ռուսաստանը՝ ընթրիք

Պելմենին՝ նախաճաշ, ՈՒկրաինան՝ ճաշ, Ռուսաստանը՝ ընթրիք
19.05.2015 | 10:14

Այս կամ համարյա այս մենյուն, ավելի ճիշտ օրակարգն էր Մոսկվա ժամանած ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի երեկվա օրվա մեջ:
ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ նա քննարկում էր ՈՒկրաինայի հարցը: ԱԳՆ-ում մամլո ասուլիսում ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը հայտարարեց. «Մենք որևէ տեղեկատվություն չունենք ոչ անձնական, ոչ Կիևում խորհրդակցություններում ստացած, որ ուկրաինական կողմից ինչ-որ մեկը, ղեկավարներից ինչ-որ մեկը, իսկ ես խոսել եմ նախագահի ու վարչապետի հետ, մտադիր է նոր ռազմական գործողություններ սկսել, որը, ակնհայտ է, որ անհամատեղելի է Մինսկի համաձայնագրի հետ»:
ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվությամբ՝ Գրիգորի Կարասինի հետ Վիկտորյա Նուլանդը քննարկել է ուկրաինական ճգնաժամին առնչվող հարցերի ողջ շրջանակը, ընդգծվել է Կիևի իշխանությունների և Դոնեցկի ու Լուգանսկի ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսության, Մինսկի համաձայնագրի անշեղ կատարման կարևորությունը: Կողմերը տեսակետներ են փոխանակել ՈՒկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորման նպատակով ՌԴ-ի և ԱՄՆ-ի երկկողմանի ներգործության տարբերակների մասին և որոշել են շարունակել շփումները ուկրաինական խնդրով:
ՌԴ արտգործնախարարի մյուս տեղակալը՝ Սերգեյ Ռյաբկովը, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է արդեն ուկրաինական թեմատիկայից դուրս հարցերը: Սերգեյ Ռյաբկովը պարզապես դժգոհություն է հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացումից, ինչով երևի թե զարմացրել է Վիկտորյա Նուլանդին իր լավատեսությամբ: Պաշտոնական տեղեկատվությամբ՝ փոխնախարարն ասել է. «Երկկողմ հարաբերությունների մակարդակը մեզ չի բավարարում, բայց մենք պատրաստ ենք շարունակել երկխոսությունը և քննարկել եղած բոլոր խնդիրները՝ ռազմաքաղաքական, հումանիտար կամ այլ ոլորտներում»: Նրանք իրոք քննարկել են ռազմաքաղաքական ու հումանիտար հարցերը, այդ թվում՝ ռուս քաղաքացիների, որոնք ազատազրկված են ԱՄՆ-ում և տարբեր երկրներից ԱՄՆ-ի պահանջով փոխադրվում են այնտեղ: Սերգեյ Ռյաբկովն անկեղծորեն ասել է, որ ամերիկյան կողմը հետաքրքրված է այդ թեմաներով, բայց հազիվ թե ամեն ինչ արագ փոխվի: «Խոսքը գործարքների, փոխանակումների կամ փոխզիջումների մասին չէ: Պետք է պարզապես կենտրոնացված որոնել այն ուղղությունները կամ նույնիսկ կետերը, որտեղ համատեղ աշխատանքով ինչ-որ արդյունք հնարավոր է»,- ինքն իր լավատեսությունը հերքել է փոխնախարարը և համենայն դեպս ավելացրել. «Հրաժեշտ տվեցինք առանց պատրանքների, բայց և առանց զգացողության, որ աշխատանքը չի շարունակվելու»:
Մայիսի 17-ին Մոսկվա ժամանած Վիկտորյա Նուլանդը հանդիպել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, այդ հանդիպումներից հիշատակվում է միայն Հելսինկյան կոմիտեի մոսկովյան խմբի նախագահ Լյուդմիլա Ալեքսեևայի հետ հանդիպումը: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, համենայն դեպս, հայտարարել էր, որ Վիկտորյա Նուլանդը Կրեմլում հանդիպումներ չունի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իսկ նախօրեին ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականը մոսկովյան երեկոն նվիրել էր ռեստորանում ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Տեֆտի հետ թթվասերով պելմենի ուտելուն: Դատելով դեսպանատան կայքում նրա և դեսպանի լուսանկարից՝ պելմենին համով է եղել: Մի շաբաթում Վիկտորյա Նուլանդը երկրորդ անգամ է Ռուսաստանում. մայիսի 12-ին նա ուղեկցում էր պետքարտուղար Ջոն Քերիին, որ Սոչիում հանդիպեց ՌԴ նախագահին ու արտգործնախարարին: Սոչիից Ջոն Քերին մեկնեց Անթալիա, Վիկտորյա Նուլանդը՝ Կիև: Մայիսի 14-16-ին նա Կիևում հանդիպել է նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Արսենի Յացենյուկի, Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանի, ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հետ: Եվ այդ հանդիպումներից հետո վերադարձավ Ռուսաստան, այս անգամ՝ Մոսկվա՝ քննարկելու Մինսկի համաձայնագրի կատարման ընթացքը: Գուցե իսկապես իրավիճակ է փոխվում: Պատժամիջոցների մասին պաշտոնական հաղորդագրություններում որևէ հիշատակում չկա, բայց, հասկանալի է, որ քննարկվել է նաև այդ խնդիրը: Սպասենք հետևանքներին:

Դիտվել է՝ 1480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ